Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

31.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի  7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը`

1) «հասարակական շահ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

 «ջրային ռեսուրսների կառավարում` ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի ձևավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական բարեկեցության ու կայունության ապահովման գործընթաց.

ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում` կառավարման համակարգ, որը հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների և դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման և փոխկապվածության վրա.».

2) «ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ջրօգտագործող` ջրօգտագործում իրականացնող անձ.

ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ` կենտրոնական   գանձապետարանում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների փոխանցած ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը.».

3) «ազատ ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

 «ջրամատակարարում` ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին տրամադրված`  ջրօգտագործման ոլորտին անհրաժեշտ քանակի և համապատասխան որակի ջրի մատակարարում.

 ջրահեռացում` գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց մաքրումը և արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների այնպիսի կազմակերպում, որը կապահովի հավասար հասանելիություն ջրօգտագործողներին, այդ թվում` այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերում ներառված անձանց համար.

ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբեր` այն խմբերը, որոնք ընդգրկում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման իրենց իրավունքներն իրացնելիս դժվարություններ կրող ֆիզիկական անձանց.». 

4) «ջրերի ստանդարտներ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

 «ջրի որակի նորմ` մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ և դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցություն.

 մակերևութային ջրային ռեսուրսի ինքնամաքրում` մակերևութային ջրային մարմիններում բնական (ֆիզիկական, քիմիական և կենսաբանական)     փոխկապակցված գործընթացներով պայմանավորված մակերևութային ջրային մարմնի ջրի որակի բարելավում.».

5) «էկոլոգիական թողք» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«հեղեղում` ցամաքի ժամանակավորապես ջրածածկում, որն արդյունք է հորդառատ անձրևներից կամ ձնհալքներից ջրառաջացման բնական գործընթացի, ինչպես նաև պատվարների և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարման.

հեղեղումների առաջացման ռիսկ`  հեղեղումների առաջացման հավանականության և հեղեղումների հետևանքով մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գործունեության պայմանների  և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների հնարավոր խախտման ու բացասական ազդեցության համադրությունը.».

6) «ջրային հաշվեկշիռ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«մակերևութային ջրային մարմին` մակերևութային ջրային ռեսուրսի միավոր` իրեն բնորոշ ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներով.

ստորերկրյա ջրային մարմին` ստորերկրյա ջրերի կուտակումն այնպիսի հիդրոերկրաբանական կառուցվածքներում, որոնք ունեն ստորերկրյա ջրերի շարժման, սնման, կուտակման, բեռնաթափման ռեժիմին բնորոշ ձևեր` համապատասխան որակական և քանակական հատկություններով.

ռիսկային ջրային մարմին` մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմին, որի համար առկա է ջրավազանային կառավարման պլանի իրականացման տվյալ ցիկլում ջրային մարմնի գերազանց կամ լավ կարգավիճակի չհասնելու կամ այդ կարգավիճակը չպահպանելու հավանականություն.

խիստ փոփոխված ջրային մարմին` մակերևութային ջրային մարմին, որի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներն էականորեն փոփոխվել են մարդու գործունեության հետևանքով (անտրոպոգեն ազդեցության հետևանքով): Դրանք կարող են կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ.

մակերևութային ջրային մարմնի գերազանց կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների բնական կամ անտրոպոգեն ազդեցության հետևանքով  փոփոխության  չենթարկված կամ աննշան ազդեցության ենթարկված կարգավիճակ.

մակերևութային ջրային մարմնի լավ կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի բացասական փոփոխություն չի նկատվում` չնայած բնական կամ անտրոպոգեն ազդեցությանը.

մակերևութային ջրային մարմնի միջակ կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի փոփոխություն, որը կարող է ինքնուրույն, առանց անտրոպոգեն ազդեցության բարելավվել և չի ազդում կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.

մակերևութային ջրային մարմնի անբավարար կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է նշված տարրերի զգալի փոփոխություն, որը չի կարող ինքնուրույն բարելավվել, և առկա է ազդեցություն կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.

մակերևութային ջրային մարմնի վատ կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի այնպիսի վիճակ, երբ առկա է խիստ փոփոխված (մոդիֆիկացված) էկոհամակարգ, որտեղ կարող են տեղի ունենալ մուտագեն գործընթացներ, նկատվում է ջրային մարմնի ինքնամաքրման կարողությունների,   կենսաբազմազանության անկում, և որտեղ էկոհամակարգը բարելավելու համար պարտադիր է անտրոպոգեն (մարդածին) ներգործություն.

ստորերկրյա ջրային մարմնի լավ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական և քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ երկարատև ջրառի ընթացքում չեն նկատվում առավելագույն ջրառին համապատասխան ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ և մարդածին, տեխնածին գործոններով պայմանավորված փոփոխություններ.

ստորերկրյա ջրային մարմնի վատ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական կամ քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ ստորերկրյա օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալը գերազանցող երկարաժամկետ ջրառի հետևանքով նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ կամ ստորերկրյա ջրեր վտանգավոր նյութերի և աղտոտիչների ներթափանցմամբ պայմանավորված` ստորերկրյա ջրերի որակի փոփոխություններ.

կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն` ջրային ռեսուրսների` կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմակայելու աստիճանը.

կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականություն` ջրային ռեսուրսների` կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողությունը.».

7) «կեղտաջրի նստվածք» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կեղտաջրի տիղմ` կեղտաջրի կենսաբանական, ֆիզիկաքիմիական մաքրումից հետո առաջացած նստվածք.

կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարում`  կեղտաջրի նստվածքի և տիղմի մշակման, կուտակման, տեղափոխման, օգտագործման, օգտահանման և հեռացման գործընթաց:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը «ֆինանսական ճեղքվածքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով առաջացած  ֆինանսական ճեղքվածքի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 6-րդ հոդվածը «արդյունավետ» բառից հետո լրացնել «և համապարփակ»  բառերով:

 

i

Հոդված 4.  Օրենսգրքի 7-րդ հոդվածում`

1)  1-ին մասի 1-ին կետը «ռեսուրսների» բառից հետո լրացնել «համապարփակ»  բառով, իսկ 4-րդ կետը «ապահովումը» բառից հետո`                  

«` օգտագործելով արդի նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական սարքավորումներ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով. 

«9) ստորերկրյա ջրային մարմինների համար լավ կարգավիճակի, մակերևութային ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար` պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  2-րդ կետը «ռեսուրսների» բառից հետո լրացնել «համապարփակ»  բառով.

 2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-25-րդ կետերով.

«23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ` Ամփոփագիր) կազմելը և սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ` Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է:

Ամփոփագրի ձևը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը.

 24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք.

25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ և  կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ.»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

 «16) ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող ներկա ու ապագա պահանջարկի բավարարմանը և ջրամատակարարման ու ջրահեռացման հավասար հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումները:»:

 

i

 Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.  

 

«Հոդված 16.1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը

 

1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների և դրանց հետևանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված  միջոցառումներ, ինչպես նաև ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում և ջրավազանային կառավարման պլաններում:

2. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա ազդող գործոնների բնույթը և դրանց փոփոխականությունը` ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա պարբերականությամբ:»:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պլաններ» բառից հետո լրացնել «` վեց տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «` հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականությունը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«Ջրավազանային կառավարման պլաններով սահմանվում են ռիսկային և խիստ փոփոխված ջրային մարմինները:

Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը:»:

 

i

Հոդված 10. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը

 

1. Ազատ ջրօգտագործում է համարվում` 

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

2)  ջրի օգտագործումն սպորտային և ռեկրեացիոն նպատակներով (ջրային մարզաձևերով, այդ թվում` առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով զբաղվելու կամ հանգստի կամ լողալու կամ կարթով 

3)  ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

2. Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը` կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաև ապահովի ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները:»:

 

i

Հոդված 11. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «ջրերի ստանդարտներին» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրի որակի նորմերին» բառերով:

 

i

Հոդված 12. Օրենսգրքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «ջրերի ստանդարտներին» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրի որակի նորմերին» բառերով.

2) 3-րդ մասը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար` անհրաժեշտության դեպքում նաև գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից  տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը» բառերով և նախադասությունով:

 

i

Հոդված 13. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչև ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով նախատեսված սարքերն ու սարքավորումները:».

2) 5-րդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «պետական ջրային կադաստրում» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «ջրերի ստանդարտները» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրի որակի նորմերը» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «պահպանվող» բառից հետո լրացնել «տարածքներում և այդ» բառերով.

3)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 

 

i

Հոդված 15.  Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում`

1)  1-ին մասի 1-ին կետը «ապահովումը» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցառումները բավարար չեն սակավաջրության կամ երաշտի հետևանքները մեղմելու համար» բառերով, իսկ 2-րդ կետը «ջրի որակական» բառերից հետո` «և քանակական» բառերով.

2)  2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտման դեպքում կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում,  նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է 15 աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պայմաններին կամ պահանջներին համապատասխանեցնելու կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու պահանջի վերաբերյալ:»:

 

i

Հոդված 16. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ջրերի ստանդարտները» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրի որակի նորմերը» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության մեծացման վրա կլիմայի ներկա և կանխատեսվող փոփոխությունների հետևանքով:»:

 

i

Հոդված 17. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվությունը

 

1.  Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն ներառում է տիտղոսաթերթ,  պահանջներ և պայմաններ:

2. Տիտղոսաթերթը պետք է ներառի` 

1) ջրօգտագործման թույլտվության համարը.

2) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության կամ հաշվառման հասցեն).

3) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.

4) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.

5) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը:

3. Ջրօգտագործման թույլտվության պահանջները`

1)  ջրառի և ջրօգտագործման վայրերը.

2) ջրօգտագործման նպատակները.

3) օգտագործվող ջրի քանակը.

4)  էկոլոգիական թողքը.

5) ջրօգտագործման ժամանակահատվածը.

6)  ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.

7) ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.

8)  համապատասխան պահանջներ` ջրօգտագործման հաշվառման, էկոլոգիական թողքի հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար.

9)  համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.

10) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաև կոնսերվացման աշխատանքների կատարման պայմաններ, այդ թվում` ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու պարտականություն.

11)  ջրօգտագործման թույլտվությանն առնչվող` սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը:

4. Ջրօգտագործման թույլտվության պայմանները`

1)  առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու, սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու, արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ և առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կցում է սույն օրենսգրքին չհակասող պայմաններ.

2) այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի  մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման.

3)  ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձևափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձևափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:

5. Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:

 6. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:»:

 

i

Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

1)   4-րդ մասը «նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները» բառերից հետո լրացնել «ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում» բառերով.

2)  5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասի «ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել  40 տարին» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետով» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ դիմում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով և պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները և պահանջները չեն խախտվել կամ փոփոխվել, և առկա է օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, կամ դրա ժամկետի երկարաձգումը չի հակասում սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը բավարարում կամ մերժում է դիմումի մուտքագրման օրվանից երեք ամսվա ընթացքում:

Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա չէ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն, որի ժամկետը երկարաձգվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության և սույն հոդվածի պահանջներին չհակասելու դեպքում:

Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա են սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին տրամադրվում է վերանայված ջրօգտագործման թույլտվություն:»:

 

i

Հոդված 19. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.

 

« Հոդված 33.1 Ջրօգտագործման թույլտվության վերանայումը

 

1. Ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են հետևյալ դեպքերում`

1)  ջրավազանային կառավարման պլանի հաստատումից կամ դրանում փոփոխություններ  կատարելուց հետո ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում. 

2) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիներ սահմանվելու դեպքում` այդ գոտիների տարածքում.

3) միևնույն ջրային ռեսուրսից ըստ ջրօգտագործման առաջնահերթության գերակա ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներով) ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը.

4) էկոլոգիական թողքի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում. 

5) կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված` ջրային պաշարի նվազման դեպքում.

6)  Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային (այդ թվում` ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկման դեպքում.

7)  ջրօգտագործողի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում կամ ռեժիմի կրճատում կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան հեռացվող կեղտաջրի ծավալի նվազեցում կամ որակի բարելավում նախատեսող դեպքում` ջրօգտագործողի դիմումի հիման վրա:
       2. Ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը երկամսյա ժամկետում գրավոր ծանուցում է ջրօգտագործողներին ծանուցում ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

3. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությունները վերանայում է դրանք ներկայացնելուց հետո` 50 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ ընթացքում ջրօգտագործումն իրականացվում է գործող ջրօգտագործման թույլտվության պայմաններին և պահանջներին համապատասխան:

4. Վերանայման ընթացքում միևնույն ջրառի կետից տարբեր նպատակներով տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրօգտագործման ծավալների նվազեցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նվազեցումն իրականացվում է ըստ ջրօգտագործման ծավալների համամասնության սկզբունքի կիրառման` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը:

 5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ջրօգտագործողի կամ նրա լիազորած անձի կողմից ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացվելու դեպքում այն կասեցվում է մինչև ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելը:

 6. Վերանայման արդյունքով ջրօգտագործման պայմանների փոփոխության մասին որոշման ընդունումից հետո Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է ջրօգտագործողին:

  7. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 20. Օրենսգրքի 34-րդ հոդվածում`

1)  1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով.

2)  2-րդ մասում` 

ա. «թույլտվությունն» բառը փոխարինել «թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ  3-րդ կետով.

«3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքի:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենսգրքի իմաստով` օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը:»:

 

i

Հոդված 21. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

 

« Հոդված 36.1 Մակերևութային ջրային մարմնի գերազանց և լավ կարգավիճակի պահպանումը

 

1.  Եթե արտահոսք ընդունող մակերևութային ջրային մարմինը գերազանց կամ լավ կարգավիճակում է, ապա անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ` պահպանելու այդ կարգավիճակը:»:
 

i

Հոդված 23. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

  «Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի):

   Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության` որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում:

   Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո դրանք կնքում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:»:

 

i

Հոդված 24. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում`

 1) 7-րդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

 «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով.

1)  հորատանցքի կառուցմամբ` ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա.

2)  հորատանցքի շահագործմամբ` կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա: 

Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.1.1-ին հոդվածով սահմանված` դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և  վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`  երեք տարվա ընթացքում:».

2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:»:

 

i

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1.1-ին հոդվածով.

 

«Հոդված 37.1.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխը

 

 1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացվելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ:

3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված` Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:»:

 

i

Հոդված 26. Օրենսգրքի 37.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում է այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում  տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը  կամ կոնսերվացումն իրականացվում է դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով: Դրամագլխի հաշվին գումար հատկացնելը չի տարածվում ջրային ոլորտում խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց վրա:

Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում  է  ջրօգտագործողին:»:

 

i

Հոդված 27. Օրենսգրքի 37.3-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ստորերկրյա ճնշումային ջրերի բնական պաշտպանվածության գնահատումը գրունտային և ճնշումային ջրերի վերականգնված մակարդակների հարաբերությամբ և  ջրամերժ շերտի հաստությամբ:».

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունն իրականացնել փակ շրջանառու համակարգով:»:

 

i

 Հոդված 28.  Օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արտադրական կեղտաջրերի` ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

      

i

 Հոդված 29. Օրենսգրքի 62.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 62.3 Կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարումը

 

1. Կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարման իրականացումն ապահովում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը:

2.  Կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
 

i

Հոդված 30. Օրենսգրքի 8-րդ գլխի վերնագիրը «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ» բառից հետո  լրացնել «ԵՎ ՆՈՐՄԵՐԸ» բառերով:

 

i

Հոդված 31. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  68.1-ին հոդվածով.

 

«Հոդված 68.1. Մակերևութային ջրային մարմինների որակի նորմերը

 

1. Մակերևութային ջրային մարմինների վատ, անբավարար, միջակ, լավ և գերազանց կարգավիճակների ջրի որակի նորմերը ներառում են ֆիզիկաքիմիական, կենսաբանական, հիդրոմորֆոլոգիական տարրեր: Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է միջոցառումներ առաջնային աղտոտիչներով մակերևութային ջրային մարմնի աղտոտումը վերացնելու, իսկ մյուս աղտոտիչներով` կրճատելու ուղղությամբ:

3. Մակերևութային ջրային մարմինների որակի նորմերը սահմանելիս հաշվի են առնվում ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովումն ու որակի բարելավումը, այդ թվում` ջրային ռեսուրսի ինքնամաքրման կարողությունը, և հիմք են ընդունվում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ջրի որակի մասով որոշումներ կայացնելիս:

4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 32.  Օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների` նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների` նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:»:

 

i

Հոդված 33. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  70.1-ին հոդվածով.

 

«Հոդված 70.1. Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը

 

1. Ստորերկրյա ջրային մարմիններն ունենում են լավ և վատ կարգավիճակ, որոնց որակական բնութագրիչները քիմիական  ցուցանիշներն են:

2. Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 34. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասը «հասարակական» բառից հետո լրացնել «, այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի» բառերով:

 

i

Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  91.1-ին հոդվածով.

 

«Հոդված 91.1. Հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզները

 

1. Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  2.  Եթե մեկ ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի հեղեղումների վտանգը կարող է տարածվել հարևան ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի վրա, ապա դա պետք է ամրագրվի այդ տարածքների ջրավազանային կառավարման պլաններում:»:

 

i

Հոդված 36. Օրենսգրքի 92-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 37.  Օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «` հիմք ընդունելով ջրի որակի նորմերի վերանայումը» բառերով:

 

i

Հոդված 38.  Օրենսգրքի 103-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը «վերցվող» բառից հետո լրացնել «, այդ թվում` էկոլոգիական թողքի կետի մուտքի» բառերով:

 

i

Հոդված 39. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «չկատարելու» բառից հետո լրացնել «կամ ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելու» բառերով:

 

Հոդված 40.

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 10-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետի և սույն օրենքի 23-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող` Օրենսգրքի  37.3-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն արդեն իսկ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից`

1)  Ամփոփագրի ձևը հաստատում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում.

2)  ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաստատում է Կառավարությունը.

3 ) ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում.

4)  մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

5)  ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման  ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

6)  գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանում է Կառավարությունը վեց ամսվա ընթացքում.

7)  Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների` նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական աղբյուրներից ջրային ռեսուրսների` նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ երկու տարվա ընթացքում.

8)  ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

9) ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

10) արտադրական կեղտաջրերի` ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

11)  կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարման կարգը սահմանում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում.

12)  մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

13)  Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

14)  Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը երկու տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-316-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 07.07.2022
N ՀՕ-316-Ն օրենք