Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

09.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.1-ին և 108.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 108.1. Աշխատողի լիազորությունների կասեցման իրավական հետևանքները

 

1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է նաև ամսական հատուցում` հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը` մնացած վճարումը կատարելով քրեական գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում նա չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:

3. Լիազորությունների կասեցումը արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու` օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները

 

1. Աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

2. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է: Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում հանրային ծառայության մեջ գտնվող անձի աշխատավարձը չի պահպանվում:

3. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողը չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:

4. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելն արգելք չէ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու` օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառվում են, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ կետը «մասամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող` հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորությունների կասեցման դեպքերի վրա: Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին աշխատավարձ չվճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-124-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 25.03.2021
N ՀՕ-124-Ն օրենք