Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ, 109-ՐԴ, 110-ՐԴ ԵՎ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ         Քաղաքացիական գործ թիվ 3-1696 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1716/2007թ.

նախագահող դատավոր` Ա. Խառատյան

դատավորներ` Կ. Հակոբյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում քննելով Նորիկ Ղալաչյանի վճռաբեկ բողոքն ըստ Լուսինե Ժամխարյանի հայցի ընդդեմ Նորիկ Ղալաչյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին թիվ 07-1716 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է փոփոխել նախկինում սահմանված ալիմենտի չափը և իր խնամքին գտնվող մեկ երեխայի համար նախկին ամուսնուց` Նորիկ Ղալաչյանից բռնագանձել 20.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 21.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` Նորիկ Ղալաչյանից հօգուտ Լուսինե Ժամխարյանի խնամքին գտնվող Նարեկ Նորիկի Ղալաչյանի բռնագանձել ամսական 15.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ` մինչև երեխայի չափահաս դառնալը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորիկ Ղալաչյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 109-րդ, 110-րդ և 133-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն ալիմենտի չափը սահմանելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ ալիմենտի պահանջի մասով Վճռաբեկ դատարանի կողմից հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի պարագայում ալիմենտի չափը փոփոխելու պահանջը դատարանում քննության ենթակա չէր:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հղում կատարելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածին և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքին ալիմենտի չափ է սահմանել 15.000 ՀՀ դրամ, ինչը հակասում է նույն օրենքի 3-րդ հոդվածին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նարեկ Նորիկի Ղալաչյանը ծնվել է 21.07.2002 թվականին:

2) Նորիկ Վազգենի Ղալաչյանը 28.03.2003 թվականին ճանաչել է Նարեկ Նորիկի Ղալաչյանի հայրությունը:

3) Նորիկ Ղալաչյանը երրորդ խմբի հաշմանդամ է և չունի վարձատրվող աշխատանք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և ենթակա է հաստատման դատարանի կողմից:

Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, իսկ 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետից, որը վերաբերվում է այն դեպքին, երբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով:

Հայցի առարկա ասելով պետք է հասկանալ հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը, տվյալ դեպքում հայցի առարկան ալիմենտի չափը փոփոխելու իրավունքն է, իսկ նույն կողմերի միջև հաշտության համաձայնությամբ ավարտված քաղաքացիական գործով հայցի առարկան ալիմենտի չափ սահմանելու հայցվորի իրավունքն էր: Ակնհայտ է, որ հայցի առարկաները տարբեր են, հետևաբար, վճռաբեկ բողոքի առաջին հիմքն անհիմն է:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն ալիմենտի ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ այդ բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

Վերաքննիչ դատարանը, որպես ալիմենտի չափ 15.000 ՀՀ դրամ սահմանելու հիմնավորում` հղում է կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքերի, օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1.000 ՀՀ դրամը:

Հետևաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1.000 ՀՀ դրամը:

Վճռաբեկ դատարանն այս խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է նաև 30.11.2006 թվականի որոշմամբ (տես` ըստ Զոյա Զախարյանի հայցի ընդդեմ Սամվել Զախարյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին թիվ 3-2300 քաղաքացիական գործը):

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտի չափը կարող է դատարանով նվազեցվել կամ պակասեցվել` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը կամ ուշադրության արժանի շահերը:

Ալիմենտի ամենամսյա վճարումների չափը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն, որ պատասխանողը երրորդ խմբի հաշմանդամ է և չունի վարձատրվող աշխատանք, ինչպես նաև սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որը կարող է հաստատել Նորիկ Ղալաչյանի գույքային դրությունը որևէ կերպ փոխվելու հանգամանքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր համարելով, այն բավարար հիմք է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1696(ՎԴ)
Որոշում