Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ, 139-ՐԴ ԵՎ 227-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Կենտրոն և  Նորք-Մարաշ       Քաղաքացիական գործ թիվ 3-194 (Ա)

    համայնքների առաջին ատյանի                                   2008 թ.

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-2632/2007 թ.

Նախագահող դատավոր` Էդ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Ավագյանի վճռաբեկ բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Անդրանիկ Բարումյանի, Էմմա Ավագյանի` տարածքից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վտարել պատասխանողներին Երևանի Խորհրդարանի փողոցի 40/11 հասցեից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 26.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմմա Ավագյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 139-րդ հոդվածները, գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` գործի քննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը Էմմա Ավագյանին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Դատարանը կայացրած վճիռը Էմմա Ավագյանին չի ուղարկել: Նշված վճռի մասին Էմմա Ավագյանն իմացել է իր նախկին ամուսնուց` Անդրանիկ Բարումյանից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

11.07.2007 թվականի և 26.07.2007 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Էմմա Ավագյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Էմմա Ավագյանին պատշաճ ձևով և առհասարակ չի տեղեկացրել 11.07.2007 թվականի և 26.07.2007 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 11.07.2007 թվականի և 26.07.2007 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Էմմա Ավագյանին պատշաճ ձևով ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236(Ա) (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-194 (Ա)
Որոշում