Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀՀ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌ ...

 

 

050.0053.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2008 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ դնել տասը հազար դրամ անվանական արժեքով 2008 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ տասը հազար դրամ անվանական արժեքով 2008 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003 և 2006 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել տասը հազար դրամ անվանական արժեքով 2008 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` ըստ Հավելված 1-ի:

4. Հաստատել տասը հազար դրամ անվանական արժեքով 2008 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` ըստ Հավելված 2-ի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին հրապարակել համապատասխան հաղորդագրություն մամուլում` ընդգրկելով սույն որոշման հավելված 2-ը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. փետրվարի 26-ի

թիվ 53-Ն որոշմամբ

 

_______________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. փետրվարի 26-ի

թիվ 53-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2008 թվականի նմուշի 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 150 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Ավետիք Իսահակյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույնն է` մանուշակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 10000» մանրատառաշարը:

Դիմերես.

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառը և ութանիշ համարը: Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեմագրայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Ավետիք Իսահակյանի դիմանկարի պրոֆիլը և մի զարդանախշ, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «10000 ԴՐԱՄ» գրառումներով օղակաձև շրջապատված դրամի խորհրդանշանը` «Դ»: Փայլաթիթեղի ողջ մակերեսով առկա է «AMD 10000» մանրատառաշարը, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «10000 ԴՐԱՄ» և «AMD 10000» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «10000» թիվը, որի նիշերի գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: Փայլաթիթեղից աջ սև գույնով ուղղահայաց գրված է «Ավետիք Իսահակյան 1875-1957»: Թղթադրամի մեջտեղում բաց մանուշակագույն ֆոնի վրա, որը պատկերում է հայ մեծ նկարիչ Մ. Սարյանի Արագած լեռան գծանկարից մի դրվագ, մուգ մանուշակագույն գույնով պատկերված է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Դիմանկարի ներքևի ձախ մասում պատկերված է օվալաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «10000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» կրկնվող բառերը: Նշված բառերից ներքև կանաչ և մանուշակագույն գույներով տպագրված է թափանցիկ պատկերը` ութանկյուն զարդանախշի տեսքով: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսին պատկերված ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը:

Դիմանկարից աջ, մանուշակագույն ֆոնի վրա սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:

Թղթադրամի միջնամասի մանուշակագույն ֆոնով շերտի ներքևի մասում երկու տողով գրված են «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառը` «Կ» և ութանիշ համարը: Նրանից աջ մուգ վարդագույնով պատկերված է երկու թեք գծիկ և մեկ կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում մետաղական փայլ ունեցող ներկով տպագրված է փետուրե գրչի և թանաքամանի տեսքով պատկեր: Դրանից ներքև տպագրված է «10000» թիվը, որի նիշերի գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի: «10000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2008»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը:

Դարձերես.

Թղթադրամի ձախ եզրին մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «10000» թիվը և դրամի խորհրդանշանը` «Դ»: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է վարդագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով: Թղթադրամի ձախ կողմում սպիտակամանուշակագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, մուգ և բաց մանուշակագույն գույներով տպագրված է «10000» թիվը: Թղթադրամի մեջտեղում տպագրված հիմնական մոտիվը ներկայացնում է հին Գյումրիից մի պատկեր: Թղթադրամի մեջտեղում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» բառերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում երկու տողով մուգ մանուշակագույն գույնով գրված են «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է մանուշակագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «10000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 53-Ն
Որոշում