Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ * ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

(4-ը նոյեմբերի, 1950թ., Հռոմ)

(2-րդ մաս)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

 

(20-ը մարտի, 1952թ., Փարիզ)

 

Սույն Արձանագրությունը ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ` ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) I բաժնում արդեն ընդգրկվածները,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս:

 

ՀՈԴՎԱԾ 4.*1 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն` նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություն հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին:

Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

 

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:

Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:

 

Կատարված է Փարիզում 1952թ. մարտի 20-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր կառավարության:

 

--------------------

        Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ

        Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների համաձայն` 1998 թ.

        նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:

*1  Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների

համաձայն:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և նրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

 

(16-ը սեպտեմբերի, 1963 թ., Ստրասբուրգ)

 

Սույն Արձանագրությունն ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ` ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) I բաժնում և նրան կից` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված թիվ 1 արձանագրության 1-3-րդ հոդվածներում արդեն ընգրկվածները,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՊԱՐՏՔԻ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Ոչ մեկին չի կարելի անհատապես կամ կոլեկտիվ կերպով արտաքսել այն պետության տարածքից, որի քաղաքացին է նա:

2. Ոչ մեկին չի կարելի զրկել այն պետության տարածք մուտք գործելու իրավունքից, որի քաղաքացին է նա:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է սույն Արձանագրությունը ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն` նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

2. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություններ հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին:

3.*1 Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:

4. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու կամ ընդունվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է սույն հոդվածին համապատասխան այդ պետության հայտարարության ուժով, 2-րդ և 3-րդ հոդվածների նպատակների համար համարվում է ինքնուրույն տարածք:

5.*2 Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի` առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-4-րդ բոլոր կամ ցանկացած հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6.*1 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

 

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:

2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:

Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 1963 թ. սեպտեմբերի 16-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

--------------------

        Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ

        Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների համաձայն` 1998 թ.

        նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:

*1  Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների

համաձայն:

*2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների

համաձայն:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

 

(22-ը նոյեմբերի, 1984 թ., Ստրասբուրգ)

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը,

լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետև` Կոնվենցիա) միջոցով,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման: Նա պետք է հնարավորություն ունենա`

ա. փաստարկներ ներկայացնելու իր արտաքսման դեմ,

բ. վերանայել տալու իր գործը, և

գ. այդ նպատակով ներկայացվելու իրավասու մարմնի կամ այդ մարմնի նշանակած մեկ կամ մի քանի անձանց առջև:

2. Օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ, կամ երբ տվյալ անձը դատվել է ամենաբարձր ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտված է եղել այդ անձի արդարացման դեմ վճռաբեկ գանգատի քննարկումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՍԽԱԼ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՉԴԱՏՎԵԼՈՒ ԵՎ ՉՊԱՏԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:

3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինները հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում: Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ իր վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց վրա տարածվում է սույն Արձանագրության գործողությունը, և նշել այն ծավալը, որով տվյալ պետությունը պարտավորվում է սույն Արձանագրության դրույթները կիրառել այդ տարածքի կամ տարածքների նկատմամբ:

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ, ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որն սկսվում է նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել կամ փոփոխվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումը կամ փոփոխվելն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որն սկսվում է նման ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո:

4.*1 Սույն հոդվածի համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:

5. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու, ընդունվելու կամ հաստատվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության` սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով, 1-ին հոդվածում պետության տարածքը վկայակոչելու նպատակով կարող են դիտվել որպես առանձին տարածքներ:

6.*2 Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի` առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից` սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

 

Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետություն, 8-րդ հոդվածի համապատասխան, իրենց համաձայնությունն են հայտնում սույն Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ:

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՎԱՆԴԱՊԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ծանուցում է`

ա. ցանկացած ստորագրման մասին, հավանության արժանացման,

բ. վավերագիրը, ընդունման կամ փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ. 6-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 1984 թ. նոյեմբերի 22-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

--------------------

        Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ

        Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների համաձայն` 1998 թ.

        նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:

*1  Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների

համաձայն:

*2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS Nօ. 155) դրույթների

համաձայն:

 

 

pin
ԵՎրոպայի խորհուրդ
04.11.1950
Կոնվենցիա