Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ, 221.2-ՐԴ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1894(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                   2006թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2146/2006թ.

Նախագահող դատավոր` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. նոյեմբերի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքն ըստ հայցի «Արդիմպեքս» ՍՊԸ-ի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականին կայացրած վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով տնտեսական դատարան` «Արդիմպեքս» ՍՊԸ-ն պահանջել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ից բռնագանձել 1.121.950.181 ՀՀ դրամ գումար` որպես անհիմն հարստացմամբ ստացված եկամուտ:

ՀՀ տնտեսական դատարանի 02.08.2006թ. վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն:

Պատասխանող ընկերությունը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ գործով առաջին դատական նիստը նշանակվել է հայցադիմումը պատասխանողի կողմից ստանալու օրվան հաջորդող 9-րդ օրը և պատասխանողի բացակայությամբ գործի քննության արդյունքում կայացվել է վճիռ:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ պարբերությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.2-րդ հոդվածով նախատեսված, տնտեսական դատարանում գործի քննության մեկամսյա ժամկետը նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության նպատակների համար դատավարական կրճատ ժամկետ է համարել:

Դատարանի կողմից տրված մեկնաբանությունից բխում է, որ տնտեսական դատարանում քննվող գործերով պատասխանողը հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականություն չունի, այլ ունի նման իրավունք: Եթե տնտեսական դատարանում քննվող գործով պատասխանողը չունի այդպիսի պարտականություն, կնշանակի տնտեսական դատարանն էլ իրավասու չէ գործի նյութերով վճիռ կայացնելու, քանի որ դատարանի` գործի նյութերով վճիռ կայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասության իրականացումը հնարավոր է պատասխան ներկայացնելու դատավարական պարտականության չկատարելու դեպքում միայն: Դա հաստատվում է նրանով, որ 95-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքի վրա հասնելու համար ուղղակիորեն հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասի միայն առաջին պարբերությանը: Հետևաբար, տնտեսական դատարանը գործի նյութերով վճիռ կայացնել կարող էր միայն երկշաբաթյա ժամկետի լրացած լինելու և այդ ժամկետում հայցադիմումի պատասխան չներկայացնելու պարագայում:

Բողոք բերած անձի կարծիքով, տնտեսական դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի 1-ին պարբերությունը և մինչև վճիռ կայացնելը հնարավորություն ընձեռներ պատասխանողին կատարելու հայցադիմումի պատասխան ներկայացնելու իր դատավարական պարտականությունը, մինչդեռ սխալմամբ կիրառել է նույն մասի 3-րդ պարբերությունը և հայցադիմումի ստացման օրվանից տասնօրյա ժամկետում ավարտել գործի քննությունը` վճիռը կայացնելով գործի նյութերով:

 

2) տնտեսական դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը կողմերի պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառել է արտապայմանագրային հարաբերություններում ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառելի նորմեր: Այսպես` դատարանը, հաստատված է համարել շինարարական կապալի պայմանագրով պատասխանողի ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտումը, այն է` 1.035.287.282 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով նյութերի ժամկետանց մատակարարումը հայցվորին, սակայն նշված գումարը դատարանը դիտել է որպես պատասխանողի կողմից հայցվորի հաշվին խնայված գույք և ապա կիրառել անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոնները` կետանցման ժամանակամիջոցի համար հօգուտ հայցվորի բռնագանձելով այն բոլոր եկամուտները, որը ստացել է կամ կարող էր ստանալ հայցվորը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերող), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը):

Նշված հոդվածից բխում է, որ մասնավորապես անհիմն խնայողության հիմքով ծագած պարտավորության կողմերից մեկը` ձեռք բերողը պետք է ծախսած լիներ համապատասխան միջոցներ, սակայն դա չի արել, գույքային կորուստ չի կրել և նրա գույքի ծավալը չի նվազել, այսինքն` խնայել է գույքը: Սակայն միայն գույքի խնայումն ինքնին բավարար չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ Հոդվածի իմաստով այն որպես անհիմն խնայողություն դիտել: Անհրաժեշտ է ևս մեկ կարևոր տարրի առկայություն, այն է` գույքի խնայողությունը պետք է լինի այլ անձի հաշվին: Բացի այն, որ անհիմն խնայողին պատկանող գույքի ծավալի նվազում կամ գույքային կորուստ տեղի չի ունենում, թեև դա պետք է լիներ, անհրաժեշտ է նաև որպեսզի նվազի այլ անձին պատկանող գույքի ծավալը (մեկ ուրիշը պետք է նրա փոխարեն գույք փոխանցի), այսինքն` մեկի հարստացումը տեղի ունենա մյուսի հաշվին:

Բողոք բերած անձի կարծիքով, տնտեսական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի կիրառումը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.08.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել տնտեսական դատարան` այլ կազմով նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն` հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործով տնտեսական դատարանը հայցադիմումը պատասխանողին ուղարկելով 24.07.2006 թվականին` գործի քննությունը նշանակել է 02.08.2006 թվականին` հնարավորություն չտալով պատասխանողին օգտվելու օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից: Դրա արդյունքում անձը զրկվել է ոչ միայն հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու դատավարական հնարավորությունից, այլև ընդհանրապես դատաքննությանը մասնակցելու և դատավարական օրենքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, քանի որ ունենալով հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն, անձը ողջամտորեն կարող էր դատարանից ակնկալել իր գործի քննության նշանակում առնվազն այդ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո: Ավելին, նույն հոդվածով սահմանված դրույթը անձին իրավունք է վերապահում ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Սա ևս հիմնավորում է այն եզրակացությունը, որ դատարանը պարտավոր է դատական նիստ նշանակել ոչ շուտ, քան այդ երկշաբաթյա ժամկետի լրանալը:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի երրորդ պարբերությամբ սահմանված դրույթին այն մասին, որ պատասխանողը մինչև գործի քննությունն իրավունք ունի դատարան և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու հայցադիմումի վերաբերյալ պատասխան` օրենքով գործերի քննության և լուծման երկամսյա ժամկետի համեմատ ավելի կրճատ ժամկետներ սահմանված լինելու դեպքում, ապա նշված դրույթը սույն գործով իրականացվող դատավարության նկատմամբ կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.2-րդ հոդվածի համաձայն` տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում: Հաշվի առնելով այս նորմում գործի քննության որոշակի պարտադիր ժամկետ սահմանված չլինելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանն այն մեկնաբանում է ոչ թե որպես տնտեսական դատարանի քննությանը ենթակա քաղաքացիական գործերի քննության համար կրճատ ժամկետ սահմանող նորմ, այլ որպես նորմ, որով օրենսդիրը հայտարարում է իր տեսակետը` տնտեսական գործերի արագ քննության անհրաժեշտության մասին:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ պարբերությունը սույն դատավարության նկատմամբ կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը և սխալ մեկնաբանելով նույն հոդվածի առաջին մասի 3-րդ պարբերությունը, պատասխանողին զրկել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):

 

2. բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:

Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել` կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

 

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատական ակտը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.08.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Նոր քննության արդյունքում կայացված վճռով լուծել դատական ծախսերի բաշխման հարցը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.11.2006
N 3-1894(ՏԴ)
Որոշում