Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 53-ՐԴ, 225-227-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՀԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1922(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                   2006թ.

Նախագահող դատավոր` Ա. Բարսեղյան

Քաղաքացիական գործ թիվ Տ-2095/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի վճռի դեմ` ըստ «Էրեբունի Ալկո» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ Ծառայության` ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ծառայության պետի 11.05.2006 թվականի թիվ 1103727 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքներով կազմվել է թիվ 1103727 ակտը, որով վճարման է առաջադրվել 38.099.200 ՀՀ դրամ: Պատճառաբանելով, որ ստուգող տեսուչների կողմից խախտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների պահանջներ, և անհիմն կերպով կիրառել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները, խնդրել է անվավեր ճանաչել նշված ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ծառայությունը:

Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Գործում առկա են թվով 18 սպառող կազմակերպություններում կատարված հանդիպակաց ստուգումների արդյունքում վերցված համապատասխան հայտարարությունները և արձանագրությունները, 17.05.2006 թվականի արձանագրությունը, ինչպես նաև Ընկերության պահեստապետ Պետրոս Մխիթարյանի կողմից 17.05.2006 թվականի տրված հայտարարությունը և այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են դիմողի` ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 և 315 որոշումներով հաստատված կարգերի պահանջների խախտումները:

2) Դատարանը սխալ է կիրառել ՀՀ կառավարության կողմից 31.07.1997 թվականի թիվ 314 և 315 որոշումներով հաստատված կարգերը, ինչի հետևանքով չի կիրառել նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը:

ՀՀ կառավարության 31.07.1997թ թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` «Տնտեսվարող սուբյեկտի կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող ... ամբողջ արտադրանքը և ապրանքները ...:», «Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսվարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:»: Այսինքն` վերոհիշյալ կարգը սահմանել է կատարման ենթակա պարտադիր պայման, որի չկատարումն առաջացրել է օրենքով սահմանված տույժերի կիրառում («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված): Դիմող կողմը ոչինչ չի ներկայացրել, իսկ դատարանը ոչինչ չի քննել վիճարկվող ակտով արձանագրված մեկ այլ` սահմանված կարգով գրանցված գներից բարձր գներով ապրանքների իրացման համար առաջադրված տույժի վիճարկման մասին, սակայն ակտն անվավեր է ճանաչվել ամբողջությամբ:

3) ՀՀ տնտեսական դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-227-րդ հոդվածների պահանջները:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի թիվ Տ-2095 վճիռը բեկանել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 11.05.2006 թվականի թիվ 1103727 հանձնարարագրի հիման վրա դիմողի մոտ կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների ճշտության ստուգում.

2) 30.05.2006 թվականին կազմվել է թիվ 1103727 ստուգման ակտը (այսուհետ` ակտ), որով Ընկերությանն առաջադրվել է 38 099 200 ՀՀ դրամի պարտավորություն.

3) ակտով տեսուչներն արձանագրել են, որ «Ընկերության մոտ սույն թվականի մայիսի 1-ից առ 17-ն առկա էին ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ սահմանված կարգով գրանցված գներից բարձր գներով իրացված ապրանքներ, ընդհանուր գումարով գների տարբերությունը կազմեց 7 269 200 դրամ և ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ սահմանված կարգով չգրանցված առաքված ապրանքներ, ընդհանուր գումարով 72 563 900 դրամի: Վերոհիշյալ սահմանված կարգերի խախտումները բացահայտվել և հաշվարկվել են Ընկերության թվով 18 սպառող կազմակերպությունների մոտ կատարված հանդիպակաց ստուգումների արդյունքների և Ընկերության «Առաքվող, տեղափոխվող ապրանքների» թիվ 496/376 գրքերի համեմատությունից, ինչպես նաև ստուգման ընթացքում կատարված գույքագրման, վերցված հայտարարությունների, արձանագրությունների հիման վրա».

4) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառմամբ ստուգող տեսուչների կողմից բարձր գներով իրացված ապրանքների գծով առաջացած գների տարբերությունից հաշվարկվել է 1 817 300 ՀՀ դրամ տուգանք, իսկ սահմանված կարգով չգրանցված, առաքված ապրանքների ընդհանուր արժեքից հաշվարկվել է 36 281 900 ՀՀ դրամ տուգանք` 50 տոկոսի չափով:

5) ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված կարգով Ընկերությանը տրված գրքում առաքված ողջ ապրանքը գրանցված է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` 1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի էությունը հանգում է դատարանի պարտականությանը` յուրաքանչյուր կողմի համար ապահովելու գործի փաստական հանգամանքների ներկայացման այնպիսի հնարավորություն, որը` համեմատած մյուս կողմի համանման հնարավորության հետ, նվազ բարենպաստ չլինի: Սույն գործով ՀՀ տնտեսական դատարանի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջներն ամբողջությամբ, քանի որ կողմերի համար ստեղծվել են հավասար հնարավորություններ գործի փաստական հանգամանքները ներկայացնելու և իրենց դատավարական այլ իրավունքներն իրականացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ծառայությունը որպես իր պահանջները հիմնավորող հանգամանքներ ՀՀ տնտեսական դատարան է ներկայացրել Ընկերությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ հանձնարարագիրը և արձանագրությունը, թիվ 1103727 ստուգման ակտը, թվով 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարագրերը, տնտեսվարող սուբյեկտների հայտարարությունները, համապատասխան արձանագրությունները, Պետրոս Մխիթարյանի կողմից արված հայտարարությունը, ինչպես նաև Ընկերության թիվ 496/376 և 94/699 գրանցման գրքերը:

Ստուգում իրականացնելու վերաբերյալ հանձնարարագրերին և ստուգման արդյունքների ամփոփման ակտերին (տեղեկանքներին) ներկայացվող պահանջներն ամրագրված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով: Դատարանը ներկայացված ապացույցները թույլատրելիությունը գնահատելիս պետք է կիրառեր նշված իրավական ակտի նորմերը: Այս առումով ՀՀ տնտեսական դատարանը եկել է այն եզրակացության, որ հանդիպակաց ստուգումների արդյունքում ստացած տեղեկությունները ստուգող տեսուչների կողմից ձեռք են բերվել գործող օրենսդրության նորմերի խախտմամբ: Մասնավորապես, խախտվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասի պահանջները, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն այն մասին, որ ստուգման արդյունքում բոլոր դեպքերում պետք է կազմվի ամփոփիչ ակտ կամ տեղեկանք, ինչը բացակայում է վկայակոչվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերում:

Պատասխանողը դատաքննության ժամանակ չի ներկայացրել որևէ թույլատրելի ապացույց, որը կարող էր հիմնավորել հանդիպակաց ստուգումների արդյունքները:

Ինչ վերաբերում է Պետրոս Մխիթարյանի կողմից տրված բացատրությանը, ապա ՀՀ տնտեսական դատարանի գնահատականներն այս առումով համապատասխանում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի կանոններին, քանի որ նախ, այդ բացատրությունում կան անհստակություններ` կապված ամսաթվի և բացատրությունում տրված տեղեկությունների հավաստիության հետ (մասնավորապես, գործի նյութերով հաստատված չէ Ընկերությունում Արսեն անունով աշխատակից ունենալու հանգամանքը): Երկրորդ, այս բացատրության արժանահավատությունը դատարանը գնահատել է գործով մյուս ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության և գնահատման արդյունքում, մասնավորապես, վերը նշված տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ստուգումների արդյունքների:

 

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 

Գործով հաստատված է, որ Ընկերությունը սահմանված կարգով գրանցել է վաճառվող արտադրանքը գրանցման թիվ 94/699 գրքում:

Թիվ 496/376 գրանցման գրքում Ընկերությունը ոչ թե չի գրանցել առաքվող ապրանքը, այլ այն գրանցել է սահմանված կարգի խախտմամբ: Ընկերության աշխատակիցների միջոցով ապրանքի իրացման դեպքում թիվ 496/376 գրանցման գրքում որպես գնորդ նշվել է ապրանքը փաստացի ստացողը: Ընկերության ֆիրմային խանութի միջոցով ապրանքների իրացման դեպքում թիվ 496/376 գրանցման գրքի 8-րդ սյունակում որպես գնորդ նշվել է ֆիրմային խանութը, ինչն ըստ էության մեխանիկական սխալ է, քանի որ ֆիրմային խանութն այս դեպքում հանդես չի եկել որպես գնորդ, այլ հանդիսացել է ապրանք ստացող ներքին տեղափոխության արդյունքում: Նման կարգավորում է նախատեսված ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման 15-րդ կետի «ա» ենթակետով:

Սույն գործով չկան բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեին իրավախախտման սուբյեկտի կողմից համապատասխան գործողությունների կատարման (անգործության դրսևորման) փաստը: Այսինքն` դատական քննության ընթացքում պատասխանողի կողմից չի հիմնավորվել հարկային իրավախախտման օբյեկտիվ կողմի առկայությունը: Միայն այն հանգամանքը, որ գրանցման գրքերում մեխանիկական սխալ է տեղի ունեցել, հիմք չէ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառման համար: Ընկերությանը պատկանող ապրանքները գրանցված են եղել գրանցման թիվ 94/699 գրքում, իսկ դրանց առաքման փաստը գրանցվել է թիվ 496/376 գրանցման գրքում:

Սահմանված կարգով գրանցված գներից բարձր գներով ապրանքների իրացման համար առաջադրված տույժի մասով ակտը դիմողի կողմից չվիճարկելու և դատարանի կողմից դրան չանդրադառնալու մասին բողոքի պատճառաբանությունն առարկայազուրկ է, քանի որ ինչպես դիմողն իր դիմումում /գ.թ. 4-5/, այնպես էլ դատարանն իր պատճառաբանություններում /գ.թ. 124/ մանրամասն անդրադարձել են այդ հարցին:

 

3) բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-227-րդ հոդվածները ՀՀ տնտեսական դատարանի կողմից օբյեկտիվորեն չեն կարող խախտվել, քանի որ այդ նորմերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում կիրառվում են միայն Վճռաբեկ դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1922(ՏԴ)
Որոշում