Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2007  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0035.130107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետից, 12-րդ հոդվածի 2-րդ մասից, 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերից, 14-րդ հոդվածի 2-րդ մասից, 15-րդ հոդվածի 2-րդ մասից, 16-րդ հոդվածի 3-րդ մասից, 17-րդ հոդվածի 2-րդ մասից, 18-րդ հոդվածի 2-րդ մասից, 19-րդ հոդվածի 3-րդ մասից, 20-րդ հոդվածի 2-րդ մասից, 32-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից, 43-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունից, 44-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից, 62-րդ հոդվածի 1-ին մասից, 80-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներ» բառերը և դրանց հոլովաձևերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր).»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ մասերից հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:».

բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.

7) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

10) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

11) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 10-րդ հոդվածը:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:».

բ) 2-րդ մասը «որոշումները» բառից հետո լրացնել «և եզրակացությունները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:».

բ) 2-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ:

Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են վավերացված պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են իրավական այլ ակտերով, ապա կիրառվում են հաստատված պայմանագրերի նորմերը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում «տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «համայնքային» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 25. ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կարգավորող հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարների, մարզպետների, Երևանի քաղաքապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրենց իրավաստեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գերատեսչական նորմատիվ ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային տարբերակը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձին դեպքերում հայերեն հապավումների և (կամ) տերմինների հետ միաժամանակ` փակագծերում, կարող են կիրառվել միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ և (կամ) տերմիններ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 41-րդ հոդվածի 2-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր և համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով: Բաժինների և գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագրեր չեն ունենում:

Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

4. Իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

5. Իրավական այլ ակտերում կետերը և ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ պարբերությունները` հայերենի այբուբենի փոքրատառերով:

6. Իրավական այլ ակտերի կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, ենթակետերը` փակագծերով, իսկ պարբերությունները` միջակետով:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը «ինքնակառավարման» բառից հետո լրացնել «մարմինների» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 45-րդ հոդվածում`

i

ա) 4-7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ՈՒժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում:

5. Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

6. Իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում:

7. Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այս դեպքում ևս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարի փոփոխություն չի կատարվում:».

բ) 12-րդ մասը «կետերի» բառից հետո լրացնել «, ենթակետերի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 49-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են անհապաղ, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:».

բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պատերազմ հայտարարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:»:

 

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ընդունմանը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները` դրանց վավերացմանը հաջորդող 5 օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ընդունվելուց, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները` դրանք վավերացվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «խորհրդի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 61.1. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ

 

1. Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման:

2. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գյուղական և քաղաքային համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 30. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

 

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում`

i

ա) առաջին պարբերությունը «կատարել» բառից հետո լրացնել «իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև» բառերով.

բ) երկրորդ պարբերությունը «ենթարկվել» բառից հետո լրացնել «իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 74-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտը կարող է տարածվել նաև այդ ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի իրավական ակտ չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտով անվավեր ճանաչված իրավական ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` իրավական ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված իրավական ակտերը ենթակա են վերանայման իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Եթե որևէ նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա համապատասխան մարմինը կարող է հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

2.2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ճանաչվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը պետք է ունենա ընդունման օր, հերթական համար և վերնագիր:»:

 

ՀՈԴՎԱԾ 36. Օրենքի 92-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:».

բ) 2-րդ մասի «Սույն» բառը փոխարինել «Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2007 թվականի

ՀՕ-35-Ն

 

 

pin
ՀՀ 25.12.2006
N ՀՕ-35-Ն օրենք