Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ԵՎ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ԵՎ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ               Քաղաքացիական գործ թիվ 3-47 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                 2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2377

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

դատավորներ` Լ. Սոսյան

Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ և Վասիլ Խանաղյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Անահիտ Խանաղյանի ընդդեմ Վեներա Ավետիսյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և նրան ընտանիքով իր սեփականությունը համարվող տարածքից վտարելու պահանջների մասին, Վեներա Ավետիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիտ Խանաղյանի, Վասիլ Խանաղյանի, Դաշտավանի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման` աճուրդն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության իրավունքով Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող հին դպրոցի շենքի` իր կողմից զբաղեցրած տարածքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Անահիտ Խանաղյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը, վտարել Վեներա Ավետիսյանին և նրա ընտանիքին Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող և իրեն պատկանող հին լաբորատորիայի շենքից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վեներա Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող հին լաբորատորիայի շենքի 28.02.1996 թվականի աճուրդը և ձեռքբերման վաղեմության հիմքով նշված շենքի իր կողմից զբաղեցրած տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ և Վասիլ Խանաղյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերման հիմքերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Վեներա Ավետիսյանը գիտակցել է, որ վիճելի գույքը Գյուղապետարանի սեփականությունն է, այն տիրապետել է Գյուղապետարանի թույլտվությամբ և ոչ որպես իր սեփականություն:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Վեներա Ավետիսյանի ամուսին Մայիս Դանիելյանի իրավունքների վերաբերյալ, որը գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.02.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 28.02.1996 թվականի աճուրդով և գույքի օտարման պայմանագրով Դաշտավան գյուղում գտնվող հին լաբորատորիայի շենքի նկատմամբ Անահիտ Խանաղյանը ձեռք է բերել սեփականության իրավունք:

2) 07.11.2006 թվականին Անահիտ Խանաղյանին տրվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի հին լաբորատորիայի շենքի և հողամասի նկատմամբ թիվ 2175690 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

3) Վեներա Ավետիսյանի ընտանիքը Դաշտավան գյուղի հին լաբորատորիայի շենքում բնակվում է 1995 թվականից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ, 10.10.2007, քաղ. գործ թիվ 3-1435/ՎԴ (ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջ)):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վեներա Ավետիսյանը Գյուղապետի թույլտվությամբ 12 տարի բնակվել է վեճի առարկա շենքում, հաստատված է համարել, որ վերջինս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նույնիսկ Գյուղապետի կողմից Վեներա Ավետիսյանին տրված բնակության թույլտվության առկայությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող որակվել որպես վեճի առարկա գույքի բարեխիղճ տիրապետում:

Այսինքն` սույն քաղաքացիական գործում բացակայում է որևէ ապացույց, որով կարող էր հաստատվել Վեներա Ավետիսյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը, գործով հիմնավորված չէ, որ այդ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող Վեներա Ավետիսյանը բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք չի տիրապետել վեճի առարկա անշարժ գույքը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք չի բերել սեփականության իրավունք:

2) Բողոքի երկրորդ հիմքը այն մասին, որ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Մայիս Դանիելյանի իրավունքների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը քննության չի առնում, քանի որ բողոք բերած անձը` Անահիտ Խանաղյանը իրավասու չէ վճռաբեկ բողոք ներկայացնել Մայիս Դանիելյանի անունից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճիռը և փոփոխել: Անահիտ Խանաղյանի հայցը բավարարել, Վեներա Ավետիսյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-47 (ՎԴ)
Որոշում