Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 3. Գիտելիքահենք և նորարարական տնտեսություն

 

Գիտելիքահենք տնտեսության զարգացումը հիմնվելու է գիտելիքի ստեղծման, տարածման, կիրառման և տնտեսական արժեքի վերածման միասնական համակարգի վրա: 2026-2031 թվականներին գիտության ֆինանսավորումը նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 1%-ի: Քաղաքականությունն ուղղվելու է «հետազոտությունից մինչև շուկա» ամբողջական նորարարական շղթայի կատարելագործմանը, որի արդյունքում գիտական արդյունքներն առևտրայնացվելու են` վերածվելով նոր տեխնոլոգիաների, մրցունակ ապրանքների և ծառայությունների, նորաստեղծ ընկերությունների ու բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի:

 

1. Մտավոր սեփականության համակարգի զարգացում

Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու մրցունակ, վստահելի և միջազգային չափանիշներին համապատասխան մտավոր սեփականության էկոհամակարգի ձևավորմանը:

Այս նպատակով`

1) Արդիականացվելու է մտավոր սեփականության օրենսդրության և իրավունքների պաշտպանության համակարգը և բարձրացվելու է իրավունքների` քաղաքացիաիրավական, վարչական, քրեաիրավական, մաքսային ու թվային միջավայրում կիրարկման արդյունավետությունը` ուժեղացնելով նաև կեղծ և կոնտրաֆակտ արտադրանքի դեմ պայքարը:

2) Ամբողջությամբ թվայնացվելու են մտավոր սեփականության օբյեկտների հայտերի ներկայացման, փորձաքննության, գրանցման, պահպանության, իրավունքների փոխանցման և լիցենզավորման գործընթացները` ձևավորելով միասնական, անվտանգ, փոխգործելի և շահառուների կարիքներին համապատասխան թվային համակարգ:

3) Կատարելագործվելու են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության, կոլեկտիվ կառավարման, հոնորարների հաշվարկման ու բաշխման մեխանիզմները:

4) Իրականացվելու են հայաստանյան ռեզիդենտ կազմակերպությունների և անհատների ստեղծած մտավոր սեփականության օբյեկտների միջազգային արտոնագրման և Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (Patent Cooperation Treaty) հայտերի ներկայացման խթանման ծրագրեր:

 

2. Գիտության առևտրայնացում

Ձևավորվելու է գիտական, հետազոտական և ստեղծագործական արդյունքների առևտրայնացման ու տեխնոլոգիաների փոխանցման ապակենտրոն համակարգ` ներառելով շուկայական ներուժի գնահատումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, նախատիպերի ստեղծումը, փորձարկումը, հավաստագրումը, լիցենզավորումը, ներդրումների ներգրավումը և մուտքը շուկա: Ամրապնդվելու է բուհերի, գիտական կազմակերպությունների և բիզնեսի համագործակցությունը` գիտական ներուժը տնտեսության տեխնոլոգիական պահանջարկին կապելու նպատակով:

Այդ ուղղությամբ`

1) Գիտության և տեխնիկայի գերակա ուղղություններով իրականացվելու է առնվազն 2 համալիր ծրագիր` ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտներում, ինչպես նաև առնվազն 10 խոշոր հետազոտական ծրագիր:

2) Պետական գերատեսչությունների խնդիրների լուծման նպատակով գործարկվելու է հետազոտությունների պատվիրակման և արդյունքների արագ ներդրման մրցութային ծրագիր` ֆինանսավորելով առնվազն 80 թիրախային հետազոտություն կամ մշակում:

3) Մշակվելու են մասնավոր հատվածում հետազոտությունների և մշակումների իրականացման աջակցության ծրագրեր. զուգահեռ խթանվելու են մասնավոր պատվերով և բուհ-ձեռնարկություն համագործակցությամբ հետազոտությունները, բաց նորարարության ծրագրերը և տեխնոլոգիական սկաուտինգը:

4) Արդիականացվելու են ազգային ու կիրառական հետազոտական լաբորատորիաները, նախատիպավորման կենտրոնները և համատեղ օգտագործման փորձարկման հարթակները. գիտական կազմակերպությունները շարունակելու են համալրվել ժամանակակից սարքավորումներով, իսկ առաջատար բուհերում ստեղծվելու են նախատիպավորման ենթակառուցվածքներ:

5) Առնվազն 3 առաջատար բուհում ստեղծվելու են տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:

6) Գործարկվելու են հայեցակարգի հաստատման (Proof of Concept) և առևտրայնացման փուլային դրամաշնորհային ծրագրեր` ֆինանսավորելով փորձարկումները, նախատիպերի ստեղծումը, տեխնոլոգիայի վավերացումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, հավաստագրումը, փորձնական արտադրությունը և շուկայի փորձարկումը:

7) «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլի շրջանակում ստեղծվելու է տեխնոլոգիական համալսարանի համալսարանական ստարտափների ինկուբատորը, և ներդրվելու է համալսարանական ստարտափներում պետություն-բուհ-մասնավոր համատեղ ներդրումների մեխանիզմ, որի միջոցով ֆինանսավորվելու է համալսարանական առնվազն 30 ստարտափ:

8) Խրախուսվելու է գիտական արդյունքների հիման վրա սպին-օֆ ընկերությունների ստեղծումը, դրանց նախնական ֆինանսավորումը, վենչուրային կապիտալի հասանելիությունը և միջազգային շուկաներում մասշտաբավորումը:

 

3. Բարձր տեխնոլոգիական արտադրություն

Հայաստանը դիրքավորվելու է որպես բարձր և խոր տեխնոլոգիաների (Deep Tech) մշակման, արտադրության և արտահանման կենտրոն, որտեղ գիտությունը, ինժեներական ներուժը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և տեղական ձեռնարկատիրությունը ձևավորում են բարձր ավելացված արժեք ստեղծող ամբողջական շղթա` հետազոտությունից և նախագծումից մինչև նախատիպավորում, փորձարկում, հավաստագրում, փորձնական ու սերիական արտադրություն և միջազգային շուկա: Առաջնահերթ զարգանալու են ԱԲ և խելացի համակարգերի, կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և ներկառուցված համակարգերի, կենսատեխնոլոգիաների և բժշկական տեխնոլոգիաների, ինչպես նաև այլ խոր տեխնոլոգիական ուղղությունների մշակման և արտադրական կարողությունները:

Այս նպատակով`

1) Գյումրու և Վանաձորի համանմանությամբ ստեղծվելու են մարզային տեխնոլոգիական պարկեր, որոնք գործելու են որպես ինկուբացիոն և աքսելերացիոն, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ինժեներական, լաբորատոր փորձարկման, նախատիպավորման, հավաստագրման և փոքրածավալ փորձնական արտադրության հարթակներ:

2) Ստեղծվելու է ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորման ու առևտրայնացման ամբողջական շղթա` գաղափարից և վաղ փուլից մինչև ընդլայնում (scale-up), աճի կապիտալ, միջազգային վաճառք և արտահանում: Կառավարությունն աջակցելու է մասնավոր ներդրումների, պետություն-մասնավոր համաներդրումների, կիրառական գաղափարի փորձարկման դրամաշնորհների և նորարարական լուծումների առաջին գնորդի մեխանիզմների զարգացմանը:

3) Խթանվելու է Հայաստանում մշակված բարձր տեխնոլոգիական լուծումների անցումը նախատիպից դեպի փորձնական և սերիական արտադրություն` արտադրական ինժեներիայի, փորձարկման, միջազգային հավաստագրման, առաջին արտադրական խմբաքանակների և սարքավորումների համաֆինանսավորման և լիզինգի, ինչպես նաև արտահանման աջակցության գործիքների միջոցով:

4) Կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացվելու են չիպերի նախագծման, ներկառուցված համակարգերի, փորձարկման և վավերացման, առաջադեմ փաթեթավորման, ինչպես նաև տնտեսապես հիմնավորված մասնագիտացված արտադրության կարողությունները` խորացնելով Հայաստանի մասնակցությունը կիսահաղորդիչների գլոբալ արժեշղթայում:

5) Իրականացվելու է միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետազոտական, ինժեներական և արտադրական ստորաբաժանումների` Հայաստանում տեղակայման նպատակային քաղաքականություն` խթանելով տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցումը, տեղական մատակարարների ցանցի զարգացումը և հայկական ընկերությունների ներգրավումը գլոբալ տեխնոլոգիական արժեշղթաներում:

6) Շարունակվելու է ռազմարդյունաբերության և երկակի նշանակության բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ներդրումների քաղաքականությունը` երկարաժամկետ պետական գնումների, օտարերկրյա գործընկերների հետ համատեղ արտադրության, արտադրանքի տեղայնացման, սերիական արտադրության և արտահանման կարողությունների ձևավորման միջոցով:

Մինչև 2031 թվականը բարձր տեխնոլոգիական արտադրության քաղաքականության արդյունքում ապահովվելու է Հայաստանում մշակված առնվազն 20 բարձր տեխնոլոգիական արտադրանքի անցումը նախատիպավորումից դեպի սերիական արտադրություն և միջազգային շուկա, իսկ Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի տարեկան արտահանման ծավալը հասցվելու է առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի: Քաղաքականության արդյունավետությունը լրացուցիչ գնահատվելու է ոլորտում ստեղծված տեղական ավելացված արժեքի, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի, մասնավոր R&D ներդրումների, միջազգային հավաստագրում ստացած արտադրանքների, միջազգային եկամուտ ունեցող scale-up ընկերությունների, ներգրավված մասնավոր ներդրումների և հայկական ընկերությունների կողմից գլոբալ մատակարարման շղթաներում կնքված պայմանագրերի ցուցանիշներով:

 

4. Արհեստական բանականություն

Կառավարությունն ԱԲ-ն դիտարկում է որպես տնտեսական արտադրողականության, պետական կառավարման արդյունավետության, գիտության և ազգային մրցունակության բարձրացման ընդհանուր նշանակության տեխնոլոգիա: ԱԲ քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու Հայաստանի դիրքի ամրապնդմանը` որպես ԱԲ ենթակառուցվածք զարգացնող, հետազոտություն և տեխնոլոգիական լուծումներ ստեղծող, ինչպես նաև դրանք տնտեսության և հանրային կառավարման մեջ լայնորեն կիրառող պետություն` ձևավորելով «հաշվարկային հզորություն -> տաղանդ -> հետազոտություն -> կիրառություն -> առևտրայնացում» ամբողջական շղթա:

Այս նպատակով`

1) Ոլորտը համակարգող նախարարության ներքո ստեղծվելու է մասնագիտացված Արհեստական բանականության գրասենյակ, որը համակարգելու է ԱԲ ազգային քաղաքականության իրականացումը, պետական ԱԲ ծրագրերը, հաշվարկային ռեսուրսների հասանելիության մեխանիզմները, ԱԲ էկոհամակարգի զարգացման ծրագրերը և միջազգային համագործակցությունը:

2) Ստեղծվելու է առնվազն մեկ ազգային լաբորատորիա` ուղղված ԱԲ ճարտարագիտության և խելացի թվային համակարգերի (AI engineering and Intelligent Digital Systems) և խոր տեխնոլոգիական համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի (Deep-Tech Engineering, Prototyping, and Embedded Systems) ուղղություններով R&D աշխատանքների իրականացմանը:

3) Շարունակվելու է «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» («Garden of AI Factories») հայեցակարգի իրականացումը` Հայաստանում ձևավորելով տարբեր նշանակության և մասշտաբի ԱԲ գործարանների, գերժամանակակից տվյալների կենտրոնների և հաշվողական ենթակառուցվածքների փոխկապակցված էկոհամակարգ: Զարգացվելու են դրանց գործունեության համար անհրաժեշտ էներգետիկ, թվային, կապի և ինժեներական ենթակառուցվածքները` ԱԲ հաշվարկային հզորությունների աճը համադրելով երկրի էներգետիկ համակարգի զարգացման հետ, խրախուսվելու է միջազգային և տեղական ներդրողների ներգրավումը, ինչպես նաև ապահովվելու են Հայաստանի գիտության, ստարտափների, արդյունաբերության և հանրային հատվածի համար հաշվարկային հզորությունների հասանելիության մեխանիզմներ:

4) Ձևավորվելու է հայերենի համար ժամանակակից և բաց ԱԲ ենթակառուցվածք` որակյալ և իրավաչափ տվյալաշարերի, խոսքի և տեքստի ճանաչման և սինթեզի, լեզվական և բազմալեզու մոդելների, թարգմանական ու այլ լեզվային գործիքների, ինչպես նաև դրանց որակը գնահատող անկախ չափորոշիչների և չափանիշների զարգացմամբ: Պետական աջակցությամբ ստեղծված տվյալների, մոդելների և գործիքների հասանելիությունը հնարավորության սահմաններում ապահովվելու է գիտական, կրթական և ձեռնարկատիրական օգտագործման համար:

5) Խթանվելու է ԱԲ գործիքների լայն կիրառումը տնտեսությունում` առաջնահերթ աջակցելով այն ոլորտներին և ընկերություններին, որտեղ դրանց ներդրումը կարող է ապահովել արտադրողականության, որակի, արտահանման կամ մրցունակության էական աճ:

6) Պարբերաբար գնահատվելու է ԱԲ ազդեցությունը աշխատաշուկայի, մասնագիտությունների և պահանջվող հմտությունների վրա` կանխատեսելով առավել արագ փոփոխվող մասնագիտություններն ու հմտությունների պահանջարկը: Գնահատումների հիման վրա ներդրվելու են աշխատողների վերապատրաստման և վերամասնագիտացման, գործատուների համաֆինանսավորմամբ հմտությունների զարգացման, վճարովի պրակտիկայի և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրեր` ռեսուրսներն առաջնահերթ ուղղելով այն ոլորտներին, որտեղ ԱԲ-ն առավել էական ազդեցություն է ունենալու աշխատանքի բովանդակության և արտադրողականության վրա:

ԱԲ քաղաքականության արդյունքները գնահատվելու են ինչպես Հայաստանում ստեղծված հաշվարկային ենթակառուցվածքի ծավալով և հասանելիությամբ, այնպես էլ դրա միջոցով ստեղծված տնտեսական, գիտական և հանրային արժեքով: Քաղաքականության արդյունավետությունը լրացուցիչ գնահատվելու է ԱԲ կիրառող ընկերությունների և պետական գործընթացների ընդգրկմամբ, ԱԲ-ի կիրառմամբ ստեղծված եկամտով, արտահանմամբ և արտադրողականության աճով, ԱԲ ոլորտում մասնավոր ներդրումներով, գիտական արդյունքներով և առևտրայնացմամբ, ինչպես նաև Հայաստանում պատրաստվող և ներգրավվող ԱԲ մասնագետների ու հետազոտողների թվով:

 

ԲԱԺԻՆ 4. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

Կառավարությունը հանձնառու է ապահովելու երկրի տարածական պլանավորումն ու ենթակառուցվածքների զարգացումն այնպես, որ Հայաստանը դառնա անվտանգ, նորարար և մրցունակ խաչմերուկ` ապահովելով երկրի ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ, տրանսպորտային և կապի հաղորդակցություններին: Տարածաշրջանի լիարժեք ապաշրջափակումը թույլ է տալու Հայաստանին դիրքավորվել որպես կարևոր օղակ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու ճանապարհին: Այս ուղղության բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ սկզբունքներով`

. տարածաշրջանային ինտեգրում` ապահովելով Հայաստանի տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների կապակցումը տարածաշրջանային հաղորդակցություններին` Հայաստանը դիրքավորելով իբրև լոգիստիկ հանգույց,

. դիվերսիֆիկացում` առավելագույնը բացառելով Հայաստանի կախվածությունը որևէ մեկ ենթակառուցվածքից, կապուղուց և մատակարարվող ապրանքների գնից և ծավալից,

. դիմակայունություն և անվտանգություն` ապահովելով ենթակառուցվածքների` աղետներին և ճգնաժամերին դիմակայելու կարողության բարձրացումը,

. պետություն-մասնավոր գործընկերության առաջմղում` ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շրջանակներում ընդլայնելով պետություն-մասնավոր գործընկերության կառուցակարգերի գործադրման պրակտիկան,

. տարածքային համաչափ զարգացում` համայնքներին դարձնելով տարածքային տնտեսական և ներդրումային քաղաքականության մշակման ու իրականացման համահեղինակներ` տեղական ներուժի և զարգացման առաջնահերթությունների լիարժեք հաշվառմամբ:

Այս նպատակով Կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու`

. «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը, այդ թվում` TRIPP նախաձեռնության առնվազն երկաթուղային և էներգետիկ ենթակառուցվածքների շահագործումը,

. էներգետիկ կապերի և ռեսուրսների դիվերսիֆիկացումը, էներգետիկ վերափոխումը, այդ թվում` անցումը մաքուր և ցածր ածխածնային էներգետիկ համակարգերի, դիվերսիֆիկացած աղբյուրների և էներգախնայող տեխնոլոգիաների,

. ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարումը, որի արդյունքում ստեղծվելու են կլիմայի փոփոխություններին ադապտացված, դիմակայուն համակարգի հիմքերը` ապահովելով կայուն, անվտանգ և հուսալի ջրամատակարարում և ջրահեռացում,

. թափոնների կառավարումը, որի առաջնահերթ խնդիրն է վերամշակման ենթակառուցվածքի ու մշակույթի զարգացումը,

. համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը` որակի վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ,

. վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովումը, շրջանային սկզբունքով համայնքների խոշորացման և լիազորությունների ապակենտրոնացման միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների վարչական և ֆինանսական կարողությունների զարգացումը:

 

ԳԼՈՒԽ 1. Տրանսպորտ

 

Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակը Հայաստանը տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ կապուղիներին ինտեգրելն է:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

 

1. Օդային տրանսպորտ

1) Արդիականացվելու են Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքները, այդ թվում` փոփոխվելու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, և այն գործարկվելու է որպես ուղևորների սպասարկման համար նոր տերմինալ:

2) Միջազգային օդանավակայանի կարգավիճակ է շնորհվելու Կապանի «Սյունիք» օդանավակայանին:

3) Իրականացվելու են ավիացիոն ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ` միտված ԵՄ ավիացիոն կանոնակարգերի տեղայնացման և ավիացիոն իշխանությունների կազմակերպաիրավական մոդելի կատարելագործմանը:

4) Ընդլայնվելու է ուղիղ օդային հաղորդակցությունների աշխարհագրությունը, և ավելացվելու են ուղևորային ու բեռնային ավիափոխադրումների ծավալները:

 

2. Երկաթուղային տրանսպորտ

1) Գործարկվելու է TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:

2) Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները:

3) Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է:

 

3. Ավտոմոբիլային և հանրային տրանսպորտ

1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդրվելու է ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր մարզերն ունենալու են որակյալ տրանսպորտային սպասարկում:

2) Արդիականացվելու են ավտոկայարանային համակարգի ենթակառուցվածքները, և ծառայությունները մատուցվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

3) Բեռնատար տրանսպորտային միջոցների համար ներդրվելու են ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու ճանապարհային վճարի գանձման և կշռման նոր համակարգեր:

4) Իրականացվելու են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի բարեփոխումներ` ԵՄ և միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ:

5) Ապահովվելու է Երևանի տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլի իրագործումը, այդ թվում` Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումը, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը 2 նոր կայարանի կառուցմամբ («Աջափնյակ» կայարան, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարան), վերգետնյա կանաչ տրանսպորտային ցանցի զարգացումը` էլեկտրական շարժակազմին փուլային անցմամբ (առաջին փուլով առնվազն 250 նոր էլեկտրաբուսների ներդրմամբ) և առանձնացված երթուղային միջանցքների ձևավորմամբ, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը:

6) «Խելացի քաղաքի» հայեցակարգի շրջանակում ներդրվելու են տրանսպորտային առաջադեմ համակարգեր և ենթակառուցվածքներ` ապահովելով երթևեկության իրական ժամանակում վերլուծության ու կառավարման ամբողջական էկոհամակարգի գործարկումը` մեկնարկելով Երևանից:

7) Սահմանվելու են հին տարեթվի տրանսպորտային միջոցների համար կիրառվող չափանիշներ` ապահովելով սահմանված չափանիշները չբավարարող տրանսպորտային միջոցների շրջանառությունից փուլային դուրսբերումը, զուգահեռ ձևավորելով ավտոպարկի արդիականացման պետական խրախուսման մեխանիզմներ ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով:

8) Ճանապարհային անվտանգությունը ապահովելու և արտաքին առևտուրը խթանելու նպատակով ներդրվելու է բեռների շարժի հետագծելիության թվային համակարգ:

9) Ներդրվելու է տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման համարանիշերի տրամադրման և վարորդական իրավունքի ստացման ծառայությունների մատուցման նոր մոդել` պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքով:

 

4. Լոգիստիկ այլ ենթակառուցվածքներ

1) Իրականացվելու է փոստային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացում և «Հայփոստ» ՓԲԸ-ի վերափոխում` կառավարման առավել արդյունավետ մոդելի ընտրության, ծառայությունների ամբողջական թվայնացման, գործառնական և ֆինանսական արդյունավետության բարձրացման, փոստային կապի ունիվերսալ ծառայության որակի, հասանելիության և մատչելիության ապահովման, ինչպես նաև Հայաստանի` որպես տարածաշրջանային էլեկտրոնային առևտրի և անդրսահմանային լոգիստիկայի հանգույցի կարողությունների զարգացման միջոցով:

2) Իրականացվելու են սահմանային անցակետերի կառուցման և արդիականացման աշխատանքներ, մասնավորապես` Մեղրիի և Բագրատաշենի կետերի վերակառուցում, Մարգարայի ընդլայնում, Ախուրիկի ու Երասխի կետերի և Երևանի ու Սյունիքի լոգիստիկ կենտրոնների կառուցում:

 

5. Ճանապարհներ

1) Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի որակի և անվտանգության շարունակական բարելավման նպատակով արդիականացվելու և վերականգնվելու են 2500 կմ պետական նշանակության ճանապարհներ և տրանսպորտային օբյեկտներ (այդ թվում` 40 կամուրջ, Պուշկինի և Դիլիջանի թունելները): Միջազգային բեռնափոխադրումները խթանելու նպատակով մեկնարկելու են «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհային տարանցիկ 2 երթուղու` Հայաստանի սահման (Թուրքիա) - Ախուրիկ - Գյումրի - Վանաձոր - Դիլիջան - Իջևան - Կայան - Հայաստանի սահման (Ադրբեջան) և Հայաստանի սահման (Թուրքիա) - Մարգարա -Աշտարակ - Աբովյան - Սևան - Դիլիջան - Իջևան - Կայան - Հայաստանի սահման (Ադրբեջան) ճանապարհահատվածների վերակառուցման և արդիականացման աշխատանքները` առաջնահերթություն տալով Գյումրին և այլ բնակավայրերը շրջանցող ճանապարհահատվածների նախագծմանն ու կառուցմանը:

1) Սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվելու և շահագործման են հանձնվելու Մարգարայի և Մեղրիի կամուրջները:

2) Շարունակվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, այդ թվում`

. Ավարտվելու են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

. Կառուցվելու է Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածը:

. Քաջարանի և Բարգուշատի թունելների կառուցման ծրագրերը մտնելու են ավարտական փուլ:

. Իրականացվելու են Արտաշատ-Սիսիան շուրջ 165 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի նախագծման աշխատանքները, և 2 ենթահատվածում մեկնարկելու է շինարարությունը:

3) Ապահովվելու է Երևանի առաջնահերթ նշանակություն ունեցող քաղաքային նոր ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ առնվազն 5 ներդրումային ծրագրի մեկնարկը կամ իրագործումը:

4) Ներդրվելու են ԵՄ կանոնակարգերին համապատասխանող` ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության և միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որակի բարելավման, ճանապարհների սպասարկման և պահպանման ժամանակակից համակարգեր:

5) Իրականացվելու է ճանապարհների դիմակայունությունը բարձրացնող 14 միջոցառում 6 միջպետական և 2 հանրապետական նշանակության ճանապարհներում` ուղղված քարաթափումներից, սողանքներից, գետերի վարարումներից առաջացող կլիմայական ռիսկերի կանխարգելմանն ու նվազեցմանը:

6) Իրականացվելու է շուրջ 1400 կմ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության գնահատում և վարկանիշավորում:

7) Իրականացվելու է շուրջ 750 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության աուդիտ:

8) Վերացվելու են 40 «սև կետեր»` բարձրացնելով ճանապարհների անվտանգությունը:

9) Իրականացվելու է Արտանիշ-Նորատուս կամրջի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, և ապահովվելու է հետագա ընթացքը:

10) Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական ճանապարհներին ներդրվելու է երթևեկության կառավարման խելացի տրանսպորտային համակարգ:

 

ԳԼՈՒԽ 2. Էներգետիկա

 

Էներգետիկ համակարգում Կառավարության բարեփոխումների թիրախն էներգետիկ անվտանգության ապահովումն է և կայուն ու մրցունակ էներգետիկ համակարգի ստեղծումը` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Հայաստանը ինտեգրելով տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներին և շուկաներին: Դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները` զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները` ներառյալ կանաչ ջրածնի ներուժը: Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը:

Այս ուղղությամբ գերակա անելիքներն են`

1) Իրականացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` նպաստելով էներգետիկ ոլորտի դիմակայունությանը, շուկայի ազատականացմանն ու մրցակցության բարձրացմանը:

2) Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան` մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:

3) Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ` մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:

4) Իրականացվելու են էներգաարդյունավետության ծրագրեր` ուղղված սպառման նվազեցմանը և արդյունավետության բարձրացմանը կենցաղային, արդյունաբերական ու կոմերցիոն ոլորտներում, այդ թվում` շենքերի և քաղաքաշինական ստանդարտների բարելավմամբ:

5) Ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:

6) Մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը` մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը:

7) Տարածաշրջանային էներգետիկ ցանցերին ինտեգրման նպատակով իրականացվելու է տեղական ցանցերի արդիականացում` ներմուծման, արտահանման, ներքին վաճառքի և տարանցման հնարավորությունների ընդլայնմամբ: Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:

8) Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը` նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 3. Կապ

 

Կառավարությունը ջանքեր է գործադրելու ժամանակակից, անվտանգ և հասանելի կապի ու հաղորդակցության համակարգերի զարգացման և տարածաշրջանային ենթակառուցվածքներին ինտեգրման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ կայուն օպտիկամանրաթելային կապի զարգացումը տնտեսության թվային վերափոխման կարևոր նախապայման է`

1) Աշխատանքներ են տարվելու Հայաստան մտնող, ինչպես նաև տարանցիկ միջազգային հեռահաղորդակցական կապուղիների քանակի ավելացման, թողունակության աճի, աշխարհագրական բազմազանության և նոր օպտիկամանրաթելային մալուխագծերի ստեղծման ուղղությամբ` ապահովելով կապի դիվերսիֆիկացում և ցանցի դիմակայունություն:

2) Ապահովվելու է հանրապետության բոլոր բնակավայրերում ամրակցված լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությունը:

3) Շարունակվելու են նոր սերնդի շարժական լայնաշերտ կապի տեխնոլոգիաների ներդրումն ու ծածկույթի ընդլայնումը. 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթը հասանելի է լինելու բոլոր քաղաքային բնակավայրերում` յուրաքանչյուրի վարչական տարածքի առնվազն 60%-ում: Միաժամանակ, ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների` ներառյալ նոր կառուցվող ճանապարհների, ընդհանուր երկարության առնվազն 98%-ում ապահովվելու է շարժական լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10%-ը` 5G տեխնոլոգիայով:

4) Ստեղծվելու են անհրաժեշտ պայմանները գերարագ արբանյակային լայնաշերտ ինտերնետային կապի ծառայությունների ներդրման և զարգացման համար:

 

ԳԼՈՒԽ 4. Ջրային ռեսուրսներ և համակարգեր

 

Կառավարությունը հանձնառու է իրականացնելու ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարում` ապահովելով ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի բարձր հուսալիություն և հասանելիություն: Համակարգի զարգացման հեռանկարն այն է, որ օգտագործված ամբողջ ջուրը մինչև բնական միջավայր վերադարձվելը կամ ջրային համակարգ կրկին մուտք գործելը ենթարկվի պատշաճ մաքրման և անվտանգության չափանիշներին համապատասխան վերամշակման:

Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքում`

1) Բարելավվելու է խմելու ջրամատակարարման համակարգի կառավարումը` տվյալ ոլորտում միջազգային մեծ փորձով և բարձր հեղինակությամբ կազմակերպության հետ երկարաժամկետ նոր պայմանագրի հաստատմամբ:

2) Հանրապետության ողջ տարածքում բարելավվելու են ջրի որակը և ջրամատակարարման միջին տևողությունը. կառուցվելու է «Սոլակ-Արզական-Երևան» ջրամատակարարման համակարգը, ուսումնասիրվելու և ներգրավվելու են նոր ջրաղբյուրներ:

3) Կապիտալ հիմնանորոգվելու են խմելու ջրամատակարարման առավել վթարային համակարգերը և բաշխիչ ցանցերը, կառուցվելու և վերակառուցվելու են ջրամատակարարման այլ համակարգեր, ինչի արդյունքում 2025 թվականի նկատմամբ ջրակորուստները կրճատվելու են առնվազն 50 մլն խմ-ով:

4) Ներդրվելու են տարբերակված սակագներ, այդ թվում` նպաստելով տեխնիկական նպատակներով խմելու ջրի օգտագործման սահմանափակմանը և տնտեսական և այլ գործունեության համար խմելու ջրին այլընտրանքային լուծումների կիրառությանը:

5) Արդիականացվելու են Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների և հարակից բնակավայրերի կեղտաջրերի հավաքման, հեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիկական մաքրման կայանները, ավելացվելու են կենսաբանական մաքրման համակարգերը: Մշակվելու են հանրապետության բոլոր բնակավայրերում կեղտաջրերի կառավարման մոդելները` շրջակա միջավայր վերադարձվող ջրերի մաքրման աստիճանը սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:

6) Արդիականացվելու են ոռոգման համակարգերը, այդ թվում` «Մխչյան» և «Ռանչպար» պոմպակայանները և դրանցով սպասարկող ոռոգման ենթակառուցվածքը: Ոռոգման հնարավորություն է ստեղծվելու 10 հազար հեկտար նոր հողատարածքների համար:

7) Սահմանափակվելու է Սևանից ոռոգման նպատակով ջրի օգտագործումը` յուրաքանչյուր տարի 5 մլն խմ-ով:

8) Բարելավվելու է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման ինստիտուցիոնալ միջավայրը, այդ թվում` ապահովելով համակարգի ամբողջական թվայնացում, կարգավորող օրենսդրության և ջրային ռեսուրսների կառավարման մոտարկում միջազգային լավագույն ստանդարտներին:

 

ԳԼՈՒԽ 5. Քաղաքաշինություն և տարածական պլանավորում

 

Քաղաքաշինության և տարածական պլանավորման ոլորտում Կառավարության նպատակն է լինելու անվտանգ, մարդակենտրոն, ներառական և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու բնակավայրերի ձևավորումը` ապահովելով հավասարակշռված տարածքային զարգացում, որակյալ հանրային տարածքներ և դիմակայուն ենթակառուցվածքներ: Քաղաքաշինական քաղաքականությունը պետք է նպաստի նաև պատմամշակութային ժառանգության պահպանմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը և քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարձրացմանը:

Այս նպատակների իրագործման համար`

1) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի շրջանակում զարգացվելու է Ազգային գեոպորտալը` ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիությունը միասնական, արդիական և հավաստի տարածական տվյալներին: Գեոպորտալում բազային և թեմատիկ շերտերի հիման վրա ներդրվելու են բաց հասանելի վերլուծական գործիքներ` տարածքների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և ռիսկերի տվյալահենք պլանավորման, մշտադիտարկման և որոշումների կայացման համար:

2) Քաղաքաշինական նորմերը և չափորոշիչները ներդաշնակեցվելու են ԵՄ նորմերին, և սահմանվելու են շինարարության (ներառյալ ճանապարհաշինության) նոր չափորոշիչներ:

3) Գործարկվելու է շինարարության որակի տեխնիկական հսկողության թվային համակարգը, քաղաքաշինական թույլտվություններին վերաբերող բոլոր ծառայությունները ամբողջապես թվայնացվելու են, և ապահովվելու է ամբողջական տվյալների ինտեգրում գեոպորտալին` նախագծումից մինչև շինարարության ավարտ ու շահագործում:

4) Հաստատվելու է Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագիծը` այն ամբողջությամբ ինտեգրելով գեոպորտալին:

5) Բարեփոխվելու է անշարժ գույքի գրանցման համակարգը, որի արդյունքում հողամասերի և շենք-շինությունների պետական գրանցումն իրականացվելու է մեկ անգամ` դրանց նկատմամբ առաջին անգամ պետական գրանցման ժամանակ. հետագայում գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ տվյալները հաշվառվելու և արտացոլվելու են միասնական ու ինտեգրված տվյալների շտեմարաններում` առանց նոր պետական գրանցման իրականացման:

6) Արդիականացվելու է Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական միջավայրը:

7) Ավարտին է հասցվելու «Հին Երևան» և 33-րդ թաղամասերի քաղաքաշինական միջավայրի ձևավորումը:

8) Իրականացվելու է Երևանի «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական ներդրումային ծրագիրը:

9) Մեկնարկելու է Նորագյուղի «Դաունթաուն Երևան» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը:

10) Իրականացվելու են Դալմայի քաղաքային անտառի, Հրազդանի կիրճի և Նորք-Մարաշի կանաչ գոտիների ստեղծման ծրագրերը:

11) Հաստատվելու է Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագիծը, որի իրականացումը նպաստելու է տարածքի կանոնակարգված զարգացմանը և ներդրումների խթանմանը:

12) Մեկնարկելու է բնակարանային ֆոնդի փուլային ռենովացիայի (ներառյալ բնակֆոնդի թարմացումը և էներգաարդյունավետության բարձրացումը) և շենքերի տանիքները կանաչ (շնչող) տանիքների վերափոխման ծրագիրը. որոշվելու են դրանց իրագործման և մասնավոր ներդրողների ներգրավման մոդելները:

 

ԳԼՈՒԽ 6. Թափոնների կառավարում

 

Կառավարությունը հանձնառու է երկրում ներդնելու կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունավետ համակարգ, որը կընդգրկի ամբողջական շղթան` աղբահանությունից մինչև վերամշակում:

Այս նպատակով`

1) Ներդրվելու է հանրապետության ողջ տարածքում աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինտեգրված համակարգ` ԵՄ չափանիշներին համապատասխան գոյացող թափոնների պատշաճ հավաքմամբ ու հեռացմամբ:

2) Մեծացվելու է վերամշակվող թափոնների մասնաբաժնի հարաբերակցությունը գոյացող թափոնների նկատմամբ. ի թիվս այլ միջոցառումների` իրականացվելու են վարքաբանական փոփոխություն խթանող արշավներ և տեսակավորված հավաքման ծրագրեր:

3) Կառուցվելու է առնվազն մեկ նոր սանիտարական աղբավայր:

 

ԲԱԺԻՆ 5. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

Ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը պետության և հասարակության առաջընթացի համար անկյունաքարային է: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի իրավունքների և շահերի պաշտպանության, ձայնը լսելի դարձնելու և հանրային իշխանության մարմինների լեգիտիմությունը բարձրացնելու նախապայման է: Միաժամանակ, ժողովրդավարությունը և դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետության համար ունեն քաղաքակրթական, անվտանգային ու տնտեսական նշանակություն: Հետևապես, այս ուղղությամբ Կառավարության հանձնառությունն է ձևավորել անկախ, անաչառ, հաշվետու, մարդու իրավունքների հարգման և պաշտպանության վրա հիմնված և հանրային վստահություն վայելող արդարադատության համակարգ, որը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է արդար, մատչելի, կանխատեսելի և ժամանակին իրականացվող արդարադատություն և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն:

Բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ առանցքային սկզբունքներով`

. իրավունքի գերակայություն` ապահովելով յուրաքանչյուրի հավասարությունը օրենքի առջև,

. բարեվարքություն, որի ամրապնդումը հանրային ծառայողների շրջանում կբացառի կոռուպցիոն ցանկացած դրսևորում,

. անկախություն և անաչառություն, որը կապահովի դատաիրավական համակարգի գործունեությունը` առանց արտաքին ազդեցության,

. «թվայինն առաջնահերթ» սկզբունք` երաշխավորելով ծառայությունների ու գործընթացների մատուցումը` առանց անձանց ֆիզիկական ու վարչարարական միջամտությունների:

Հաշվի առնելով արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդման հրամայականը` առաջնահերթ բարեփոխումներն են լինելու`

. նոր Սահմանադրության ընդունումը,

. արդարադատության համակարգի ծառայությունների թվայնացումը,

. դատական համակարգի արդյունավետության բարձրացումը,

. հարկադիր կատարման արդյունավետության բարձրացումը,

. բռնագանձված ակտիվների արդյունավետ և թափանցիկ կառավարումը:

 

ԳԼՈՒԽ 1. Նոր Սահմանադրության ընդունում

 

Նոր Սահմանադրության ընդունումը նպատակ ունի հաստատելու իրավակարգի հանրային և քաղաքական լիարժեք լեգիտիմություն` այն դարձնելով ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունք, և ուղղված է պետության, հասարակության, քաղաքացիների միջև «պայմանագրի» ձևավորմանը, որտեղ իշխանությունը ենթակա է հանրային վերահսկողության, հաշվետվողականության և գործում է հանրային շահի գերակայությամբ, իսկ քաղաքացիները երկրում հաստատված իրավակարգը համարում են իրենց պայմանավորվածության արտահայտություն: Նոր Սահմանադրությունը պետք է դառնա ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև Հայաստանի ժողովրդի միասնական քաղաքական պայմանավորվածությունը` պետության ապագայի, ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ: Պետության գլխավոր նպատակը անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստանի պահպանումն ու փոխանցումն է ապագա սերունդներին:

Նոր Սահմանադրության նպատակն է ամրապնդել պետությունը և ժողովրդի իշխանությունը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունների տարանջատման, փոխզսպումների և հակակշիռների համակարգը, ինչպես նաև ապահովել պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության մեծացումը: Նոր Սահմանադրությունը պետք է նպաստի իրավական պետության կայացմանը, ժողովրդավարության և հանրային վստահության խորացմանը և պետության երկարաժամկետ կայուն զարգացմանը: Արդարադատությունը, դատական համակարգը պետք է ավելի մոտ դառնան հանրային իշխանությունը կրողին` ժողովրդին, հատկապես դատական իշխանության անկախության մեծացման և դրա նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու միջոցով:

Նոր Սահմանադրության նախագիծը վերջնականացվելու և ներկայացվելու է հանրային և մասնագիտական քննարկման, և քայլեր են ձեռնարկվելու այն հանրաքվեի դնելու համար:

 

ԳԼՈՒԽ 2. Ընտրական համակարգի բարեփոխումներ

 

Ընտրական համակարգի բարեփոխումները նպաստելու են ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորված պաշտպանությանը` ապահովելով ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի անխաթարությունը:

Այս ուղղությամբ`

1) Հստակեցվելու են կուսակցությունների` ընտրություններին մասնակցության պայմանները` ընտրություններից անմիջապես առաջ վերակազմակերպված կամ անվանափոխված կուսակցությունների համար:

2) Սահմանվելու են կուսակցությունների կազմում անկուսակցական անձանց ընտրական իրավունքի երաշխավորման առավել լավ մեխանիզմներ:

3) Ընդլայնվելու է կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

4) Նախատեսվելու են պատասխանատվության միջոցներ ընտրողի ազատ կամարտահայտումը խաթարող գործունեության կամ արգելված օտարերկրյա ֆինանսավորման դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 3. Քաղաքացիության ինստիտուտի վերարժևորում

 

Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայում` նպատակ ունենալով վերարժևորելու քաղաքացիությունը` որպես անձի և պետության միջև կայուն իրավական և արժեքահենք կապ, և վերականգնելու այս ինստիտուտի բովանդակային նշանակությունը: Մոտեցումը լինելու է փոխակերպումը` մեխանիկորեն տրամադրվող իրավական կարգավիճակից դեպի Հայաստանի Հանրապետության հետ իրական և գիտակցված պատկանելության, ինտեգրվածության և պետության նկատմամբ փոխադարձ իրավունքների ու պարտականությունների վրա հիմնված կապի մոդել:

Մասնավորապես` վերանայվելու է ազգությամբ հայ լինելու հանգամանքի հաստատման գործիքակազմը քաղաքացիության ձեռքբերման գործընթացում, քաղաքացիություն ստանալու հնարավորությունը ձևավորվելու է ռեզիդենտության ցենզի սահմանմամբ, այդ թվում` ազգությամբ հայերի համար` երաշխավորելով արժեքահենք ինստիտուտ` «Հայաստանի Հանրապետությունը` սուբյեկտի կենսական շահերի կենտրոն» սկզբունքով:

 

ԳԼՈՒԽ 4. Մարդու իրավունքների պաշտպանություն

 

Պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, հավասարությունը, խտրականության բացառումը և անձնական կյանքի ու անձնական տվյալների պաշտպանության պատշաճ երաշխավորումը: Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումները միտված են լինելու իրավական և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանը, միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը, հանրային իրազեկվածության և հանդուրժողականության բարձրացմանը:

Ի թիվս այլնի` Կառավարության քայլերի արդյունքում`

1) Ձևավորվելու է խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության արդյունավետ ազգային իրավական և ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` ընդունվելու է համապարփակ օրենսդրություն, և ստեղծվելու է իրավահավասարության հարցերով մարմին:

2) Իրականացվելու է բռնության մշակույթի, այդ թվում` ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի կառուցակարգերի և համակարգի ուժեղացում, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների միջոցով:

3) Ձևավորվելու է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան` անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ ազգային իրավական և ինստիտուցիոնալ համակարգ, ինչպես նաև անկախության պատշաճ երաշխիքներով օժտված` անձնական տվյալների պաշտպանության նոր ինքնավար մարմին, որը գործունեության հետագա փուլերում կօժտվի նաև տեղեկատվության ազատության իրավունքի երաշխավորման գործառույթով:

 

ԳԼՈՒԽ 5. Դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդում

 

Դատական համակարգի բարեփոխումների առանցքում է իրավունքի գերակայության ամրապնդումը, որպեսզի քաղաքացին, բիզնեսը և պետությունը հավասարապես վստահեն դատարանների որոշումների օրինականությանը, մասնագիտական որակին և անաչառությանը:

Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման համատեքստում`

1) Դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով կատարելագործվելու են դատավորների կրթության, ընտրության, նշանակման, գնահատման, առաջխաղացման և պատասխանատվության ընթացակարգերը:

2) Դատական ընթացակարգերն ամբողջությամբ թվայնացվելու են միասնական թվային համակարգի ներդրմամբ, որը կենտրոնացնելու է բոլոր դատավարությունների կառավարումը` փոխարինելով ներկայիս մասնատված համակարգերին:

3) Անձանց դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման նպատակով շարունակաբար ներդրվելու են դատարաններում գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության մեխանիզմներ, որոնք նպաստելու են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև ապահովելու են արդյունավետ դատական քննության իրականացումը:

4) Դատարանների բնականոն գործունեության, մատչելիության և արդարադատության իրականացման պատշաճ պայմանների ապահովման նպատակով մշակվելու են դատարանների շենքային և նյութատեխնիկական ապահովման միասնական ստանդարտներ, և փուլային եղանակով ապահովվելու է դրանց ներդրումը:

5) Բարելավվելու է փորձագիտական գործունեության ոլորտը` միասնական օրենսդրության մշակման, փորձագետների որակավորման և փորձաքննությունների իրականացման չափանիշների ներդրման, փորձագիտական հաստատությունների կարողությունների` միջազգային չափանիշներին համընթաց զարգացման միջոցով:

6) Ապահովվելու է դատաիրավական համակարգի մասնագիտական կարողությունների և Արդարադատության ակադեմիայի համապարփակ զարգացումը` հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման, կրթական ծրագրերի շարունակական արդիականացման միջոցով:

 

ԳԼՈՒԽ 6. Քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող համակարգի բարեփոխումներ

 

Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի ոչ թե պատժող, այլ վերականգնող և մարդակենտրոն: Դրա զարգացումը հիմնված է լինելու համաչափության, անհատականացման, վերականգնողական արդարադատության, քրեակատարողական համակարգի արդյունավետության բարձրացման, պրոբացիայի արդյունավետ կիրառման և կրկնահանցագործության կանխարգելման սկզբունքների վրա` նպաստելով անձի վերաինտեգրմանը հասարակություն և հանրային անվտանգության ապահովմանը:

Այս ուղղությամբ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ բարեփոխումների իրականացմանը`

1) Շարունակվելու են քրեակատարողական համակարգի բարեփոխումները` վերասոցիալականացման և անհատականացման սկզբունքի վրա հիմնված պատժի կատարման նոր մոդելի ներդրումը (դատապարտյալների անհատական կարիքներին համապատասխան կրթական, մասնագիտական, աշխատանքային ծրագրերի հասանելիության ապահովում) և անվտանգության համակարգերի զարգացումը: Ապահովվելու է քրեակատարողական համակարգի ամբողջական թվայնացումը և տվյալահենք կառավարումը e-penitentiary համակարգի միջոցով:

2) Ընդլայնվելու է պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կիրառումը` որպես հասցեական վերասոցիալականացման գործիք:

3) Ուժեղացվելու է քրեական ենթամշակույթի դեմ համակարգային և հետևողական պայքարը` դրա կանխարգելման, քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի համակարգում ազդեցության նվազեցման, ինչպես նաև կրթական, իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների համակցված ու արդյունավետ կիրառման միջոցով: Իրականացվելու են օրինապահ վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ` ապահովելով դրանցում շահառուների ընդգրկվածության ընդլայնում և քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորում:

4) Քրեակատարողական համակարգի արդյունավետության, անվտանգության և պահման պատշաճ պայմանների ապահովման նպատակով նախատեսվելու է ժամանակակից, միջազգային պահանջներին համապատասխան, շենքային և անվտանգային համակարգերով համալրված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում:

5) Վերանայվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթները` դիտարկելով նաև մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև արդիականացվելու է այդ վարույթների իրականացման մեթոդաբանությունը, ինչն էլ թույլ կտա հարկադիր կատարողներին կենտրոնանալ առավել բարդ ու առանցքային գործընթացների վրա:

6) Իրականացվելու է պրոբացիայի համակարգի համապարփակ բարեփոխում` ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, շահառուների կրթության և զբաղվածության խթանման և էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների շարունակական արդիականացման միջոցով: Բարեփոխումներն ուղեկցվելու են ընթացակարգերի ամբողջական թվայնացմամբ, արհեստական բանականության վրա հիմնված ռիսկերի և կարիքների գնահատման համակարգի և տվյալահենք կառավարման ներդրմամբ:

 

ԳԼՈՒԽ 7. Վեճերի լուծման արտադատական եղանակների ընդլայնում

 

Կարևոր է նաև Հայաստանում զարգացնել վեճերն առանց դատարաններ դիմելու, առավել ճկուն մեխանիզմների միջոցով լուծելու մշակույթը: Նման բարեփոխումները ոչ միայն կապահովեն դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, այլև կողմերին հնարավորություն կտան վեճերը լուծելու առավել արագ, ճկուն և նվազ ծախսատար գործընթացների միջոցով:

Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Զարգացվելու է արբիտրաժի և հաշտարարության համակարգը, այդ թվում` դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և կիրառության ընդլայնման միջոցով: Շարունակվելու է նաև աջակցությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը` ապահովելով դրա ֆինանսական կայունությունը և ձևավորումը` որպես վեճերի այլընտրանքային լուծման վստահելի հարթակի: Հաշտարարության խրախուսման նպատակով ընդլայնվելու է պարտադիր հաշտարարության շրջանակը` ներառելով նաև աշխատանքային և, ըստ անհրաժեշտության, այլ իրավահարաբերություններից բխող վեճերը: Միևնույն ժամանակ, բարեփոխումների պատշաճ իրականացումը երաշխավորելու նպատակով կանոնակարգվելու է արբիտրաժային ու հաշտարարական հաստատությունների գործունեությունը, ինչը նպաստելու է այս ոլորտներում պատշաճ գործունեության ստանդարտների ներդրմանը և կիրառմանը:

2) Զարգացվելու են վարչարարության արտադատական կարգով բողոքարկման միջոցները, ի թիվս այլնի` բողոքարկման մարմինների ստեղծման միջոցով, ինչը կնպաստի, որ վարչական մարմինների հետ վեճերը լուծվեն հնարավորինս առանց դատական միջամտության` դրանով նպաստելով նաև վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը: Այս կապակցությամբ, բացի բուն արտադատական մեխանիզմների նախատեսումից, հատուկ ուշադրություն է դարձվելու նաև վարչական իրավախախտումների ոլորտի օրենսդրության շարունակական բարեփոխմանը:

 

ԳԼՈՒԽ 8. Արդարադատության և դատական համակարգի թվայնացում

 

Արդարադատության ծառայությունների թվայնացումը միտված է ապահովելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը` ներդնելով կոռուպցիայի կանխարգելմանը միտված, ժամանակի պահանջներին համահունչ և միջազգային ստանդարտներին համապատասխանող թվային գործիքակազմ:

Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Ամբողջապես թվայնացվելու են արդարադատության` քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, այդ թվում` հանրային ծառայությունների օպտիմալացման և պետական մակարդակի առանցքային շտեմարանների ստեղծման միջոցով: Իրականացվելու են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և նոտարական համակարգի ամբողջական թվայնացման և արդիականացման նախագծեր: Ծառայությունների արդյունավետության բարձրացման, սպասարկման ժամկետների կրճատման և տվյալների անվտանգ շրջանառության նպատակով համակարգում ներդրվելու է նաև ԱԲ գործիքակազմ:

2) Բարելավվելու են, այդ թվում` թվայնացվելու են արխիվային գործին առնչվող գործընթացները, ինչը նախատեսում է «Ազգային հիշողության կենտրոն» բարեփոխման իրականացում, դրա լիարժեք թվային արդիականացում` ԱԲ ինտեգրմամբ, ինչպես նաև միջազգային առաջատար ստանդարտների ներդրում: Այս համապարփակ տրանսֆորմացիան թույլ է տալու մեր պատմական բովանդակությունը պարզապես պահպանվող նյութից վերածել բարձրարժեք թվային ակտիվի, որը հասանելի կլինի միջազգային գիտական համայնքին ու ստեղծարար տնտեսությանը:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
25.08.2026
N ԱԺՈ-3-Ն
Որոշում