Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...

 

 

020.0756.100608

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 հունիսի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 14-ին Գործընկերության և համագործակցության համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանը խթանելու համար Եվրոպական միության անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների միջև Թվինինգ ձևաչափով 3 կամ 4 ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Հայաստանին` ժողովրդավարական կառույցների հզորացման, օրենքի իշխանության ամրապնդման, ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումները և խաբեությունների ու կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ամրապնդման, էներգետիկ ռազմավարության մշակման, ներառյալ Մեծամորի ատոմակայանի հնարավորինս շուտ փակումը, և այլ հարցերում:

Ըստ համաձայնագրի` Եվրոպական համայնքների հանձնաժողովը Ծրագրի իրականացման համար պարտավորվում է, համաձայնագրում և դրա անբաժանելի մասը հանդիսացող երկու հավելվածներում նախատեսված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հինգ միլիոն (5.000.000) եվրո:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- համաձայնագրի իրականացման գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվության փոխանակումն իրականացնել գրավոր,

- ֆինանսավորման համաձայնագրի իրագործմանն ուղղված բոլոր պայմանագրերը կնքել և իրականացնել արտաքին գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված և հրատարակված այն ընթացակարգերի և փաստաթղթերի համաձայն, որոնք ուժի մեջ են ընթացակարգերն սկսելու ժամանակ,

- համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, այսինքն` համաձայնագիրը վերջին Կողմի ստորագրելուց հետո երեք տարվա ընթացքում, ստորագրել համաձայնագրի իրականացմանն ուղղված պայմանագրերը,

- պայմանագրի բնույթից ելնելով` երաշխավորել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում հիմնավորվելու և բնակվելու ժամանակավոր իրավունքը, որոնք մասնակցում են աշխատանքների, մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար հայտարարված մրցույթներին, ինչպես նաև ապահովել, որպեսզի կապալառուները (ներառյալ` դրամաշնորհ ստացողները), ֆիզիկական անձինք, որոնց ծառայությունները պարտադիր են պայմանագրի իրականացման համար, և վերջիններիս ընտանիքների անդամները Ծրագրի իրականացման ընթացքում օգտվեն նույն իրավունքից,

- Համայնքի կողմից ֆինանսավորվող գնումների պայմանագրերի և դրամաշնորհների նկատմամբ կիրառել ամենաբարենպաստ հարկային և մաքսային այն պայմանները, որոնք ՀՀ-ն կիրառում է այն պետությունների կամ զարգացման միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ ունի հարաբերություններ, իսկ նշված խնդրի վերաբերյալ Շրջանակային համաձայնագրով կամ նամակագրությամբ սահմանված ավելի մանրամասն դրույթների առկայության պարագայում կիրառել նաև դրանք,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ անհամապատասխանությունները և խարդախությունը կանխելու ուղղությամբ և Հանձնաժողովի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում քրեական հետապնդում իրականացնել` անօրինական ծախսված միջոցները վերականգնելու համար, ինչպես նաև Հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված ցանկացած միջոցի մասին,

- անմիջապես Հանձնաժողովին տեղեկացնել անհամապատասխանությունների կամ կեղծիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ունեցած կասկածի մասին,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պայմանագրերի կամ դրամաշնորհների տրամադրման կամ վերջինիս հետ կապված պայմանագրերի իրականացման ընթացքում ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի ցանկացած փորձ վերացնելու համար,

- Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, Համայնքի օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերին համապատասխան, տեղում ստուգումներ և հսկողություն իրականացնելու հնարավորություն տրամադրել` Եվրոպական համայնքների ֆինանսական շահերը խարդախությունից և այլ անհամապատասխանություններից պաշտպանելու նպատակով,

- Հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի և Աուդիտորների եվրոպական դատարանի պաշտոնյաներին և վերջիններիս կողմից լիազորված գործակալներին թույլատրել մուտք գործել և ուսումնասիրել այն վայրերը և շինությունները, որտեղ, համաձայնագրի համաձայն, իրականացվում են համաձայնագրի ներքո ֆինանսավորվող գործողություններ, ներառյալ այդ շինությունների համակարգչային համակարգերը, այդ թվում գործողությունների տեխնիկական և ֆինանսական կառավարմանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ կամ էլեկտրոնային տվյալ, ինչպես նաև ձեռնարկել բոլոր միջոցները վերջիններիս աշխատանքն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ, Հանձնաժողովին, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին և Աուդիտորների եվրոպական դատարանին տեղեկացնել այդ փաստաթղթերի գտնվելու ստույգ տեղի մասին,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են միջնորդ դատավորների կայացրած որոշումն իրականացնելու համար, և այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հունիսի 2008 թվականի

ՍԴՈ-756

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.06.2008
N ՍԴՈ-756
Որոշում