Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈ ...

 

 

020.0744.010408

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 ապրիլի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին` Դուշանբե քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է ապահովել Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) սոցիալական և իրավական պաշտպանությունը, խաղաղության պահպանման գործողություն (ԽՊԳ) անցկացնելու մանդատին համապատասխան իրենց պարտավորությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անվտանգության և պաշտպանության ապահովումն ու ԽՊՀՈՒ-ի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանվածության ուժեղացումը:

Համաձայնագրի դրույթներով կարգավորվում են ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքներ տրամադրելու ֆինանսավորման կարգը, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անդամի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամների միանվագ լրացուցիչ նպաստ ստանալու իրավունքը, ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար նախկինում զբաղեցրած պաշտոնների դրամական բավարարման, իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների` այդ թվում ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում հատուկ պայմաններով ծառայության չափանիշներով, պահպանումը և այլն:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) համար սահմանել` ըստ նախկին զբաղեցրած պաշտոնների` ապրուստի, դրամական միջոցի (միջին աշխատավարձի), իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների (այդ թվում ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում ծառայության (աշխատանքի) հատուկ պայմաններով) պահպանում,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել դրամական վարձատրություն, որի վճարման չափը և կարգը հաստատվում է համաձայնագրի Կողմերի որոշմամբ,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել վարձատրվող լրացուցիչ արձակուրդ` 15 օր տևողությամբ` արձակուրդն անցկացնելու վայր ուղևորվելու և հետդարձի ժամանակը չհաշված,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել` ԽՊՀՈՒ-ի զինվորական, ոստիկանական անձնակազմի ծառայության ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար հաշվանցում երկարամյա ծառայության մեջ, ԽՊՀՈՒ-ի քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար (պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրման համար ուղարկող Կողմի կենսաթոշակային հիմնադրամին ապահովագրական մուծումներ վճարելու պայմանով) հաշվանցում աշխատանքային ստաժի մեջ` ծառայության (աշխատանքի) մեկ ամիսը` որպես երեք ամիս,

- սահմանել` միանվագ նպաստի վճարում ԽՊՀՈՒ-ի անձնակազմին, որը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացել է խեղումներ (վերքեր, վնասվածքներ, կոնտուզիաներ), հիվանդություններ, որոնք հանգեցրել են ժամանակավոր անաշխատունակության և հաշմանդամություն չեն առաջացրել, 5 ամսվա դրամական վարձատրության չափով, իսկ հաշմանդամության առաջացման դեպքում` 10 ամսվա դրամական վարձատրության չափով. նշված նպաստը վճարվում է որպես հավելում ուղարկող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված նպաստների (ապահովագրական վճարների),

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան` սահմանել բժշկական ապահովում,

- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմից անձի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամներին տալ իրավունք հավասար մասնաբաժիններով ստանալու 30 ամսվա դրամական վարձատրության չափով միանվագ լրացուցիչ նպաստ` որպես հավելում ազգային օրենսդրությամբ սահմանվածի,

- զոհվածի (մահացածի) մարմնի և անձնական իրերի տեղափոխումը հուղարկավորման վայր իրականացնել համաձայնագրի 5 հոդվածով սահմանված միջոցների հաշվին,

- համաձայնագրով նախատեսված սոցիալական և իրավական երաշխիքները չտարածել այն անձանց վրա, որոնք ինքնակամ թողել են զորամասը կամ ծառայության (աշխատանքի) վայրը, քրեորեն պատժելի արարք են գործել ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքներ կատարելու ընթացքում,

- որպես ուղարկող Կողմ իրականացնել ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքներ տրամադրելու ծախսերի ֆինանսավորումը` ԽՊՀՈՒ ստեղծելու մասին Կողմերի որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա, այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի սահմանված կարգով նախատեսվում են ազգային բյուջեներում համապատասխան նպատակների համար:

3. Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար և ուժի մեջ է մտնում միանալու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

4. ԱՊՀ մասնակից պետություններից համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 ապրիլի 2008 թվականի

ՍԴՈ-744

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.04.2008
N ՍԴՈ-744
Որոշում