Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ ...

 

 

020.0700.080507

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24 ԳԼԽԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 մայիսի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ռ. Թորոսյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ռ. Թորոսյանի` 09.04.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին: Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ին:

2002թ. փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի վերնագիրը վերաշարադրվել է. «Ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը»:

Նույն օրենքին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի վերաշարադրված 153 հոդվածը սահմանում է.

«Քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)` գտնելով, որ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձանց կամ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը, կարող է դիմել քաղաքացիական գործեր քննող դատարան:

Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով քաղաքացիական գործեր քննող դատարան կարող են դիմել տեղական հանրաքվեն նախաձեռնող խումբը և տեղական ինքնակառավարման մարմինը: Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը»:

 

Վերաշարադրված 154 հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքի 153 հոդվածի առաջին մասում նշված դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ:

Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճի մասին դիմումը պետք է քննվի ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

2. Դատարանը դիմումը քննում է դիմողի և համապատասխան ընտրական հանձնաժողովի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար»:

 

155 հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի վճիռը, որով հաստատվել է քաղաքացու կամ կուսակցության (կուսակցությունների միավորման) ընտրական իրավունքի խախտումը, հիմք է ընտրողների ցուցակում ուղղումներ կատարելու, թեկնածուին գրանցելու կամ կուսակցությանը (կուսակցությունների միավորմանը) ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցող կազմակերպությունների թվում ներառելու, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավունքի այլ խախտումները վերացնելու համար:

2. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

3. Դատարանի վճիռը պատշաճ ձևով ուղարկվում է համապատասխան պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին կամ ընտրական հանձնաժողով»:

2. Ըստ վերջնական դատական ակտի` 04.02.2007թ. «Արմենիա» հեռուստաընկերությունը ընդարձակ հարցազրույց է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ: Դիմող կողմը գտնելով, որ այդ հաղորդումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների ուղղակի և կոպիտ խախտում է, այն է` «ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում արգելվում է ՀԸ-ների կողմից հեռարձակել քաղաքական և այլ քարոզչական նյութ...», և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ըստ դիմողի, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածի 9-րդ կետի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 71 և 72 հոդվածների պահանջները, միջոցներ չի ձեռնարկել այդ իրավախախտման հետևանքների վերացման ուղղությամբ, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 30 և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3 հոդվածներով սահմանված` ազատ ընտրություններին մասնակցելու իր իրավունքը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի պահանջներով, 05.02.2007թ. դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը ճանաչել անվավեր և պարտադրել նրան միջոցներ ձեռնարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետևանքների վերացման ուղղությամբ:

Դատարանը 07.02.2007թ. որոշում է ընդունել «Դիմումի ընդունումը մերժելու մասին», գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված կարգով չի կարող քննության առնվել դիմող կողմի պահանջը:

Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան, դիմող կողմը խնդրել է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.02.2007թ. որոշումը` «Դիմումի ընդունումը մերժելու մասին»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատն իր` 02.03.2007թ. որոշմամբ բավարարել է բողոքը` վերացնելով առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը:

Ըստ էության քննության առնելով դիմումը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր` 27.03.2007թ. վճռով մերժել է պահանջը, պատճառաբանելով, որ որևէ ապացույց չի ներկայացվել, թե ինչում է կայանում դիմող կողմի ընտրելու իրավունքի խախտումը, իսկ «...միայն այդ մասին դիմումում նշելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ դիմողի ընտրելու իրավունքը խախտված լինելու փաստը հաստատված համարելու և այդ հիմքով այն բավարարելու համար»: Մերժելով դիմումը, դատարանը միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155 հոդվածը` նշել է, որ «... վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 19 և 30 հոդվածների` համապատասխանաբար «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու... արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից... իր գործի հրապարակային քննության իրավունք» և «... կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը... մասնակցելու իրավունք» դրույթներին, և դրանք անհրաժեշտ է անվավեր ճանաչել: Դիմողի կարծիքով, իրավակիրառական պրակտիկայում խառնաշփոթի և կամայական դրսևորումների պատճառ են դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված` «... քաղաքացիների և կուսակցությունների ընտրական իրավունքի պաշտպանություն» և «գտնելով, որ... խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը...» արտահայտությունները, որոնք, ըստ դիմումատուի, հավանաբար, շփոթեցնում են դատավորներին և ըստ նրա` իրավացիորեն բացակայում են ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 8-րդ կետում: Դիմող կողմը գտնում է նաև, որ օրենսգրքի վեճի առարկա դրույթները հնարավորություն չեն տալիս հստակորեն երաշխավորել ընտրական գործընթացի հետ առնչվող բոլոր տիպի վեճերի դատական քննությունը:

4. Պատասխանող կողմը, չընդունելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 19 և 30 հոդվածներով հստակ երաշխավորված են դատական պաշտպանության և ընտրական իրավունքների իրականացման հիմքերը: Եվ եթե ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին համապատասխան, յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները դատարանի կողմից վերականգնելու իրավունք, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթներն ապահովում են այդ գործընթացը և սահմանում դրա կարգը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթների` ՀՀ Սահմանադրության 30 հոդվածին հակասությանը, ապա տարբեր հարաբերություններ կարգավորող հիշյալ դրույթների միջև այդպիսի անհամապատասխանության մասին խոսք ընդհանրապես չի կարող լինել:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթները կարգավորում են ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը: Նկատի ունենալով, որ ընտրությունները ժամկետային գործընթաց են, օրենսդիրը սահմանել է այդ բնույթի դիմումների քննության հնարավոր կրճատ ժամկետներ: Մասնավորապես, օրենսգրքի 154 հոդվածը դատարանին պարտավորեցնում է ընտրական վեճերի վերաբերյալ գործերը քննության առնել դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի 155 հոդվածն ամրագրում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վեճերով դատարանի վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքի այս պահանջը նպատակ է հետապնդում վերացնել ընտրական իրավունքի խախտումները մինչև ընտրությունների ավարտը, այլապես խախտված իրավունքի վերականգնման վերաբերյալ դատարանի վճիռը կկորցնի իր իմաստը` դիմողը չի կարող մասնակցել ընտրություններին, ընտրել կամ ընտրվել: Հենց այս առանձնահատկությունը նկատի առնելով է, որ օրենսդիրն օրենսգրքի վիճարկվող գլուխը զետեղել է «Առանձին տեսակի գործերով վարույթների առանձնահատկությունները» բաժնի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում:

ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի ընձեռում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող գլխի կանոնները, սահմանելով նման բնույթի գործերի քննության սեղմ ժամկետներ և բացառելով վճռի բողոքարկումը, դատարանին հնարավորություն են տալիս ողջամիտ ժամկետում վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու, կուսակցության (կուսակցությունների միավորումների) ընտրական խախտված իրավունքները:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի (հոդվ. հոդվ. 153-155) դրույթները մեծ կարևորություն ունեն ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության և Սահմանադրության 4 հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքների ու 30 հոդվածում ամրագրված իրավունքների երաշխավորման համար: Ընտրական իրավունքի պաշտպանության առումով այդ դրույթները հավասարապես վերաբերում են ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ ընտրական իրավունքին: Նյութական իրավունքի ապահովումը երաշխավորող դատավարական այս նորմերն իրենց բնույթով ու առկա խմբագրությամբ չեն խոչընդոտում հատուկ հայցային վարույթի կարգով ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությանը` ընտրական գործընթացի ցանկացած փուլում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 24 գլուխը միայն ընդհանուր գծերով է կարգավորում տվյալ իրավահարաբերությունները` առանց հստակեցնելու հատուկ հայցային վարույթի ընթացակարգով ընտրական վեճերի լուծման կոնկրետ առանձնահատկությունները: Դրա հետևանքով իրավակիրառական պրակտիկայում տեղ են գտել տարաբնույթ մոտեցումներ, թե՛ դիմումի քննության ենթակայության և թե՛ դատական ակտի բողոքարկման կարգի առնչությամբ: Առկա է նաև անհամապատասխանություն ՀՀ ընտրական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի դրույթների (մասնավորապես` համապատասխանաբար` 40 և 153 հոդվածներ) միջև, որը դժվարություններ է առաջացնում ընտրական իրավունքի դատական պաշտպանության` ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի իրացման հարցում: Նման իրավիճակը կարող է հաղթահարվել օրենսդրական հստակեցումներ կատարելու, իսկ մինչ այդ` ՀՀ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի նորմերի մեկնաբանման և միասնական իրավակիրառական պրակտիկա ապահովելու ճանապարհով` երաշխավորելու համար ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը: Ինչ վերաբերում է վեճի առարկա դրույթների սահմանադրաիրավական բնույթին, ապա այդ դրույթները դիմումատուի հարցադրումների շրջանակներում` իրենց իրավական բովանդակության և իրավակարգավորման առարկայի առումով, սահմանադրականության խնդիր չեն առաջացնում և դրանց բացակայությունը կամ կասեցումը, ընդհակառակը, կվտանգի ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 մայիսի 2007 թվականի

ՍԴՈ-700

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.05.2007
N ՍԴՈ-700
Որոշում