Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 53-ՐԴ, 218-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 132-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-753 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                   2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1111

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

դատավորներ` Դ. Խաչատրյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի հուլիսի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով Աթանես Ստեփանյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2007 թվականի փետրվարի 23-ի թիվ 07-1111 գործով կայացված վճռի դեմ` ըստ Աթանես Ստեփանյանի (այսուհետ նաև` հայցվոր) հայցի ընդդեմ Ռազմիկ Ստեփանյանի (այսուհետ նաև` պատասխանող), երրորդ անձինք Գառնիի գյուղապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Աթանես Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Ստեփանյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը և իրեն ճանաչել Վարսո Ստեփանյանի ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աթանես Ստեփանյանը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռազմիկ Ստեփանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 218-րդ հոդվածների և 132-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի նշել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են նրա հետևությունները, այլ սոսկ հիշատակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ, 1225-րդ և 1227-րդ հոդվածները, որոնք ոչ մի կապ չունեն հայցվորի ներկայացրած պահանջի հետ, վճռի պատճառաբանական մասում նշել է, որ օրենքի նշված դրույթները հիմք ընդունելով դատարանը գտնում է, որ Աթանես Ստեփանյանի հայցն անհիմն է և ենթակա մերժման:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի տեղեկանքը և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքը, որոնցով ապացուցվում է, որ հայցվորը կտակի գոյության մասին իմացել է 28.07.2006 թվականին, և ժառանգության բացման պահին, այն է 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի հունիս ամիսը բնակվել է Վարսո Ստեփանյանին պատկանող տանը:

Նշված ապացույցների առկայության պայմաններում դատարանը պատասխանողից չի պահանջել ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, այլ հիմնվելով պատասխանողի անհիմն հայտարարության վրա, թե իբր հայցվորը կտակի մասին իմացել է ժառանգության բացման պահից, առանց հիմքի այն համարել է իրականություն:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ, 1201-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ըստ Վարսո Ստեփանյանի 25.02.1981 թվականին կազմված կտակի 1-ին կետի` ամբողջ իր գույքը, որը պատկանում է իրեն նա կտակել է իր թոռ` Աթանես Ռազմիկի Ստեփանյանին, իսկ կտակի 2-րդ կետի համաձայն` իր մահից հետո ի հայտ եկող այլ ժառանգներին Վ. Ստեփանյանը զրկել է ժառանգման իրավունքից: Վ. Ստեփանյանի 25.02.1981 թվականին կազմված կտակը վավերացվել է Գառնիի գյուղական խորհրդի (սովետի) նախագահի կողմից:

Պատասխանողը Վ. Ստեփանյանին պատկանող գույքի նկատմամբ որևէ իրավունք չունի և չի կարող ունենալ, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ չիմանալով կտակի գոյության մասին հայցվորը բնակվել է կտակարարի հետ ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ նրա մահվանից հետո և փաստորեն ընդունել է ըստ կտակի ժառանգությունը, իսկ կտակի մասին չիմանալու հանգամանքը հարգելի է դարձնում ըստ կտակի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը, որպիսի հանգամանքներում հայցը ենթակա էր բավարարման:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Դատաքննության ընթացքում հայցվորն ընդունել է այն հանգամանքը, որ իմացել է կտակի գոյության մասին, սակայն չի ցանկացել ընդունել այն, հետևաբար անհիմն է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի տեղեկանքը և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքը, որոնցով ապացուցվում է, որ հայցվորը կտակի գոյության մասին իմացել է 28.07.2006 թվականին:

Դատարանի վճռում հստակ նշված են ապացույցները, որոնց վրա հիմնվել է դատարանը վճիռը կայացնելիս, ավելին, մանրամասն մեկնաբանվել են հայցապահանջի մերժման համար հիմք հանդիսացող հոդվածները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքում նշված փաստարկը նույնպես անհիմն է, քանի որ այն կարգավորում է ժառանգությունն ընդունելու կարգը, իսկ կտակը նույնպես ժառանգության հիմք է համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի:

Բողոք բերած անձը չի նշել թե ինչում է արտահայտվում դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածների սխալ մեկնաբանությունը:

Բողոք բերած անձի կողմից, որպես կիրառման ենթակա վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ և 2001-րդ հոդվածները առնչություն չունեն սույն վեճի հետ, քանի որ կտակարարին` Վարսո Ստեփանյանին երբևէ որևէ մեկը չի արգելել և չի սահմանափակել կտակ կազմելու ազատությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայցվորը հանդիսանում է պատասխանողի որդին և Վարսո Ստեփանյանի թոռը:

2) Վարսո Ստեփանյանը 25.02.1981 թվականին կազմված կտակով նշել է, որ մահվան պահին իրեն պատկանող ողջ գույքը կտակում է իր թոռ Աթանես Ստեփանյանին և մյուս ժառանգներին զրկում է ժառանգությունից:

3) Կտակը վավերացվել և մեկ օրինակը պահվել է Գառնիի գյուղական սովետում:

4) Կտակը կազմելու ժամանակ` 25.02.1981 թվականին, Աթանես Ստեփանյանը եղել է 6 տարեկան:

5) Վարսո Ստեփանյանը մահացել է 24.12.1993 թվականին:

6) 28.07.2006 թվականին Աթանես Ստեփանյանը ՀՀ ազգային արխիվից ստացել է Վարսո Ստեփանյանի կտակի պատճենը:

7) 2004 թվականին` պատասխանողի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահին, գյուղապետարանում կտակի օրինակը չի եղել այն ՀՀ ազգային պետական արխիվ հանձնելու պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

i

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև օրենքները ու այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Դատարանը վճռում նշել է, որ գործի դատաքննությամբ հիմնավորվել է այն փաստը, որ հայցվորը մինչև ժառանգատուի մահը իմացել է կտակի մասին, սակայն նրա մահվանից հետո չի դիմել ըստ կտակի ժառանգությունը ընդունելու համար: Սակայն վերոնշյալ օրենքի համաձայն` դատարանը չի նշել, թե ինչպիսի ապացույցների և հանգամանքների վրա է հիմնված դատարանի նման եզրահանգումը:

Դատարանը չի անդրադարձել և պատշաճ գնահատման չի արժանացրել հայցը հիմնավորող` հայցվորի կողմից ներկայացրած ապացույցներին: Մասնավորապես, ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքները, որոնք կտակի գոյության, հայցվորի` ըստ կտակի ժառանգորդ հանդիսանալու մասին տեղեկություններ պարունակող ապացույցներ են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 132-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վարսո Ստեփանյանը կտակը կազմել է 1981 թվականի փետրվարի 25-ին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ և 1201-րդ հոդվածները սույն գործով ենթակա չէին կիրառման, քանի որ կտակը կազմելու հետ կապված հարաբերությունները դադարել են այն վավերացնելու պահին:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածների խախտմանը, ապա բողոքն այդ հիմքերով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վարսո Ստեփանյանը մահացել է 24.12.1993 թվականին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

«Քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

Նշված իրավանորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժնի նորմերը կիրառելի են սույն գործով դեռևս չդադարած իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Սույն գործով ժառանգների շրջանակը պետք է որոշվեր 25.02.1981 թվականին կազմված կտակով, քանի որ Աթանես Ստեփանյանից բացի մնացած ժառանգները այդ կտակի 2-րդ կետով զրկված են եղել ժառանգությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Սույն գործով ժառանգության բացման պահից առաջացել է իրավահարաբերություն, որի բովանդակության տարրերից մեկը եղել է Ա. Ստեփանյանի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու տատի ունեցվածքը: ԵՎ այդ սուբյեկտիվ իրավունքի դադարման փաստը եղել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Հետևաբար, Ա. Ստեփանյանը իրավունք ունի դիմելու դատարան ժառանգությունն ընդունած համարվելու պահանջով` հիմք ընդունելով ժառանգության համար նախատեսված ժամկետի բաց թողման հարգելի պատճառները, քանի որ նրա սուբյեկտիվ իրավունքը գոյություն է ունեցել, սակայն դրա մասին նա օբյեկտիվ պատճառներով չի իմացել:

Այսպիսով, բողոքի հիմքերի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2007
N 3-753(ՎԴ)
Որոշում