Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏ ...

 

 

040.2013.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 2013-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական բնութագրերը

Տվյալ բաժնում պետք է հաստատել, որ վառելիքի նախագծային սահմանները չեն խախտվում բնականոն շահագործման կամ անցումային պրոցեսների ժամանակ, ինչպես նաև ռեակտիվությամբ պայմանավորված վթարների հետևանքները չեն կարող վնասել ռեակտորի ջերմատարի ճնշման սահմանը կամ ակտիվ գոտու հովացման կարողությանը և կապահովեն համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության չափանիշներն:

Պետք է ներկայացնել ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական նախագծային հիմքերը, ներառյալ`

I. Հզորության տարածական բաշխման հսկողությունը

- բնականոն շահագործման ժամանակ ակտիվ գոտում հզորության նախատեսված բաշխման նկարագրությունը, այդ թվում` բնականոն և սահմանային դեպքերը` ընդգրկելով ռեակտորի ամբողջ աշխատաշրջանը, կառավարման ձողերի/հավաքվածքների թույլատրելի դիրքերը և վառելիքի այրվածության հնարավոր երկչափ և եռաչափ բաշխվածությունները,

- ակտիվ գոտում, ՋԱՀ-երում և ՋԱՏ-երում հզորության բաշխման նկարագրությունն աքսիալ, շառավղային և տեղային բաշխումների և անհավասարաչափության գործակիցների տեսքով, որոնք օգտագործվելու են անցումային պրոցեսների և վթարների վերլուծություններում,

- հզորության նախագծային բաշխումից շահագործման բաշխման անցման նկարագրությունը, այդ թվում` գործիք-հաշվարկ կորելիացիաները, շահագործման ընթացակարգերը և չափումները, ինչպես նաև չափումների սխալանքը.

- չափիչ և հսկիչ համակարգերի գործողությունների, ազդարարման կամ վթարային պաշտպանության գործարկման սահմանների և նախադրվածքների նկարագրությունը և հիմնավորումը, ինչպես նաև ցուցադրումը, որ այդ համակարգերը կարող են պահպանել ռեակտորը հզորության նախագծային բաշխման սահմաններում:

II. Ռեակտիվության հսկողության պահանջներն ու գործիքակազմը

Անհրաժեշտ է ներկայացնել`

- ռեակտիվության հսկողության պահանջները և գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցելու ակտիվ գոտում վառելիքի այրման հետևանքով ռեակտիվության երկարաժամկետ փոփոխությունները,

- հսկողության պահանջները և գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցելու ռեակտիվության փոփոխությունը, պայմանավորված ռեակտորը տաք զրոյական հզորությամբ վիճակից սառը կանգառի ռեժիմ անցնելու հետևանքով ջերմաստիճանի փոփոխությամբ,

- հսկողության պահանջները և գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցելու ռեակտիվության էֆեկտները, ռեակտորը լրիվ հզորության վիճակից զրոյական հզորության վիճակ բերելուց,

- հսկողության պահանջները և գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցելու ռեակտորի ակտիվ գոտու` Xe և Sm միջուկներով թունավորման հետևանքով հզորության բաշխման և ռեակտորի կայունության վրա առաջացած ազդեցությունները,

- հսկողության պահանջները և գործիքակազմը պետք է ներկայացնել շահագործման ժամկետի սկզբում, շահագործման ժամկետի վերջում և վառելիքային ցիկլի միջանկյալ ժամանակահատվածներում,

- պետք է ցույց տալ, որ ռեակտիվության հսկողության համակարգերն ունակ են ռեակտորը շահագործման ընթացքում ցանկացած պահի ընդունելի ենթակրիտիկության պաշարով բերելու սառը կանգառի վիճակի և պահելու այդ վիճակում,

- պետք է նկարագրել առավելագույն ռեակտիվությամբ «լռված» կառավարման ձողի ռեակտիվության որոշման վերլուծական և փորձարարական մեթոդները.

- պետք է հաշվի առնել կառավարման ձողերի հետ կապված անորոշությունները, այդ թվում` արտադրական անորոշությունները, հաշվարկային մեթոդներում առկա սխալները և կառավարման ձողի կլանիչի այրումը,

- պետք է ցույց տալ, որ ռեակտորն օժտված է երկու անկախ հսկողության համակարգերով,

- պետք է ներկայացնել կառավարման ձողերի/հավաքվածքների` տարածական տեղաբաշխման քարտեզները և ռեակտիվության արժեքը,

- պետք է ներկայացնել ամբողջ վառելիքային ցիկլի ընթացքում օգտագործվող կառավարման ձողերի քարտեզների և դրանց տեղաշարժի նկարագրությունները և գծագրերը: Ներկայացված տեղեկությունը պետք է ներառի առանձին ձողերի/հավաքվածքների կամ խմբերի աշխատանքը, ձողի դուրսբերման կարգը և ընկղմման սահմանները` որպես հզորության և ակտիվ գոտու աշխատաշրջանի ֆունկցիա,

- պետք է ներկայացնել վերը նշված քարտեզներից թույլատրելի շեղումների նկարագրությունները, ինչպիսիք են շեղված ձողերը, «լռված» ձողերը կամ ակտիվ գոտու ըստ բարձրության հզորության բաշխվածության հարթեցման նպատակով օգտագործվող ձողերը, առկայության դեպքում,

- պետք է ներկայացնել առանձին ձողերի կամ ձողերի խմբի ռեակտիվության առավելագույն արժեքների նկարագրությունները, աղյուսակները և գծապատկերները` որպես հզորության և ակտիվ գոտու աշխատաշրջանի ֆունկցիա,

- պետք է ներկայացնել ձողերի դուրսբերմամբ պայմանավորված` ռեակտիվության աճի առավելագույն արագության կորերը և դրանց նկարագրությունները, ձողերի արժեքների փորձարարական հաստատման կամ ռեակտիվության աճի արագությունը հիմնավորող այլ գործոններ, որոնք օգտագործվում են ռեակտիվությամբ պայմանավորված վթարների վերլուծություններում և սարքավորումներ, վարչական ընթացակարգեր և ազդասարքեր, որոնք կարող են օգտագործվել ձողերի հնարավոր արժեքները սահմանափակելու համար,

- պետք է ներկայացնել ռեակտորի վթարային պաշտպանության համակարգի գործարկման արդյունքում ակտիվ գոտի ներմուծվող ռեակտիվության կախվածությունը ժամանակից և այլ պարամետրերից, այդ թվում` ռեակտորի վթարային կանգառի արդյունքում առաջացած ռեակտիվության հաշվարկման մեթոդներից:

III. Ռեակտիվության գործակիցները

Այս մասում անհրաժեշտ է`

- ներկայացնել ռեակտիվության գործակիցների հաշվարկված անվանական արժեքների նկարագրությունը սառը կանգառից մինչև ամբողջ հզորությամբ աշխատանքի տիրույթում, ինչպես նաև դրանց սահմանային արժեքները` ստացված անցումային և վթարային պայմանների վերլուծությունների համար, որը պետք է ներառի աշխատաշրջանի ընթացքում ստացված սահմանային արժեքները և կառավարման ձողերի տեղաշարժի տիրույթը ռեակտորի տարբեր վիճակների համար: Պետք է ցուցադրել, որ օգտագործված գործակիցները կոնսերվատիվ են,

- ներկայացնել անվանական արժեքներում անորոշության վերլուծությունների նկարագրությունը` գնահատելով և հիմնավորելով անորոշության մեծությունը, օգտագործելով հաշվարկներում կիրառվող մեթոդների ճշտությունը և համեմատելով ՀԱԷԿ-ի թողարկման ֆիզիկական փորձարկումների հետ: Փորձարկումների հետ համեմատությունների համար պետք է ցուցադրել, որ փորձարկումները կիրառելի են անորոշությունների գնահատման համար,

- ցույց տալ, որ ակտիվ գոտին կայուն է քսենոնի ազդեցությամբ առաջացած հզորության տարածական տատանումների նկատմամբ:

IV. Ռեակտորի կրիտիկությունը վերաբեռնավորման ժամանակ`

- պետք է ներկայացնել և հիմնավորել կրիտիկության հասնելու համար անհրաժեշտ վառելիքային կասետների թիվը, առանց դանդաղեցուցչի և դանդաղեցուցչի առկայությամբ:

V. Իրանի ճառագայթահարումը

Պետք է ներկայացնել`

- ակտիվ գոտում, ակտիվ գոտու սահմաններին և իրանի ներքին մակերևույթին 0.5 ՄէՎ-ից բարձր էներգիա ունեցող նեյտրոնների ֆլյուենսի նկարագրությունը.

- հաշվարկներում օգտագործվող ենթադրությունների նկարագրությունը և հիմնավորումը` ներառելով տվյալներ ռեակտորի հզորության, դիտարկված վառելիքային ցիկլի և իրանի նախագծային շահագործման ժամկետի վերաբերյալ,

- օգտագործվող արագ նեյտրոնների փոխազդեցությունների կտրվածքների գրադարանի նկարագրությունը և հիմնավորումը,

- ռեակտորի, հորանի, միջտարածքային ջրային օղակների և իրանի երկրաչափական մոդելավորման նկարագրությունը և հիմնավորումը,

- վառելիքային ցանցի միջուկային բնութագրերը, այդ թվում` վառելիքի հարստացման բաշխումը, այրվող կլանիչների բաշխումը և վերաբեռնավորման սխեմաները,

- վերլուծական գործիքները, մեթոդներն ու համակարգչային ծրագրերը (ծրագրերի վերիֆիկացման, վավերացման և անորոշությունների վերաբերյալ տեղեկության հետ միասին), որոնք օգտագործվում են հաշվարկելու ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական բնութագրերը.

Ռեակտորի ջերմահիդրավլիկ բնութագրերը

Պետք է ներկայացնել հետևյալ նկարագրությունները`

- ակտիվ գոտու նախագծման հիմքերը, ակտիվ գոտու բաղկացուցիչ մասերի ջերմահիդրավլիկ բնութագրերը և ռեակտորի հովացման համակարգի ջերմահիդրավլիկ բնութագրերի վրա դրված պահանջները,

- վերլուծական ծրագրերը և մեթոդներն ու համակարգչային ծրագրերը (ծրագրերի վերիֆիկացիայի, վալիդացիայի և անորոշությունների վերաբերյալ տեղեկության ու անորոշությունների հետ միասին), որոնք օգտագործվում են ջերմահիդրավլիկ պարամետրերը հաշվարկելու համար,

- հոսքի, ճնշման և ջերմաստիճանի բաշխումը` որոշելով սահմանային արժեքները և դրանց հետ համեմատությունը նախագծման սահմանների հետ:

Պետք է ներկայացնել օգտագործված կրիտիկական ջերմային հոսքի հաշվարկի համար օգտագործվող կորելիացիաները, էներգիայի բաշխման անհամասեռության գործակիցների կիրառման մեթոդը, կրիտիկական ջերմային հոսքի արժեքը` ակտիվ գոտում նեյտրոնային հոսքի ինտենսիվության առավելագույն կետի և նախագծային առավելագույն հզորության պայմանների համար:

Ինչպես նաև պետք է ներկայացնել ակտիվ գոտում միջին և առավելագույն գծային հզորության արժեքները:

Ռեակտորի ներքին կառուցվածքը

Պետք է ներկայացնել հետևյալ նկարագրերը`

- ռեակտորի ներքին տարրերի համախումբը, որոնք անհրաժեշտ են վառելիքի տեղադրման համար, ինչպես նաև բոլոր օժանդակ տարրերը, որոնք տեղադրված են ռեակտորի ներսում,

- ռեակտորի ներքին բաղադրիչների նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպես նաև բաղադրիչների միջուկային, ջերմային հիդրավլիկ, կառուցվածքային և մեխանիկական բնութագրերը, ակնկալվող հակազդումը ստատիկ և դինամիկ մեխանիկական բեռնվածություններին: Անհրաժեշտ է նկարագրել ԱԷԿ-ի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում ճառագայթային և կոռոզիոն հետևանքների ազդեցությունը ռեակտորի ներքին տարրերի` իրենց անվտանգության գործառույթները պատշաճ կերպով կատարելու ունակությունների վրա,

- ռեակտորի ներքին տարրերի հսկողության և (կամ) ստուգման ծրագրերը, վերահսկելու ներքին բաղադրիչների ճառագայթման և ծերացման հետևանքները,

- ակտիվ գոտու բնութագրերը և դրանց հսկողության ծրագիրը, որը պետք է ներառի դրույթներ ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական բնութագրերի, ջերմաստիճանային բաշխվածության և ջերմատարի հոսքի հսկողության վերաբերյալ:

Առաջին կոնտուրը և ճնշման փոխհատուցման համակարգը

Վերլուծությունում հատուկ ուշադրություն պետք է դարձվի առաջին կոնտուրի ջերմատարի ճնշման սահմանների ամբողջականության ապահովման վրա: Անհրաժեշտ է նկարագրել նախագծի հիմքում ընկած բեռնվածությունները, դրանց զուգակցումը և առաջացման հաճախությունը:

Անհրաժեշտ է ցույց տալ սարքավորումների կայունությունը ներքին և արտաքին ազդեցություններին, այդ թվում` այլ սարքավորումների տարրերի քայքայման ժամանակ առաջացած շիթերից ու թռչող մասերից պաշտպանման միջոցառումները: Պետք է նշել կոնստրուկցիաների, օգտագործվող նյութերի և պատրաստման տեխնոլոգիաների պիտանիության վերաբերյալ եղած հիմնավորումները: Տալ մետաղի պարբերական ստուգումների հիման վրա ստացված արդյունքների գնահատականը:

Անհրաժեշտ է նաև դիտարկել`

- բաղադրամասերի մոնտաժման որակին վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացված են եղել էներգաբլոկի կառուցման ավարտից հետո,

- մետաղի պարբերական ստուգման ժամանակ որակի ապահովման միջոցառումները,

- շահագործման ժամանակ հայտնաբերված նյութերի թերությունները և դրանց վերացման նպատակով իրականացված միջոցառումները:

Խողովակաշարերի և դրանց տարրերի համար անհրաժեշտ է ապացուցել արտաքին և ներքին ազդեցությունների ժամանակ դրանց ամբողջականության պահպանումը: Ցուցադրել LBB-ի հայեցակարգի կիրառելիությունը:

Ռեակտորի իրանը

Անհրաժեշտ է հիմնավորել ռեակտորի իրանի ճառագայթային պաշարը և դրա հսկման միջոցառումները, այդ թվում`

- ներկայացնել իրանի պաշարի հիմնավորման մեթոդակարգը,

- ներկայացնել բեռնվածության արժեքները և դրանց զուգակցումները` հաշվի առնելով նախագծով նախատեսված սահմանափակումները (տաքացման և հովացման, ճնշման բարձրացման և իջեցման արագությունների ու ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունների զուգակցման սահմանափակում),

- շահագործման ընթացքում իրանի նյութի բնութագրերի փոփոխության գնահատումը,

- հայտնաբերված արատների չափն ու դիրքը և դրանց ազդեցությունը ռեակտորի իրանի և զոդված մասերի փխրունացման վրա, որը տեղի է ունենում ճառագայթային ազդեցության հետևանքով: Պետք է կատարել մետաղի չքայքայող հսկման մեթոդների զգայունության և արդյունքների վերլուծություն:

Գլխավոր շրջանառու պոմպերը

Պետք է ներկայացնել ԳՇՊ-ների նախագծային հիմքերը, այդ թվում` նաև ցույց տալ, որ բացառված է ռոտորի պտտման արագության գերազանցումն առաջին կոնտուրից արտահոսքի դեպքում, ապահովված է ԳՇՊ-ների կիպացման բլոկի երկարաժամկետ (ավելի քան 24 ժամ ֆունկցիոնալ) աշխատունակությունը` հովացման խափանման դեպքում:

Ճնշման սահմանափակման սարքեր

Պետք է ցուցադրել ճնշման սահմանափակման սարքերի արդյունավետությունը, դրանց աշխատունակությունը ջրի և շոգեջրային խառնուրդի արտահոսքի պայմաններում, ինքնաբերական բացման կանխումը, պարբերական ստուգումների արդյունքները, բարբոտաժային բաքի կառուցվածքի և ծավալի համապատասխանությունը շահագործման կարիքներին: Բերել տեղեկություններ գործարկման նախադրվածքների տեղադրման և ստուգման մեթոդների վերաբերյալ:

Առաջին կոնտուրի տարրերի կառավարումը և էլեկտրամատակարարումը

Անհրաժեշտ է ցույց տալ, որ առաջին կոնտուրի բոլոր փականները բավարար քանակի են և բավարարում են նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Պետք է նաև ներկայացնել փականների, ԳՇՊ-ի և ճնշման փոխհատուցիչի էլեկտրամատակարարման և կառավարման վերաբերյալ տվյալներ, դրանց ինքնաբերական սխալ գործողությունների կանխման միջոցառումները:

Ռեակտորի հովացման և ճնշման փոխհատուցման համակարգերի` անվտանգության համար կարևոր շահագործման ռեժիմներ

Անհրաժեշտ է նկարագրել միջոցառումները` ուղղված`

- ճնշման փոխհատուցիչում ջերմատարի մակարդակի պահպանմանը (անթույլատրելի բարձր կամ ցածր մակարդակի կանխում),

- շահագործման ցուցանիշների հսկմանը (ջերմատարի ծորանցումները, չամրացված մասերի առկայություն, թույլ ամրացված և շարժվող տարրերի հսկում),

- ջերմատարի անհրաժեշտ ջրաքիմիական ռեժիմի ապահովմանը,

- ջրածնի պայթյունավտանգ խտությունների առաջացման կանխմանը, այդ թվում` ճնշման փոխհատուցիչում և բարբոտաժային բաքում:

Շոգեգեներատոր

Անհրաժեշտ է ներկայացնել ջերմափոխանակիչ խողովակների վրա նախագծային բեռնվածությունը (ստատիկ, դինամիկ), շոգեգեներատորի շահագործման բոլոր ռեժիմների դեպքում (այդ թվում` առաջին և երկրորդ կոնտուրների հիդրավլիկ փորձարկման ժամանակ): Անհրաժեշտ է նշել շոգեգեներատորի խողովակների պատերի հաստության բարակեցման թույլատրելի մեծությունը և բնութագրել պարբերական ստուգման մեթոդի զգայունության չափը:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները`

- ՇԳ-ում թույլատրելի ճնշումից բարձր ճնշման կանխումը (նախագծային հիմնավորում, ապահովիչ փականների արդյունավետություն և գործառութային հուսալիություն, դրանց պարբերական փորձարկում, ընդհանուր պատճառներով խափանման բացառում),

- ՇԳ-ում ջերմատարի մակարդակի բարձրացման կանխարգելում (մակարդակի կարգավորման հուսալիություն, կարգավորման համակարգի սխալ գործողության բացառում),

- ՇԳ-ի պաշտպանությունը ջրազրկումից` ուղղված առաջին կոնտուրի գերսառեցման սահմանափակմանը,

- ջրաքիմիական ռեժիմի պահպանում (առաջին և երկրորդ կոնտուրներում),

- առաջին կոնտուրից երկրորդ կոնտուր հոսքի կանխարգելման միջոցառումներ և հսկման հուսալիություն:

Պետք է ներկայացնել, թե բնականոն շահագործման ընթացքում ինչպես են գնահատվել ՇԳ-ում ռադիոակտիվության նախագծային սահմանները, դրանց հիմնավորումը բնականոն շահագործման ընթացքում: Անհրաժեշտ է ներկայացնել ՇԳ-ի խողովակների հնարավոր պատռման պատճառները և ՇԳ-ի նախագծային սահմանները, որոնց ապահովումը կկանխարգելի խողովակների պատռումը հոսքով պայմանավորված տատանումներից և ջերմային հարվածից: Պետք է նշել ՇԳ-ի խողովակների ամրության չափորոշիչները և խողովակի պատի հաստության նվազագույն սահմանը:

Հերմետիկ պատվարների համակարգը

Անհրաժեշտ է ցույց տալ, որ նախագծային վթարների դեպքում հերմետիկ պատվարների համակարգն ապահովում է ռադիոակտիվ նյութերի տարածման մեղմացումն ու ճառագայթահարման դոզայի սահմանափակումը:

Հերմետիկ պատվարների համակարգի վերլուծության մեջ անհրաժեշտ է ընդգրկել շինարարական կոնստրուկցիաները, հերմետիկ պատվարների համակարգի հերմետիկացման սարքերը (փականներ, մալուխային անցումներ և այլն), հերմետիկ պատվարների համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ բոլոր լրացուցիչ սարքերը:

Հերմետիկ պատվարների համակարգի և նրա մեջ մտնող տարրերի համար անհրաժեշտ է ներկայացնել կոնստրուկցիաների և օգտագործված նյութերի բնութագրերը, ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել դրանց պարբերական ստուգման հնարավորությունը և նախագծի հիմքում ընկած բեռնվածության վերլուծությունը, դրա առաջացման հաճախականությունը և բեռնվածության զուգակցումը:

Անհրաժեշտ է ապացուցել, որ արտաքին ներգործությունների դեպքում և հերմետիկ սրահներում մթնոլորտի նոսրացման ժամանակ (օրինակ, ջրացնցուղային համակարգի երկարատև աշխատանքի ժամանակ) հերմետիկ պատվարների համակարգի հուսալիությունն ապահովված է: Պետք է հիմնավորել բեռնվածության որոշման մեթոդը:

Անհրաժեշտ է վերլուծել հերմետիկ պատվարների համակարգի տարրերի ընթացիկ վիճակը, ընդ որում, անհրաժեշտ է նկարագրել հերմետիկության պարբերական փորձարկման մեթոդակարգը, վեր հանել այդպիսի փորձարկման ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց վերացման միջոցառումները, ինչպես նաև արտահոսքի մեծության տվյալները և դրա փոփոխության դինամիկան:

Անհրաժեշտ է ցուցադրել հերմետիկ պատվարների սահմանը հատող հերմետիկությունն ապահովող տեխնիկական միջոցների արդյունավետությունը (մալուխային և խողովակային անցումներ), նկարագրել տեխնոլոգիան և պարբերական ստուգման արդյունքները:

Անհրաժեշտ է դիտարկել տեխնիկական միջոցների արդյունավետությունը և բավարարությունը`

- հերմետիկ պատվարների համակարգի ներսում ճնշման երկարաժամկետ բարձրացման սահմանափակման համար.

- հերմետիկ պատվարների բարձր ներքին ճնշումից պաշտպանությունն ապահովելու համար.

- հերմետիկ պատվարներում այրվող գազերի հսկողությունը հերմետիկ պատվարներում ապահովելու համար.

- ռադիոակտիվ նյութերի արտանետումը կանխարգելելու կամ սահմանափակելու համար:

Անվտանգության պաշտպանիչ համակարգերը

Անհրաժեշտ է ցույց տալ, որ անվտանգության համակարգերը նախագծված են այնպես, որ ապահովվում է դրանց վրա դրված անվտանգության գործառույթների իրականացումը, ինչպես նաև` ներառել հետևյալ գործոնները`

- նախագծային ջերմահիդրավլիկ բնութագրերը.

- համակարգի ղեկավարումը (ավտոմատացման աստիճանը).

- էներգասնուցումը (հուսալի սնուցման կատեգորիան).

- համակարգերի հուսալիությունը բանվորական ճնշման բարձրացման, բանվորական միջավայրի աղտոտման, օտար առարկաների թափանցման դեպքում.

- պահուստավորումը.

- տարածական բաժանումը (վթարների հետևանքների դեպքում պաշտպանություն, ընդհանուր պատճառներով խափանումից պաշտպանություն).

- պարբերական փորձարկումները (փորձարկումների և ստուգումների տեսակն ու ծավալը).

- վթարային հակազդման պատրաստվածության ապահովումը (համակարգերի վիճակի մոնիթորինգ).

- բարձր և ցածր ճնշման հարակից համակարգերի բաժանման հուսալիությունը.

- պոմպերի ներծծման անբարենպաստ պայմանների պատճառով կավիտացիայի նախազգուշացումը.

- փականների հեռակառավարման աշխատանքի հուսալիությունը:

Անվտանգության ղեկավարող համակարգերը

Նկարագրել անվտանգության ղեկավարող համակարգերի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը` ընդգրկելով հետևյալ գործառույթների կատարումը` անվտանգության տեսակետից կարևոր պարամետրերի չափում և ստուգում, չափված պարամետրերի մշակում և ղեկավարում:

Անհրաժեշտ է դիտարկել հետևյալ գործոնները`

- համակարգում տվյալ անվտանգության գործառույթ կատարող զուգահեռ կանալների առկայությունը և տարածական բաժանումը.

- պարբերական ստուգումների հնարավորությունը (ստուգման տեսակը և ծավալը) և շահագործման ժամանակ խափանման վաղ հայտնաբերումը.

- հուսալի էներգամատակարարման ապահովումը (վթարային էներգամատակարարման և նրա պահեստային տեսակները).

- գործառութային անկախությունը.

- արտաքին ներգործությունների դեպքում աշխատունակությունը.

- էներգաբլոկի բոլոր հնարավոր վիճակները բնութագրող պարամետրերի գրանցման համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովվածությունը` ներառյալ չափման տիրույթները.

- սարքավորումների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահանջներին, այդ թվում` նաև վթարների դեպքում.

- ընդհանուր պատճառների հետևանքով խափանումների կանխումը.

- ազդանշանների ձևավորումը և դրանց միջև կապը:

Հայտնաբերված և չհայտնաբերված խափանումների վերլուծության հիման վրա անհրաժեշտ է ցույց տալ, որ եզակի խափանումները չեն հանգեցնում անվտանգության որևէ գործառույթի չիրականացմանը:

Անհրաժեշտ է նաև ցույց տալ էներգաբլոկի ընթացիկ վիճակի մասին ստացվող գրանցված տեղեկության բավարար լինելը, վթարների ժամանակ գրանցվող տեղեկության ծավալը:

Անհրաժեշտ է ապացուցել, որ կեղծ ազդանշանների ձևավորումը կամ ղեկավարման համակարգի խափանումն արտանախագծային վթարների պատճառ չեն:

Անհրաժեշտ է նաև նկարագրել պահեստային ղեկավարման վահանակի նշանակությունը, կառուցվածքը և հիմնավորել դրա աշխատունակության բավարար լինելն ու ԲԿՎ-ից անկախ գործունեությունը:

Անվտանգության ապահովող համակարգերը

Անհրաժեշտ է դիտարկել հետևյալ համակարգերը և տարրերը`

- վթարային դիզել-գեներատորներ (նախագծային հիմքերը և բնութագրերը, այդ թվում` անհրաժեշտ օժանդակ համակարգերը): Ընդ որում, պետք է վերլուծվեն հզորության հաշվեկշիռը, պահեստավորումը և ղեկավարումը` գործառութային հուսալիությունն արտաքին ու ներքին ազդեցությունների դեպքում: Նկարագրել վթարային դիզել-գեներատորների ավտոմատ թողարկումը և ՎԷՀ-ի աստիճանական բեռնավորումը.

- ակումուլյատորային մարտկոցներ (հզորության հաշվեկշիռը, պահեստավորումը, լիցքավորված վիճակի պահումը, լիցքաթափման ժամանակը, օպերատորի կողմից բեռնվածության փոփոխության հնարավորությունը).

- կերպարափոխիչ, բաշխիչ և կոմուտացիոն սարքերը (նկարագրում, բնութագրեր).

- անհրաժեշտ է ցուցադրել ՎԷՀ-ի տարբեր կանալների անկախ աշխատանքի իրականացման սկզբունքը, հոսանքազրկման ռեժիմում ՎԷՀ-ի աշխատանքի տևողության հիմնավորումը.

- տեխնիկական ջրի պատասխանատու սպառիչների ջրամատակարարման համակարգը.

- հատուկ օդափոխության համակարգը.

- խտացված օդի համակարգը:

Անհրաժեշտ է ցույց տալ սարքավորումների կայունությունը, որոնք անվտանգության համակարգն ապահովում են վթարային իրավիճակներում և արտաքին ու ներքին ազդեցությունների ժամանակ:

Միջուկային վառելիքի պահման և դրա հետ իրականացվող աշխատանքները

Անհրաժեշտ է ապացուցել վառելիքի պահման ավազանում գտնվող օգտագործված վառելիքի ենթակրիտիկայնության ապահովվածությունը, այդ թվում` նաև հետևյալ դեպքերում` ԱՋԱՀ-ի տեղադրման ոչ նպաստավոր դասավորվածության և մեխանիկական ազդեցությունների հետևանքով երկրաչափական չափերի փոփոխություն (ծանր առարկաների անկում, արտաքին գործոնների ազդեցություն, վերաբեռնման ժամանակ ՋԱՀ-ի անկում), ջրի խտության փոփոխություն:

Ենթակրիտիկայնության ստուգման համար անհրաժեշտ է հիմնավորել հաշվարկային մեթոդների ընդունելի լինելը:

Անհրաժեշտ է ապացուցել վառելիքի պահման ջրավազանում ջերմահեռացման արդյունավետությանը: Ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ջերմատարի կորստի հայտնաբերման, վերացման և ջերմատարի կորստի կանխման միջոցառումների վրա:

Հարկավոր է հաստատել թարմ և աշխատած վառելիքի փոխադրման և տեղաշարժի սարքավորումների գործառութային բավարարությունը, ինչպես նաև ցույց տալ անձնակազմի սխալ գործողությունների կանխմանն ուղղված կազմակերպական միջոցառումների առկայությունը:

Էներգաբլոկի անվտանգության վերլուծությունը

Բնականոն շահագործում

Տվյալ բաժնում պետք է ցուցադրել, որ ՀԱԷԿ-ի բնականոն շահագործումը կարող է իրականացվել անվտանգ, և պետք է հաստատել, որ աշխատողների ու բնակչության ճառագայթման դոզաները և ՀԱԷԿ-ից ռադիոակտիվ նյութի պլանավորված արտանետումները և (կամ) արտահոսքը գտնվում են թույլատրելիի սահմաններում, ՀԱԷԿ-ի բնականոն շահագործումը չի հանգեցնում անվտանգ շահագործման սահմանների և պայմանների խախտման:

Պետք է վերլուծել բնականոն շահագործման բոլոր հնարավոր վիճակները:

Բնականոն շահագործման ռեժիմների խախտման և նախագծային վթարների վերլուծությունը

Հարկավոր է ցույց տալ, որ 5.2.1-ին կետում նշված անվտանգության ապահովման նպատակների իրականացումը հնարավոր է նախագծով նախատեսված տեխնիկական միջոցների օգնությամբ:

Սույն ենթաբաժնում համառոտ պետք է շարադրվեն`

- շահագործման ռեժիմների խախտումների և նախագծային վթարների վերլուծության մեթոդակարգը, այդ թվում` նաև ելակետային պատահարների ցանկը.

- բնականոն շահագործման ռեժիմների և նախագծային վթարների ճարտարագիտական գնահատման արդյունքները, այդ թվում` ազդեցությունը սարքավորումների վրա (օրինակ, առաջին և երկրորդ կոնտուրներից ջերմատարի արտահոսքի վթարի դեպքում).

- ճառագայթային տեսակետից առավել ցայտուն վթարների հաշվարկման վերլուծությունը և արդյունքները, ապացույցը, որ նախագծով նախատեսված (շահագործման ընթացքում իրականացված մոդիֆիկացիան հաշվի առած) տեխնիկական միջոցները և շահագործման հրահանգներն ապահովում են 2 և 3 մակարդակների էշելոնային պաշտպանության անվտանգության նպատակների իրականացումը և դրանցից բխող անվտանգության գործառույթները:

Վերլուծության մեթոդակարգը

Ելակետային պատահարների ցանկը.

Անհրաժեշտ է ներկայացնել ելակետային պատահարների լրիվ ցանկը` ներառյալ սարքավորումների և տեխնոլոգիական համակարգերի խափանումները:

Ելակետային պատահարների ցանկի ձևավորումը պետք է հիմնված լինի էներգաբլոկի նախագծի վրա, էներգաբլոկի և այլ նմանատիպ ԱԷԿ-ների շահագործման փորձի վրա, ՀԱԷԿ-ի նախագծման ժամանակահատվածի հետ համեմատած` նոր նորմատիվ փաստաթղթերի լրացուցիչ պահանջների վրա, գործող նմանատիպ էներգաբլոկների անվտանգության վերլուծությունների արդյունքների վրա:

Ելակետային պատահարները հարկավոր է բաժանել համապատասխան դասերի` հաշվի առնելով ելակետային պատահարի ծագման հաճախականությունը, վթարի հետևանքների ծանրությունը:

Հարկավոր է ելակետային պատահարներից տարանջատել այն պատահարները, որոնք հանգեցնում են բնականոն շահագործման ռեժիմների խախտման, վթարների:

Ելակետային պատահարների ցանկը պետք է ներկայացվի աղյուսակի ձևով` հիմք ընդունելով 5.4.2.1-ին կետում բերված NN 2 և 3 աղյուսակները: Պատահարների վերջնական ցանկը պետք է համաձայնեցվի կարգավորող մարմնի հետ:

Պատահարներից հարկավոր է ընտրել այն վթարների սցենարները, որոնք կարող են ունենալ առավել ծանր հետևանքներ` ինչպես սարքավորումների ծանրաբեռնվածության, այնպես էլ` ճառագայթային հետևանքների տեսանկյունից, էներգաբլոկի ներսում և դրանից դուրս:

Մնացած պատահարների համար անհրաժեշտ է կատարել որակական վերլուծություն և ցույց տալ, որ դրանց հետևանքները չեն գերազանցում ընտրված վթարների սցենարների հետևանքները:

Ընտրված պատահարների համար հարկավոր է ներկայացնել վերլուծության մեթոդակարգը և արդյունքները:

 

Աղյուսակ N 2. Ելակետային պատահարների նվազագույն ցանկ

 

._____________________________________________________________________.

|     |       1. Ջերմահեռացման արագության մեծացում                    |

|_____|_______________________________________________________________|

|1.1. |ՇԳ-ների սնող ջրի համակարգի գործողության խափանում, որը          |

|     |հանգեցնում է սնող ջրի ջերմաստիճանի իջեցման                     |

|_____|_______________________________________________________________|

|1.2. |ՇԳ-ների սնող ջրի համակարգի գործողության խափանում, որը          |

|     |հանգեցնում է սնող ջրի ծախսի մեծացման                           |

|_____|_______________________________________________________________|

|1.3. |ՇԳ-ներում ջրի մակարդակը կարգավորող համակարգի գործունեության    |

|     |խափանում, որը հանգեցնում է գոլորշու ծախսի մեծացման             |

|_____|_______________________________________________________________|

|1.4. |Փականների ոչ միտումնավոր բացում                                |

|_____|_______________________________________________________________|

|1.5. |Գոլորշու խողովակաշարի ճեղքվածք և  գոլորշու արտահոսք հերմետիկ   |

|     |պատվարի ներսում կամ դրանից դուրս                               |

|_____________________________________________________________________|

|                2. Ջերմության հեռացման նվազում                       |

|_____________________________________________________________________|

|2.1. |Կարգավորիչ համակարգի սխալ գործողություն, որը հանգեցնում է      |

|     |գոլորշու ծախսի իջեցման                                         |

|_____|_______________________________________________________________|

|2.2. |Բեռնվածության իջեցում մինչև  սեփական կարիքները                 |

|_____|_______________________________________________________________|

|2.3. |Տուրբինների վթարային անջատում                                  |

|_____|_______________________________________________________________|

|2.4. |Գոլորշու անջատիչ փականների ոչ միտումնավոր փակում               |

|_____|_______________________________________________________________|

|2.5. |Սեփական կարիքների ապահովման խափանում                           |

|_____|_______________________________________________________________|

|2.6. |Սնուցման ջրի մատակարարման խափանում                             |

|_____|_______________________________________________________________|

|2.7. |Սնուցման ջրի խողովակացանցի ճեղքվածք և  ջրի արտահոսք            |

|_____________________________________________________________________|

|3.    Ռեակտորի սառեցման համակարգում ջրի ծախսի նվազում                |

|_____________________________________________________________________|

|3.1. |Մեկ կամ մի քանի ԳՇՊ-ների անջատում                              |

|_____|_______________________________________________________________|

|3.2. |ԳՇՊ-ներից մեկի լիսեռի լռում կամ խզում                          |

|_____________________________________________________________________|

|   4. Ռեակտիվության և  հզորության բաշխման սխալ փոփոխություն          |

|_____________________________________________________________________|

|4.1. |Թողարկման կամ հզորության ավելացման ժամանակ կառավարող ձողերի    |

|     |սխալմամբ դուրսբերում ակտիվ գոտուց                              |

|_____|_______________________________________________________________|

|4.2. |Հզորությամբ աշխատելու ժամանակ կառավարման ձողերի սխալմամբ ակտիվ |

|     |գոտուց դուրսբերում                                             |

|_____|_______________________________________________________________|

|4.3. |Ակտիվ գոտում կառավարման ձողի սխալ ներմուծում                   |

|_____|_______________________________________________________________|

|4.4. |Ջերմատարի մեջ բորի կոնցենտրացիայի չնախատեսված փոփոխություն     |

|_____|_______________________________________________________________|

|4.5. |Հզորության ավելացում` ակտիվ գոտու սխալ ձևավորման  հետևանքով    |

|_____|_______________________________________________________________|

|4.6. |Ամենաարդյունավետ կառավարման ձողի արտանետում                    |

|_____|_______________________________________________________________|

|4.7. |ԳՇՊ-ներից մեկի սխալ միացում                                    |

|_____________________________________________________________________|

|           5. Ռեակտորում ջերմատարի քանակի ավելացում                  |

|_____________________________________________________________________|

|5.1. |Վթարային սառեցման համակարգի սխալմամբ միացում                   |

|_____|_______________________________________________________________|

|5.2. |Սարքավորումների ոչ ճիշտ աշխատանք կամ սպասարկող անձնակազմի սխալ,|

|     |որը հանգեցնում է ջերմատարի քանակի մեծացման առաջին կոնտուրում   |

|_____________________________________________________________________|

|             6. Առաջին կոնտուրից ջերմատարի կորուստ                   |

|_____________________________________________________________________|

|6.1. |Ճնշման կոմպեսատորի ապահովիչ փականի սխալմամբ բացում             |

|_____|_______________________________________________________________|

|6.2. |ՇԳ-ի ջերմափոխանակման խողովակների կամ կոլեկտորների վնասվածք     |

|_____|_______________________________________________________________|

|6.3. |Արտահոսք` հերմետիկ պատվարից դուրս                              |

|_____|_______________________________________________________________|

|6.4. |Առաջին կոնտուրի համակարգի հերմետիկության կորուստ և  ջերմատարի  |

|     |արտահոսք                                                       |

|_____________________________________________________________________|

| 7. Ենթահամակարգերից և  բաղադրիչներից ռադիոակտիվ նյութերի արտանետում |

|_____________________________________________________________________|

|7.1. |Արտահոսք` գազերի հեռացման և  մաքրման համակարգում               |

|_____|_______________________________________________________________|

|7.2. |Արտահոսք` ռադիոակտիվ հեղուկի տարողություններից մեկում (հեղուկ  |

|     |թափոնների պահպանման համակարգի վնասվածք)                        |

|_____|_______________________________________________________________|

|7.3. |ՋԱՀ-ի վնասվածք` նրա հետ աշխատանքի ժամանակ                      |

|_____|_______________________________________________________________|

|7.4. |ՋԱՀ-ի տեղափոխման ժամանակ բեռնարկղի անկում                      |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3. Արտաքին և ներքին ազդեցություններով պայմանավորված

ելակետային պատահարների ցանկ

 

._____________________________________________________________________.

|     |             1. Ներքին ազդեցություններ                         |

|_____|_______________________________________________________________|

|1.1. |Ներքին հրդեհներ                                                |

|_____|_______________________________________________________________|

|1.2. |Ներքին հեղեղում                                                |

|_____|_______________________________________________________________|

|1.3. |Ազդեցություն` կապված բարձր ճնշման տակ գտնվող խողովակացանցի     |

|     |քայքայման հետ                                                  |

|_____|_______________________________________________________________|

|1.4. |Թռչող առարկաներ` կապված բաղադրիչների վնասվածքների հետ          |

|_____|_______________________________________________________________|

|1.5. |Բեռների անկում                                                 |

|_____|_______________________________________________________________|

|1.6. |Պայթյուններ                                                    |

|_____________________________________________________________________|

|                    2. Արտաքին ազդեցություն                          |

|_____________________________________________________________________|

|2.1. |Երկրաշարժ                                                      |

|_____|_______________________________________________________________|

|2.2. |Կայծակ                                                         |

|_____|_______________________________________________________________|

|2.3. |Ազդեցություն` կապված տրանսպորտային ուղիներում, ռազմական և      |

|     |արդյունաբերական օբյեկտներում կատարված վթարների հետ             |

|_____|_______________________________________________________________|

|2.4. |Հրդեհներ                                                       |

|_____|_______________________________________________________________|

|2.5. |Ջրհեղեղներ                                                     |

|_____|_______________________________________________________________|

|2.6. |Հրաբուխներ                                                     |

|_____|_______________________________________________________________|

|2.7. |Ուժեղ քամիներ և  ծայրահեղ եղանակային այլ պայմաններ (օրինակ,    |

|     |ձյան բեռնվածություն, չափազանց բարձր և  ցածր ջերմաստիճաններ)    |

|_____|_______________________________________________________________|

|2.8. |Կենսաբանական ազդեցություններ                                   |

|_____|_______________________________________________________________|

|2.9. |Տեխնածին պատահարներ, ինչպիսիք են օդանավերի կործանումները և     |

|     |պայթյունները                                                   |

|_____|_______________________________________________________________|

|2.10.|Թունավոր, խեղդող, քայքայիչ գազեր և  հեղուկներ                  |

|_____|_______________________________________________________________|

|2.11.|Էլեկտրամագնիսական ալիքներ                                      |

|_____|_______________________________________________________________|

|2.12.|Մոտակա արդյունաբերական գործարանների և  տրանսպորտային ցանցերում |

|     |տեղի ունեցած պայթյունների հետևանքները                          |

._____________________________________________________________________.

 

Սկզբնական և սահմանային պայմանների ընտրությունը.

Վթարի ընթացքի վերլուծության ժամանակ պետք է ներկայացնել սկզբնական և սահմանային պայմանների ընտրության մեթոդակարգի համառոտ նկարագիրը:

Սկզբնական պայմաններն էներգաբլոկի ու առանձին համակարգերի հիմնական տեխնոլոգիական պարամետրերի արժեքներն են (ռեակտորի ջերմային հզորությունը, ջերմատարի ջերմաստիճանն ու ճնշումը, ջերմատարի ծախսը, ռեակտորի ակտիվ գոտում էներգաանջատման բաշխումը, ռեակտիվության գործակիցները, միջուկային վառելիքի այրման աստիճանը և այլն), հնարավոր փոփոխման միջակայքը և չափման սխալանքը:

Սկզբնական պայմանները հարկավոր է որոշել` կախված վերլուծության նպատակից: Օրինակ, հարկավոր է ելնել ռեակտորի զրոյական հզորության վիճակից, երբ այն հանգեցնում է ավելի անբարենպաստ վիճակի, քան անվանական հզորության ժամանակ:

«Սահմանային պայմաններ» ասելով` հարկավոր է հասկանալ նախադրվածքները, որոնք որոշում են անվտանգությունն ապահովող սարքավորումների և համակարգերի անջատման-միացման ռեժիմները: Հատկապես պետք է դիտարկվեն այն վթարների սցենարները, որոնց համար մտցվում են հատուկ սահմանային պայմաններ, այդ թվում`

- ռեակտորի վթարային անջատման կամ նրա հզորության սահմանափակման առաջին նախադրվածքի խափանումը.

- ելակետային պատահարի և որևէ եզակի խափանման համընկնումը.

- էլեկտրամատակարարման արտաքին աղբյուրի կորուստը.

- բնականոն շահագործման համակարգերը հաշվի առնելը ելակետային պատահարների վերլուծության ընթացքում.

- հաշվարկային երկրաշարժի հաշվառումը:

Պետք է ցույց տալ, որ սկզբնական և սահմանային պայմաններն ընտրված են այնպես, որպեսզի վթարի հետևանքները լինեն առավել ծանր:

Հաշվարկային մոդելները և ծրագրային միջոցները.

Պետք է ցույց տալ, թե ինչ հաշվարկային ծրագրային միջոցներով է կատարված վերլուծությունը և ներկայացնել տվյալներ այն հարցի մասին, որ օգտագործված հաշվարկային մոդելներն արտացոլում են իրական նեյտրոնաֆիզիկական և ջերմահիդրավլիկ գործընթացները: Անհրաժեշտ է ներկայացնել օգտագործված ծրագրային միջոցների և դրանցով մշակված մոդելների վերիֆիկացիայի և վալիդացիայի մասին հաշվետվությունները:

Վերլուծության արդյունքների գնահատումը

Ընդունելի չափանիշները: Վերլուծվող յուրաքանչյուր սցենարի համար անհրաժեշտ է ցույց տալ ընդունելիության չափանիշների բավարարումը, որոնցով պայմանավորված է էշելոնային պաշտպանության պատվարների վնասման կանխարգելումը (նվազեցումը)` ներառյալ միջուկային վառելիքի հաբերը (վառելիքի հալումը), ՋԱՏ-ի թաղանթը (ջերմափոխանցման ճգնաժամը), առաջին կոնտուրի սահմանները (մեխանիկական լարվածությունը, պաշարը մինչև սահմանային լարվածությունը, մետաղի վիճակը), հերմետիկ կառույցները (հերմետիկ պատվարների համակարգը):

Անհրաժեշտ է ներկայացնել գնահատվող չափանիշների քանակական մեծությունները և համեմատել նորմատիվ փաստաթղթերի, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջների հետ:

Վերլուծության արդյունքները ներկայացնելը: Պետք է ներկայացվի էներգաբլոկի հիմնական տեխնոլոգիական պարամետրերի փոփոխությունը` ըստ ժամանակի: Որպես տեխնոլոգիական պարամետրեր կարող են դիտվել` ջերմային նեյտրոնների հոսքի խտությունը. ռեակտորի ջերմային հզորությունը, ռեակտորի ակտիվ գոտում ջերմային հոսքը, ճնշումն առաջին կոնտուրում, ռեակտորի ակտիվ գոտում ջերմափոխանակման պաշարը, մինչև ճգնաժամին հասնելը, ռեակտորով և առաջին կոնտուրի առանձին հանգույցներով հոսող ջերմատարի ծախսը, ջերմատարի ջերմաստիճանը ռեակտորի ակտիվ գոտու մուտքի և ելքի վրա, ջերմատարի միջին շոգեպարունակությունը ռեակտորի ակտիվ գոտում, միջուկային վառելիքի առավելագույն ջերմաստիճանը, ՋԱՏ-ի թաղանթի առավելագույն ջերմաստիճանը, ռեակտորում ջերմատարի քանակը, ռեակտորի վթարային հովացման համակարգի միջոցով ռեակտոր մղվող ջրի քանակը, երկրորդ կոնտուրի բնութագրերը (գոլորշու ծախս, ճնշում և ջերմաստիճան, սնող ջրի քանակ և ջերմաստիճան):

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռադիոակտիվ նյութերի արտահոսքը, արտանետումը սահմանափակող պաշտպանիչ պատվարների վիճակին և պարամետրերին, մասնավորապես`

- ճնշումը ռեակտորում և շոգեգեներատորում,

- ճնշումը հերմետիկ շինություններում, հերմետիկ շինությունների տարածք հագեցած ջրի և գոլորշու տեսքով մտնող ջերմատարի գումարային զանգվածը և էներգիան,

- հերմետիկ շինություններ մտնող ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը (իներտ գազեր և յոդի իզոտոպներ),

- հերմետիկ շինություններից դուրս եկած ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը (իներտ գազեր և յոդի իզոտոպներ):

Յուրաքանչյուր սցենարի վերլուծության համար պետք է ներկայացվեն իրադարձությունների հաջորդական ժամանակագրությունը` ելակետային իրադարձությունների առաջացումից մինչև կայուն վիճակի հասնելը: Ժամանակագրությունը պետք է հաշվի առնի վթարային պաշտպանության և անվտանգության համակարգի համաձայնեցված աշխատանքը` համակարգի բնականոն շահագործման միացում-անջատում, ջերմատարի ծախսի չափը, ճնշում և ջերմաստիճան, պաշտպանիչ պատվարը բնութագրող ճգնաժամային կետեր:

Յուրաքանչյուր սցենարի վերլուծության համար անհրաժեշտ է կատարել համեմատություն ընդունելիության չափանիշների հետ: Այդպիսի համեմատության հիման վրա հարկավոր է հետևություն անել էներգաբլոկի համակարգերի և տարրերի վրա դրված անվտանգության գործառույթների կատարման, ինչպես նաև 0-ին ենթաբաժնում նկարագրված անվտանգության նպատակներին հասնելու վերաբերյալ:

Նշված գնահատումը պետք է կատարել առավել ներկայացուցչական սցենարների ցանկի համար` դրանց վերլուծության ժամանակ կիրառելով հատուկ սահմանային պայմաններ, որոնք ներկայացված են սույն ենթաբաժնում:

Վթարային վերլուծության արդյունքները պետք է ներկայացնել աղյուսակներով` դրանք ուղեկցելով համառոտ բացատրություններով և հիմնավորումներով:

Արտանախագծային վթարների վերլուծությունը և դրանց կառավարման միջոցառումների պլանավորումը

Նպատակները և խնդիրները

Պետք է շարադրել արտանախագծային վթարների վերլուծության հիմնական նպատակները, այդ թվում`

- նախագծային վթարների արտանախագծայինի վերաճման պատճառների բացահայտումը.

- տեխնիկական և կազմակերպական միջոցառումների մշակում` ուղղված արտանախագծային վթարների առաջացման պատճառների բացառմանը.

- արտանախագծային վթարների կառավարման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ տվյալների ստացումը:

Արտանախագծային վթարների վերլուծության և դրանց կառավարման միջոցառումների հիմնավորման ընթացքում անհրաժեշտ է`

- կազմել և հիմնավորել վերլուծության ենթակա արտանախագծային վթարների ցանկը.

- նկարագրել արտանախագծային վթարների վերլուծության մեթոդները.

- ներկայացնել արտանախագծային վթարների ընթացքի վերլուծության արդյունքները.

- որոշել արտանախագծային վթարների հետևանքների կանխարգելման և նվազեցման հիմնական միջոցառումները` ներառյալ նման վթարների կառավարման միջոցառումները:

Արտանախագծային վթարների ընթացքի վերլուծությունը պետք է կատարվի պատահարի առաջացումից մինչև շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետման (նորմատիվային սահմանները գերազանցող) ակտիվ փուլի ավարտը:

Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը

Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը կազմելիս` անհրաժեշտ է ընդգրկել այն վթարները, որոնք բնութագրվում են առավել ծանր ճառագայթային հետևանքներով: Ընդ որում, հարկավոր է ելնել`

- նախկին ԱՀՀ-ի արդյունքներից և առաջարկություններից (եթե կան տվյալ էներգաբլոկի համար).

- էներգաբլոկի կամ այլ նմանատիպ էներգաբլոկների շահագործման փորձից.

- նմանատիպ էներգաբլոկների անվտանգության վերլուծության արդյունքներից:

Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը պետք է սահմանված կարգով համաձայնեցվի ԿՄ-ի հետ: Որպես օրինակ` N 4 աղյուսակում ներկայացված է արտանախագծային վթարների նվազագույն ցանկը:

 

Աղյուսակ N 4. Առաջարկվող արտանախագծային վթարների ցանկը

 

._____________________________________________________________________.

|1. |Լրիվ հոսանքազրկում, միաժամանակ երկրորդ կատեգորիայի հուսալի       |

|   |էլեկտրասնուցման խափանմամբ (փոփոխական հոսանքի կորուստ բոլոր ներքին|

|   |և  արտաքին աղբյուրներից` ներառյալ ՊԴԷԿ-ը)                        |

|___|_________________________________________________________________|

|2. |Փոքր արտահոսք` ԱԳՀՀ-ի խափանմամբ                                  |

|___|_________________________________________________________________|

|3. |Փոքր արտահոսք` լրիվ հոսանքազրկմամբ` ներառյալ ՊԴԷԿ-ի խափանումը    |

|___|_________________________________________________________________|

|4. |Առաջին կոնտուրի գերճնշում                                        |

|___|_________________________________________________________________|

|5. |Միջին արտահոսք` ԱԳՀՀ-ի խափանմամբ                                 |

|___|_________________________________________________________________|

|6. |Մեծ արտահոսք` ԱԳՀՀ-ի խափանմամբ                                   |

|___|_________________________________________________________________|

|7. |Մեծ արտահոսք` ջրացնցուղային համակարգի խափանմամբ                  |

|___|_________________________________________________________________|

|8. |Բնականոն շահագործման ռեժիմների խախտումներ` ռեակտորի վթարային     |

|   |պաշտպանության խափանմամբ                                          |

|___|_________________________________________________________________|

|9. |Սնուցման ջրի կորուստ` ՇԳ-ի վթարային սնուցման խափանմամբ           |

|___|_________________________________________________________________|

|10.|Արտահոսք` 1-ին կոնտուրից 2-րդ կոնտուր (արտահոսք խողովակներից,    |

|   |ՇԳ-ի կոլեկտորի կափարիչից)` պաշտպանիչ փականների խափանմամբ         |

._____________________________________________________________________.

 

Արտանախագծային վթարների վերլուծության մեթոդակարգը

Որպես հիմք հարկավոր է ընդունել նախագծային վթարների մեթոդակարգը (տե՛ս ենթաբաժին 0)` կիրառելով իրատեսական սկզբնական և սահմանային պայմաններ:

Պետք է ներկայացվեն տեղեկություններ օգտագործվող ֆիզիկական և մաթեմատիկական վերլուծական մեթոդների, մոդելների կառուցման առանձնահատկությունների և թվային մեթոդների վերաբերյալ:

Անհրաժեշտ է ցուցադրել հաշվարկային մեթոդների և ծրագրերի կիրառելիությունն արտանախագծային վթարների վերլուծության համար:

Հաշվարկի արդյունքները պետք է պարունակեն տեղեկություններ ակտիվ գոտում և ռեակտորային տեղակայանքի կոնտուրներում, էներգաբլոկի շինություններում, առաջին հերթին հերմետիկ շինություններում պարամետրերի փոփոխությունների, ինչպես նաև արտանախագծային վթարի ճառագայթային հետևանքների հաշվարկային գնահատականների վերաբերյալ:

Ռեակտորային տեղակայանքի վերլուծության ժամանակ, որպես հիմնական պարամետր, անհրաժեշտ է դիտարկել`

- ռեակտորի առաջին և երկրորդ տեսակի վթարային պաշտպանության գործարկման պարամետրերը.

- անվտանգության համակարգի բնութագրերը և նրանց գործարկման նախադրվածքները` ներառյալ ապահովիչ սարքերը.

- ջերմային նեյտրոնների հոսքի խտությունը, ռեակտիվության գործակիցը.

- դանդաղ նեյտրոնների մասնաբաժինը.

- կարգավորող համակարգերի արդյունավետությունը.

- բորի ներածման արդյունավետությունը.

- ակտիվ գոտում առավելագույն և միջին ջերմային հոսքերը, պաշարը մինչև ջերմափոխանակման ճգնաժամին հասնելը, ռեակտորի ակտիվ գոտում էներգիայի բաշխումը, ՋԱՏ-ի պատյանի առավելագույն ջերմաստիճանը.

- ջերմատարի զանգվածը ռեակտորում և առաջին կոնտուրում, ճնշումը երկրորդ կոնտուրում, ջերմատարի ծախսը և շոգեպարունակությունը ռեակտորի մուտքում և ելքում.

- ջերմատարի մակարդակը ճնշման փոխհատուցիչում.

- թարմ գոլորշու ճնշումը և ծախսը, սնող ջրի ծախսը և ջերմաստիճանը:

Վթարների ճառագայթային հետևանքների վերլուծության ժամանակ, որպես առաջնային, անհրաժեշտ է դիտարկել հետևյալ պարամետրերը`

- ռեակտորի ջերմային հզորությունը.

- միջուկային վառելիքի այրման խորությունը.

- ոչ հերմետիկ ՋԱՏ-ի քանակը.

- ռադիոակտիվ նյութերի արտանետման չափը (ըստ իզոտոպների).

- յոդի արտանետումը (ըստ ձևերի. օրգանական, էլեմենտար, աերոզոլային).

- առաջին և երկրորդ կոնտուրների ջերմատարի ռադիոակտիվությունը (ըստ իզոտոպների) մինչև վթարը.

- հերմետիկ շինությունների ծավալը և դրանցից արտանետումների մեծությունը.

- առաջին, երկրորդ կոնտուրների և հերմետիկ շինությունների պաշտպանիչ փականների գործարկման ժամանակը.

- զտիչների վրա ռադիոիզոտոպների նստեցման աստիճանը.

- ջրացնցուղային համակարգի բնութագրերը:

Արտանախագծային վթարների կառավարման միջոցառումների հիմնավորումը

Յուրաքանչյուր արտանախագծային վթարի համար պետք է սահմանվի անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նպատակը, որի իրագործումը թույլ է տալիս սահմանափակել ռադիոակտիվ նյութերի արտահոսքը, արտանետումը շրջակա միջավայր:

Արտանախագծային վթարների վերլուծության հիման վրա պետք է կազմվեն էներգաբլոկի վիճակի հատկանիշները և չափանիշները, որոնց օգնությամբ կարող է որոշվել արտանախագծային վթարի առաջացման փաստը և կանխատեսել նրա զարգացումը:

Պետք է ներկայացվեն բոլոր տեխնիկական միջոցները և տեխնոլոգիական համակարգերը, որոնք կարելի է օգտագործել անվտանգության նպատակներին հասնելու և վթարների հետևանքների սահմանափակման համար: Պետք է հաշվի առնվեն նույն գործողությունները կատարող տարբեր համակարգերի հնարավորությունները: Պետք է գնահատվեն նյութերի, տեխնիկական միջոցների և սարքավորումների օգտագործման հնարավորությունները, որոնք գտնվում են էներգաբլոկի սահմաններից դուրս (հարակից էներգաբլոկների, կայանի պահեստարաններում, ՀԱԷԿ-ի տարածքից դուրս):

Անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է վթարի զարգացման յուրաքանչյուր փուլի համար ներկայացնել անձնակազմի գործողությունների հաջողության չափանիշները: Այդ չափանիշները պետք է արտահայտվեն տեխնոլոգիական սարքավորումների և համակարգերի վիճակը բնութագրող տեխնոլոգիական, ճառագայթային, տեխնիկական պարամետրերի միջոցով:

Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունների ծավալը, որը պահանջվում է նշված խնդիրների լուծման համար, ինչպես նաև այդ տեղեկությունների ստացման տեխնիկական միջոցները և ձևերը:

Անհրաժեշտ է շարադրել անվտանգության ապահովման նպատակների իրականացմանն ուղղված` վթարների տարբեր փուլերում անձնակազմի գործողությունների ռազմավարությունը` ըստ էներգաբլոկի վիճակը բնութագրող հատկանիշների:

Անհրաժեշտ է ցույց տալ, որ ծանր վթարների կառավարման ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարումն ապահովում է վթարների զարգացման կանխումը կամ զգալիորեն մեղմացնում է դրանց հետևանքները:

Եզրակացության մեջ պետք է ցույց տալ, որ ՀԱԷԿ-ում ներդրվել են բոլոր հնարավոր միջոցները` կանխելու համար ծանր վթարի զարգացումը և սահմանափակելու ռադիոակտիվ նյութի արտանետումը դեպի շրջակա միջավայր, և մշակված միջոցառումներն իրատեսական են ու արդյունավետ:

Հավանականային գնահատումը

Պետք է կատարվի ՀԱԷԿ-ի անվտանգության հավանականային գնահատում: Տվյալ բաժնում պետք է նկարագրել անվտանգության հավանականային գնահատման շրջանակները, օգտագործված մեթոդները և ստացված արդյունքները` ընդգրկելով առաջին և երկրորդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատումը: Պետք է նշել օգտագործված անվտանգության հավանականային գնահատման մեջ կիրառված քանակական չափանիշներ կամ նպատակներ:

Տվյալ բաժնում պետք է նկարագրել անվտանգության հավանականային գնահատման ամփոփ արդյունքները: Այդ արդյունքները պետք է ներկայացվեն այնպես, որպեսզի հստակ նշված լինեն ՀԱԷԿ-ի նախագծին բնորոշ քանակական ռիսկերը և առավել կարևոր ներդրում ունեցող վթարային սցենարները:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 2013-Ն
Որոշում