Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2023 թվականի N 38-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 1-6-րդ դասարանների առարկայական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

N 38-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ` ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

«Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի նպատակը ստեղծարար, նորարար, նախաձեռնող, ձեռնարկատիրական մտածողություն, ազգային նկարագիր ունեցող անձի ձևավորումն է, որն արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, աշխատանքի ձևերին և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, ռեսուրսներն արդյունավետ տնօրինելու միջոցով ստեղծում է մարդկային կարիքներին համապատասխանող ապրանքներ, ծառայություններ և համակարգեր: «Տեխնոլոգիա» առարկան շուկայական տնտեսության պայմաններում նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորում է բազմակողմանի և ներդաշնակ զարգացած անձ, նախապատրաստում է նրան ինքնուրույն կյանքի:

Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը:

1. Հիմնական (տարրական) դպրոցում սովորողը պետք է`

հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար,

2) դրսևորի տրամաբանական, ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,

3) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ` հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

4) իմանա, որ շրջակա աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը,

5) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

6) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում,

7) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.

8) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային որոշ գործիքներից և նյութերից,

9) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.

10) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. Ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

11) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.

12) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

2. Հիմնական (միջին) դպրոցում սովորողը պետք է`

1) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները` ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.

2) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.

3) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ` ելնելով խնդրի պահանջից.

4) ներկայացնի գիտության նվաճումների` տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.

5) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.

6) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություններ.

7) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

8) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.

9) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս հղումներ անի.

10) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

11) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները` առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

12) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

13) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.

14) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում` հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա:

 

ԲԱԺԻՆ 2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հանրակրթության պետական չափորոշչով «Տեխնոլոգիան»` որպես ԲՏՃՄ ոլորտի պարտադիր առարկա, ուսումնասիրվում է 1-6-րդ դասարաններում, իսկ 7-12-րդ դասարաններում` «Արվեստ և արհեստ» ոլորտի մեկ ինտեգրված առարկայով: Առարկայի բովանդակությունը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա` գծային սկզբունքով:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում նպատակաուղղված է նյութերի, դրանց հատկությունների, մշակման եղանակների, մարդու կյանքում աշխատանքի դերի կարևորության, մասնագիտությունների մասին գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը, նախնական աշխատանքային հմտությունների, աշխատանքային գործիքների գործառույթների, կենցաղային սարքերն ու գործիքներն անվտանգ կիրառելու, նյութերը մշակելու և արդյունավետ օգտագործելու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Կրտսեր դպրոցականը նյութերն ուսումնասիրելու, համեմատելու, համադրելու, մշակելու, պարզ դիտարկումներ կատարելու, պրակտիկ աշխատանքի բազմազան ձևերին, ձեռարվեստի տարբեր տեսակներին տիրապետելու շնորհիվ կկարողանա նախապատրաստվել հետագա աշխատանքին:

Տարրական դասարաններում ուսումնասիրության առանցքում նյութերն են, դրանց հատկությունների ուսումնասիրությունը, մշակման եղանակների տիրապետումը (պարզից բարդ սկզբունքով): Առաջին և երկրորդ դասարաններում աշխատանքի հիմքը թուղթն է, բնական և արհեստական նյութերը: Մանածագործական նյութերով աշխատանքը սկսվում է երրորդ դասարանից, երբ երեխաներն արդեն նյութերով աշխատելու բավականաչափ փորձ կունենան և կկարողանան անվտանգ աշխատել տարբեր տեսակի ասեղներով, մկրատներով: Աշխատանքի տեսակների ընտրությունն էլ, ըստ դասարանների, նույն սկզբունքով է կատարվում. ապլիկացիա, խճանկար, օրիգամի (հարթ, ապա տարածական), մոդուլային օրիգամի, թելանկար, կոմպոզիցիա և այլն: Չորրորդ դասարանից սկսվում է ծանոթացում գծագրական պարզ գործիքներին, ձեռարվեստի տարբեր տեսակներին, դեկորատիվ-կիրառական արվեստին, հայկական զարդանախշերի իմաստային ու գաղափարական բովանդակությանը, գեղարվեստական շինվածքներ նախագծելու պարզագույն տեխնիկաներին:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը միջին դպրոցում ենթադրում է սովորողների ընդհանուր տեխնոլոգիական իրազեկություն` տեխնոլոգիական մտածողության ձևավորման նպատակով, տեխնոլոգիական գիտելիքների և կենցաղային հմտությունների ձեռքբերում: Դասավանդումը նպատակաուղղված է տարրական աշխատանքային հմտությունների ձևավորմանը, գիտության նվաճումների, բնության, մարդու և հասարակության վրա տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցության և ձեռնարկատիրության մասին սովորողի գիտելիքների ընդլայնմանը, իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողությունների ձևավորմանը: «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը նաև նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը` արհեստներին ծանոթանալու միջոցով:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. Հանրակրթական հիմնական ծրագրի Տեխնոլոգիա առարկայի վերջնարդյունքները

 

    Գ/Գ1-1     Օգտվել գծագրական գործիքներից և  պիտույքներից, տարբերել

               ստանդարտ ձևաչափերը:

 

    Գ/Գ1-2     Կիրառել մասշտաբ, գծագրել երկրաչափական պատկերներ:

 

    Գ/Գ1-3     Պրոյեկտել պարզ առարկաները երեք հարթությունների վրա:

 

    Գ/Գ1-4     Կատարել երկրաչափական կառուցումներ, բացատրել պայմանական

               նշանների իմաստը, կարդալ գծագրեր:

 

    Գ/Գ1-5     Կառուցել պարզ եռաչափ մարմինների փռվածքներ:

 

    Գ/Գ2-1     Տարբերել և  գծել պարզ մեխանիզմների մասեր:

 

    Գ/Գ2-2     Կիրառել գծագրի չափադրման սկզբունքները

 

    Գ/Գ2-3     Կատարել պարզ էսքիզ և  տեխնիկական նկար:

 

    Գ/Գ2-4     Գծել պարզ մեխանիզմների մասեր:

 

    Գ/Գ3-1     Գծել շինարարական պարզ գծագիր

 

    Գ/Գ3-2     Տարբերել շինարարական գծագրերի սիմվոլիկ պատկերումները և

               ձևավորել գծագիրը ստանդարտներին համապատասխան:

 

ՆԿ/ՆԿ1-1  Դասակարգել նյութերն` ըստ հատկությունների և ծագման:

 

ՆԿ/ՆԿ1-2  Համեմատել նյութերը, նկարագրել հատկությունները, կիրառության

բնագավառները:

 

ՆԿ/ՆԿ1-3  Ընտրել և օգտագործել համապատասխան նյութեր ու ռեսուրսներ

դիզայներական և նախագծային աշխատանքի համար:

 

ՆԿ/ՆԿ1-4  Հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն ռեսուրսների խնայողական

օգտագործումը և վերամշակումը հասարակության կայուն զարգացման

համար:

 

ՆԿ/ՆԿ1-5  Հիմնավորել հարթ և տարածական շինվածքներ պատրաստելու համար

համապատասխան նյութի ընտրությունը:

 

ՆԿ/ՆԿ2-1  Տիրապետել նյութերի մշակման եղանակներին:

 

ՆԿ/ՆԿ2-2  Պատրաստել շինվածքներ տարբեր տեխնիկաներով (ապլիկացիա,

օրիգամի, թելանկար և այլն)` ըստ նմուշի, ըստ նկարի կամ

գծագրի, ըստ սեփական մտահղացման:

 

ՆԿ/ՆԿ2-3  Ընտրել և օգտագործել համապատասխան գործիքներ և

սարքավորումներ նյութերի մշակման համար` պահպանելով

անվտանգության կանոնները:

 

ՆԿ/ՆԿ2-4  Տեղեկացված լինել նյութերի մշակման ընթացքում շրջակա

միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու

անհրաժեշտության մասին:

 

ՆԿ/ՆԿ3-1  Տարբերել շարժում փոխանցող մեխանիզմները և դրանց սխեմատիկ

պատկերման պայմանական նշանները:

 

ՆԿ/ՆԿ3-2  Հավաքել տարբեր գործառույթների համար կիրառվող կառուցվածքներ

և մեխանիզմներ:

 

ԳԱ/ԳԱ4-1  Իմանալ լույսի, ձայնի, էլեկտրականության հետ կապված որոշ

օրինաչափություններ և երևույթներ:

 

ԳԱ/ԳԱ4-2  Նկարագրել էլեկտրական և էլեկտրոնային սարքերի կիրառման

բնագավառները:

 

    Ձ/Ձ1-1     Նկարագրել ձեռնարկատիրական գործունեության էությունը և

               մեկնաբանել, թե ինչպես կարելի է իրականացնել այն Հայաստանի

               Հանրապետությունում:

 

    Ձ/Ձ1-2     Հիմնավորել բիզնես գաղափարը, կազմել բիզնես պլան:

 

    Ձ/Ձ1-3     Տարբերակել ձեռնարկատիրական գործունեության հիմնական

               տեսակները:

 

    Ձ/Ձ2-1     Իմանալ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

 

    Ձ/Ձ2-2     Տարբերակել արտադրության գործոնները:

 

    Ձ/Ձ3-1     Ներկայացնել գովազդի կանոնները, գովազդել պատրաստվածքը:

 

    Ձ/Ձ3-2     Կատարել շուկայի հետազոտություն` պահանջարկը պարզելու

               նպատակով:

 

ՏԿ/ՏԿ1-1  Ներկայացնել խոհանոցի կահավորանքի, խնամքի, սպասքադրման

կանոնները:

 

ՏԿ/ՏԿ1-2  Պատրաստել առողջ և ռացիոնալ սնունդ` պահպանելով

անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ պահանջները:

 

ՏԿ/ՏԿ1-3  Տեղեկացված լինել սննդային մակնշման և գովազդի մասին

 

Իմանալ տարբեր սննդատեսակների պատրաստման սկզբունքները

 

ՏԿ/ՏԿ1-4  Տարբերակել սննդի պատրաստման, պահպանման, վերամշակման

սկզբունքներ, հասկանալ դրանց կապը սննդարարության հետ

 

ՏԿ/ՏԿ2-1  Իմանալ հագուստին ներկայացվող պահանջները

 

ՏԿ/ՏԿ2-2  Ծանոթ լինել հայկական տարազի, զարդանախշերի ստեղծման

պատմությանը, մեկնաբանել դրանց իմաստն ու գաղափարական

բովանդակությունը:

 

ՏԿ/ՏԿ2-3  Ընտրել գործվածք` հագուստի գործառնությանը համապատասխան:

 

ՏԿ/ՏԿ2-4  Նախագծել (մոդելավորել) հագուստի պարզ տեսակներ:

 

ՏԿ/ՏԿ3-1  Նկարագրել անձնական հիգիենայի և վարվեցողության պարզ

կանոնները:

 

ՏԿ/ՏԿ3-2  Նկարագրել կենցաղային իրերի խնամքի կանոնները:

 

ՏԿ/ՏԿ4-1  Կազմել կենցաղային առարկաների ձևավորման քայլաշար`

պահպանելով դիզայնի սկզբունքները:

 

ՏԿ/ՏԿ4-2  Տիրապետել հայկական ժողովրդական արհեստներին:

 

ՏԿ/ՏԿ4-3  Տարբերակել ձեռարվեստի տեսակները:

 

ԲԱԺԻՆ 4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը հիմնվում է բնության մեջ, սոցիալական միջավայրում նյութի, էներգիայի, տեղեկատվության, առարկաների փոխակերպման և դրանք մարդուն ծառայեցնելու որոշակի գործընթացների տիրապետման վրա:

Ուսուցման բովանդակությունը պայմանավորված է սովորողների կրթական կարիքներով, հետաքրքրություններով, ոչ թե սեռով:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա`

1) Գրաֆիկա (Գ),

2) Նյութեր և կառուցվածքներ (ՆԿ),

3) Գործընթացներ և արտադրություն (ԳԱ),

4) Ձեռնարկատիրություն (Ձ),

5) Տեխնոլոգիա և կյանք (ՏԿ):

Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու մակարդակներում:

 

._____________________________________________________________________.

|ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ                                                  |

|_____________________________________________________________________|

|I մակարդակ        |II մակարդակ        |III մակարդակ                  |

|__________________|___________________|______________________________|

|Գրաֆիկա (Գ)       |Գծագրության        |Գծագրական գործիքներ, նյութեր  |

|                  |հիմունքները (Գ1)   |և  պիտույքներ                 |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Ստանդարտ, մասշտաբ, ձևաչափեր   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Կետի և  գծի պրոյեկտում        |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Երկրաչափական կառուցումներ     |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Առարկաների եռաչափ պատկերում և |

|                  |                   |փռվածք                        |

|                  |___________________|______________________________|

|                  |Տեխնիկական         |Գծագրերում մեխանիզմների մասերի|

|                  |գծագրություն (Գ2)  |պատկերում                     |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Չափադրման հիմնական սկզբունքներ|

|                  |                   |______________________________|

|                  |                   |Տեխնիկական նկար, էսքիզ        |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Պարզ հավաքական գծագիր         |

|                  |___________________|______________________________|

|                  |Շինարարական        |Շինարարական գծագրերի          |

|                  |գծագրություն (Գ3)  |առանձնահատկությունները (տեսք, |

|                  |                   |հատույթ, հատակագիծ)           |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Շինարարական գծագրերում        |

|                  |                   |սիմվոլիկ պատկերումներ, մասշտաբ|

|__________________|___________________|______________________________|

|Նյութեր և         |Նյութեր և          |Նյութերի տեսակներն ու         |

|կառուցվածքներ (ՆԿ)|ռեսուրսներ (ՆԿ 1)  |դասակարգումը                  |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նյութերի հատկությունները և    |

|                  |                   |կիրառությունը                 |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Դեկորատիվ կիրառական           |

|                  |                   |աշխատանքներում համապատասխան   |

|                  |                   |նյութերի և  ռեսուրսների       |

|                  |                   |ընտրություն                   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նյութերի և  ռեսուրսների       |

|                  |                   |խնայողական, անթափոն           |

|                  |                   |օգտագործում                   |

|                  |___________________|______________________________|

|                  |Նյութերի մշակում   |Նյութերի մշակման եղանակներ`   |

|                  |(ՆԿ 2)             |կտրում, միացում, հավաքում     |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նյութերի մշակման ճիշտ եղանակի |

|                  |                   |ընտրություն                   |

|                  |___________________|______________________________|

|                  |Կառուցվածքներ և    |Պարզագույն մեխանիզմներ        |

|                  |մեխանիզմներ (ՆԿ 3) |______________________________|

|                  |                   |Տարբեր նպատակների ծառայող     |

|                  |                   |մեխանիզմների կառուցվածքներ    |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Շարժման փոխանցման և           |

|                  |                   |ղեկավարման համար նախատեսված   |

|                  |                   |մեխանիզմներ                   |

|__________________|___________________|______________________________|

|Գործընթացներ և    |Գործիքներ և        |Նյութերի մշակման համար        |

|արտադրություն (ԳԱ)|սարքավորումներ     |նախատեսված գործիքների և       |

|                  |(ԳԱ 1)             |սարքավորումների անվտանգ       |

|                  |                   |շահագործում                   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նախագծային աշխատանքների համար |

|                  |                   |անհրաժեշտ գործիքների և        |

|                  |                   |սարքավորումների ճիշտ          |

|                  |                   |ընտրություն                   |

|                  |___________________|______________________________|

|                  |Արտադրական         |Տարբեր ոլորտների արտադրական   |

|                  |գործընթաց (ԳԱ 2)   |գործընթացներ (ծանր և  թեթև    |

|                  |                   |արդյունաբերություն,           |

|                  |                   |գյուղատնտեսություն և  այլն)   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Արտադրական գործընթացի         |

|                  |                   |կազմակերպման համար անհրաժեշտ  |

|                  |                   |մասնագիտական հմտություններ    |

|                  |___________________|______________________________|

|                  |Նախագծի            |Նախագծային աշխատանքների       |

|                  |կազմակերպում (ԳԱ 3)|պլանավորում (քայլաշարի        |

|                  |                   |մշակում), կազմակերպում,       |

|                  |                   |վերահսկում և  բարելավում      |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նախագծային փաստաթղթերի մշակում|

|                  |___________________|______________________________|

|                  |Ավտոմատացման տարրեր|Մեխանիկական, էլեկտրական,      |

|                  |(ԳԱ 4)             |պնևմատիկ,  էլեկտրոնային       |

|                  |                   |վերահսկիչ համակարգեր          |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Ավտոմատացման վերահսկում       |

|__________________|___________________|______________________________|

|Ձեռնարկատիրություն|Ձեռնարկատիրական    |Ձեռնարկատեր և                 |

|(Ձ)               |գործունեություն    |ձեռնարկատիրություն            |

|                  |(Ձ 1)              |______________________________|

|                  |                   |Ապրանքներ և  ծառայություններ  |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նորարարություն և              |

|                  |                   |ստեղծարարություն              |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Բիզնես գաղափար                |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Բիզնես պլան                   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Ձեռնարկատիրական գործունեության|

|                  |                   |հիմնական տեսակները            |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Ավանդական և  սոցիալական       |

|                  |                   |ձեռնարկատիրություն            |

|                  |___________________|______________________________|

|                  |Ռեսուրսների        |Ռեսուրսների արդյունավետ       |

|                  |կառավարում (Ձ 2)   |օգտագործում                   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Արտադրության գործոններ        |

|                  |___________________|______________________________|

|                  |Շուկայավարում (Ձ 3)|Շուկայի հետազոտություն        |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Գովազդ                        |

|__________________|___________________|______________________________|

|Տեխնոլոգիա և      |Սննդի պատրաստում   |Խոհանոցի կահավորանք և  խնամք, |

|կյանք (ՏԿ)        |(ՏԿ 1)             |տեխնիկայի անվտանգ շահագործում,|

|                  |                   |սպասքադրում                   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Առողջ սննդի հիմնական          |

|                  |                   |սկզբունքներ: Սննդային         |

|                  |                   |սովորություններ               |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Սննդի անվտանգություն և        |

|                  |                   |հիգիենա                       |

|                  |                   |Սննդային մակնշում և  գովազդ   |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Սննդի պատրաստման, պահպանման,  |

|                  |                   |վերամշակման սկզբունքներ, դրանց|

|                  |                   |կապը սննդարարության հետ       |

|                  |___________________|______________________________|

|                  |Հագուստի նախագծում |Հագուստին ներկայացվող         |

|                  |և  մոդելավորում    |պահանջներ                     |

|                  |(ՏԿ 2)             |______________________________|

|                  |                   |Տարազ` ազգային                |

|                  |                   |հագուստ-զարդարանք             |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Գործվածքի ընտրություն         |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Հագուստի մոդելավորում         |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նորաձևության  միտումներ       |

|                  |___________________|______________________________|

|                  |Կենցաղ և  ընտանիք  |Անձնական հիգիենայի,           |

|                  |(ՏԿ 3)             |վարվեցողության պարզ կանոններ  |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Կենցաղային իրերի խնամք        |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Ընտանեկան բյուջե              |

|                  |___________________|______________________________|

|                  |Դիզայն և  կիրառական|Հագուստի, ինտերիերի,          |

|                  |արհեստներ (ՏԿ 4)   |կենցաղային առարկաների         |

|                  |                   |ձևավորում                     |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Հայկական ժողովրդական արհեստներ|

|                  |                   |և  դեկորատիվ կիրառական արվեստ |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Նյութերի գեղարվեստական մշակում|

|                  |                   |______________________________|

|                  |                   |Դիզայն                        |

|                  |                   |______________________________|

|                  |                   |Մասնագիտական կողմնորոշում     |

._____________________________________________________________________.

 

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին ամբողջական պատկերացում ձևավորելու նպատակով:

Այդ հասկացությունների լուսաբանմանը պետք է մեծ ուշադրություն դարձվի հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում, այդ թվում նաև «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակությունը ձևավորելիս: Առանձնացվում են հետևյալ խաչվող հասկացությունները.

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Մասշտաբ, համամասնություն, քանակ

4) Կառուցվածք և գործառույթ

5) Համակարգ և մոդել

6) Էներգիա, նյութ

7) Կայունություն և փոփոխություն

8) Անհատ և հարաբերություններ

9) Անհատական և մշակութային արժեհամակարգ

 

ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

- տեսական գիտելիքների ձեռքբերում,

- գործնական աշխատանքներ,

- հետազոտություններ, ուսումնասիրություններ,

- ստեղծագործական (դիզայներական) նախագծերի իրականացում:

Առանձնակի կարևորություն է տրվում սովորողների ստեղծագործական, նախագծային գործունեությանը: Տեսական ուսուցմանը հատկացվում է ընդհանուր ժամաքանակի 25 -30%-ը:

«Տեխնոլոգիա» առարկան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաները և մաթեմատիկան (ԲՏՃՄ) ինտեգրող կարևոր օղակ է: Բնագիտական թեմաների արդյունավետ ուսուցման համար կարևոր գործոն կարող են լինել ինտեգրված գործնական աշխատանքները: Առարկայի ուսուցումը հիմնականում իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, ինչը ենթադրում է, որ դասի ընթացքում դասարանը պետք է բաժանվի երկու խմբի: Նպատակահարմար է, որ բաժանումը լինի ըստ նախասիրությունների, հետաքրքրությունների, դպրոցի և համայնքի հնարավորությունների, այլ ոչ ըստ սեռի:

«Տեխնոլոգիայի» ուսուցման գործընթացում հաշվի են առնվում յուրաքանչյուր սովորողին, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին ներկայացվող պահանջները` անհատական մոտեցում ցուցաբերելով նրանց առանձնահատկություններին, կարողություններին, հմտություններին և կարիքներին, ստեղծելով համապատասխան պայմաններ:

 

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի` 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն, կազմվում է յուրաքանչյուր սովորողի առաջադիմության բնութագիրը:

Միավորային գնահատումը կիրառվում է հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

«Տեխնոլոգիա» առարկայի համար 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակի և 6-րդ դասարանի 1-ին և 2-րդ կիսամյակների համար ստուգման ձև կարող է լինել կիսամյակի ընթացքում կատարված ստեղծագործական նախագծի պաշտպանությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.03.2023
N 38-Ն
Հրաման