ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-74-Ո-Կ-18
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(2-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` Կ. Անդրեասյանի
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
մասնակցությամբ` անդամներ Ա. Աթաբեկյանի
Հ. Գրիգորյանի
Ե. Թումանյանցի
Դ. Խաչատուրյանի
Էդ. Հովհաննիսյանի
Ն. Հովսեփյանի
Ք. Մկոյանի
Ա. Վարդանյանի
Վ. Քոչարյանի
Արդարադատության նախարարի տեղակալ Ա. Մկրտչյանի
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հ. Սանոյանի
քարտուղարությամբ` Թ. Ղուկասյանի
2023 թվականի սեպտեմբերի 4-ին ք. Երևանում
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,
5.2 եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով Դատավորի բացատրությունն ու դիրքորոշումը, կարգապահական վարույթի նյութերը, ինչպես նաև հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Խորհուրդը, անդրադառնալով Երեխայի` որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված լինելու, իսկ Դիմողների` որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառված լինելու, ինչպես նաև երեխայի որդեգրման փաստը հաստատելու մասին թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին հարցերին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` ՄԻԵԴ-ը արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից:(1)
________________
1) Տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02:
Համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը:(2)
_______________
2) Տե՛ս, Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ:
ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:
Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ նմանատիպ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:
Ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:
Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որդեգրումը կատարում է դատարանը` երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով: Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի` քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը:
Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Երևանի քաղաքապետը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարակության կազմակերպմանը ընտանիքներում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, (...):
Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է` 1) ծնողների գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ 2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:
Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն` որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացնում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ)` իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով:
Նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն` հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի (N 1 ձև) հիման վրա, որը ներառում է երեխայի կենսագրական տվյալների, էթնիկական ծագման, սոցիալական շրջապատի, ընտանիքի պատմության, առողջության, նաև երեխայի հիվանդությունների, բժշկական հետազոտությունների, զննումների, հիվանդությունների, դրանց բուժումների և ընթացիկ առողջական վիճակի ու երեխայի հատուկ պահանջների մասին տեղեկություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը, կազմում է երեխայի համար անձնական գործ, որի պատճենահանված օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով:
Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն` նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնում (N 2 ձև) աշխատակազմին:
Նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (N 3 ձև) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները` (...):
Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն` Նախարարությունն աշխատակազմից ստացված անձնական գործի հիման վրա որդեգրել ցանկացող անձին վերցնում է կենտրոնացված հաշվառման և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում (N 5 ձև) աշխատակազմին և որդեգրել ցանկացող անձին:
Վերոնշյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված է երեխայի որդեգրումը հաստատելու կարգը, ըստ որի երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերի քննությունը պատվիրակված է դատարանին` միաժամանակ սահմանելով, որ դատարանն այդ գործերի քննությունը կատարում է հատուկ վարույթի` Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում Ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածով և Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ և 3-րդ բաժիններով սահմանված են որդեգրման ենթակա երեխաների և երեխա որդեգրել ցանկացող քաղաքացիների հաշվառման ընթացակարգերը:
Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ որպես երեխայի որդեգրման, հետևաբար նաև երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու հիմք դիտարկվում է ծնողների գրավոր հրաժարումը երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ: Ծնողական իրավունքներից հրաժարումը ենթադրում է երեխայի ծնողների կողմից ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին դիմումի ներկայացում, որի արդյունքում երեխան հանձնվում է պետության խնամքին` ի դեմս համապատասխան մարմինների: Ծնողական իրավունքներից հրաժարված ծնողների երեխայի, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելուց հետո, երեխայի տվյալները հասանելի են դառնում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառված բոլոր քաղաքացիներին:
Տվյալ դեպքում Դատավորը, վերամակագրման արդյունքում ստանալով արդեն իսկ այլ դատավորի կողմից վարույթ ընդունված` երեխայի որդեգրման փաստը հաստատելու պահանջի մասին Դիմումը, որին կից ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացված են եղել Երեխայի կենսաբանական ծնողներ` Ա.Գ-ի և Կ.Գ.-ի կողմից տրված և նոտարական կարգով հաստատված համաձայնությունները` առանց երեխայի որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված լինելու, իսկ Դիմողների` որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառված լինելու մասին ապացույցների առկայության, հիմք ընդունելով նաև ՀՀ Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից տրված որդեգրումը թույլատրելու մասին եզրակացությունը, բավարարել է Դիմումը և հաստատել երեխայի որդեգրման փաստը:
Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իրեն վերամակագրված քաղաքացիական գործը վարույթ ընդունելիս հնարավորություն չի ունեցել պարզել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` երեխայի որդեգրման մասին դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին վերաբերող պահանջների պահպանված լինել/չլինելու հարցը:
Խորհուրդն արձանագրում է նաև, որ երեխայի որդեգրման վերաբերյալ գործերով նույնպես կարևոր նշանակություն ունի երեխայի լավագույն շահերի բացահայտումն ու դրանց առաջնային նշանակության տրամադրումը, քանի որ այդ գործերով կայացվող դատական ակտն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն:
Խորհուրդը միաժամանակ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ երեխայի լավագույն շահերի բացահայտմանը դատարանը կարող է անդրադառնալ գործը վարույթ ընդունելուց հետո` գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և եզրափակիչ ակտ կայացնելու դատավարական փուլերում:
Այսպես, վերը նշված փաստերի և Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածով Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ և 3-րդ բաժիններով սահմանված իրավակարգավորումների համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ բնույթի վեճերը քննարկելիս և լուծելիս վերը ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում հստակորեն թվարկված ապացույցներով ապացուցման ենթակա հանգամանքները (հաշվառման և այդ կերպ նաև որդեգրման իրավունք ձեռք բերելուն իրավաչափորեն հավակնելու) ստուգելու և պարզելու փոխարեն Դատարանը դրանք հաստատված է համարել այլ ապացույցներով, ինչն ըստ էության հանգեցրել է իր վարույթում քննված և ավարտված գործով վճռի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտման, այնքանով, որքանով Դատավորի եզրահանգումները հիմնված չեն որդեգրման գործընթացը և դրանում ներառված քայլերի հստակ հաջորդականությունը մանրամասնորեն կանոնակարգող օրենսդրության` սույն Որոշման մեջ ներկայացված իմպերատիվ պահանջների վրա: Ապացույցները գնահատելիս և վեճը լուծելիս դատավորի ներքին համոզմունքն ըստ օրենսդրության պետք է ձևավորվեր նաև այդ ապացույցների ստուգման և գնահատման արդյունքների վրա, սակայն առանց դրանց պահանջի հիմնավորված լինելու վերաբերյալ եզրակացության հանգելիս Դատավորն ինքն իրեն զրկել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու հնարավորությունից:
Սակայն, սույն պարագայում Խորհրդի գնահատմամբ էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ թեև Ս.Ա.Գ.-ի կենսաբանական ծնողներ Ա. Գ.-ն և Կ. Գ.-ն Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չեն հրաժարվել իրենց երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից, սակայն Ս.Ա.Գ.-ին իր հորեղբորը և կնոջը որդեգրման հանձնելու մասին նոտարական կարգով հաստատված համաձայնությունները բովանդակային առումով վկայում են Ս.Ա.Գ.-ի նկատմամբ ունեցած իրենց ծնողական իրավունքներից հրաժարման մասին:
Ինչ վերաբերում է թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի քննությունը Դատավորի կողմից դռնփակ անցկացված չլինելու և կայացված դատական ակտի հրապարակման կարգը պահպանված չլինելու վերաբերյալ միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Խորհուրդը արձանագրում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ` եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:
Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: (...):
Այսպես, սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրության և դրանց` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի նորմերի ու Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների հետ համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի բնույթով պայմանավորված Դատարանն ունեցել է այն որոշակի դատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ քննելու պարտականություն, որոնք մասնավորապես պետք է արտահայտվեին դատական վարույթի դռնփակ անցկացումով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անձանցից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացնելով, ինչպես նաև դատական իշխանության տեղեկատվական համակարգում եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակմամբ:
Տվյալ պարագայում Դատարանի կողմից երեխայի որդեգրումը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննության շրջանակներում նշանակված թվով 4 դատական նիստերից 1-ն անցկացվել է դռնբացության պայմաններում, թվով 2 դատական նիստերի անցկացման ռեժիմն անհայտ է, որից հետո սույն գործով 14.12.2022 թվականին նշանակված դատական նիստն անցկացվել է դռնփակության պայմաններում, սակայն Գործի նյութերը չեն պարունակում տեղեկատվություն Դատարանի կողմից դատական նիստերի քարտուղարից, Գործին մասնակցող անձանցից, նրանց ներկայացուցիչներից, դատական կարգադրիչներից ստորագրություն վերցնելու միջոցով օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, այսինքն նման պայմաններում մասնակիորեն չեն պահպանվել երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումի քննության դատավարական պարտադիր պահանջները:
Ինչ վերաբերում է թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի բաց և հասանելի լինելու հետ Դատավորի գործունեության առնչություն չունենալու մասին բացատրությամբ ներկայացված Դատավորի պնդմանը, ապա Խորհուրդն արձանագրում է, որ թե՛ Դատավորը և թե՛ Դատավորի աշխատակազմը պարտավոր էին ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն ապահովելու համար վերոնշյալ քաղաքացիական գործի հասանելիության սահմանափակումը:
Վերոգրյալի առնչությամբ հարկ է վկայակոչել նաև Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշման շրջանակներում արտահայտած հետևյալ դիրքորոշումը.»(...) Դատավորը պարտավոր է ոչ միայն ապահովել իր, այլ նաև իր աշխատակազմի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66 հոդվ., մաս 2, 67 հոդվ., մաս 2)(3):»:
________________
3) Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը:
Մեկ այլ` 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրել է հետևյալը. «Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եւ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը(4):»:
________________
4) Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումը:
Վերոգրյալի լույսի ներքո Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Դատարանի կողմից որդեգրման պահանջի մասին թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված թվով 4 դատական նիստերը կիրառելի օրենսդրության համաձայն պետք է անցկացվեին դռնփակության պայմաններում (դրանից բխող առանձնահատկությունների պահպանմամբ) և կատարվեին որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու և որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցների ձեռք բերելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ապահովվեր կայացված եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակման կարգը, այնինչ տվյալ դեպքում Դատավորը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել Ընտանեկան օրենսգրքով և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավանորմերի խախտումներ:
Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է` ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստերը դռնփակության պայմաններում չանցկացնելը` դրանից բխող առանձնահատկությունները չպահպանելը, ինչպես նաև որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու մասին տեղեկանքի, որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցի բացակայության պարագայում որդեգրումը հաստատելու մասին վճիռ կայացնելը և եզրափակիչ դատական ակտի դատական իշխանության պաշտոնական կայքում առանց այլ անձանց համար հասանելիության սահմանափակման կարգի պահպանման 29.12.2022 թվականին կայացված վճռի ամբողջական տեքստը հրապարակելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) վարքագծի կանոնի խախտում:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ` հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը` Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով հեղինակազրկում են դատական իշխանությունը:
Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածության, դատական ակտի կայացման ժամանակահատվածում ընտանիքում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հետ համընկնելու, ինչպես նաև սույն գործով թույլ տրված բացթողումների անդառնալի հետևանքներ առաջացրած չլինելու հիմքով իր կողմից թույլ տրված խախտումն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազ կարևորություն ունեցող համարելու մասին Խորհրդին ներկայացված Դատավորի դիրքորոշմանը, ապա Խորհուրդը, անդրադառնալով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումներին նշված հոդվածի վերաբերյալ, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Այսպես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.
1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը` խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:
Խորհուրդը 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(...) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (...)»:
Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (...)(5)»:
________________
5) Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշումը:
Քննարկվող պարագայում ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված թվով 4 դատական նիստերի մի մասը դռնփակության պայմաններում չանցկացնելու (դրանից բխող առանձնահատկությունները պահպանելը) և որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու և որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցների ձեռք բերելուն ուղղված գործողություններ չիրականացնելու, ինչպես նաև կայացված եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակման կարգը չպահպանելու հանգամանքները Խորհրդի գնահատմամբ բացառում են արարքը նվազ կարևոր որակելու հնարավորությունը:
Հիշյալ պայմաններում, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության: Միևնույն ժամանակ, տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում Դատավորի կողմից Խորհրդին ներկայացված դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Խորհուրդը
ՈՐՈՇԵՑ
1. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան
Անդամներ` Ա. Աթաբեկյան
Հ. Գրիգորյան
Ե. Թումանյանց
Դ. Խաչատուրյան
Էդ. Հովհաննիսյան
Ն. Հովսեփյան
Ք. Մկոյան
Ա. Վարդանյան
Վ. Քոչարյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 սեպտեմբերի 2023 թվական: