Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48) ծառայության մատուցում` մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով` ծառայության մատուցում է համարվում նաև`

ա. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառայության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,

բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ` էլեկտրոնային ծառայություն)` տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում` համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում.»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի և Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձևավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերի առաջին պարբերության «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին և 2.1-ին մասերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է`

1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում` այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև ստանում ծառայություններ.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում,

բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում,

գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի օգտագործած ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին),

դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործում է ֆիզիկական անձը ծառայություններ ստանալու համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:

Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր են համարվում Հայաստանի Հանրապետությունը և այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:».

4) 4-րդ մասի 1-ին կետի «ծառայությունների» բառը փոխարինել «ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների,» բառերով, իսկ 2-րդ կետի «ծառայությունը համարվում է» բառերը` «ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանադակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը` վճարմանը և (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:»:

i

Հոդված 5. Օրենսգրքի 69-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ամիսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «իրականացնելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով, իսկ նույն մասի «թղթային եղանակով հարկային մարմնի` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:»:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 78-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված` էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 9-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. նոյեմբերի 25
Երևան
ՀՕ-359-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 17.11.2021
N ՀՕ-359-Ն օրենք