Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ, 41-ՐԴ, 42-ՐԴ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Շիրակի մարզի առաջին                Քաղաքացիական գործ թիվ 3-1353 (Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                           2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2552/2004 թ.

Նախագահող դատավոր` Հ. Մալխասյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 25.11.2004 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արծիվ Բոտոյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` ապօրինի ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արծիվ Բոտոյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.08.2004 թվականի թիվ 1/4-009/3586 ակտը` Քաղաքապետարանին պարտավորեցնելով իր ընտանիքին հերթագրել մեկսենյականոց բնակարանի կարիքավորների հերթացուցակում կամ հատկացնել մեկսենյականոց բնակարանի փոխհատուցման գումար:

Դատարանի 25.11.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.03.2004 թվականի թիվ 1/4-009/3586 ակտը և պարտավորեցնել Քաղաքապետարանին Արծիվ Բոտոյանին հատկացնել մեկ սենյակի դիմաց փոխհատուցման գումար` ելնելով մեկսենյականոց բնակարանի Շիրակի մարզում ձևավորված շուկայական միջինացված արժեքից:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Արծիվ Բոտոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) սույն գործով առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` ունեն էական նշանակություն և Դատարանի վճիռը վերանայելու հիմք են:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Բոտոյանները գրանցված են եղել Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ (նախկին` Թբիլիսյան խճուղի) 1-ին թաղամասի 4-րդ «բ» շենքի թիվ 5 չորսսենյականոց բնակարանում: Տեղեկանք են ներկայացրել, որ ընտանիքը բաղկացած է 4 անձից: Գյումրու քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշման հիման վրա` նրանց ընտանիքին հատկացվել է վերը նշված թիվ 5 բնակարանը, որն ամրացումից հետո դարձել է երեքսենյականոց բնակարան: Հետագայում պարզվել է, որ նշված հասցեում Արկադի Բոտոյանն անձնագրային հաշվառում չի ունեցել և չէր կարող լինել բնակարանի վարձակալ ու օգտվել ՀՀ կառավարության 22.12.1995 թվականի թիվ 116 որոշման 2-րդ կետի արտոնությունից: Այդ բնակարանում հաշվառված է եղել Արծիվ Բոտոյանը, որը բնակարանի հաշվառումից դուրս էր եկել և հաշվառվել տնակում: Փաստորեն, Արծիվ Բոտոյանի փոխարեն օրդերում գրանցվել էր Արկադի Բոտոյանը: Հաշվի առնելով վերը նշվածը` Գյումրու քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 444 որոշմամբ փոփոխություն է կատարվել քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշման 4-րդ կետում և Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ 1-ին թաղամասի 4-րդ «բ» շենքի թիվ 5 բնակարանը հատկացվել և օրդերավորվել է քաղաքացիներ Լյուդա, Աշոտ, Արտյոմ և Արծիվ Բոտոյանների անվամբ:

Բացի այդ, Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի 23.03.2007 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` 2002-2003 թվականներին Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ 1-ին թաղամասի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակչուհի Լյուդա Գրիգորի Բոտոյանը ջնջումների և ավելացումների միջոցով կեղծել է ոստիկանության անձնագրային բաժանմունքից Արտյոմ Բոտոյանի անվամբ ստացած տեղեկանքը, այն դարձրել որդու` Արկադի Բոտոյանի անվամբ, ներկայացրել Քաղաքապետարան և ստացել օրենքով նախատեսվածից մեկ սենյակով ավելի բնակարան: Որոշմամբ հաստատվել է Լյուդա Բոտոյանի կատարած հանցանքը, ինչի վերաբերյալ վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել, խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում:

Դատարանը 17.03.2004 թվականի վճիռը կայացնելիս հիմք է ընդունել ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 831-Ն որոշումը, որը ՀՀ կառավարության 24.02.2005 թվականի թիվ 309 որոշման 8-րդ կետի հիմքով ճանաչվել է ուժը կորցրած:

Գործի համար էական նշանակություն ունեցող նշված հանգամանքները սույն գործով դատաքննության ընթացքում Քաղաքապետարանին հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել, որովհետև դրանք ի հայտ են եկել վճռից հետո:

2) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի թիվ 831-Ն որոշումը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 831-Ն որոշման համաձայն` աջակցություն ստանալու իրավունք ունեն նաև երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան շենքերի այն բնակիչները, որոնց ընտանիքի անդամների մի մասը մինչև ՀՀ կառավարության 11.11.1998 թվականի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» թիվ 701 որոշումն ուժի մեջ մտնելը ստացել են բնակտարածություն` նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս: Մինչդեռ Արծիվ Բոտոյանի ընտանիքի անդամների մի մասը բնակտարածություն է ստացել ՀՀ կառավարության 11.11.1998 թվականի թիվ 701 որոշումն ուժի մեջ մտնելուց ավելի քան 5 տարի անց: Հետևաբար, ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի թիվ 831-Ն որոշումը Բոտոյանների նկատմամբ կիրառելի չէ:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով:

Դատարանը, պարտավորեցնելով Քաղաքապետարանին վճարելու հայցվորին գումար, անպատշաճ պատասխանողին չի փոխարինել կամ որպես երկրորդ պատասխանող գործի քննությանը մասնակից չի դարձրել պետությանը` հանձինս Շիրակի մարզպետարանի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել, քանի որ աջակցությունը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, իսկ Քաղաքապետարանը փոխհատուցման գումար վճարելու որևէ պարտավորություն կամ պատվիրակված լիազորություն ՀՀ կառավարության որոշմամբ կամ այլ օրենքներով չի ունեցել:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 41-րդ, 42-րդ, 53-րդ հոդվածների, 109-րդ հոդվածի 7-րդ կետի և 147-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած ապացույցները, սխալ է գնահատել և մեկնաբանել Քաղաքապետարանի ներկայացուցիչ Էդիկ Խաչատրյանի` դատական նիստում տրված բացատրությունը:

Դատարանը չպետք է ընդուներ Քաղաքապետարանի ներկայացուցչի հայցի ընդունումը, քանի որ նա չուներ այդպիսի լիազորություն, այլ լիազորված էր ներկայացնելու Քաղաքապետարանի շահերը: Հակառակ դեպքում Դատարանը պետք է հաստատեր կողմերի միջև հաշտության համաձայնություն և կարճեր գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված հիմքերը և փաստարկները.

 

Գյումրու Թբիլիսյան խճուղի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանը չորսսենյականոց էր: Երկրաշարժից հետո այդ բնակարանը դարձվել է երեքսենյականոց և հատկացվել Բոտոյանների ընտանիքին: Նշված բնակարանում բնակվում են յոթ անձ, իսկ Արծիվ Բոտոյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը բնակվում է վարձակալությամբ: Չորսսենյականոց բնակարան հատկացնելու փոխարեն հատկացվել է մեկ սենյակով պակաս: Արծիվ Բոտոյանը դիմել է մեկսենյականոց բնակարան հատկացնելու համար, սակայն մերժվել է Քաղաքապետարանի 14.08.2004 թվականի թիվ 1/1-009/3586 ակտով: Այդ իսկ պատճառով դիմել է դատարան` նշված ակտն անվավեր ճանաչելու և Քաղաքապետարանին պարտավորեցնելու հերթագրել մեկսենյականոց բնակարանի կարիքավորների հերթացուցակում կամ փոխհատուցել բնակարանի արժեքը պահանջներով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 28.04.1980 թվականի թիվ 5 միասնական օրդերի համաձայն` Գյումրու Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասի 4-րդ շենքի թիվ 5 չորսսենյականոց բնակարանը հատկացվել է Սամսոն, Լյուդա, Արծիվ, Աշոտ, Արտյոմ և Արկադի Բոտոյաններին:

2) Գյումրու նախկին Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասի 4-րդ շենքի ամրացման ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թիվ 5 չորսսենյականոց բնակարանը դարձել է երեքսենյականոց: Բոտոյանների ընտանիքի համաձայնությամբ, ՀՀ կառավարության 22.12.1995 թվականի թիվ 116 որոշման համաձայն, նշված բնակարանը հատկացվել է նախկին բնակիչներին` Լյուդա Բոտոյանի 5 անձից բաղկացած ընտանիքին:

3) Գյումրու քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշման հիման վրա` Գյումրու Խ. Հայրիկ 1-ին թաղամասի 4 «բ» շենքի թիվ 5 երեքսենյականոց բնակարանը հատկացվել է Լյուդա Բոտոյանին` ըստ ներկայացված տեղեկանքի ընտանիքի 4 անձի համար, ինչի հիման վրա 01.04.2004 թվականին տրված թիվ 5 օրդերի արմատում ընտանիքի կազմում գրանցվել են Լյուդա, Աշոտ, Արտյոմ և Արկադի Բոտոյանները:

4) Քաղաքապետարանը 17.08.2004 թվականի թիվ 1/4-009/3526 գրությամբ մերժել է Արծիվ Բոտոյանի դիմումը` մեկ սենյակ հատկացնելու կամ դրա դիմաց փոխհատուցում վճարելու վերաբերյալ:

5) Գյումրու քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 444 որոշմամբ, հաշվի առնելով, որ Գյումրու Խ. Հայրիկ (նախկին` Թբիլիսյան խճուղի) 1-ին թաղամասի 4-րդ «բ» շենքի թիվ 5 բնակարանում Արկադի Բոտոյանն անձնագրային հաշվառում չի ունեցել, այլ հաշվառված է եղել Արծիվ Բոտոյանը, փոփոխություն է կատարվել քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշման 4-րդ կետում, և նշված բնակարանը հատկացվել ու օրդերավորվել է Լյուդա, Աշոտ, Արտյոմ և Արծիվ Բոտոյանների անվամբ:

6) Շիրակի մարզի քննչական բաժնի 23.03.2007 թվականի որոշմամբ Լյուդա Բոտոյանի նկատմամբ 24.01.2007 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետախուզումը դադարեցվել` համաներման ակտ ընդունվելու պատճառով: Քրեական գործի քննության ընթացքում Լյուդա Բոտոյանը խոստովանել է, որ գոյություն ունեցող ընդհանուր կարգի համաձայն` երեքսենյականոց բնակարան հատկացվում է չորս անձից բաղկացած ընտանիքներին, իսկ այդ ժամանակ իր ընտանիքի երեք անդամներն ունեին անձնագիր, որդիներից Արկադի Բոտոյանը փաստացի բնակվել է նույն հասցեում, սակայն հիվանդության պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, անձնագիր չի ունեցել: Գյումրու Խ. Հայրիկի փողոցի 1-ին խճուղու 4-րդ շենքի ամրացված և չորսսենյականոց բնակարանը երեքսենյականոց դարձրած թիվ 5 բնակարանը ստանալու համար անձնագրային բաժնից Արտյոմ Բոտոյանի անվամբ ստացած տեղեկանքը ջնջումների և ավելացումների եղանակով կեղծել է, դարձրել Արկադի Բոտոյանի անվամբ, ներկայացրել բնակբաժին և ստացել նշված բնակարանը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք է դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Գյումրու քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 444 որոշմամբ, հաշվի առնելով, որ Գյումրու Խ. Հայրիկ /նախկին Թբիլիսյան խճուղի/ 1-ին թաղամասի 4-րդ «բ» շենքի թիվ 5 բնակարանում Արկադի Բոտոյանն անձնագրային հաշվառում չի ունեցել, այլ հաշվառված է եղել Արծիվ Բոտոյանը, փոփոխություն է կատարվել քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշման 4-րդ կետում, և նշված բնակարանը հատկացվել ու օրդերավորվել է Լյուդա, Աշոտ, Արտյոմ և Արծիվ Բոտոյանների անվամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայց ներկայացնելու և Դատարանի կողմից հայցը բավարարելու համար հիմք է հանդիսացել Գյումրու քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150 որոշումը և Քաղաքապետարանի 17.08.2004 թվականի թիվ 1/4-009/3526 գրությունը, որով մերժվել էր Արծիվ Բոտոյանի պահանջը մեկ սենյակ հատկացնելու կամ դրամական փոխհատուցում տալու մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Գյումրու քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 444 որոշումը, որով վերացվել է Գյումրու քաղաքապետի 25.02.2003 թվականի թիվ 150-րդ որոշման 4-րդ կետը, և դրանով վերականգնվել է Արծիվ Բոտոյանի խախտված իրավունքը, սույն գործի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով նոր երևան եկած հանգամանք է:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և Լյուդա Բոտոյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման ակտի կապակցությամբ դադարեցնելու մասին 23.03.2007 թվականի որոշմամբ պարզված հանգամանքներին, ապա դրանք սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չեն համարվում, քանի որ դրանով զուտ հաստատվում է այն փաստը, որ Գյումրու Խ. Հայրիկի փողոցի 1-ին թաղամասի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանը ստանալու համար Լյուդա Բոտոյանի կողմից կատարված կեղծիքի արդյունքում ընտանիքի կազմում գրանցվել է Արկադի Բոտոյանը: Հետևաբար, Գյումրու քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 444 որոշման առկայության պայմաններում վերոնշյալ հանգամանքները սույն քաղաքացիական գործով չեն կարող էական նշանակություն ունենալ:

Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ կառավարության 24.02.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ 309-Ն որոշման 8-րդ կետով ուժը կորցված է ճանաչվել ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 831-Ն որոշումը, ինչը սույն քաղաքացիական գործով նոր երևան եկած հանգամանք է, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 24.02.2005 թվականի թիվ 309-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել սույն գործով Դատարանի 25.11.2004 թվականի վճռի կայացման համար հիմք ծառայած ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի թիվ 831-Ն որոշումը, չի կարող նոր երևան եկած հանգամանք համարվել, քանի որ վճիռ կայացնելիս ՀՀ կառավարության 06.06.2002 թվականի թիվ 831-Ն որոշումը գործել է: Այսինքն` Դատարանի կողմից կիրառվել է գործի քննության պահին գործող նորմատիվ իրավական ակտ, որի հետագայում ուժը կորցրած ճանաչվելը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով նոր երևան եկած հանգամանք համարվել:

2) Բողոքի երկրորդ, երրորդ և չորրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոք կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

Մինչդեռ Դատարանի 25.11.2004 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսից ավելի ժամանակահատված է անցել, այսինքն` պատասխանողը բաց է թողել սույն հիմքերով վճռաբեկ բողոք բերելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Արծիվ Բոտոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն իր բովանդակությամբ չի վերաբերում վճռաբեկ բողոքի հիմքերին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 25.11.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

$.ե

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1353 (Ա)
Որոշում