Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ Կ ...

 

 

050.0135.130707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007274

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2007 թվականի N 135-Ն

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

i

2007 թվականի մայիսի 4-ի

թիվ 135-Ն որոշման

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` արժութային դիլեր-բրոքերներ), դրանց մասնաճյուղերի լիցենզավորման և գործունեության կարգավորման ընթացակարգերը,

2) արժութային դիլեր-բրոքերների աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշները և նրանց քննելու կարգը,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործառնությունների իրականացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) «անձնագրային տվյալներ»` անձնագրի սերիա և անձնագրի համար, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ,

2) «հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտի համար) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

3) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

4) «մասնաճյուղ»` իրավաբանական անձ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձի գործառնական դրամարկղից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձի գործառույթները,

5) «որակավորող կազմակերպություն»` Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական որակավորման ստուգում:

 

ԲԱԺԻՆ II. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) լիցենզիա ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) իրավասու մարմնի որոշման պատճենը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

3) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

4) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

7) արժութային դիլեր-բրոքերի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված արժութային դիլեր-բրոքերի գործունեության գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,

8) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության ներքին իրավական ակտերի նախագծերը, այդ թվում`

ա) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեությունը կարգավորող առնվազն այն բոլոր ներքին իրավական ակտերը, որոնց առկայությունը օրենքների կամ նորմատիվ-իրավական ակտերի համաձայն պարտադիր է գործող արժութային դիլեր-բրոքերային ընկերության համար,

բ) արտարժութային բրոքերային-դիլերային առուվաճառքի գործառնությունների (այդ թվում` հաճախորդների պատվերների ընդունման, ֆիդուցիար պարտականությունների և հնարավոր լավագույն պայմաններով հաճախորդի պատվերների կատարման, իր կամ հաճախորդի հաշվին արտարժութային առուվաճառքի գործարքների կնքման և հաշվարկների կատարման քաղաքականությունները) իրականացման կանոնները (գործարար վարվելակերպը).

գ) արժութային դիլերի, իր ղեկավարների և աշխատակիցների, իր և իր հաճախորդների միջև շահերի բախումների կանխարգելման միջոցները.

դ) արժութային դիլերի հաճախորդների միջոցների պաշտպանության, պատվերների, գործարքների կնքման որոշումների և կնքված գործարքների հաշվառման, ինչպես նաև հաճախորդներին հաշվետվությունների տրամադրման կանոնները,

ե) ինտերնետի միջոցով իրական ժամանակի ռեժիմով հաճախորդների կողմից ներկայացվող պատվերների ու հայտերի հիման վրա գործարքների կնքման ընթացակարգը,

զ) արժութային շուկայի չարաշահումները կանխարգելող ընթացակարգերի, ազդակների և չափորոշիչների սահմանման և դրանց տեխնիկածրագրային ապահովման միջոցառումները սահմանող ներքին կարգը,

է) արտարժութային բրոքերային-դիլերային առուվաճառքի գործառնությունների հետ կապված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգը,

9) տեղեկանք արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի,

10) տեղեկանք արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի,

11) գործունեության կազմակերպման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` առևտրային և հաշվարկային համակարգերում կիրառվելիք ծրագրային փաթեթների բնութագրերը,

12) Գործառնական ռիսկի կառավարման գործընթացի նկարագրությունը, որը առնվազն կներառի հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման համակարգ, հաճախորդների, իրենց միջոցների, պատվերների և գործարքների հաշվառման ծրագրային ապահովման համակարգ, ինչպես նաև` կիբերանվտանգության ապահովման քաղաքականությունը, որտեղ պետք է առնվազն նկարագրված լինեն ինֆորմացիոն համակարգերի անվտանգության ապահովման, տվյալների կառավարման, տվյալների բազայի հասանելիության կարգավորման, ցանցային պաշտպանության և հաճախորդների տվյալների պաշտպանության ապահովման ընթացակարգերը,

13) Հաճախորդների հետ կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը,

14) Հայտարարություն առ այն, որ սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված անձինք չեն հանդիսանում արժութային դիլեր-բրոքերի աշխատակից,

15) Արտարժութային դիլեր-բրոքերային առուվաճառքի գործունեության ռիսկայնության զսպման համար անհրաժեշտ` Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:

4. Արժութային դիլեր-բրոքերները մասնաճյուղ բացելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի լիցենզիա ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում արժութային դիլեր-բրոքերի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

3) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

6) արժութային դիլեր-բրոքերի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի գործունեության գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի,

7) Արտարժութային դիլեր-բրոքերային առուվաճառքի գործունեության ռիսկայնության զսպման համար անհրաժեշտ` Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:

5. Արժութային դիլեր-բրոքերի մասնակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

6. Սույն կանոնակարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանց կապվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին:

7. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակից չեն կարող լինել.

1) Ֆինանսական կազմակերպությունների հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

8. Արժութային դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) Լիցենզիայի բնօրինակը:

9. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ կամ 8-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան տրամադրելու կամ վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար սույն կետում նշված 30-օրյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, ընդ որում, անհրաժեշտ փաստեր պարզաբանելուց հետո դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, որը լիցենզիայի անբաժանելի մասն է:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված դիմումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,

2) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով,

3) աշխատակիցը (աշխատակիցները) չունի մասնագիտական որակավորման վկայական կամ սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված դեպքում չի ստացել որակավորման վկայական,

4) արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը,

5) արժութային դիլեր-բրոքերի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն բավարարում սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին:

11. Սույն կանոնակարգի համաձայն ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում վրիպումների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կրկին սխալ ներկայացումը:

12. Դիմումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են դիմումի մերժման հիմքերը:

13. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան ստանալուց հետո արտարժույթի դիլեր-բրոքերը գործունեությունը փաստացի սկսելու դեպքում նախօրոք Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարություն` արտարժույթի դիլեր-բրոքերի գործունեությունը սկսելու մասին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ԶՐԿՈՒՄԸ

 

14. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ` որակավորման վկայական):

15. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը որակավորման ստուգումն անցնում է որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

16. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված դեպքում Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած կամ որակավորող կազմակերպության կողմից որակավորման վկայական ստացած անձին:

17. Անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ որակավորման վկայական ստանալու նպատակով միայն այն դեպքում, երբ արժութային դիլեր-բրոքերի արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի լիցենզավորման փուլում կամ ներդիրի վերաձևակերպման ժամանակ, ինչպես նաև սույն կանոնակարգի 30-րդ կետով սահմանված դեպքում ներկայացվել է արժութային դիլեր-բրոքերի ներդիրում ընդգրկվելու համար:

18. Այն դեպքում, երբ որևէ կազմակերպություն Կենտրոնական բանկի կողմից չի ընտրվել որպես որակավորող կազմակերպություն և (կամ) որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Սույն կետով նախատեսված դեպքում սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 8-րդ կամ 35-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է որակավորման վկայական չունեցող աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման ստուգման քննության անցկացումը Կենտրոնական բանկում:

19. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:

20. Որակավորող կազմակերպության կամ Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական ստանալու համար արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է գիտելիքներ ունենա հետևյալ թեմաների վերաբերյալ`

1) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք,

2) «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12,

3) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք (Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերների նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերներին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն),

4) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք (պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների էությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման կարգը),

5) «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենք (Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների չափը և վճարման կարգը),

6) արժութային դիլեր-բրոքերների կողմից իրականացվող գործառնությունների իմացություն:

21. Կենտրոնական բանկում արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով: Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված թեմաների շրջանակներում:

22. Կենտրոնական բանկի կողմից կազմված թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե ժամանակ: Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ: Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

23. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված:

24. Թեկնածուները Կենտրոնական բանկում քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիր,

3) հանրային ծառայությունների համարանիշ (ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

25. Կենտրոնական բանկում քննությունն անցկացվում է հետևյալ ընթացակարգով.

1) Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

2) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ նախապես կազմված ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

3) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

4) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

5) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև` աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

6) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև` քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները` տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից, որոնցից մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

26. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

27. Կենտրոնական բանկում որակավորված թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

28. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի, տրվում է որակավորման ստուգում անցած թեկնածուներին կամ Որակավորող կազմակերպության կողմից տրված որակավորման վկայական ներկայացրած անձին` էլեկտրոնային եղանակով` ուղարկվելով թեկնածուի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին քննությունը հանձնելու օրվանից կամ սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված կարգով արժութային դիլեր-բրոքերի, մասնաճյուղի լիցենզիայի տրման լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

29. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած անձին որակավորման վկայականը տրվում է երեք տարի ժամկետով` հաշված դրա ստորագրման պահից: Որակավորող կազմակերպությունից ստացած որակավորման վկայականի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է մինչև հիմք հանդիսացող որակավորման վկայականի վավերականության ավարտը:

30. Գործող արժութային դիլեր-բրոքերի ներդիրում ընդգրկված աշխատակցի որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում արժութային դիլեր-բրոքերի Կենտրոնական բանկ է ներկայացնում աշխատակցի որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով աշխատակցի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

31. Կենտրոնական բանկում որակավորված անձինք որակավորման վկայականները 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով չստանալու կամ էլեկտրոնային փոստի խափանման դեպքում կարող են այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով նա ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով նրա դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

32. Կենտրոնական բանկը կարող է արժութային դիլեր-բրոքերի աշխատակցին զրկել որակավորման վկայականից, եթե արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը.

1) խախտել է արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները,

2) կատարել է այնպիսի գործողություն կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վտանգվել են կամ կարող են վտանգվել արժութային դիլեր-բրոքերի կամ նրա հաճախորդների իրավունքները կամ օրինական շահերը,

3) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին,

4) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որը հակասում է արժութային դիլեր-բրոքերի կամ նրա հաճախորդների իրավունքներին կամ օրինական շահերին,

5) իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ,

6) չի կատարել Կենտրոնական բանկի նախազգուշացումը և խախտումը վերացնելու հանձնարարականը:

 

ԳԼՈՒԽ 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

33. Արժութային դիլեր-բրոքերի գտնվելու վայրի փոփոխության, գտնվելու վայրի կամ գործունեության վայրի հասցեի անվանափոխության, վերակազմակերպման, նրա անվանման փոփոխման դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը, լիցենզիայի վերաձևակերպման համար վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը և վերաձևակերպման ենթակա լիցենզիայի բնօրինակը: Լիցենզիան վերաձևակերպելու դեպքում լիցենզիայի նոր ներդիր չի տրամադրվում, իսկ նախկին լիցենզիան փոխարինվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

34. Սույն կանոնակարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը:

35. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի (աշխատակիցների) և (կամ) աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալների փոփոխության (եթե տվյալ ներդիրի վրա նշված են աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալները) կամ արժութային դիլեր-բրոքերի անվանափոխության դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

4) աշխատակցի անձնագրի տվյալների փոփոխության դեպքում` նոր անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) պատճենը, ինչպես նաև` հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի պատճենը (իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը),

5) արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի փոփոխության դեպքում` աշխատակցի մասնագիտական որակավորման վկայականի պատճենը:

36. Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում փոփոխությունների` իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում:

37. Սույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Լիցենզիայի ներդիրի տրամադրումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից:

38. Որակավորման վկայական ունեցող անձն անձնագրի տվյալների փոփոխության դեպքում (եթե տվյալ անձի որակավորման վկայականի վրա նշված են անձնագրի տվյալները) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել դիմում` որակավորման վկայականը վերաձևակերպելու համար` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի` փոփոխությունների` իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Դիմումին կից պետք է ներկայացվի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանքի) պատճենները, իսկ եթե տրվել է թղթային որակավորման վկայական` նաև վկայականի բնօրինակը: Սույն կետում նշված փաստաթղթերը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում նոր որակավորման վկայականը ուղարկվում է դիմում ներկայացրած անձի` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

39. Եթե 33-րդ, 35-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին, ապա դիմումը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի, կեղծ և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ տեղեկացումն ուղարկում է փաստաթղթերը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի, կեղծ և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող բոլոր փաստաթղթերը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները` մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

40. Լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում արժութային դիլեր-բրոքերը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` դրա կրկնօրինակը ստանալու և (կամ) կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

41. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը արժութային դիլեր-բրոքերին է հանձնում, իսկ կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած որակավորման վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային տարբերակով որակավորված անձին է տրամադրում պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Լիցենզիայի, լիցենզիայի ներդիրի և (կամ) որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

43. Կորցրած լիցենզիան, լիցենզիայի ներդիրը գտնելու դեպքում արժութային դիլեր-բրոքերը գտնված լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

44. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

45. Սույն կանոնակարգով նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեի խափանման, կորստի և (կամ) էլեկտրոնային եղանակով տրամադրված որակավորման վկայականի ֆայլի կորստի կամ վնասման դեպքում անձը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով էլեկտրոնային փոստի այն հասցեն, որով ինքը պատրաստ է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ԳԼՈՒԽ 7. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

46. Արժութային դիլեր-բրոքերի կամ դրա մասնաճյուղի գործունեությունը Կենտրոնական բանկի կողմից դադարեցվում է`

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում, կամ

2) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:

47. Կենտրոնական բանկի խորհուրդը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ճանաչում է անվավեր, եթե արժութային դիլեր-բրոքերը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ստացել է լիցենզավորման ընթացքում ներկայացված կեղծ փաստաթղթերի կամ տեղեկատվության հիման վրա: Սույն կանոնակարգի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա կենտրոնական բանկը կայացրել է որոշում, որը չէր կայացնի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:

48. Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում արժութային դիլեր-բրոքերին տրամադրած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան հետևյալ դեպքերում.

1) արժութային դիլեր-բրոքերը Կենտրոնական բանկ ներկայացրած աշխատանքային գրաֆիկի համաձայն մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել կամ մեկ տարվա ընթացքում անընդմեջ աշխատել է ընդամենը 1-ից մինչև 10 (ներառյալ) աշխատանքային օր, կամ

2) արժութային դիլեր-բրոքերի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի ու ներդիրի բնօրինակը (առկայության դեպքում))` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում` արժութային դիլեր-բրոքերը կարող է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումում նշել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախընտրելի ամսաթիվը,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ունեցող անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ,

4) խախտվել են սույն կանոնակարգի, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

49. Սույն կանոնակարգի 46-րդ կետով սահմանված դեպքերում լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալուց հետո (բացառությամբ 48-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրված դեպքի) արժութային դիլեր-բրոքերը 1 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է լիցենզիան վերադարձնել Կենտրոնական բանկ:

 

ԲԱԺԻՆ III. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 8. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

50. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն կարող են իրականացնել միայն համապատասխան որակավորման վկայական ունեցող և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների ներդիրներում ընդգրկված աշխատակիցները:

51. Արժութային դիլեր-բրոքերը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առուվաճառքի փոխարժեքները:

52. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

53. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով, 4-րդ կետի 3-րդ ենթակետով, 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վկայականներում փոփոխություններ տեղի ունենալուց հետո 15-օրյա ժամկետում արժութային դիլեր-բրոքերները Կենտրոնական բանկ են ներկայացվում անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման նոր վկայականի պատճենը:

54. Արժութային դիլեր-բրոքերը պետք է գործի համաձայն իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացված աշխատանքային ռեժիմի: Արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է հայտարարված աշխատանքային ռեժիմի յուրաքանչյուր փոփոխության դեպքում նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին` ներկայացնելով հայտարարություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

55. Արժութային դիլեր-բրոքերն իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նախապես պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին` ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 13-ով սահմանված հայտարարությունը: Ընդ որում` եթե արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը համաձայն ներկայացված Հավելված 13-ի դադարեցվել է անորոշ ժամկետով, ապա արժութային դիլեր-բրոքերը կարող է գործունեությունը վերսկսել միայն Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելուց հետո` լրացնելով սույն կանոնակարգի Հավելված 13-ի միայն 2-րդ մասը:

56. Համակարգչի, համակարգչային ծրագրի խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի (առանց նշելու գործունեությունը դադարեցնելու պատճառը):

57. Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերի մոտ տեղադրված համակարգչային ծրագրի խափանման դեպքում (եթե անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետի այցը) Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնակարգի Հավելված 14-ով սահմանված դիմումը:

58. Սույն կանոնակարգի 13-րդ, 54-րդ, 55-րդ և 56-րդ կետերում սահմանված հայտարարությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ նշված ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով: Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ներկայացման ժամանակահատված է սահմանվում Կենտրոնական բանկի էլեկտրոնային փոստի սերվերում նշված տեղեկատվության գրանցման ժամանակահատվածը:

59. Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը արժութային դիլեր-բրոքերի գործունեության պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող հարցադրումների վերաբերյալ, ինչպես նաև` առանձին վերահսկողական նպատակներից ելնելով` արժութային դիլեր-բրոքերներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ` ներկայացնելով ծանուցում, որը ստորագրվում է Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից: Արժութային դիլեր-բրոքերը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները: Ծանուցմամբ արժութային դիլեր-բրոքերի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` պարզաբանումներ տալու համար:

60. Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

61. Արժութային դիլեր-բրոքերի կողմից ԿԲ ներկայացվող ցանկացած գրության, դիմումի կամ տեղեկանքի վերին ձախ մասում պետք է պարունակվի նշում` արժութային դիլեր-բրոքերի անվանման, լիցենզիայի համարի ու հասցեի մասին:

62. Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում առաջիկա երեք տարիների իր գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի:

 

ԳԼՈՒԽ 9. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

63. Արժութային դիլեր-բրոքերները իրենց գործարքները պետք է իրականացնեն համապատասխան ծրագրով ապահովված և սահմանված կարգով գրանցված համակարգչային սարքավորման միջոցով` պահպանելով դրանց օգտագործման ու շահագործման համար սահմանված կանոնները:

64. Արժութային դիլեր-բրոքերների իրականացրած բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց էլեկտրոնային գրանցամատյանում (որը թույլ է տալիս ցանկացած պահի տվյալները արտահանել էքսել ծրագրային համակարգի միջոցով և արտատպել թղթի վրա): Դրանք են.

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքները,

2) արժութային դիլեր-բրոքերի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

3) արտարժույթի դիլեր-բրոքերների գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող գումարները, ինչպես նաև` ստացված վարկերը (փոխառությունները և այլն),

4) արժութային դիլեր-բրոքերների գործունեության հետ կապված այլ գործառնությունները:

65. Արտարժույթի դիլեր-բրոքերը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքի կատարումը և ավարտը հավաստող փաստաթուղթ (անդորրագիր):

66. Արժութային դիլեր-բրոքերի կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ) չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքների վերաբերյալ արժութային դիլեր-բրոքերը կազմում և Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով Կենտրոնական բանկ է ներկայացնում օրական հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի: Արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև սույն կետով սահմանված օրական հաշվետվությունները պահպանել առնվազն 1 տարի:

67. Սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

68. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի կամ ղեկավարի կողմից իր անձնական գումարներով փոխանակման գործարքներ իրականացնելու դեպքում անդորրագրի վրա լրացվում են աշխատակցի կամ ղեկավարի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` անկախ գումարի մեծությունից, ընդ որում` արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի կամ ղեկավարի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր արժույթներով իրականացված գործարքների հանրագումարը չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքները ներառվում են սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված օրական հաշվետվության մեջ:

69. Արժութային դիլեր-բրոքերի աշխատանքն ապահովող կիրառական ծրագրային համակարգում (այսուհետ` Ծրագիր) ելքի կամ մուտքի գործարք գրանցելու դեպքում «Նպատակ» դաշտում կատարվում են հետևյալ գրանցումները.

1) սույն կանոնակարգի 64-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում նշվում է համապատասխանաբար` «Մուտք» կամ «Ելք»,

2) սույն կանոնակարգի 64-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում նշվում է` «Ելք-ծախս» կամ «Մուտք-փոխառության ներգրավում» կամ «Ելք-փոխառության վերադարձ»:

70. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը (ներառյալ) Կենտրոնական բանկ ներկայացնել նախորդ շաբաթվա գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի` ըստ շաբաթվա օրերի: Սույն կանոնակարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթիից մինչև կիրակի ընկած ժամանակահատվածը, ընդ որում, հաշվետվության մեջ համապատասխան սյունակներում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջին օրերի ամսաթվերը:

71. Արժութային դիլեր-բրոքերները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց իրականացրած արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք= (ԱԾ1 *Ա Փ1+ԱԾ2 *Ա Փ2+...+ԱԾn *Ա Փn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք=(ՎԾ1 *Վ Փ1+ՎԾ2 *Վ Փ2+...+ՎԾn *Վ Փn)/(ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),

 

որտեղ`

ՄՓառք - առքի միջին փոխարժեք,

ՄՓվաճառք - վաճառքի միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի փոխարժեք,

ՎԾi - «i»-րդ գործարքի վաճառքի ծավալ,

ՎՓi - «i»-րդ գործարքի վաճառքի փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

 

72. Եթե արժութային դիլեր-բրոքերը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կանոնակարգի Հավելված 15-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից` ավտոմատ կերպով: Հաշվետվությունը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

73. Արժութային դիլեր-բրոքերների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև այլ տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

74. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս` ֆայլը կոդավորվում է: Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

._________________________________________________.

|Արժութային   |կետ|Հաշվետվության  |կետ|ընդլայնումը|

|դիլեր-բրոքերի|   |ժամանակահատվածը|   |           |

|կոդը` 9 նիշ  |   |               |   |           |

._________________________________________________.

|      |        |        ._.     |

|      |        |        |   .___.

._________________________________.

Օրինակ |012345-00|  |010114-080114|. |xls|

._________________________________.

 

ԳԼՈՒԽ 10. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

75. Արժութային դիլեր-բրոքերը և արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղը պետք է ունենա իրեն սեփականության իրավունքով պատկանող, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքով իրեն պատկանող առանձնացված տարածք:

76. Արժութային դիլեր-բրոքերը և արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղը պետք է ունենա.

1) Հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի արժութային դիլեր-բրոքերի ամբողջ տարածքում և արժութային դիլեր-բրոքերի գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Արժութային դիլեր-բրոքերի գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե արժութային դիլեր-բրոքերը կամ արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա արժութային դիլեր-բրոքերի կամ արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով,

2) Էլեկտրասնուցման տարբեր աղբյուրներ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի պահուստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում արժութային դիլեր-բրոքերը պետք է ունենա տեղային էլեկտրասնուցման աղբյուր (գեներատորներ, մարտկոցներ), որոնք բավարար են բնականոն գործունեության ապահովման համար` առանց տեղեկությունների և համակարգի ամբողջականությանը վնաս հասցնելու,

3) Արժութային դիլեր-բրոքերի գործունեության ծավալին և բարդությանը համապատասխան առևտրային, տեղեկատվական և այլ համակարգեր,

4) Կանոնավոր վերահսկողություն տեխնիկական և համակարգչային ծրագրերի նկատմամբ (տեխնիկական և ծրագրային համակարգերը պետք է ժամանակին թարմացվեն):

77. Արժութային դիլեր-բրոքերը, արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղերը կարող են սույն կանոնակարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ Բանկերս Բլանկետ Բոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ` BBB)) ապահովագրության պայմանագիր առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) Ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) Արժութային դիլեր-բրոքերի գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

78. Սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված ռիսկերի գծով ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել արժութային դիլեր-բրոքերի ակտիվների 1 տոկոսից:

79. «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշային կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի.

- Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` - ԲԲԲ-

    - Մուդիզի «Բաա» խմբի`              Բաա3

    - Ա.Մ.Բեստի «Բ» խմբի`              Բ+

    - Դաֆֆ և  Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`       ԲԲԲ-

    - Ֆիտչի «ԲԲԲ» խմբի`                ԲԲԲ-:

 

ԳԼՈՒԽ 11. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

80. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահին գործող արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 3-րդ կետի 8-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցնել սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.05.2007
N 135-Ն
Որոշում