Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 215-ՐԴ ԵՎ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-2442 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                   2006թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2434

Նախագահող դատավոր` Կ.Հակոբյան

    դատավորներ`        Վ.Ավանեսյան

                       Դ.Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով դիմող Մուրադ Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ըստ Մուրադ Հարությունյանի դիմումի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` նաև կադաստր) և Տարոնիկի գյուղապետարանի (այսուհետ` նաև գյուղապետարան)` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ 06-2434 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մուրադ Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել գյուղապետարանին հաստատելու կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գտնվող և Մուրադ Հարությունյանի կողմից օգտագործվող 1440 քմ մակերեսով հողամասի, այնտեղ գտնվող շինությունների վերաբերյալ իրավիճակային հատակագիծը, իսկ կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել վերը նշվածի հիման վրա գրանցել Մ.Հարությունյանի համապատասխան իրավունքները:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 16.02.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Մուրադ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 215-րդ հոդվածները:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

առաջին ատյանի դատարանին ներկայացված դիմումով Մ.Հարությունյանը դատարանից պահանջել է ճանաչել իր կողմից օգտագործվող 405 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը և պարտավորեցնել գյուղապետարանին` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողակտորը վաճառել իրեն, ինչպես նաև պարտավորեցնել կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը` սահմանված կարգով գրանցել իր սեփականության իրավունքը: Դատաքննության ընթացքում դիմողը փոխել է իր կողմից ներկայացված դիմումի հիմքն ու առարկան` դատարանին խնդրելով պարտավորեցնել գյուղապետարանին հաստատել կադաստրի կողմից կազմված 1440 քմ մակերեսով հողամասի, այնտեղ գտնվող շինությունների վերաբերյալ իրավիճակային հատակագիծը, իսկ կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել դրա հիման վրա գրանցել Մ.Հարությունյանի համապատասխան իրավունքները:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Ըստ բողոք բերած անձի, վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել միայն գյուղապետի հայտարարությունը, ըստ որի Մ.Հարությունյանի կողմից օգտագործվող 440 քմ հողամասը գտնվում է ջրամատակարարման և ջրահեռացման օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքում: Իրականում վիճելի 440 քմ հողամասը ջրամբարի կառուցման համար նախատեսված հողատարածքից դուրս է գտնվում:

Այս դատավարական խախտումների արդյունքում վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել սկզբնական հայցով, որը հետագայում փոփոխված է եղել:

 

2) Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ կետը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ հողային օրենսգրքի նշված հոդվածում խոսքը գնում է անձին սեփականության իրավունքով փոխանցվող հողամասի մասին, մինչդեռ ինքը պահանջել է գրանցել իր սեփականության իրավունքը 1000 քմ օրինական հողամասի նկատմամբ, իսկ ինքնակամ զբաղեցրած 440 քմ հողամասն իր սեփականության իրավունքի վկայականում պետք է ընդամենը շտրիխավորվեր և իր կարգավիճակով մնար որպես համայնքային նշանակության հող:

Սեփականության իրավունքով դիմողին պատկանող 1000 քմ հողամասի և դրա վրա գտնվող օրինական շինությունների վերաբերյալ պետք է տրվի սեփականության իրավունքի վկայագիր, իսկ ինքնակամ կառույցները պետք է շտրիխավորվեն` առանց դրանց նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1985 թվականից Մուրադ Հարությունյանը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 1000 քմ տնամերձ հողամաս և բնակելի տուն, որին կից առկա է նաև նրա կողմից ինքնակամ զբաղեցրած 440 քմ հողամաս` ինքնակամ շինություններով:

2) Առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումով Մ.Հարությունյանը դատարանից պահանջել է ճանաչել իր կողմից օգտագործվող 405 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը և պարտավորեցնել գյուղապետարանին` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողակտորը վաճառել իրեն, ինչպես նաև պարտավորեցնել կադաստրին` սահմանված կարգով գրանցելու իր սեփականության իրավունքը: Դատաքննության ընթացքում դիմողը փոխել է իր կողմից ներկայացված դիմումի հիմքն ու առարկան` դատարանին պահանջելով պարտավորեցնել գյուղապետարանին հաստատել կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված 1440 քմ մակերեսով հողամասի, այնտեղ գտնվող շինությունների վերաբերյալ իրավիճակային հատակագիծը, իսկ կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել դրա հիման վրա գրանցել Մ.Հարությունյանի համապատասխան իրավունքները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) դիմողի բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից:

Սույն գործով դատաքննության ընթացքում դիմող Մ.Հարությունյանը փոխել է դիմումով ներկայացված պահանջի հիմքն ու առարկան` դատարանից պահանջելով պարտավորեցնել գյուղապետարանին հաստատել կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված 1440 քմ մակերեսով հողամասի, այնտեղ գտնվող շինությունների վերաբերյալ իրավիճակային հատակագիծը, իսկ կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել դրա հիման վրա գրանցել իր համապատասխան իրավունքները (գ.թ. 66): Առաջին ատյանի դատարանի վճռով նշված պահանջով դիմումը բավարարվել է:

i

Մինչդեռ վերաքննիչ դատարանը` շեղվելով հայցի հիմքից և առարկայից, վճիռ է կայացրել առաջին ատյանի դատարանում ներկայացված սկզբնական հայցով: Այսինքն, վճռով անդրադառնալով դիմողի կողմից ներկայացված սկզբնական, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի կանոններով սահմանված կարգով վերջինիս կողմից առաջին ատյանի դատարանում փոխված պահանջին, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ, այլ` 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սույն գործով չի կատարել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործով վերաքննիչ դատարանը շեղվելով հայցի հիմքից և առարկայից, վճիռ է կայացրել առաջին ատյանի դատարանում ներկայացված այլ` սկզբնական հայցապահանջով: Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ դատարանի կողմից դիմողի պահանջն ըստ էության չի քննվել: Հետևաբար, դիմողի կողմից ներկայացված և դատարանի կողմից չքննված նյութաիրավական պահանջին վերաբերվող փաստարկները և պատճառաբանությունները չեն կարող լինել Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

Այսպիսով, բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է հանդիսանում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դիմող Մուրադ Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2442(ՎԴ)
Որոշում