Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1048.300803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 1048-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում որակավորված հաշվապահի վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.03.18 թիվ 331-Ն որոշում)

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հաշվապահի որակավորման վկայականներն ուժի մեջ են մնում մինչև դրանցում նշված ժամկետը լրանալը:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարող են օգտվել սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացվող հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում քննության մասնակիցները:

(3-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ապահովագրական բյուրոների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա:

(4-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է օրենքներով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 25.11.04 թիվ 1695-Ն որոշում)

i

2. Հաշվապահների որակավորումն իրականացվում է հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմող) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա` բացառությամբ սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետում և 30-րդ կետում նշված անձանց, որոնց որակավորումն իրականացվում է առանց քննության:

(2-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

3. Դիմողների որակավորման քննությունների (այսուհետ` քննություն) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը:

(3-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

4. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր`

ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ

բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում` որպես գլխավոր հաշվապահ:

Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:

i

5. Քննությանը մասնակցելու համար դիմողն առձեռն կամ փոստով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`

ա) դիմում` համաձայն N 1 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում.

բ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

գ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

դ) երկու լուսանկար` 3x4 չափսի.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):

(5-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

6. Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:

(6-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

7. Քննություններն անցկացվում են պարբերաբար` հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամի (այսուհետ` հանձնաժողովի նախագահ) որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:

(7-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

8. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննության` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող կամ պետական տուրքի վճարման անդորրագիր չներկայացրած, ինչպես նաև մինչև քննության սկիզբը չներկայացած դիմողը համարվում է չներկայացած և չի մասնակցում տվյալ օրվա քննությանը:

i

9. Քննությունն անցկացվում է 2 փուլով` համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարից համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից (1-ին` թեստերի փուլի համար) և խնդիրներից (2-րդ` խնդիրների փուլի համար) կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սույն կետով սահմանված համամասնությունները:

Հարցաթերթիկի 1-ին` թեստերի փուլում ներառվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող 35, հաշվային պլանին` 10, հարկերին և այլ պարտադիր վճարներին` 20, տնտեսական իրավունքին և աուդիտին` 10 հարցեր (թեստեր), իսկ 2-րդ` խնդիրների փուլում` հարկերի և այլ պարտադիր վճարների, ֆինանսական վերլուծության և հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկուական (ընդամենը` 6) խնդիր:

Հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը), ինչպես նաև այն ծրագիրը, որի շրջանակում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները, հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով և հրապարակվում գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

(9-րդ կետը փոփ. 16.01.13 թիվ 67-Ն, 12.05.16 թիվ 490-Ն որոշումներ)

i

10. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը` հանձնաժողովի առնվազն երեք անդամի ներկայությամբ, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով: Քննության առաջին փուլն անցկացնելու նպատակով համակարգչային ծրագրի միջոցով յուրաքանչյուր դիմորդի համար ձևավորվում է առանձին հարցաթերթիկ` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետով սահմանված համամասնությունները: Քննության երկրորդ փուլի հարցաթերթիկները ևս ձևավորվում են նույն սկզբունքով, սակայն երեք տարբերակից, որոնցից հանձնաժողովի առնվազն երեք անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը տրամադրվում է դիմորդներին:

Համակարգչային ծրագիրն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները` ըստ յուրաքանչյուր դիմողի վաստակած միավորների քանակի և տոկոսի` յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Դիմողը քննության երկրորդ փուլ է անցնում, եթե առաջին փուլի առաջադրանքների կատարման արդյունքում հավաքել է առնվազն 54 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում` հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 14 միավոր, տնտեսական իրավունքի և աուդիտի վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 7 միավոր:

Հանձնաժողովը, քննության առաջին փուլն ավարտվելուց հետո համակարգչային ծրագրի տվյալների հիման վրա, ամփոփում է դիմողների աշխատանքների արդյունքները և, հաշվի առնելով սույն կետի պահանջները, ընդունում է որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության առաջին փուլի արդյունքները:

(10-րդ կետը փոփ. 16.01.13 թիվ 67-Ն որոշում)

11. Քննությունն անցկացվում է դռնբաց:

12. Մինչև քննության սկիզբը հայտարարելը հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը մասնակիցներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները մասնակիցներին բաժանելու ավարտը:

i

13. Քննության առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում: Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է մեկ ժամ երեսուն րոպե, իսկ երկրորդ փուլինը` երկու ժամ երեսուն րոպե: Քննության հարցերին պատասխանելու համար սույն կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է քննության թեստերի փուլում ավարտել աշխատանքը, իսկ խնդիրների փուլում` պատասխանները հանձնել հանձնաժողովին: Խնդիրների փուլում դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության խնդիրների փուլի արդյունքների ամփոփումից հետո: Հարցերի պատասխանները թեստերի փուլում նշվում են համակարգչում, իսկ խնդիրների փուլում` հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:

(13-րդ կետը փոփ. 16.01.13 թիվ 67-Ն որոշում)

i

14. Քննությունների ընթացքում մասնակցին թույլատրվում է օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման 3-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և (կամ) գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, այլ էլեկտրոնային սարքավորումներից ու ծածկաթերթիկներից:

(14-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

14.1. Սույն կարգի 14-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսի որոշմամբ մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):

(14.1-ին կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

14.2. Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: Մասնակցի` քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը` սույն կետի պահանջների խախտումը կանխելու նպատակով:

(14.2-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

15. Քննության արդյունքները գնահատվում են 105 միավորի սահմաններում: Ընդ որում` յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ խնդիրները հինգ միավորի սահմաններում` 0.1 տասնորդականի ճշտությամբ:

Թեստերի մասով սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:

(15-րդ կետը փոփ. 25.11.04 թիվ 1695-Ն, 16.01.13 թիվ 67-Ն որոշումներ)

i

16. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 84 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում` խնդիրներից` առնվազն 15 միավոր:

(16-րդ կետը փոփ. 16.01.13 թիվ 67-Ն, 12.05.16 թիվ 490-Ն որոշումներ)

i

17. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 16-րդ կետի պահանջները, քննությանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նաև նախարար)` հաստատման: Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ: Որակավորման տրամադրումը մերժվում է սույն կարգով նախատեսված մերժման հիմքերի առկայության դեպքում:

(17-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 331-Ն որոշում)

i

18. Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական (այսուհետ` վկայական): Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը` որակավորման մասին հրամանի ընդունման օրվանից` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն, 29.03.18 թիվ 331-Ն որոշումներ)

i

19. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով, իսկ սույն կարգի 30-րդ կետում նշված անձանց` մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող փաստաթղթի վավերականության ավարտը:

(19-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

20. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին: Եթե փաստերն այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը, ապա հանձնաժողովը 10-օրյա ժամկետում կազմում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում նախարարին` հաստատման: Նախարարը ներկայացված եզրակացության հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրաման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ:

(20-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 331-Ն որոշում)

21. Քննության արդյունքներով չորակավորված, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմողը քննությանը նորից կարող է մասնակցել սույն կարգով սահմանված պայմաններով:

i

22. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` ներկայացնելով գրավոր դիմում քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ներկայացնելով գրավոր դիմում քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 23 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը բողոքարկման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկող մասնակցին տեղեկացնում են բողոքարկման արդյունքների վերաբերյալ: Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել նաև դատական կարգով:

(22-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

i

23. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում որակավորված հաշվապահը կարող է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով, և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել հանձնաժողովին:

Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված հաշվապահը դիմումի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված հաշվապահին է տրվում «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական` սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(23-րդ կետը փոփ. 25.11.04 թիվ 1695-Ն, 12.05.16 թիվ 490-Ն որոշումներ)

i

24. Համապատասխան ստորաբաժանումը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան, որում լրացվում են դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, դիմումի գրանցման համարը, նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին, նախարարի համապատասխան հրամանի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը, որակավորման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:

(24-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 331-Ն որոշում)

i

25. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահի որակավորման վկայական ունեցող անձանց ցանկը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում` վկայականի տրամադրմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

(25-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

26. Քննության արդյունքում որակավորված անձինք (այսուհետ` որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում հինգ տարի ժամկետով հաշվապահի որակավորման նոր վկայական ստանալու համար իրենց ընտրությամբ կարող են`

1) սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով մասնակցել հաշվապահների որակավորման քննությանը, կամ

2) հաշվապահի որակավորման վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա. դիմում` համաձայն N 2 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում,

բ. դիմելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում լիազոր մարմնի կամ մասնագիտացված կառույցի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացներին նվազագույնը 40 ժամ մասնակցած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը: Վերապատրաստման դասընթացները պետք է կազմակերպված լինեն հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, ֆինանսական վերլուծության, հարկային, տնտեսական իրավունքի վերաբերյալ օրենսդրության շրջանակներում: Վերապատրաստման դասընթացներին մասնակցություն է համարվում նաև մասնագիտական դասընթացների, սեմինարների, դասախոսությունների վարումը, ինչպես նաև մասնագիտական խորհրդակցություններին, դասընթացներին, սեմինարներին և գիտաժողովներին մասնակցությունը կամ հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի` որակավորված անձանց որակավորման վկայականի գործողության ժամկետում առնվազն չորս տարվա աշխատանքը,

գ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

դ. երկու լուսանկար` 3 x 4 չափսի:

(26-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

27. Որակավորված անձանց որակավորման վկայականները տրվում են սույն կարգի 26-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

(27-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

28. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է (նշելով մերժման հիմքերը) որակավորված անձանց որակավորման վկայականի տրամադրումը, եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած որակավորված անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է թերի` բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը որակավորման վկայականի տրամադրման մերժման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

29. Եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած որակավորված անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Եթե սահմանված ժամկետում դիմողի կողմից ցանկը չի համալրվում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է որակավորված անձանց որակավորման վկայականի տրամադրումը և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` դիմողի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(29-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

30. Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) կամ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը կամ ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ ունեցող անձանց (այսուհետ` հավաստագիր ունեցող անձ) որակավորումն իրականացվում է առանց քննության: Որակավորման վկայական ստանալու համար հավաստագիր ունեցող անձն առձեռն կամ փոստով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`

1) դիմում` համաձայն N 2 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում.

2) Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենը կամ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը կամ ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) երկու լուսանկար` 3 x 4 չափսի:

(30-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

31. Հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականները տրվում են սույն կարգի 30-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

(31-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

32. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է (նշելով մերժման հիմքերը) հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականի տրամադրումը, եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած հավաստագիր ունեցող անձի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են` բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը որակավորման վկայականի տրամադրման մերժման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(32-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

33. Եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած հավաստագիր ունեցող անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Եթե սահմանված ժամկետում դիմողի կողմից ցանկը չի համալրվում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականի տրամադրումը և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` դիմողի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(33-րդ կետը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ՀՀ ֆինանսների նախարար

պրն _______________________-ին

(անունը, ազգանունը)

______________________________________ -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N ___________

 

ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

Հաշվապահի որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Կից ներկայացնում եմ (նշել համապատասխան վանդակներում)`

[] կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

[] աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

[] երկու լուսանկար` 3x4 չափսի.

[] պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը [][][][][][][][][][][][][][][][][][][][]:

 

Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու հաշվապահների որակավորման քննությանը:

___________________________________________________________________

                  (դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

___________________________________________________________________

(քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ում կողմից է

տրված և երբ)

___________________________________________________________________

                  (բնակության վայրը, հեռախոսահամարները)

 

Առդիր` ____ թերթ:

 

    Դիմող ___________________      ____ _______________20___թ.

          (ստորագրությունը)

 

(1-ին ձևը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՀՀ ֆինանսների նախարար

պրն _______________________-ին

(անունը, ազգանունը)

______________________________________ -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N ___________

 

ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Հաշվապահի որակավորման վկայական ստանալու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 26-րդ կամ 30-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Կից ներկայացնում եմ (նշել համապատասխան վանդակներում)`

[] Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

[] որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

[] ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

[] դիմելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում նվազագույնը 40 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

[] անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

[] երկու լուսանկար` 3 x 4 չափսի:

Խնդրում եմ տրամադրել ինձ հաշվապահի որակավորման վկայական:

__________________________________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

__________________________________________________________________________

(քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ում կողմից է

տրված և երբ)

__________________________________________________________________________

                  (բնակության վայրը, հեռախոսահամարները)

 

Առդիր` ____ թերթ

 

    Դիմող _________________     ____ _______________20___թ.

           (ստորագրությունը)

 

(2-րդ ձևը լրաց. 12.05.16 թիվ 490-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2003 թվականի օգոստոսի 8-ի

N 1048-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

 

.__________.    ______________________________________________________

|  Ն.Տ.    |           (հաշվապահի անունը, հայրանունը, ազգանունը)

|          |

.__________. Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է մինչև 20XX թ. ________ _____ -ը ներառյալ:

 

______________________________________________________________________

(հաշվապահի քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

Հանձնաժողովի նախագահ _________________ __________________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

(2-րդ հավելվածը լրաց. 29.03.18 թիվ 331-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2003
N 1048-Ն
Որոշում