ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2026 թվականի N 1351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների իրականացում և հրահանգների կազմում.
2) ագրոքիմիկատների քիմիական հետազոտությունների իրականացում և որակի գնահատում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իր լաբորատորիայի միջոցով` ներկրվող և տեղում արտադրվող ագրոքիմիկատների որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննությունների իրականացում և տվյալների հիման վրա փորձաքննության արձանագրությունների կազմում և տրամադրում.
4) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքների իրականացում.
5) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (ԱՆԻ ՊԱՍ) մուտքագրման, հաշվառման և վերլուծության աշխատանքների իրականացում:».
2) որոշման հավելվածի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Կազմակերպության գործունեության առարկան է`
1) կայուն անասնահամաճարակային վիճակն ապահովելը, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանը զերծ պահելը.
2) վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելը.
3) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի մոնիթորինգը, թերակատարումների հայտնաբերումն ու բացառումը:
12. Կազմակերպության նպատակներն են`
1) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխումը և կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը.
2) գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը և բուսասանիտարական կայուն վիճակի ապահովումը.
3) հանրապետությունում անասնաբուժասանիտարական պահանջներին համապատասխան բարձրորակ կենդանական ծագման մթերքների ստացման ապահովումը.
4) բուսասանիտարական ուսումնասիրությունների միջոցով հանրապետությունում բույսերի վտանգավոր վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալների և տնտեսական վնասակարության շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումը, իրազեկման աշխատանքների իրականացումը և պայքարի աշխատանքների իրականացման ընթացքում մասնագիտական աջակցության ցուցաբերումը.
5) փորձարկման սահմանված ոլորտին համապատասխան (հավատարմագրված) ագրոքիմիկատների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և որակական ցուցանիշների գնահատումը:».
3) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«13. Կազմակերպությունը`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում ապահովում է կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, օրենքով սահմանված կարգով, կնքում է անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր` անասնահակահամաճարակային միջոցառումների և գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման աշխատանքների իրականացման նպատակով.
3) անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքած` անասնահակահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը (համայնքները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.
4) ապահովում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վարակիչ օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները.
5) կազմակերպում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման աշխատանքները.
6) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ.
7) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր.
8) իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին հարող անմշակ տարածքներում (անկախ սեփականության ձևից) բուսասանիտարական ուսումնասիրություն` բույսերի առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածման արեալների ճշտման նպատակով.
9) իրականացնում է բույսերի առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների (ընդհանուր ծավալի 70-80 տոկոսը` մկնանման կրծողներ և մորեխներ), ինչպես նաև բազմամյա տնկարկների, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի հիմնական հիվանդությունների և վնասատուների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և տնտեսական վնասակարության շեմերի ճշտում, պայքարի ժամկետների մասին իրազեկում, տարածման կանխարգելման աշխատանքներ.
10) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցների տրամադրման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին` բնակավայրերում պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով.
11) հետազոտում և գնահատում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված` իր լաբորատորիայի փորձաքննության տվյալների հիման վրա վերահսկող մարմիններին և գործարարներին տալիս է եզրակացություն` ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների վերաբերյալ.
13) իրականացնում է «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մոնիթորինգ` թերակատարումների հայտնաբերման կամ բացառման, գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերման կամ բացառման, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների նույնականացման տվյալների անհամապատասխանության հայտնաբերման, նույնականացման համարների կրկնման բացառման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտման ուղղությամբ.
14) իրականացնում է մոնիթորինգ` մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների պատշաճ մատուցման փաստը պարզելու նպատակով.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:».
4) որոշման հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«14. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող և այլ հողօգտագործողների հողատեսքերի ագրոքիմիական հետազոտությունների իրականացումը և հրահանգների կազմումը.
2) ագրոքիմիկատների քիմիական հետազոտությունների իրականացումը և որակի գնահատումը.
3) իրականացված փորձաքննությունների հիման վրա ագրոքիմիական քարտեզների կազմումը և գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի տրամադրումը համայնքներին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իր լաբորատորիայի միջոցով` ներկրվող և տեղում արտադրվող ագրոքիմիկատների որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննության իրականացումը և տվյալների հիման վրա փորձաքննության արձանագրության կազմումն ու տրամադրումը.
5) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքների իրականացումը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (ԱՆԻ ՊԱՍ) մուտքագրման, հաշվառման և վերլուծության աշխատանքների իրականացումը:».
5) որոշման հավելվածի 29.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2026 թվական: