Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները` ըստ տիպերի, ինչպես նաև սահմանում է այդ հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

 

Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հետևյալ հուշարձանները.

1) հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները` իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

ա) քարեդարյան բացօթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները,

բ) բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները (բերդշեները), ամրոցները, դրանց հատվածները, պաշտպանական պարիսպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները, գետնուղիներն ու ամրաշինական այլ կառույցներ,

գ) մեգալիթյան կոթողները` մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, սահմանաքարեր,

դ) ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները,

ե) հնագիտական մշակութային շերտերը,

զ) դամբարանները, դամբարանադաշտերը, դամբարանաբլուրները, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը,

է) այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները` մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը,

ը) չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտական կառույցները` ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ, ջրանցույցներ,

2) նոր և նորագույն ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները` իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծված պատմամշակութային և բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները, հուշահամալիրները, հուշակոթողները,

բ) պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների օգտագործման ձևերը

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված` պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջության նպատակներով:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների հետազոտման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միայն հուշարձանի` որպես պատմամշակութային արժեքի առավելագույն բացահայտմանը և պահպանմանը` անհրաժեշտ նվազագույն միջամտություններով:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա նոր ու նորագույն ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների օգտագործման ձևերը

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ: Ժամանակակից օգտագործման նպատակահարմարությունից ելնելով` դրանք օրենքով կարող են նաև մասնակիորեն փոփոխվել, արդիականացվել` չխաթարելով հուշարձանի տեսքը, պատմամշակութային արժեքը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա նորահայտ հուշարձանները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն են համարվում և օտարման ենթակա չեն նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված այն օբյեկտները, որոնք փորձագիտական եզրակացության հիման վրա դասվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հուշարձանների թվին և ենթակա են ընդգրկվելու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

2. Համայնքի, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում պատահականորեն հայտնաբերված հուշարձանների պահպանության խնդիրներն ու դրանց նկատմամբ գույքային իրավունքները կարգավորվում են օրենքով:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումների պետական գրանցումը

 

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումները, ինչպես նաև հուշարձանը այլ սեփականատիրոջ հողամասում գտնվելու պարագայում ծագող սերվիտուտները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 8. Անցումային դրույթներ

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` ապահովելով ցուցակում ընդգրկված հուշարձանների պահպանության ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի տրամադրումը:

2. Պետական ցուցակի հաստատումից հետո հուշարձանների պահպանության պետական լիազորված մարմինը երկու տարվա ընթացքում ապահովում է հուշարձանների և համապատասխան հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-531-Ն

 

 

pin
ՀՀ 11.04.2003
N ՀՕ-531-Ն օրենք