ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ պարագրաֆով.
«§ 7. ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 570.2. Ռեպո պայմանագիրը
1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը` վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին` գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:
2. Սույն գլխի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միևնույն թողարկողի կողմից, միևնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները և նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Սույն գլխի 1-ին պարագրաֆով սահմանված կանոնները տարածվում են ռեպո պայմանագրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով, և եթե դա չի հակասում սույն պարագրաֆի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:
4. Ռեպո պայմանագիրը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:
5. Ռեպո պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ռեպո պայմանագրի անվավերության:
Հոդված 570.3. Ռեպո պայմանագրի պայմանները
1. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել, որ գնորդը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում արժեթղթերի դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես պարտատոմսերի դիմաց վճարվող տոկոսներին, մարումներին և նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար փոխանցել վաճառողին:
2. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել ռեպո պայմանագրով վաճառված արժեթղթերի շուկայական գնի տատանման հետևանքով հավելյալ ռիսկ ստանձնած կողմի իրավունքն իր ռիսկը ծածկելու նպատակով պահանջելու մյուս կողմից իրեն որպես սեփականություն հանձնել արժեթղթեր կամ դրամական միջոցներ` միաժամանակ ստանձնելով դրանք կամ դրանց համարժեքը վերադարձնելու պարտականություն (մարժային փոխանցումներ): Լրացուցիչ արժեթղթերը կամ դրամական միջոցներն ստանալու և (կամ) դրանց համարժեքը վերադարձնելու կարգը, ժամկետները և դրանց հետ կապված այլ հարցեր կարգավորվում են պայմանագրով: Կողմերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները կարող են կիրառել մարժային փոխանցումների ժամանակ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները չեն համարվում նվիրատվություն:
4. Որպես մարժային փոխանցում տրամադրվող դրամական միջոցների վրա կարող են հաշվեգրվել տոկոսներ:
5. Այն դեպքերում, երբ ռեպո պայմանագրով վաճառված կամ որպես մարժային փոխանցում տրամադրված արժեթուղթը մարվում է նախքան պայմանագրով սահմանված դրա համարժեքը վերադարձնելը, ապա հետ վաճառքի ժամանակ համարժեք արժեթղթի փոխարեն վերադարձվում են մարման գումարները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 20 Երևան ՀՕ-134-Ն
|
|