Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մայիսի 11-ին

 

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ներման մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե նա ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու` օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացվելու դեպքում նախարարությունը մինչև անձնական գործը Վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան Վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար:».

3) 3-րդ մասը «ներման միջնորդությունները (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը (առկայության դեպքում)» բառերով.

4) 4-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «ոչ ուշ, քան 10-օրյա» բառերով.

5) 5-րդ մասից հանել «կամ ներման շնորհումը մերժելու» բառերը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի` օրենքով սահմանված մասի կեսը:».

2) 3-րդ մասի «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը և դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը, հրամանագիրը և քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված` դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «տեղեկացնում են» բառերից հետո լրացնել «նախարարությանը, Վարչապետի և» բառերով, իսկ նույն մասի «կայացրած» բառից հետո հանել «` հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին» բառերը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. մայիսի 20
Երևան
ՀՕ-266-Ն

 

pin
ՀՀ 11.05.2020
N ՀՕ-266-Ն օրենք