Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 1995 թ. թիվ 271

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հուլիսի 4-ի «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 19-ի թիվ 271 որոշմամբ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները, այսուհետև` արտադրանք) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը:

2. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների (այսուհետև` ձեռնարկություն) սեփական արտադրանք է ճանաչվում տվյալ ձեռնարկությունում ամբողջովին արտադրված արտադրանքը:

3. Ձեռնարկության սեփական արտադրանք են ճանաչվում նաև տվյալ ձեռնարկությունում իրականացված արտադրական գործողությունների արդյունքում ստացված արտադրության թափոնները և երկրորդային հումքը:

4. Եթե արտադրանքի արտադրմանը մասնակցել է երկու կամ ավելի ձեռնարկություն, ապա արտադրանքը սեփական է ճանաչվում, ելնելով բավարար վերամշակման հետևյալ չափանիշներից`

ա) ապրանքային անվանակարգում ապրանքի դիրքի (ապրանքի նկարագրման ծածկագրի) փոփոխությունը` ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով, որը կատարվել է արտադրանքի վերամշակման հետևանքով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանի բացակայության դեպքում գործում է աղվալորային կանոնը` արտադրանքի արժեքի փոփոխությունը, երբ դրա վերամշակման ժամանակ օգտագործված նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում կամ գերազանցում է թողարկված արտադրանքի գնի 30 տոկոսը:

5. Բավարար վերամշակման չափանիշներին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`

ա) ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանման ապահովման գործառնությունները.

բ) ապրանքների վաճառքի և տեղափոխման նախապատրաստական գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմակերպումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն).

գ) պարզ հավաքման գործողությունները.

դ) ապրանքների բաղադրամասերի խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը չի գերազանցում սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված արտադրանքի գնի 30 տոկոսը.

ե) ապրանքների պիտակավորումը կամ ապրանքի անվանափոխումը (առանց դրա լրացուցիչ վերամշակման), եթե չկա նախնական պայմանավորվածություն արտադրող ձեռնարկության հետ:

6. Սեփական արտադրության արտադրանքի ճանաչումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով, սույն կարգի դրույթներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.1995
N 271
Որոշում