Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

020.0314.290801

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԱՆԽԱՎՃԱՐ ՈՌՈԳՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» 2001Թ. ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 օգոստոսի 2001 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կանխավճար ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման համար» 2001թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2001թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում` Հայաստանի Հանրապետության ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը, որպես ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման կանխավճար, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար ԱՄՆ-ի դոլարը չգերազանցող գումար:

2. Համաձայնագիրը նախատեսում է ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստական այն աշխատանքները, որոնց նպատակաուղղվելու են կանխավճարի միջոցները: Համաձայնագրով սահմանված են կանխավճարի բաշխման ուղղությունները, այն է` խորհրդատվական ծառայություններ, ապրանքների գնում, ոռոգման համակարգի գործունեության և պահպանման համար նոր ստեղծված կազմակերպությունների լրացուցիչ գործառնական ծախսեր:

3. Համաձայնագրով սահմանված է նախատեսվող աշխատանքների կազմակերպման և ապրանքների գնման կարգը, որի համար համապատասխանաբար հիմք են հանդիսանում «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և աշխատանքի ընդունման ուղեցույցը» և «Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի փոխառությունների և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի հիման վրա կատարվող գնումների ուղեցույցը»:

4. Համաձայնագիրը կանխավճարն ստացողին արտոնում է կանխավճարով ֆինանսավորվող գործողությունների իրականացմանը նպաստելու նպատակով բացել հատուկ հաշիվ, որի միջոցով իրականացվող դրամական գործառնությունները կատարվում են համաձայնագրով նախատեսված պայմաններով:

5. Համաձայնագրով սահմանված են կանխավճարից մասհանումներ կատարելու կարգը, մասհանումներն արգելող պայմանները, ինչպես նաև մասհանումների կասեցման և դադարեցման հիմքերը: Ըստ համաձայնագրի` կանխավճարի մասհանված գումարներից գանձվում է ծառայության վճար` տարեկան 1%-ի Է -ի չափով:

6. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Միջազգային զարգացման ընկերակցության պահանջով կանխավճարի օգտագործման վերաբերյալ պարբերաբար տրամադրել ամբողջական տեղեկություններ, Համաշխարհային բանկի համար ընդունելի ձևով կազմել ֆինանսական հաշվետվություններ, Համաշխարհային բանկին ներկայացնել յուրաքանչյուր տարվա համար հատուկ հաշվի` անկախ հաշվեքննիչների (աուդիտորների) կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները: Կանխավճարի միջոցներով կատարված ծախսումների կապակցությամբ կանխավճարն ստացողը պարտավորվում է առնվազն մեկ տարի պահել ծախսերը վկայող բոլոր փաստաթղթերն ու գրանցումները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու այդ փաստաթղթերն ու գրանցումները:

7. Կանխավճարից միջոցների հանումը դադարեցվում է 2002թ. փետրվարի 28-ին, որից հետո կանխավճարի մնացորդները չեղյալ են հայտարարվում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կանխավճար ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման համար» 2001թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 օգոստոսի 2001 թվականի

ՍԴՈ-314

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.08.2001
N ՍԴՈ-314
Որոշում