Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ԵՎ 18-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-87 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2723/2007 թ.

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Ֆիդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Թաթուլ և Արտավազդ Մնացականյաններ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ Համլետ, Կարինե, Մարիամ, Գագիկ Ֆիդանյանների, երրորդ անձինք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Ջրվեժի գյուղապետարանի` անշարժ գույքի կադաստրի գրանցամատյաններում պատասխանողներին որպես սեփականատեր գրանցումը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և 60 քմ հողամասի, դրա վրա կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է մասնակիորեն` 60 քմ մակերեսով հողամասի և այդ տարածքի վրա կառուցված` պատասխանողների սեփականության իրավունքի գրանցման վկայականում որպես «մառան» նշված շինության մասով անվավեր ճանաչել անշարժ գույքի կադաստրի գրանցամատյանում պատասխանողների սեփականության իրավունքի գրանցումը, որպես դրա հետևանք այդ մասով անվավեր ճանաչել նրանց անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը և վերոնշյալ անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կոոպերատիվի սեփականության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է մասնակիորեն` 60 քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված, պատասխանողների սեփականության իրավունքի գրանցման վկայականում որպես «Մառան» նշված շինության մասով անվավեր ճանաչել Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման գրանցամատյանում պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Քաղաքացիական գործի վարույթը մնացած մասով կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Ֆիդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ` ՀՀ հողային օրենսգիրք) 13-րդ և 18-րդ հոդվածների առաջին մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

1991 թվականին «Անի» կոոպերատիվին հողամաս հատկացված լինելու հանգամանքը պետք է հաստատվի միայն համապատասխան պետական ակտով: Սակայն Վերաքննիչ դատարանը այդ հանգամանքը հաստատված է համարել այդ ակտի բացակայության պայմաններում:

Դատարանն ապացուցված է համարել, որ շինությունը կառուցելու ծախսերը կատարել է Թաթուլ Մնացականյանն, ինչը դիտել է որպես Կոոպերատիվի համար վիճելի շինության նկատմամբ իրավունքներ առաջացնող իրավաբանական փաստ:

i

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 43-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել սեփականության իրավունքի գրանցումը` չանդրադառնալով այդ իրավունքի գրանցման իրավական հիմքերին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.02.1993 թվականի թիվ 16 որոշման օրինականության հարցը:

Դատարանը ժառանգության իրավունքի վավեր վկայագրի առկայության պայմաններում անվավեր է ճանաչել դրանից բխող իրավունքների պետական գրանցումը:

Մինչդեռ, վերլուծելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 43-րդ հոդվածները` կարելի է եզրակացնել, որ գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժվում է միայն այդ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Այսինքն, եթե իրավունքների պետական գրանցումը կատարելիս պահպանվել է այդ հոդվածի պահանջը, հետևաբար, պետական գրանցումը բոլոր դեպքերում օրինական է, քանի դեռ անվավեր ճանաչված չեն այդ գրանցման համար հիմք հանդիսացած վարչական ակտը և գործարքը:

i

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Նախքան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառումը, Վերաքննիչ դատարանը պետք է նշեր, թե պատասխանողների սեփականության իրավունքի գրանցմամբ հայցվորի ո՞ր իրավունքներն են խախտվել: Նշված հարցի պատասխանը վճռում բացակայում է:

Վիճելի հողամասը հայցվորին հատկացնելու վերաբերյալ պետական ակտ գոյություն չի ունեցել, վիճելի շինությունը հայցվոր կազմակերպության կողմից կառուցված լինելու վերաբերյալ տվյալներ չկան և վճռում նշված չեն, ուստի որևէ մեկի` այդ թվում նաև պատասխանողի իրավունքների գրանցումը նշված գույքի նկատմամբ չի կարող առաջացնել հայցվորի իրավունքի խախտում:

Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը պահանջել է վճիռը` հայցապահանջը բավարարելու մասով բեկանել, փոփոխել և հայցապահանջը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1985-1990, 1991-1996 թվականների տնատիրությունների գրքից կատարված քաղվածքի համաձայն` Մարիամ Լևոնի Ֆիդանյանի տնտեսության օգտագործման տակ գտնվող հողը գրանցված է 1986 թվականին 0,03 հա, այդ թվում` շինությունների տակ` 0,01 հա, 1987 թվականից մինչև 1995 թվականը` ընդամենը 0,02 հա, որից շինությունների տակ` 0,01 հա:

2) Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 25.09.1991 թվականին կայացած նիստում գյուղխորհրդի գործադիր կոմիտեն չի առարկել Թաթուլ Մնացականյանին Երևանից Ջրվեժ մտնող ճանապարհի աջ մասում 50 քմ մակերեսով հողամաս հատկացնել` պայմանով, որ լինի ճարտարապետական բաժնի համապատասխան թույլտվությունը:

3) ՀՀ պատգամավորների Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 30.09.1991 թվականի նիստում որոշվել է գրանցել «Անի» կոոպերատիվ փոքր ձեռնարկության կանոնադրությունը և թույլատրել գործելու հաստատված կանոնադրությամբ:

4) ՀՀ պատգամավորների Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 31.08.1992 թվականի թիվ 09 որոշման առաջին կետով բավարարվել է «Անի» փոքր ձեռնարկության խնդրանքը և հաշվի առնելով Ջրվեժի գյուղական խորհրդի 25.09.1991 թվականի որոշումը, թույլատրվել է գյուղ մտնող ճանապարհի աջ մասում հատկացված 50 քմ տարածքում տեղադրելու կոմիսիոն խանութ:

5) Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.02.1993 թվականի թիվ 16 որոշման և 21.03.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա սեփականության իրավունք են ձեռք բերել Համլետ Ֆիդանյանը` 2/5-րդ բաժնի նկատմամբ, Կարինե Ֆիդանյանը` 1/5-րդ բաժնի նկատմամբ, Մարիամ Ֆիդանյանը` 1/5-րդ բաժնի նկատմամբ, Գագիկ Ֆիդանյանը` 1/5-րդ բաժնի նկատմամբ:

6) «Անի» փոքր ձեռնարկությունը 2006 թվականին վերակազմակերպվել և անվանվել է «Թաթուլ և Արտավազդ Մնացականյաններ» արտադրական կոոպերատիվ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել «Անի» փոքր ձեռնարկության մոտ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագած լինելու հանգամանքը` այդ եզրակացության հիմքում դնելով Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 25.09.1991 թվականի որոշումը, ինչպես նաև ՀՀ պատգամավորների Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 30.09.1991 թվականի որոշումը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` վեճի առարկա հողամասը գտնվել է Մարիամ Ֆիդանյանի օգտագործման ներքո դեռևս 1986 թվականից, ինչից հետո միայն կայացվել է Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 25.09.1991 թվականի որոշումը, որի համաձայն` գյուղխորհրդի գործադիր կոմիտեն չի առարկել Թաթուլ Մնացականյանին Երևանից Ջրվեժ մտնող ճանապարհի աջ մասում 50 քմ մակերեսով հողամաս հատկացնել` պայմանով, որ լինի ճարտարապետական բաժնի համապատասխան թույլտվությունը:

Այսինքն` վերոհիշյալ որոշմամբ Թաթուլ Մնացականյանի մոտ հողամասի նկատմամբ որևէ իրավունք չի առաջացել, քանի որ դրա առաջացումը կապված է եղել իրավաբանական մեկ այլ փաստի` ճարտարապետական բաժնի համապատասխան թույլտվության առկայության հետ:

Հետագայում, ՀՀ պատգամավորների Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 31.08.1992 թվականի թիվ 09 որոշման առաջին կետով բավարարվել է «Անի» փոքր ձեռնարկության խնդրանքը, և հաշվի առնելով Ջրվեժի գյուղական խորհրդի 25.09.1991 թվականի որոշումը` թույլատրվել է գյուղ մտնող ճանապարհի աջ մասում հատկացված 50 քմ տարածքում տեղադրել կոմիսիոն խանութ:

Վերոնշյալ որոշմամբ նույնպես վիճելի հողամասի նկատմամբ որևէ իրավունք չի ծագել, այլ ընդամենը թույլատրվել է կառուցել կոմիսիոն խանութ:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վերոհիշյալ որոշումներից և ոչ մեկով վեճի առարկա հողամասի նկատմամբ իրավունքներ չեն ծագել, ինչի պայմաններում հիմնավոր է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի խախտման վերաբերյալ պատճառաբանությունը:

Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` հողը որպես սեփականություն և օգտագործման տրամադրելն իրականացվում է հատկացման կարգով: Հողերի հատկացումը կատարվում է ՀՀ նախարարների խորհրդի, պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների որոշումների հիման վրա` վերջիններիս իրավասության սահմաններում, հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների համաձայնությամբ: Հողամասերը հատկացնելու մասին որոշումներում նշվում են հողամաս հատկացնելու և հողից օգտվելու պայմանները:

Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

Վերոգրյալից հետևում է, որ 1991-1992 թվականներն ընկած ժամանակահատվածում պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող էր հատկացվել համապատասխան գյուղական խորհրդի որոշմամբ, ինչի հիման վրա էլ նոր սեփականատիրոջը կամ օգտագործողին պետք է տրվեր համապատասխան պետական ակտ: Հետևաբար, Կադաստրում վեճի առարկա հողամասի նկատմամբ հայցվորի իրավունքների գրանցման բացակայության պայմաններում դրա նկատմամբ սեփականության իրավունքը կարող է հաստատվել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված պետական կետով: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործի նյութերում համապատասխան պետական ակտը բացակայում է:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, համաձայն որի` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն` պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, քանի որ վճռի պատճառաբանական մասում բացակայում է այն իրավական ակտերի կամ միջազգային պայմանագրերի վրա կատարված հղումը, որոնցով Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է պատասխանողների իրավունքի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելիս:

i

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի խախտման փաստարկին, ապա այն անհիմն է, քանի որ տվյալ հոդվածով սահմանվում է միայն անձի` դատարան դիմելու իրավունքն անկախ իրականում վիճարկվող իրավունքների առկայության հանգամանքից:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված է գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը մերժելու հիմքերը, իսկ բողոքի սույն կետով ներկայացված հիմքը վերաբերում է իրար հակասող երկու իրավաստեղծ հիմքերի միաժամանակյա գոյության անհնարինությանը, ինչը նույն օրենքի 43-րդ հոդվածի կարգավորման առարկա չէ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի խախտման հարցին, քանի որ վճռաբեկ բողոքում նշված հոդվածի խախտման հիմնավորումները բացակայում են:

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն քաղաքացիական գործով պատասխանողները միջնորդել են կիրառել հայցային վաղեմություն: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը, համաձայն որի` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ, վերաբերում է նեգատոր հայցին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդված) և որևէ կապ չունի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ սույն վեճի հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին և երրորդ հիմքերի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի հայցապահանջը բավարարելու մասը, և այդ մասով դատական ակտը փոփոխել. բավարարված մասով հայցապահանջը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-87 (ՎԴ)
Որոշում