Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 159-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-76 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3455/2007 թ.

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Զորյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռոզա Աթենյանի ընդդեմ Արսեն Զորյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի որոշումը, ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշումը, Բաղրամյանի 37 տանը կից ավտոտնակի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ճանաչել իր սեփականության իրավունքը այդ ավտոտնակի նկատմամբ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Զորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռոզա Աթենյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել Բաղրամյանի 37/1 հասցեի ավտոտնակի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թվի 2246-Ա որոշումը, ինչի արդյունքում հանգել է եզրահանգման այն մասին, որ Արսեն Զորյանի սեփականության իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է վերոհիշյալ որոշման հիման վրա: Այնինչ սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է, որ Արսեն Զորյանի սեփականության իրավունքը ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճռի, Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1829 որոշման և Երևանի քաղաքապետի վերոհիշյալ որոշման հիման վրա:

Բացի այդ հայցվորը վեճի առարկա ավտոտնակին հասցե տրամադրելու որոշումն անվավեր ճանաչելու հարցում շահագրգռված անձ չէ, այդ ակտով հայցվորի որևէ իրավունք չի խախտվել:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից: Այսպես, քննվող քաղաքացիական գործով հայցվորը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշումը, ինչպես նաև Բաղրամյանի 37 տանը կից ավտոտնակի նկատմամբ Արսեն Զորյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ճանաչել իր սեփականության իրավունքը տվյալ ավտոտնակի նկատմամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Բաղրամյանի 37 տանը կից ավտոտնակի նկատմամբ Արսեն Զորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Արսեն Զորյանի սեփականության իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման հիման վրա, որը վերաբերում է ավտոտնակին հասցե տրամադրելուն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 29.12.2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի, ինչպես նաև 12.02.2007 թվականի Կադաստրի գրության համաձայն` Երևանի Բաղրամյան 37/1 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ Արսեն Զորյանի սեփականության իրավունքը գրանցվել է Վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճռի, Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1829 որոշման և Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման հիման վրա:

2) Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով Բաղրամյան պողոտայի 37 տան հարևանությամբ գտնվող, Արսեն Զորյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին տրամադրվել է Բաղրամյան պողոտա, թիվ 37/1 հասցեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արսեն Զորյանի սեփականության իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման (ավտոտնակին հասցե տրամադրելու վերաբերյալ) հիման վրա:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի հետազոտել 29.12.2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ինչպես նաև 12.02.2007 թվականի Կադաստրի գրությունը, որոնց համաձայն` Երևանի Բաղրամյան 37/1 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ Արսեն Զորյանի սեփականության իրավունքը գրանցվել է Վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճռի, Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1829 որոշման և Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման հիման վրա:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի կողմից Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշման անվավեր ճանաչելը, հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:

Նշված նորմը սահմանում է վարչական ակտի` դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն` բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմքեր (պայմաններ): Այդ հիմքերն են`

1. ակտի հակասելն օրենքին,

2. դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը:

Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի`

1. ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) իրավասությունը նման ակտ ընդունելու,

2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը:

i

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այս թվում նաև` վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները (տե՛ս օրինակ` Ջավադ Ջաֆարիի ընդդեմ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե` վարչական տույժ նշանակելու մասին ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ 3-2133 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշումը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այն իրավական հարցը, թե վերոնշյալ որոշումը օրենքի որ նորմին է հակասում, ինչպես նաև չի նշել, թե դրանով Ռոզա Աթենյանի կոնկրետ որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնելու (հոդված 18), անպատշաճ կողմը փոխարինելու (հոդված 31), հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32 հոդվածի առաջին կետ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35), հակընդդեմ հայց հարուցելու (հոդված 96) մասին կանոնների: Սակայն, հայցվորը առաջին ատյանի դատարանում չի փոփոխել հայցի առարկան, հետևաբար դատարանը, վճռելով անվավեր ճանաչել Արսեն Զորյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, դուրս է եկել հայցի շրջանակներից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով սույն գործի վարույթը ենթակա էր կարճման այն հիմքով, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ սեփականության իրավունքի վկայականը իրավունք առաջացնող վարչական ակտ չէ:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

i

Վճռաբեկ դատարանն այս իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920(ՎԴ) որոշմամբ (տես` քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

2. Երևանի քաղաքապետի 20.12.2006 թվականի թիվ 2246-Ա որոշումն անվավեր ճանաչելու և դրա նկատմամբ Ռոզա Աթենյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ Ռոզա Աթենյանի հայցը մերժել:

3. Արսեն Զորյանի անվամբ 29.12.2006 թվականին տրված թիվ 2202431 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Հ. Ղուկասյան

Դ. Ավետիսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-76 (ՎԴ)
Որոշում