Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ, 31- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով             Քաղաքացիական գործ թիվ 3-1401 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                       2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-236/2007 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

դատավորներ` Ն. Հովսեփյան

Տ. Մուկուչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Շահվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.04.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գյուլնարա Սարգսյանի ընդդեմ Միքայել, Շոթա և Փիրուզ Սարգսյանների, Սուսաննա Շահվերդյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և երրորդ անձ Սամվել Գևորգյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տնից և հողամասից առանձնացնել 2/9 բաժինը և պարտավորեցնել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը կատարելու սեփականության իրավունքի պետական գրանցում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.03.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վճռաբեկ դատարանի 14.07.2006 թվականի որոշմամբ Սուսաննա Շահվերդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է Վերաքննիչ դատարանի 12.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի 03.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել կատարելու 11.04.2005 թվականի ժառանգության իրավունքի վկայագրից ծագած Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ամբողջ տնատիրության 2/9-րդ բաժնի նկատմամբ Գյուլնարա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում: Բաժինն առանձնացնելու պահանջի մասով հայցը մերժվել է: Միաժամանակ վճռվել է հանգուցյալ Համբարձում Սարգսյանին պատկանած Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 տան մասը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել` Գյուլնարա Սարգսյանին` 2/3-րդ մասը, Միքայել Սարգսյանին` 1/6-րդ մասը, Շոթա Սարգսյանին` 1/6-րդ մասը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Շահվերդյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Գյուլնարա Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 131-րդ և 215-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության փաստն ապացուցված չլինելու պայմաններում վճիռ է կայացրել վիճելի անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու վերաբերյալ, որի արդյունքում վիճելի տան սեփականատերերը` պատասխանողները, զրկվում են գույքի իրենց մասը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը, վիճելի անշարժ գույքի մասը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ վճիռ կայացնելով, անտեսել է, որ հայցվորը նման պահանջ դատարան չի ներկայացրել: Այսինքն` Վերաքննիչ դատարանն ըստ էության փոխել է հայցի առարկան` խախտելով Վերաքննիչ դատարանում գործի քննության կանոնները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2007 թվականի վճիռը` Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 տան հանգուցյալ Համբարձում Սարգսյանին պատկանած մասը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաշխելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Գործում առկա բազմաթիվ ապացույցներով, մասնավորապես, Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 19.02.2007 թվականի տեխնիկական եզրակացությամբ հիմնավորվում է, որ վիճելի ժառանգական գույքից Գյուլնարա Սարգսյանի բաժինն առանձնացնել հնարավոր չէ:

Դատաքննության ընթացքում կողմերը նաև մերժել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված գույքը բաժանելու, դրանից բաժին առանձնացնելու կամ փոխհատուցում տալու հնարավորությունները: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վեճի լուծման համար իրավացիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները:

Բողոքի այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 131-րդ, 215-րդ հոդվածների պահանջները, վճիռ է կայացրել վիճելի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ, մինչդեռ հայցվորը նման պահանջ դատարան չի ներկայացրել, նույնպես անհիմն է, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի փոխել հայցի առարկան, այլ ելնելով նրանից, որ տեխնիկական եզրակացությամբ Գյուլնարա Սարգսյանի բաժինն առանձնացնել հնարավոր չէ, իսկ կողմերը հրաժարվել են փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու հնարավորությունից, վճիռ է կայացրել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Անհիմն է նաև բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ խախտվել է պատասխանողների ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը: Տվյալ դեպքում բողոք բերած անձը` պատասխանող Սուսաննա Շահվերդյանը, անշարժ գույքի սեփականատեր չէ: Նա Շոթա Սարգսյանի նախկին կինն է: Սուսաննա Շահվերդյանի դիմումով Արաբկիրի շրջանի դատարանի 29.12.1997 թվականի վճռով Շոթա Սարգսյանը ճանաչվել է անհայտ բացակայող: Նշված վճռի հիման վրա` Սուսաննա Շահվերդյանին 07.05.1998 թվականին տրվել է թիվ 011309 ամուսնալուծության վկայականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 12.07.1994 թվականի թիվ 106 սեփականության վկայագրով գրանցվել է հանգուցյալ Համբարձում Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 տնատիրության 1/3-ի նկատմամբ: Վերջինս մահացել է 09.05.1992 թվականին:

2) Համբարձում Սարգսյանի կինը` Հռիփսիմե Շահվերդյանը, 22.05.2001 թվականի կտակով Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 տան իր բաժինը կտակել է դստերը` Գյուլնարա Սարգսյանին: Հռիփսիմե Շահվերդյանը մահացել է 24.09.2004 թվականին:

3) 11.04.2005 թվականին Գյուլնարա Սարգսյանին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, որի համաձայն` վերջինիս ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի 2/9 բաժնից:

4) Դիմելով դատարան` Գյուլնարա Սարգսյանը պահանջել է Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեի ամբողջ տնից և հողամասից առանձնացնել 2/9 բաժինը և պարտավորեցնել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը կատարելու իր սեփականության իրավունքի պետական գրանցում: Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ հայցվորը փոխել է հայցի առարկան:

5) Կադաստրի 19.02.2007 թվականի թիվ 1463ա/02ա տեխնիկական եզրակացության համաձայն` Գյուլնարա Սարգսյանի 2/9 բաժնեմասը կազմում է` հողամաս 133 քմ, բնակելի տուն` 43 քմ, բնակելի սենյակներ` 21.1 քմ, նկուղ` 21.9 քմ: Համբարձում Սարգսյանին պատկանող 200 քմ հողամասի գերակշիռ մասը կառուցապատված է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ առանձնացնել 133 քմ հողամաս, 18.2 քմ և 13.5 քմ սենյակները միջանցիկ են և հնարավոր չէ առանձնացնել 21.1 քմ սենյակ:

Հաշվի առնելով Համբարձում Սարգսյանի բնակելի տան փաստացի վիճակը` առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների հնարավոր չէ առանձնացնել Գյուլնարա Սարգսյանի բաժնեմասը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Սույն քաղաքացիական գործով Գյուլնարա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Միքայել, Շոթա և Փիրուզ Սարգսյանների, Սուսաննա Շահվերդյանի, Կադաստրի և երրորդ անձ Սամվել Գևորգյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջներով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության փաստը ապացուցված չլինելու պայմաններում, վճիռ է կայացրել վիճելի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում Կադաստրի 19.02.2007 թվականի թիվ 1463ա/02ա տեխնիկական եզրակացությունը, որի համաձայն, հաշվի առնելով Համբարձում Սարգսյանի բնակելի տան փաստացի վիճակը, առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների հնարավոր չէ առանձնացնել Գյուլնարա Սարգսյանի բաժնեմասը: Այսինքն, վերոնշյալ եզրակացության համաձայն, Գյուլնարա Սարգսյանի բաժնի առանձնացումը հնարավոր է շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում: Հետևաբար, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինն առանձնացնելու համար պահանջվող շինարարական աշխատանքների իրականացման հնարավորությանը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերություն): Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ եղանակի կիրառման անհնարինության դեպքում, բաժինն առանձնացնելու հնարավորությունը որոշելիս դատարանի կողմից ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները:

i

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռը կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

Վերոգրյալի հիման վրա` դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իր իրավունքը կարող է իրականացնել միմիայն համապատասխան հայցապահանջի առկայության դեպքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքի սույն հիմքում նշված այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը, վիճելի բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին վճիռ կայացնելով, դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջների շրջանակից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:

Սույն գործով հայցվորի ներկայացրած հայցի առարկան ընդհանուր գույքից բնեղենով իր բաժինն առանձնացնել է: Հայցվորը վիճելի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ չի ներկայացրել:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վճիռ կայացնելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, ըստ էության փոխել է հայցի առարկան, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված վերաքննիչ դատարանում գործի քննության կանոնների խախտմանը:

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքը համարում է հիմնավոր և դիտում բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 03.04.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Գյուլնարա Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.04.2007 թվականի վճռի` բաժինն առանձնացնելու և հրապարակային սակարկություններով տան մասը վաճառելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1401(ՎԴ)
Որոշում