Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

361. Շոգու առավելագույն ծախսին համապատասխանող բեռնվածության ակնթարթային հանումով տուրբինի կարգավորման համակարգի փորձարկումները պետք է կատարվեն`

1) տեղակայումից հետո տուրբինը շահագործման ընդունելու ժամանակ.

2) վերակառուցումներից հետո, որոնք փոխում են տուրբաագրեգատների դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի ստատիկ և դինամիկ բնութագրերը:

362. Էլեկտրահիդրավլիկ կերպափոխիչներով հանդերձված սեր իական արտադրության տուրբինների կարգավորման համակարգի փորձարկումները կարող են կատարվել բեռնվածության շոգեանջատումով (միայն կարգավորող կափույրների ակնթարթային փակումով)` առանց գեներատորը ցանցից անջատելու:

363. Տուրբինների առաջնային օրինակների, վերակառուցման ենթարկված (ագրեգատի դինամիկ բնութագրի կամ կարգավորման բնութագրերի փոփոխմամբ) տուրբինների առաջին օրինակների և էլեկտրահիդրավլիկ կերպափոխիչներով չհանդերձված բոլոր տուրբինների փորձարկումները պետք է կատարվեն բեռնվածությունը հանելով` գեներատորը ցանցից անջատելու միջոցով:

364. Կարգավորման կամ պաշտպանության փաստացի բնութագրերի նորմատիվային մեծություններից շեղումներ, շահագործման փաստաթղթերում կամ կազմակերպության հրահանգներում նշվածից կափույրների փակման ավելի մեծ տևողություններ կամ կիպությունների վատթարացում հայտնաբերելու դեպքերում պետք է բացահայտվեն և վերացվեն դրանց պատճառները:

365. Տուրբինային տեղակայանքի յուղամատակարարման համակարգի շահագործման ժամանակ, պետք է ապահովված լինեն`

1) ագրեգատների աշխատանքի հուսալիությունը բոլոր ռեժիմներում.

2) հրդեհային անվտանգությունը.

3) յուղի բնականոն որակի և ջերմաստիճանային ռեժիմի պահպանումը.

4) յուղի հոսակորուստների և հովացման համակարգ ու շրջակա միջավայր յուղի թափանցման կանխումը:

366. Պահուստային և վթարային յուղային պոմպերն ու դրանց ավտոմատ միացման սարքվածքը պետք է ստուգվեն աշխատանքի մեջ ամիսը 2 անգամ` տուրբաագրեգատի աշխատանքի ժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուր գործարկումից և կանգից առաջ: Այն տուրբինների համար, որոնց յուղման համակարգի աշխատանքային յուղապոմպն ունի անհատական էլեկտրաշարժաբեր, պահուստի ավտոմատ միացման ստուգում կանգից առաջ չի կատարվում:

367. Եթե տուրբինային տեղակայանքը հանդերձված է տուրբինում յուղի այրման տարածումը կանխող համակարգերով, ապա այդ համակարգի էլեկտրական սխեման պետք է ստուգվի սառը վիճակից տուրբինը գործարկելուց առաջ:

368. Յուղման համակարգի, կարգավորման և գեներատորի կիպացման գծերի վրա տեղադրված փակիչ ամրանը, որի սխալ փոխարկումը կարող է բերել սարքավորման կանգի կամ վնասվածքի, պետք է կապարակնքվի աշխատանքային դիրքում:

369. Տուրբինային տեղակայանքի խտուցքային կայանքի, որն իր մեջ ներառում է խտարարը, էժեկտորների խումբը և հովացնող ջրի շրջանառության համակարգը (այսուհետ` խտուցքային կայանք) շահագործման ժամանակ պետք է իրականացվեն`

1) խտարարի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ (հովացնող ջրի մշակումը քիմիական և ֆիզիկական եղանակներով, գնդիկային մաքրիչ կայանքների կիրառում և այլն).

2) խտարարների պարբերական մաքրում, երբ հովացման մակերևույթների աղտոտվածության պատճառով բանած շոգու ճնշումը գերազանցում է նորմատիվային մեծությունները 0,005 կգուժ/սմ2 (0,5 կՊա)-ով.

3) խտարարի հովացման մակերևույթների և խողովակափնջի միջնորմների մաքրության հսկողություն.

4) հովացնող ջրի ծախսի հսկողություն (ծախսի անմիջական չափումով կամ ըստ խտարարի ջերմային հաշվեկշռի), հովացնող ջրի ծախսի օպտիմալացում` դրա ջերմաստիճանին և խտարարի շոգեբեռնվածությանը համապատասխան.

5) վակուումային համակարգի կիպության ստուգում և դրա կիպացում.

6) օդի ներծծումները (կգ/ժ) խտարարի շոգեբեռնվածության 40%-ից մինչև 100% փոփոխման տիրույթում չպետք է գերազանցեն այն մեծությունները, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով`

 

G=8+0,065Nանվ, կգ/ժ

 

որտեղ` Nանվ-ը կոնդենսացման ռեժիմում տուրբինի անվանական էլեկտրական հզորությունն է, ՄՎտ,

7) խտարարի ջրային խտության ստուգում` խտուցքի աղապարունակության կանոնավոր հսկմամբ.

8) խտուցքային պոմպերից հետո խտուցքում թթվածնի պարունակության ստուգում:

370. Խտուցքային կայանքի աշխատանքի հսկողության եղանակներն ու պարբերականությունը որոշվում են կազմակերպության հրահանգներով` կախված շահագործման կոնկրետ պայմաններից:

371. Խտուցքի տաքացման վերաօգտագործման համակարգի սարքավորման շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն`

1) յուրաքանչյուր տաքացուցչից հետո սնող ջրի (խտուցքի) ջերմաստիճանի նորմատիվային մեծություններն ու դրա վերջնական տաքացումը.

2) ջերմափոխանակիչ սարքերի հուսալիությունը:

372. Սնող ջրի (խտուցքի) տաքացումը, ջերմաստիճանային էջքերը, տաքացնող շոգու խտուցքի գերսառեցումը վերաօգտագործման համակարգի տաքացուցիչներում պետք է ստուգվեն տուրբինային տեղակայանքի հիմնական նորոգումից առաջ և հետո, տաքացուցչի նորոգումից հետո և պարբերաբար` ըստ ժամանակացույցի (ամիսն առնվազն մեկ անգամ):

373. Բարձր ճնշման տաքացուցչի (ԲՃՏ) շահագործումն արգելվում է`

1) դրա պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում.

2) մակարդակի կարգավորչի կափույրի անսարքության դեպքում.

3) վթարային շրջանցումով համախմբված ԲՃՏ-ների խմբի դեպքում`

ա. նույնիսկ մեկ ԲՃՏ-ի պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում,

բ. ցանկացած ԲՃՏ-ի մակարդակի կարգավորչի կափույրի անսարքության դեպքում,

գ. ցանկացած ԲՃՏ-ի շոգու անջատման դեպքում:

374. Բարձր ճնշման տաքացուցիչը կամ ԲՃՏ-ների խումբը պետք է անհապաղ անջատվի պաշտպանության կամ մակարդակի կարգավորչի փականի անսարքության դեպքում: Մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգի մակարդակի կարգավորչի փականից բացի որևէ այլ տարրի անսարքության և աշխատող սարքավորման վրա այդ թերության արագ վերացման անհնարինության դեպքում տաքացուցիչը (կամ ԲՃՏ-ների խումբը) պետք է հանվի աշխատանքից էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից որոշված ժամկետներում:

375. Պահուստային սնող պոմպերը, ինչպես նաև այլ պոմպային ագրեգատները, որոնք գտնվում են ավտոմատ պահուստում, պետք է լինեն սարքին և գործարկմանը միշտ պատրաստ մուտքային և ելքային խողովակաշարերի բաց սողնակներով: Դրանց միացման ստուգումն ու աշխատանքային պոմպից պահուստայինին ծրագրային անցումը պետք է կատարվի ըստ ժամանակացույցի, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

376. Հիմնական կամ միջին նորոգումից և (կամ) սառը վիճակից հետո տուրբինը գործարկելուց առաջ պետք է ստուգվի հիմնական և օժանդակ սարքավորումների, ուղեկապումների, տեխնոլոգիական պաշտպանության, հեռագործ և ավտոմատ կառավարման միջոցների, ստուգիչ-չափիչ սարքերի, տեղեկատվական և օպերատիվ կապի միջոցների սարքինությունն ու միացման պատրաստականությունը: Բոլոր բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն:

377. Այլ ջերմային վիճակներից տուրբինի գործարկումների ժամանակ պաշտպանության և ուղեկապման միջոցները պետք է ստուգվեն շահագործող կազմակերպության հրահանգներին համապատասխան:

378. Տուրբինի գործարկումը պետք է ղեկավարի արտադրամասի հերթափոխի պետը կամ ավագ մեքենավարը, իսկ հիմնական կամ միջին նորոգումից հետո` արտադրամասի պետը կամ նրա տեղակալը:

379. Տուրբինի գործարկումն արգելվում է հետևյալ դեպքերում`

1) տուրբինի մեխանիկական և ջերմային ցուցանիշների թույլատրելի մեծություններից շեղման.

2) տուրբինի կանգառի վրա ազդող պաշտպանություններից թեկուզ մեկի անսարքության.

3) շոգեբաշխման և կարգավորման համակարգում այնպիսի թերությունների առկայության, որոնք կարող են խթանել տուրբինի թափավազքը.

4) որևէ պոմպի յուղման, կարգավորման, գեներատորի կիպացումների և դրանց ավտոմատ միացման սարքվածքների անսարքության.

5) շահագործվող յուղերի` նորմերից յուղի որակի շեղման կամ արտադրող կազմակերպության կողմից հաստատված սահմանից ցածր յուղի ջերմաստիճանի իջեցման.

6) ըստ քիմիական բաղադրության` թարմ շոգու որակի նորմերից շեղման:

380. Առանց լիսեռադարձկեն սարքվածքի միացման արգելվում են տուրբինի կիպացումներին շոգու մատուցումը, շոգու և տաք ջրի նետքը խտարար, տուրբինի տաքացման համար շոգու մատուցումը: Լիսեռադարձկեն սարքվածք չունեցող տուրբինում շոգու մատուցման պայմանները որոշվում են կազմակերպության հրահանգով:

381. Կաթսայից կամ շոգետար գծերից շոգու նետումները խտարար և տուրբինի գործարկման համար շոգու մատուցումը պետք է կատարվեն խտարարում շոգու այնպիսի ճնշումների դեպքում, որոնք նշված են շահագործման կազմակերպության հրահանգներում կամ այլ փաստաթղթերում, որը, սակայն, չպետք է գերազանցի 0,6 կգուժ/սմ2 (60 կՊա)-ը:

382. Տուրբաագրեգատների շահագործման ժամանակ առանցքակալային հենարանների թրթռաարագության միջին քառակուսային մեծությունը չպետք է գերազանցի 4,5 մմ/վ-ը:

1) Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար ամենաուշը 30-օրյա ժամկետում:

2) Ավելի 7,1 մմ/վ թրթռման դեպքում տուրբաագրեգատների շահագործումը 7 օրից ավելի` արգելվում է, իսկ 11,2 մմ/վ թրթռման դեպքում` տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործողությամբ կամ ձեռքով:

3) Տուրբինը պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն մեկ ռոտորի երկու հենարաններում կամ հարակից հենարաններում և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վ և ավելի չափով:

4) Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-ից մինչև 3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ` 2 մմ/վ-ի չափով:

5) Տուրբաագրեգատների շահագործումը ցածր հաճախության թրթռումների դեպքում արգելվում է: 1 մմ/վ-ը գերազանցող ցածր հաճախության թրթռումներ առաջանալու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ` դրա վերացման համար:

383. Տուրբինի հոսանուտ մասի վիճակի և դրանում աղային կուտակումների ստուգման համար ամիսն առնվազն մեկ անգամ պետք է ստուգվեն շոգու ճնշման մեծությունները տուրբինի ստուգիչ աստիճաններում` ստուգիչ հատվածամասերում շոգու անվանականին մոտ ծախսերի դեպքում:

1) Շոգու տվյալ ծախսի դեպքում ճնշման բարձրացումն ստուգիչ աստիճաններում` համեմատած անվանականի հետ, պետք է լինի 10 %-ից ոչ ավելի: Ընդ որում, ճնշումը չպետք է գերազանցի տուրբինի շահագործման փաստաթղթով սահմանած սահմանային արժեքները:

2) Աղային կուտակումների պատճառով ստուգիչ աստիճաններում ճնշումը սահմանային արժեքներին հասնելու դեպքում պետք է կատարվի տուրբինի հոսանուտ մասի լվացում կամ մաքրում: Վերջիններիս իրականացման եղանակը պետք է ընտրվի` ելնելով նստվածքների բնույթից ու բաղադրությունից, ինչպես նաև տեղային պայմաններից:

384. Շահագործման ընթացքում պետք է անընդհատ վերահսկվի տուրբատեղակայանքի խնայողականությունը` սարքավորման աշխատանքը բնութագրող ցուցանիշների վերլուծության միջոցով: Տուրբինային տեղակայանքի խնայողականության անկման պատճառների բացահայտման, նորոգման արդյունավետության գնահատման համար պետք է անցկացվեն սարքավորման շահագործման արագացված փորձարկումներ:

385. Տուրբինային տեղակայանքի անվտանգ շահագործումն ապահովող համապատասխան պաշտպանությունների բացակայության կամ դրանց աշխատանքի խափանման դեպքում տուրբինը պետք է անհապաղ անջատվի շահագործող անձնակազմի կողմից անջատիչի (վթարային անջատման կոճակի) միջոցով հետևյալ դեպքերում`

1) անվտանգության ավտոմատի գործարկման նախադրվածքը գերազանցող ռոտորի պտտման հաճախության.

2) ռոտորի անթույլատրելի առանցքային շեղման.

3) գլանների նկատմամբ ռոտորների դիրքի անթույլատրելի փոփոխման.

4) յուղման համակարգում յուղի (հրակայուն հեղուկի) ճնշման անթույլատրելի իջեցման.

5) յուղային բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման.

6) ցանկացած առանցքակալից գեներատորի լիսեռի կիպացման առանցքակալներից և տուրբաագրեգատի դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակից թափվող յուղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման.

7) տուրբինային տեղակայանքում և էլեկտրական գեներատորում յուղի և ջրածնի բոցավառման.

8) էլեկտրական գեներատորի լիսեռի կիպացումների համակարգում «յուղ-ջրածին» ճնշման անկման անթույլատրելի իջեցման.

9) տուրբինային տեղակայանքի և էլեկտրական գեներատորի լիսեռի կիպացումների յուղամատակարարման համակարգի հանդարտիչ բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման.

10) տուրբագեներատորի ջրածնային հովացման համակարգի բոլոր յուղային պոմպերի անջատման (կիպացումների առանց ներարկումային սխեմաների յուղամատակարարման համար).

11) ներքին վնասվածքի պատճառով էլեկտրական գեներատորի անջատման.

12) խտարարում ճնշման անթույլատրելի բարձրացման.

13) հակաճնշումային տուրբինների վերջին աստիճանում ճնշման անթույլատրելի անկման.

14) տուրբինի և էլեկտրական գեներատորի լիսեռի թրթռման հանկարծակի բարձրացման.

15) տուրբինի կամ էլեկտրական գեներատորի ներսում մետաղների շփման կամ իրար խփոցների ձայների և անսովոր աղմուկի առաջացման.

16) տուրբինի կամ տուրբագեներատորի առանցքակալներից և ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման.

17) թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման.

18) տուրբինում կամ թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգեգծերում հիդրավլիկ հարվածների առաջացման.

19) շոգեբաշխման հանգույցների, շոգեջրային ուղու խողովակաշարերի և յուղատարների չանջատվող տեղամասերի վրա խզումների կամ միջանցիկ ճեղքերի հայտնաբերման.

20) տուրբագեներատորի ստատորով հովացնող ջրի հոսքի ընդհատման.

21) գազահովացուցիչներում հովացնող ջրի ծախսի անթույլատրելի նվազման.

22) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման անհետացման:

386. Կազմակերպության հրահանգում պետք է տրվեն ագրեգատի հսկվող մեծությունների արժեքների անթույլատրելի շեղումների վերաբերյալ հստակ ցուցումներ:

387. Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի կազմակերպության/էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից որոշվող (էներգահամակարգի կարգավարին ծանուցելով) ժամանակահատվածում հետևյալ դեպքերում`

1) թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող կափույրների լռվելու.

2) կարգավորող կափույրների լռվելու կամ դրանց կոթերի պոկվելու, շոգեառումների հետադարձ կափույրների կամ դարձկեն դիաֆրագմաների լռվելու.

3) կարգավորման համակարգում անսարքությունների.

4) կայանքի օժանդակ սարքավորումների, սխեմայի և հաղորդակցության ուղիների բնականոն աշխատանքի խանգարումների, եթե խանգարման պատճառների վերացումը, առանց տուրբինի կանգնեցման, անհնար է.

5) հենարանների թրթռումները 7,1 մմ/վ-ը գերազանցելու.

6) սարքավորումների կանգի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունների անսարքության բացահայտման.

7) առանցքակալներից, խողովակաշարերից և ամրանից հրդեհի առաջացման վտանգ ստեղծող յուղահոսքի հայտնաբերման.

8) ըստ քիմիական բաղադրության` թարմ յուղի որակի նորմերից շեղման.

9) առանցքակալների հենատուփերում, հոսանքատարերում, յուղի բաքում ջրածնի անթույլատրելի պարունակության, ինչպես նաև տուրբագեներատորի իրանից նորման գերազանցող ջրածնի հոսակորստի հայտնաբերման:

388. Յուրաքանչյուր տուրբինի համար պետք է որոշվի ռոտորի կանգաշարժի տևողությունը` բանած շոգու նորմալ ճնշումով և վակուումի կասեցումով կանգերի դեպքերում: Այդ տևողության փոփոխման դեպքում պետք է բացահայտվեն և վերացվեն շեղման պատճառները: Կանգաշարժի տևողությունը պետք է վերահսկվի տուրբաագրեգատի բոլոր կանգերի ժամանակ:

389. Տուրբինը 7 օր և ավելի ժամկետով պահուստի դուրս բերելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն տուրբինային տեղակայանքի սարքավորումների պահպանման համար: Պահպանման եղանակն ընտրվում է կազմակերպության/էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից` ելնելով տեղային պայմաններից:

 

27. ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԲԼՈԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

390. Ջերմային էլեկտրակայանների բլոկային կայանքների շահագործման ժամանակ պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 25-րդ գլխի 300-րդ, 26-րդ գլխի 347-րդ, 38-րդ գլխի 597-րդ, 40-րդ գլխի 658-րդ կետերի պահանջներն ու ապահովվի այդ կայանքների մասնակցությունը հաճախականության և հզորության կարգավորմանը (կարգավարական ժամանակացույցին համապատասխան)` էներգահամակարգի բնականոն և վթարային ռեժիմների ժամանակ:

391. Բեռնվածության կարգավարական գրաֆիկի ծածկման համար պետք է ապահովված լինեն էներգաբլոկի բեռնվածության փոփոխումը կարգավորման տիրույթում և անհրաժեշտության դեպքում` մինչև տեխնիկական նվազագույնը պահուստի դուրսբերումները և տարբեր ջերմային վիճակներից էներգաբլոկի գործարկման ռեժիմները:

392. Էներգաբլոկի կարգավորման տիրույթի ստորին սահմանը պետք է հաստատվի` ելնելով աշխատող սարքավորումների անփոփոխ կազմի պահպանման և առանց անձնակազմի միջամտության բեռնվածության ամբողջ տիրույթում ավտոմատ կարգավորման համակարգի աշխատանքի պայմաններից: Էներգաբլոկների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի բեռնվածության տեխնիկական նվազագույնի դեպքում աշխատանքի հնարավորությունը, որին հասնելու համար թույլատրվում են աշխատող սարքավորումների կազմի փոփոխություն և առանձին ավտոմատ կարգավորիչների անջատում: Կարգավորման տիրույթի ստորին սահմանը և բեռնվածության տեխնիկական նվազագույնը պետք է նշված լինեն կազմակերպության հրահանգում և ծանուցվեն էներգահամակարգի կարգավարին:

393. Կարգավորման տիրույթի ստորին սահմանին կամ տեխնիկական նվազագույնին էներգաբլոկի բեռնվածության համապատասխանության դեպքում թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի իջեցումը պետք է լինի էներգաբլոկի շահագործման փաստաթղթերում սահմանվածից ոչ ավելի:

394. Կարգավորման տիրույթում էներգաբլոկի բեռնվածության փոփոխության սահմանային արագությունը պետք է հաստատվի 160-ից մինչև 800 ՄՎտ` էներգաբլոկների կարգավորման տիրույթում աշխատանքի ժամանակ բեռնվածության փոփոխության սահմանային թույլատրելի արագությունների նորմերի հիման վրա:

395. Թարմ շոգու հաստատուն ճնշումով աշխատելու համար նախագծված էներգաբլոկները թույլատրվում է շահագործել սահող ճնշման ռեժիմում տուրբինի բարձր ճնշման գլանի կափույրների մի մասի լրիվ բացումով, հատուկ փորձարկումներից և կաթսաներն արտադրող կազմակերպության հետ այդ ռեժիմները համաձայնեցնելուց հետո միայն: Այդ ռեժիմը չի տարածվում այն էներգաբլոկների վրա, որոնք կարգավարական ծառայության որոշմամբ պետք է շահագործվեն անվանական ճնշումով: Ընդ որում, կազմակերպության հրահանգներում պետք է մտցվեն համապատասխան լրացումներ (փոփոխություններ):

396. Բլոկային աղազերծման կայանքներով հագեցված ջերմաֆիկացիոն էներգաբլոկներում ցանցային տաքացուցիչների տաքացնող շոգու խտուցքը պետք է ուղղվի դեպի բլոկային աղազերծման կայանք միայն այդ տաքացուցիչների խողովակային համակարգի կիպության խախտումների դեպքերում:

397. Էներգաբլոկների կանգը գիշերային պահուստի պետք է կատարվի առանց սարքավորումների հովացման: Բոլոր էներգաբլոկներում շոգեզերծման է ենթարկվում շոգու միջանկյալ գերտաքացման համակարգը, իսկ ներդիր սողնակային կափույրով և ներդիր զտիչներով հանդերձված ուղղահոս կաթսաներով էներգաբլոկներում նաև շոգեգերտաքացուցիչ ուղիները ներդիր սողնակային կափույրից հետո: Թմբուկային կաթսաներում, ինչպես նաև լիանցումային զտիչներով ուղղահոս կաթսաներում պետք է կիրառվեն տեխնոլոգիական այնպիսի եղանակներ, որոնք կբացառեն խտուցքի արտանետումը շոգեգերտաքացման մակերևույթներից տաք շոգեհավաքման հավաքիչներ (կոլեկտորներ):

398. ՋԷԿ-երի և էներգաբլոկների սարքավորումները, գործարկման և էլեկտրական սխեմաները, ամրանները, ջերմամեկուսացումը, վառքի և ջրային տնտեսությունները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որը հնարավորություն կտա ապահովելու առնվազն 2 էներգաբլոկների միաժամանակյա գործարկում` ցանկացած տևողությամբ պարապուրդից հետո:

399. Էներգաբլոկի գործարկումն արգելվում է հետևյալ դեպքերում`

1) սույն ՏԿ-ին համապատասխան հիմնական սարքավորումների գործարկումն արգելող պայմանների առկայության.

2) էներգաբլոկի սարքավորումների կանգառի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանություններից ցանկացած մեկի անսարքության.

3) օպերատիվ կարգավորիչ օրգաններով հեռակառավարման սարքվածքների, ինչպես նաև վթարային իրավիճակների վերացման ժամանակ օգտագործվող ամրանների անսարքության.

4) բլոկային աղազերծման կայանքը միացմանն անպատրաստ լինելու.

5) խողովակաշարերի հենարանների և զսպանակավոր կախոցների անսարքության:

400. Էներգաբլոկների աշխատանքը տուրբինից առաջ շոգու ճնշման միացված կարգավորիչներով («մինչև ինքը» կարգավորիչներով), որոնք ազդում են կարգավորող կափույրների վրա և ընդգրկված չեն էներգահամակարգի հաճախության և հզորության կարգավորման համակարգի կազմում, արգելվում է: Բացառիկ դեպքերում` սարքավորումների անսարքությունների կամ անկայուն աշխատանքի ժամանակ, էներգակազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և կենտրոնական կարգավարական ծառայությանը ծանուցելով, թույլատրվում է միացված «մինչև ինքը» կարգավորիչներով էներգաբլոկների ժամանակավոր աշխատանքը:

401. Էներգաբլոկի հզորության և հաճախության ավտոմատ կարգավորման համակարգի բացակայության (կամ չգործելու) դեպքում` հաճախության փոփոխության հետևանքով տուրբինի բեռնվածության հավելման կամ նվազման ժամանակ, թարմ շոգու ելակետային ճնշման վերականգնման նպատակով անձնակազմը պետք է անհապաղ կարգավորման տիրույթի սահմաններում փոփոխի կաթսաների բեռնվածությունը: Եթե բեռնվածության փոփոխությունը կարող է բերել էներգահամակարգի կայունությանն սպառնացող էլեկտրահաղորդման գծերի գերբեռնումներ, ապա կազմակերպության հրահանգներում պետք է նշված լինեն կարգավարական ծառայության հետ համաձայնեցված հաճախության փոփոխությունները, որոնց դեպքում անձնակազմը պետք է ձեռնարկի նշված գործողությունները:

402. Էներգաբլոկը պետք է անհապաղ կանգնեցվի պաշտպանությունները գործելու միջոցով կամ անձնակազմի կողմից հետևյալ դեպքերում`

1) միաբլոկ կաթսայի կամ երկբլոկ երկու կաթսաների կանգի.

2) 26-րդ գլխի 387-րդ կետում նշված տուրբինի վնասվածքների և աշխատանքի ռեժիմների վտանգավոր խախտումների (բացի թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման դեպքերի) հետ կապված տուրբինի անջատման.

3) ներքին վնասվածքների պատճառով էներգաբլոկի տրանսֆորմատորի կամ գեներատորի անջատման.

4) բոլոր սնող պոմպերի անջատման.

5) սնող խողովակաշարի, շոգեգծերի, օդազերծիչի իրանի խզումների և միջանցուկ ճեղքերի առաջացման.

6) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում և էներգաբլոկի վերահսկման բոլոր չափիչ սարքերում լարման վերացման (անհետացման).

7) անձնակազմին, սարքավորումներին կամ էներգաբլոկի սարքավորումների պաշտպանության սխեմաների մեջ մտնող անջատիչ ամրանի հեռակառավարման շղթաներին սպառնացող հրդեհի:

403. Էներգաբլոկի գործարկումն ու կանգը պետք է ղեկավարի էներգաբլոկի ավագ մեքենավարը կամ կաթսայատուրբինային արտադրամասի հերթափոխի պետը կամ հիմնական և միջին նորոգումից հետո` կաթսայատուրբինային արտադրամասի պետը կամ նրա տեղակալը:

404. Գործող էներգաբլոկներում նախագծային գործարկման սխեմաների փոփոխություն թույլատրվում է`

1) սարքավորման արտադրող կազմակերպության հետ համաձայնեցված նոր սխեմային մշակումների (լուծումների) և գործարկման ռեժիմների նպատակային փորձարկումների համար.

2) տեսակային (տիպային) գործարկումների սխեմաների մոտեցմանն ու շահագործողական որակների բարելավմանն ուղղված գործարկման սխեմաների արդիականացման դեպքում:

 

28. ԻՆՔՆԱՎԱՐ ԵՎ ՇՈԳԵԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

405. Գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն`

1) հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունն ու խնայողականությունը` բեռնվածության կարգավարական գրաֆիկի պահպանման դեպքում.

2) ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններին համապատասխանող անվանական հարաչափերով աշխատելու հնարավորությունը:

406. ԳՏԿ-ի կարգավորման համակարգը պետք է`

1) կայուն կերպով ապահովի տրված էլեկտրական բեռնվածությունը.

2) ռոտորի պտտման անվանական հաճախության դեպքում ԳՏԿ-ն պահի պարապ ընթացքում.

3) ապահովի ԳՏԿ-ի հուսալի աշխատանքը գործարկման և կանգի ռեժիմներում, ինչպես նաև` ագրեգատի կանգը վթարային իրավիճակներում.

4) բեռնվածության փոփոխության դեպքում ապահովի ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի սահուն փոփոխում.

5) առավելագույն բեռնվածության մինչև զրոն ակնթարթային անկման դեպքում պահպանի ռոտորի պտտման այն հաճախականությունը, որը չի բերում անվտանգության ավտոմատի գործարկում (ազատ ուժային տուրբինով ԳՏԿ-ներում բեռնվածության մեծությունը նշվում է տեխնիկական պայմաններում).

6) պահանջվող մակարդակի վրա պահի տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանը թույլ չտալով դրա բարձրացմանը մինչև սահմանայինը, որի դեպքում սկսում է գործել վթարային պաշտպանությունը.

7) ունենա գազերի ջերմաստիճանի սահմանափակման համակարգի 10 oC-ից ոչ ավելի անզգայնություն.

8) ապահովի ճնշակների` առանց պոմպաժների աշխատանքը.

9) ունենա գեներատորային լիսեռի պտտման հաճախության կարգավորման ստատիկ անհավասարաչափության աստիճան` անվանականի 4-ից մինչև 5%-ի սահմաններում (անհավասարաչափության աստիճանի հնարավոր մեծացումը կոնկրետ նմուշի ԳՏԿ-ների շահագործման պայմանների համար պետք է նշված լինի տեխնիկական պայմաններում: Ստատիկ անհավասարաչափության նվազագույն տեղային աստիճանը պետք է լինի 2%-ից ոչ պակաս).

10) ցանկացած բեռնվածության դեպքում ունենա պտտման անվանական հաճախության 0,2%-ից ոչ ավելի անզգայության աստիճան:

407. ԳՏԿ-ի աշխատանքի հնարավորությունն ու տևողությունը պտտման բնականոն հաճախականությունից շեղումներով պետք է կանոնակարգվի ԳՏԿ-ի շահագործման փաստաթղթերով:

408. Պաշտպանության և կարգավորման համակարգերում կիրառվող ջերմաստիճանային իմպուլսը պետք է առաջանա փոքր իներցիա ունեցող տվիչներով (անհրաժեշտության դեպքում` ջերմաէլեկտրական պիրոմետրերով կամ այլ դինամիկ ճշգրտմամբ չափիչ սարքվածքներով), որոնք տեղադրվում են ուղիների բնութագրիչ հատվածքներում և ապահովում են ջերմաստիճանի ներկայացուցչական որոշում:

409. Այրման յուրաքանչյուր աստիճանից հետո գազերի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացումից պաշտպանության սարքվածքները պետք է համալարված լինեն ԳՏԿ-ի շահագործման փաստաթղթերում նշված ջերմաստիճանների դեպքում գործելու (միացվելու) համար:

410. Անվտանգության ավտոմատները պետք է կարգավորված լինեն ռոտորի պտտման հաճախականությունն անվանականից 10-ից մինչև 12% կամ մինչև ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում նշված մեծությունները բարձրանալու դեպքերում գործելու համար:

411. ԳՏԿ-ի շահագործման ընթացքում պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք կնվազեցնեն ճնշակ ներծծվող օդի փոշոտվածությունը (ազատ տարածքներում խոտերի ցանում, սիզամարգերի պատրաստում, ճանապարհների ասֆալտապատում, ջրման հարմարանքների կառուցում) և կբացառեն սեկափույր կամ կողմնակի արտանետումների օդառիչ սարք թափանցելու հնարավորությունը:

412. Օդի մաքրման համակարգը պետք է ապահովի ԳՏԿ-ի ճնշակին 0,3 մգ/մ3-ից ոչ ավելի մնացորդային միջին տարեկան փոշոտվածությունն օդով, որում 20 մկմ-ից ավելի չափեր ունեցող մասնիկներով փոշու խտությունը չպետք է գերազանցի 0,03 մգ/մ3-ը: Թույլատրվում է (բարձր փոշոտվածության ժամանակահատվածներում) կարճաժամկետ, տարվա մեջ 100 ժ-ից ոչ ավելի, մինչև 5 մգ/մ3 փոշու խտություն` 30 մկմ-ը չգերազանցող մասնիկներով: Շահագործման ընթացքում օդային զտիչների վիճակը պետք է կանոնավոր վերահսկվի: Չի թույլատրվում դրանցից յուղի կամ այլ նյութերի թափանցում ԳՏԿ-ի ներծծման ուղիներ: Օդային զտիչները պետք է 2 ամիսն առնվազն մեկ անգամ ստուգվեն (զննվեն) և մաքրվեն փոշուց ու ապարախյուսից (շլամից) (եթե ԳՏԿ-ն աշխատում է բազային ռեժիմում, ապա ստուգումն ու մաքրումը կատարվում է պլանային կանգի դեպքում):

413. Օդի զտման համակարգը պետք է սարքավորված լինի երկկողմանի գործողության կողանցային կափույրներով, որոնք բացվում են ավտոմատ կերպով` զտիչների վրա ճնշման թույլատրելի անկումը գերազանցելիս, կամ զտիչների խցիկում ավելցուկային ճնշման առաջացման ժամանակ:

414. Ճնշակների հոսանուտ մասի և օդային զտիչների սառցակալում չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում ԳՏԿ-ի օդառիչ ուղիները պետք է սարքավորվեն սառցակալումը կանխող սարքվածքներով:

415. ԳՏԿ-ից հետո գազային տրակտի վրա պետք է տեղադրվի գազանալիզատոր հեռացող ծխագազերում մեթանի, CO, NOx, O2 և CO2 պարունակությունը չափելու համար:

416. ԳՏԿ-ի վառելիքի սևեռող և կարգավորող կափույրները պետք է լինեն կիպ: Կափույրները պետք է բացվեն լրիվ քայլով յուրաքանչյուր գործարկումից առաջ, ինչպես նաև ամեն օր` մասնակի քայլով, անընդհատ աշխատանքի ժամանակ, եթե դա նախատեսված է հրահանգով: ԳՏԿ-ի վառելիքի կափույրների կիպության ստուգումը պետք է կատարվի հիմնական և միջին (կանոնակարգված) նորոգումից հետո` տեսողական հսկմամբ, ինչպես նաև ԳՏԿ-ի յուրաքանչյուր գործարկումից առաջ, ստուգելով վառելիքի ճնշման բացակայությունը կարգավորող կափույրներից առաջ ճնշաչափերի միջոցով:

417. Յուղատար գծերի վրա` յուղահովացուցիչներից առաջ և հետո, պահուստային և վթարային յուղապոմպերի ներծծման և ճնշման գծերի վրա, ԳՏԿ-ի յուղաբաքերից յուղի վթարային դատարկման գծերի վրա, դուրս բերված զտիչներից առաջ և հետո, գեներատորի լիսեռի կիպացման սխեմաներում տեղադրված կափույրների և սողնակային կափույրների թափանիվները պետք է կապարակնքված լինեն աշխատանքային դիրքում:

418. ԳՏԿ-ի գեներատորներն էլեկտրաշարժիչի ռեժիմին անցնելու դեպքում պետք է անհապաղ անջատվեն, որի համար պետք է տեղակայված լինի պաշտպանություն գեներատորի հետադարձ հզորությունից: Այս պահանջը չի տարածվում էներգահամակարգից դուրս ազատ ռեժիմով աշխատող ուժային տուրբիններով ԳՏԿ-ների վրա:

419. Ցանկացած ջերմային վիճակից ԳՏԿ-ի գործարկումն ու սինքրոնացումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով: Նոր տեղակայվող միալիսեռ ԳՏԿ-ի հաճախական գործարկումը պետք է իրականացվի տիրիստորային գործարկման սարքվածքով, եթե չի պահանջվում գործարկման ավտոմատացում: ԳՏԿ-ի ծրագրային կանգը պետք է իրականացվի ավտոմատ կերպով` ըստ տրված ծրագրի:

420. ԳՏԿ-ի գործարկումը պետք է ղեկավարի հերթափոխի պետը, իսկ հիմնական և միջին նորոգումներից և կանոնակարգված աշխատանքների անցկացումից հետո` արտադրամասի պետը կամ դրա տեղակալը:

421. Նորոգմանը կամ պահուստի 3 օրից ավելի պարապուրդին հաջորդող գործարկումից առաջ պետք է ստուգվեն ավտոմատիկայի և տեխնոլոգիական պաշտպանության միջոցների, օժանդակ սարքավորումների ուղեկապման, յուղային համակարգի, պահուստային և վթարային յուղապոմպերի, ստուգիչ-չափիչ սարքերի և օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և գործարկմանը պատրաստ լինելը: Այդ դեպքում բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն:

422. ԳՏԿ-ի գործարկումն արգելվում է հետևյալ դեպքերում`

1) պաշտպանություններից որևէ մեկի անսարքության կամ անջատման.

2) տուրբինի թափավազք, կամ գազերի թույլատրելի ջերմաստիճանի գերազանցում առաջացնող կարգավորման համակարգի թերությունների առկայության.

3) յուղային պոմպերից որևէ մեկի, կամ դրանց ավտոմատ միացման համակարգի անսարքության.

4) յուղի կամ վառելիքի որակի նորմերից շեղման, ինչպես նաև յուղի (վառելիքի) ջերմաստիճանի կամ ճնշման հաստատված սահմաններից անթույլատրելի շեղումների.

5) ԳՏԿ-ի ջերմային կամ մեխանիկական վիճակի վերահսկիչ ցուցանիշների` թույլատրելիից շեղումների.

6) վթարային կանգից կամ նախորդ գործարկման ընթացքում տեղի ունեցած խափանումից հետո, եթե չեն վերացվել այդ անսարքությունների պատճառները:

423. Գործարկման սարքվածքով ռոտորի պտտման ժամանակ, այրման խցիկներում վառելիքը վառելուց առաջ, ԳՏԿ-ի ուղիները պետք է օդափոխվեն առնվազն 2 րոպե` հեղուկ վառելիքով աշխատելիս և առնվազն 5 րոպե` գազային վառելիքով աշխատելիս:

424. ԳՏԿ-ի յուրաքանչյուր անհաջող գործարկման փորձից հետո, վառելիքի վառելն առանց ուղիների նախնական օդափոխության` առնվազն 4 րոպե հեղուկ և 10 րոպե գազային վառելիքների դեպքում, արգելվում է: Օդափոխության ստույգ տևողությունը` կախված ուղիների դասավորվածքից, վառելիքից և ԳՏԿ-ի տեսակից պետք է նշված լինի շահագործման հրահանգներում:

425. ԳՏԿ-ի կազմի մեջ մտնող օգտահանիչ կաթսայով կամ ջերմափոխանակիչներով ԳՏԿ-ի (ջերմության առաքման համար) կամ շոգեգազատուրբինային կայանքների (ՇԳԿ) գազաօդային տրակտի օդափոխությունը գործարկման ժամանակ, մինչև վառելիքի բռնկումը, պետք է ապահովվի ԳՏԿ-ով անցնող օդի ծախսի հաշվին գործարկման սարքվածքով դրա ռոտորի պտտումով:

426. Ջերմության առաքումով ԳՏԿ-ի կամ ՇԳԿ-ի գազային տուրբինի կանգնեցնելուց հետո գազաօդային տրակտի օդափոխության համար օգտագործվում է սառը պտտումով ռեժիմը, որն իրականացվում է գործարկման սարքվածքի օգնությամբ գազային տուրբինի կանգաշարժի հաշվին, այն կանգնեցնելիս:

427. Գազային տուրբինի գործարկման սարքվածքները, որոնք մտնում են ջերմության առաքումով ԳՏԿ և ՇԳԿ կազմի մեջ պետք է ապահովել օդափոխվող ծավալների մինչև ծխնելույզ վեցապատիկ անընդհատ օդափոխությունը 5 րոպե ոչ ավելի ժամանակում:

428. Գազային տուրբինի յուրաքանչյուր գործարկման անհաջող փորձից հետո պետք է իրականացվի գազաօդային տրակտի օդափոխություն սույն գլխի 424-րդ կետի համաձայն: Այն կայանքներում, որոնցում գործարկման սարքվածքները չեն ապահովում գազաօդային տրակտի օդափոխության իրականացման անհրաժեշտ պայմանները, պետք է տեղակայվեն փչող օդափոխիչներ:

429. Գործարկումը պետք է անհապաղ դադարեցվի անձնակազմի կողմից կամ ռելեական պաշտպանության միջոցների գործողությամբ հետևյալ դեպքերում`

1) գործարկման գործողությունների սահմանված հաջորդականության խախտման.

2) գազերի ջերմաստիճանի թույլատրելիից բարձրացման (ըստ գործարկման գրաֆիկի).

3) գործարկման սարքվածքի բեռնվածության թույլատրելիից բարձրացման.

4) գործարկման սարքվածքի անջատումից հետո դարձկեն լիսեռի պտտման հաճախության հրահանգով չնախատեսված նվազման.

5) ԳՏԿ-ի ճնշակներում պոմպաժների առաջացման:

430. Գազատուրբինային կայանքը պետք է անհապաղ անջատվի անձնակազմի կողմից կամ պաշտպանության միջոցների գործողությամբ հետևյալ դեպքերում`

1) տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման.

2) ռոտորի պտտման հաճախության թույլատրելի սահմանից ավելի բարձրացման.

3) բարձր ճնշման յուղատար գծերում կամ վառելիքատար գծերում ճեղքվածքների կամ խզվածքների հայտնաբերման.

4) ճնշակների և տուրբինների ռոտորների անթույլատրելի հարաբերական տեղաշարժերի և անթույլատրելի առանցքային շեղման.

5) յուղման համակարգում յուղի ճնշման կամ յուղաբաքում յուղի մակարդակի անթույլատրելի նվազման, ինչպես նաև ցանկացած առանցքակալից թափվող յուղի կամ դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման.

6) ԳՏԿ-ի սարքերի և տուրբամեքենաների ներսում անսովոր աղմուկների և մետաղական ձայների (թխկոց, ճռճռոց) առկայության.

7) առանցքակալային հենարանների թրթռման հաճախության սույն գլխի 443-րդ կետում նշվածից ավելի բարձրացման.

8) գեներատորի կամ տուրբամեքենայի առանցքակալներից կամ ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման.

9) վառելիքի կամ յուղի բռնկման և առկա միջոցներով հրդեհն անհապաղ կասեցնելու անհնարինության.

10) այրման խցիկներում կամ գազանցքերում պայթյունների (ճայթյունների) առաջացման.

11) այրման խցիկում ջահի մարման, հեղուկ կամ գազային վառելիքի ճնշման անթույլատրելի նվազման.

12) կարգավորման և ավտոմատացման սարքվածքներում և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման անհետացման.

13) ներքին վնասվածքի պատճառով տուրբագեներատորի անջատման.

14) ճնշակներում պոմպաժի առաջացման կամ պոմպաժի սահմանին անթույլատրելի մոտեցման.

15) ճնշակներից հետո օդի ճնշման անթույլատրելի փոփոխման:

431. Անձնակազմի կողմից կամ պաշտպանության միջոցի գործողությամբ ԳՏԿ-ի անջատման հետ միաժամանակ պետք է անջատվի նաև տուրբագեներատորը:

432. Գազատուրբինային կայանքը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի կազմակերպության/էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ հետևյալ դեպքերում`

1) նախազգուշական ազդանշանման ազդանշանների առաջացման դեպքում օժանդակ սարքավորումների բնականոն աշխատանքի կամ շահագործման բնականոն ռեժիմի խախտումների, եթե վերջիններիս պատճառների վերացումն անհնար է առանց ԳՏԿ-ի կանգի.

2) սևեռող, կարգավորող և հակապոմպաժային կափույրների լռվելու.

3) օդառիչ սարքվածքի սառցակալման, եթե այն չի հաջողվում վերացնել բեռնվածության տակ ԳՏԿ-ի աշխատանքի ժամանակ.

4) անցումային խողովակաշարերի, այրման խցիկների, տուրբինի իրանի արտաքին մակերևույթների ջերմաստիճանների անթույլատրելի բարձրացման, եթե այն չի հաջողվում իջեցնել ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի փոփոխմամբ.

5) գազերի չափվող ջերմաստիճանների անհավասարաչափության անթույլատրելի մեծացման.

6) բարձր ճնշման ճնշակներից առաջ օդի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման, ինչպես նաև բնականոն ջրամատակարարման խախտումների.

7) առանձին պաշտպանությունների կամ օպերատիվ ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության:

433. Ցանցային ջրի տաքացուցիչներում կամ վերաօգտագործիչներում նստվածքների բռնկման դեպքում, եթե տեղի չի ունենում ԳՏԿ-ի հարաչափերի վտանգավոր փոփոխություն, ԳՏԿ-ն պետք է շարունակի աշխատանքը` ջերմափոխանակման մակերևույթների հովացումն ապահովելու համար: Կանգնեցված ԳՏԿ-ում նստվածքների բռնկման դեպքում պետք է միացվեն հակահրդեհային կայանքները:

434. ԳՏԿ-ի անջատումից հետո պետք է ապահովվի ուղիների և նախատեսված այլ տեղերի արդյունավետ օդափոխում ու կատարվի վառելիքային ճնշակների և բոցամուղների (այրիչների) փչամաքրում` օդի կամ իներտ գազի միջոցով: Օդափոխումից հետո պետք է փակվեն ներծծման և արտանետման ուղիները: ԳՏԿ-ի հովացման ժամանակ օդափոխման և ռոտորների պտտման տևողությունն ու պարբերականությունը պետք է նշված լինեն շահագործման հրահանգում:

435. Էլեկտրակայաններում պետք է սահմանված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական սպասարկման կանոնակարգը և կանոնակարգված աշխատանքների կատարման տեխնոլոգիան ու պարբերականությունը:

436. Տեխնիկական սպասարկման կանոնակարգը պետք է նախատեսի`

1) հոսանուտ մասի տեսողական ախտորոշում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման, այն տեղերի, որոնք նշված են շահագործման հրահանգում` օգտագործելով հատուկ օպտիկական կամ թելքավոր օպտիկական սարքեր, եթե այդ նախատեսված է կազմակերպության հրահանգով.

2) ԳՏԿ-ի հոսանուտ մասից նստվածքների պարբերական հեռացում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման կիրառելով տեխնիկական լվացման միջոցների և փափուկ հղկանյութերի լուծույթներ.

3) ԳՏԿ-ի ավտոմատ կառավարման և պաշտպանության համակարգի աշխատանքի ստուգում` ներառյալ ԳՏԿ-ի ստուգիչ ավտոմատ գործարկումները` ստուգելով օդի և գազերի հիմնական հարաչափերի, վառելիքի ճնշման և գործարկման սարքվածքի բեռնվածության համապատասխանությունը գործարկման հաշվարկային գրաֆիկին.

4) վառելիքային բոցամուղների հերմետիկության, արտադրողականության զննում և ստուգում դրանց ելքում վառելիքի փոշիացման անկյան ստուգում.

5) վթարային ու պահուստային յուղապոմպերի և ավտոմատ միացման սարքվածքների ստուգում.

6) ուղիների, կափույրների, ամրանների և մղակափույրների կիպության ստուգում.

7) վառելիքային պոմպերի և տեխնիկական ջրամատակարարման համակարգի պոմպերի զննում ու ստուգում.

8) յուղային, վառելիքային և ջրային զտիչների զննում և մաքրում.

9) մեքենայական սրահի ներսում և էլեկտրակայանի տարածքում ու դրան հարող տարածքներում աղմկախլացման արդյունավետության ստուգում և վերականգնում.

10) հեռացող գազերում մթնոլորտն աղտոտող արտանետումների պարունակությունը սահմանափակող սարքավորման արդյունավետության ստուգում:

437. Շահագործման ընթացքում դիտարկումների և սարքերի ցուցմունքների հիման վրա պետք է անցկացվի հարաչափական և թրթռումային ախտորոշում, որը ներառում է հետևյալ վերլուծությունները`

1) ԳՏԿ-ի հաշվարկային և նորմատիվային հզորությունների համապատասխանությունը.

2) ճնշակների կայունության պաշարների և աղտոտման աստիճանը.

3) ջերմափոխանակիչ սարքերի արդյունավետությունը.

4) տուրբին մտնող և դրանից դուրս եկող գազերի չափված ջերմաստիճանների անհավասարաչափությունը.

5) բնութագրիչ կետերում վառելիքի և օդի (գազերի) ճնշումը, ինչպես նաև յուղի ճնշումն ու ջերմաստիճանը.

6) տուրբինների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռումները.

7) նորմատիվային և հաշվարկային խնայողականության համապատասխանությունը:

438. Վերահսկվող հարաչափերի` տեղեկաթերթիկայինից շեղումների սահմանային արժեքները չպետք է գերազանցեն արտադրող կազմակերպությունների կողմից տրվածներից կամ մատակարարման տեխնիկական պայմաններում նշվածներից:

439. ԳՏԿ-ի կարգավորման և պտտման հաճախության բարձրացման դեպքում պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն շահագործման հրահանգներին համապատասխան:

440. Տուրբիններում գազերի ջերմաստիճանի բարձրացումից պաշտպանության գործարկման ստուգումը պետք է կատարվի առնվազը 4 ամիսը մեկ անգամ:

441. Տուրբագեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության ակնթարթային անկմամբ ԳՏԿ-ի կարգավորման համակարգի աշխատանքի ստուգումը պետք է կատարվի`

1) տեղակայումից հետո ԳՏԿ-ն շահագործման ընդունելու ժամանակ.

2) ԳՏԿ-ի դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի դինամիկ և ստատիկ բնութագրերը փոփոխող վերակառուցումից հետո.

3) շահագործման ընթացքում կամ նորոգման ժամանակ (բացահայտված թերությունների վերացումից հետո) կարգավորման ստատիկ և դինամիկ բնութագրերի էական փոփոխությունների բացահայտման դեպքում:

442. Պարբերաբար աշխատող ԳՏԿ-ները պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման: Եթե դրանց գործարկումը չի պահանջվում, ապա այդ ԳՏԿ-ների սարքավորումների և համակարգերի սարքինությունը պետք է ստուգվի հերթափոխը մեկ, իսկ ստուգիչ (վերահսկիչ) ավտոմատ գործարկումները` ագրեգատի բեռնավորումով, պետք է անցկացվեն առնվազն ամիսը մեկ անգամ:

443. ԳՏԿ-ի շահագործման ժամանակ տուրբինի առանցքակալային հենարանների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռման արագության միջին քառակուսային մեծությունը չպետք է գերազանցի 4,5 մմ/վ-ը:

1) Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար` 30-օրյա ժամկետում:

2) 7,1 մմ/վ-ից ավելի թրթռման դեպքում ԳՏԿ-ի շահագործումը 7 օրից ավելի արգելվում է, իսկ 11,2 մմ/վ թրթռման դեպքում տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործողությամբ կամ ձեռքով:

3) ԳՏԿ-ն պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում մի ռոտորի երկու հենարանների և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վ և ավելի չափով:

4) ԳՏԿ-ն պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-ից մինչև 3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ` 2 մմ/վ-ի չափով:

444. ԳՏԿ-ի յուրաքանչյուր լիսեռի համար պետք է սահմանվեն ռոտորի բնականոն կանգաշարժի տևողությունը և լիսեռադարձկեն սարքվածքի էլեկտրաշարժիչի էլեկտրական հոսանքի ուժի անվանական մեծությունը:

445. ԳՏԿ-ի բոլոր կանգերի դեպքում ռոտորների կանգաշարժի տևողությունն ու հոսանքի ուժը պետք է չափվեն և գրանցվեն օրական ամփոփագրում: Կանգաշարժի ժամանակի կամ էլեկտրական հոսանքի ուժի` նորմատիվայիններից շեղումների, ինչպես նաև կողմնակի աղմուկներ առաջանալու դեպքերում պետք է բացահայտվեն շեղումների պատճառները և ձեռնարկվեն միջոցներ դրանց վերացման համար:

446. ԳՏԿ-ն երկարատև պահուստի դուրս բերելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ դրա պահպանման համար: Կանգառի տևողությունը, որի դեպքում պահանջվում է պահպանում, պահպանման ենթակա հանգույցների ցանկը և այն իրականացնելու տեխնոլոգիան պետք է նշված լինեն ԳՏԿ-ի շահագործման փաստաթղթերում:

447. Միջին և հիմնական նորոգումների պարբերականությունը պետք է սահմանվի համաձայն ԳՏԿ-ի շահագործման փաստաթղթերի` կախված դրա աշխատանքի տևողությունից ու ռեժիմներից, գործարկումների քանակից և օգտագործվող վառելիքից` հաշվի առնելով սարքավորման փաստացի վիճակը:

 

29. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

448. Տեխնոլոգիական գործընթացների կառավարման համակարգերը (այսուհետ կառավարման համակարգեր), այդ թվում և` տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված կառավարման համակարգերը, շահագործման ժամանակ պետք է ապահովեն`

1) էներգետիկ սարքավորումների վիճակի հսկողությունը.

2) տեխնոլոգիական հարաչափերի ավտոմատ կարգավորումը.

3) տեխնոլոգիական սարքավորումների ավտոմատ պաշտպանությունը.

4) տրված ալգորիթմներով սարքավորումների ավտոմատ կառավարումը.

5) տեխնոլոգիական և վթարային ազդանշանումը.

6) կարգավորող և փակող ամրանի հեռակառավարումը:

449. Չափման միջոցները, ինֆորմացիայի ներկայացման և հսկողության, ավտոմատ կարգավորման, տեխնոլոգիական պաշտպանության և ազդանշանման, տրամաբանական և հեռակառավարման, տեխնիկական ախտորոշման ծրագրային-տեխնիկական համալիրներն ու միջոցները պետք է միշտ գտնվեն աշխատանքի մեջ (նախագծային ծավալով) և ապահովեն տրված գործառույթների կատարումն ու աշխատանքի որակն այն ժամանակ, երբ տեխնոլոգիական սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում:

450. Կառավարման համակարգերն սպասարկող անձնակազմը պետք է ապահովի այդ համակարգերի սարքին վիճակի պահպանումը, աշխատանքին պատրաստ լինելը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակին անցկացումը, օգտագործման հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների կատարումը, սարքերի և նյութերի պաշարի առկայությունը:

451. Տեխնոլոգիական գործընթացների կառավարման համակարգերը պետք է իրագործված լինեն այն ծավալով, որը սահմանված է նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով` օգտագործելով տեխնիկական միջոցներ, որոնց սպասարկման, նորոգման և կարգաբերման համար պահանջվում են նվազագույն աշխատանքային ռեսուրսներ:

452. Կառավարման համակարգերի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի` ըստ սպառիչների խմբերի` տեխնոլոգիական պաշտպանության միջոցների և դրանց տվիչների, ուղեկապման և հեռակառավարման սարքվածքների, տեխնոլոգիական հսկողության սարքերի և դրանց տվիչների, վթարային-նախազգուշական ազդանշանային սարքերի, հրդեհի հայտնաբերման և մարման համակարգերի, ինքնակարգավորման միջոցների, հաշվողական տեխնիկայի միջոցների և դրանց տվիչների`

1) բոլոր խմբերի սպառիչները, բացի հաշվողական տեխնիկայի միջոցներից, ըստ տեխնոլոգիական սկզբունքի (ըստ կաթսայական և տուրբինային բաժանմունքների)` պետք է բաժանվեն ենթախմբերի.

2) բաշխումն ըստ ենթախմբերի, խմբերի` պետք է իրականացվի պաշտպանության ինքնուրույն սարքերի միջոցով (պաշտպանության միջոց), որոնք ապահովում են վնասված տեղամասերի ընտրողական անջատումներն ու էլեկտրասնուցման ցանցերի տարրերի նորոգումները` առանց հիմնական սարքավորումները կանգնեցնելու.

3) բլոկային կայանքների համար 220/380 Վ լարման օպերատիվ հոսանքի աղբյուրներ պետք է լինեն իր կամ հարևան էներգաբլոկի սեփական կարիքների բաշխիչ սարքերի 0,4 կՎ լարման հաղորդաձողերը, որից չեն պահուստավորվում տվյալ էներգաբլոկի սեփական կարիքների բաշխիչ սարքերի 0,4 կՎ հաղորդաձողերը, անընդհատ սնուցման սարքավորումների կերպափոխիչները և հաստատուն հոսանքի վահանի հաղորդաձողերը.

4) ազդանշանային համակարգերի գործունեությունը պետք է ապահովվի էլեկտրական սնուցման լրիվ կորուստի դեպքում, ինչպես սպառողների ցանկացած խմբի, այնպես էլ որևիցե մի ներանցիչի համար.

5) կառավարման սարքերի պահուստային էլեկտրասնուցման ավտոմատ միացման միջոցների, ինչպես նաև սնուցման լարման առկայության ազդասարքերի սարքինությունը պետք է ստուգվի` ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

453. Շրջապատող օդի ջերմաստիճանն ու խոնավությունը, թրթռումը, ճառագայթումը, արտաքին էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը, իմպուլսային գերլարումները, ռադիո- և իմպուլսային խանգարումները, էլեկտրաստատիկ լիցքերի ինտենսիվությունը, ինչպես նաև կառավարման համակարգերի տեխնիկական միջոցների տեղադրման տեղերի փոշոտվածությունը չպետք է գերազանցեն ստանդարտներով ու շահագործման փաստաթղթերով թույլատրվող մեծությունները:

1) Տեխնոլոգիական արտադրամասերի շինությունների այն տեղերում, որտեղ տեղադրված են տեխնիկական միջոցներ, ջերմաստիճանը բնականոն պայմաններում պետք է գտնվի 10 oC-ից մինչև 50 oC-ի սահմաններում, իսկ հարաբերական խոնավությունը` 90%-ից ոչ ավելի: Վթարային ռեժիմներում, որոնք բնորոշվում են տեխնոլոգիական սարքավորումներում արտահոսքերի առաջացումով, ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը թույլատրվում է, համապատասխանաբար, 75 oC և 100%:

2) Կառավարման վահանների սենքերում, որտեղ տեղակայված են հսկող և կառավարող համակարգերի տեխնիկական միջոցները, ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը պետք է լինեն, համապատասխանաբար, 25 oC և 40-ից մինչև 80%-ից ոչ բարձր: Վթարային ռեժիմներում` պայմանավորված օդի լավորակման համակարգերի անսարքություններով, նշված հարաչափերը կարող են լինել, համապատասխանաբար, 35 oC և 90%-ից:

3) Օդի լավորակման համակարգերը պետք է պահպանվեն այնպիսի վիճակում, որը կապահովի կառավարման համակարգերի, տեխնիկական միջոցների հուսալի աշխատանքը:

454. Պահարանային տեսակի վահանները պետք է հողակցվեն, խնամքով կիպացվեն, ունենան մշտական լուսավորություն և 12 ու 220 Վ լարման խրոցակային վարդակներ: Վահանների դռնակները պետք է կողպեքով փակվեն: Խրոցակային վարդակները պետք է միացվեն սենյակների լուսավորության ցանցին: Հեռախոսային կապը տեղային սարքերի, սողնակների հավաքակազմի, բլոկային վահանների ոչ օպերատիվ հաղորդաշղթայի պանելների, պաշտպանության սարքերի և առաջնային կերպափոխիչների հավաքակազմի պանելների միջև և դրանց կապի միջոցները կառավարման օպերատիվ վահանի հետ պետք է լինեն սարքին վիճակում:

455. Պանելների, կառավարման վահանակների և անմիջապես տեղերում տեղակայված սարքերի, առաջնային կերպափոխիչների, փակող ամրանի և սեղմակների հավաքակազմի վրա դրանց նշանակության մասին պետք է արվեն հատուկ մականշվածքներ: Վահանները, անցման տուփերը, կատարող մեխանիզմները, բոլոր սեղմակներն ու դրանց մոտեցող մալուխները, հաղորդալարերն ու մալուխների ջղերը, ինչպես նաև խողովակային միացնող գծերը (իմպուլսային) պետք է ունենան մականշվածք:

456. Ընդունիչ սարքվածքների, առաջնային կերպափոխիչների և կատարող մեխանիզմների մոտ պետք է լինեն հարթակներ սպասարկման համար:

457. Դեպի կառավարման միջոցներ գնացող ուժային և չափման մալուխային գծերի միջադիրները պետք է համապատասխանեն հակահրդեհային պահանջներին: Մեկ մալուխում չափման շղթաների հետ ուժային և կառավարող շղթաների համատեղումն արգելվում է:

458. Շինությունները բաժանող պատերի միջով մալուխների և իմպուլսային գծերի անցկացման տեղերի կիպացումները, դեպի վահաններ և պանելներ գնացող մալուխների և իմպուլսային գծերի ներանցիչների կիպացումները պետք է ապահովեն կիպություն կամ հերմետիկություն` հակահրդեհային պահանջներին համապատասխան: Կիպացումների վիճակի ստուգումը պետք է կատարվի հիմնական նորոգումից հետո և ըստ անհրաժեշտության:

459. Իմպուլսային գծերը պետք է լինեն կիպ: Սարքավորումների հիմնական նորոգումից հետո իմպուլսային բոլոր գծերը պետք է փչամաքրվեն: Այն գծերում, որտեղ հնարավոր է օդի կամ շլամի ներթափանցումներ, բացի այդ, պետք է փչամաքրվեն կազմակերպության հրահանգներով սահմանված պարբերականությամբ: Շահագործման ընթացքում առման սարքվածքների վրա գտնվող առաջնային փակող արմատուրները սարքավորումների աշխատանքի ժամանակ պետք է ապահովեն իմպուլսային գծերն անջատելու հնարավորությունը: Առաջնային փակող արմատուրների նորոգումն ու դրանց հետ բոլոր գործողությունները (բացում, փակում) պետք է իրականացնի տեխնոլոգիական սարքավորումներն սպասարկող անձնակազմը:

460. Կառավարման համակարգերում օգտագործվող կարգավորող և փակող արմատուրները, որոնք հանդերձված են օժանդակ շարժիչներով (սերվոշարժիչ), շահագործման ընթացքում պետք է բավարարեն կիպությանը, ծախսային բնութագրերին և խաղացքներին ներկայացվող տեխնիկական պահանջներին: Նշված արմատուրների փակելու ժամանակ կիպությունը պետք է ապահովվի հեռակառավարման և ավտոմատ կառավարման համակարգերի ներգործությամբ` առանց սպասարկող անձնակազմի կողմից ձեռքով միջամտելու: Կարգավորող և փակող արմատուրների նորոգումը, դրանց կցումը կատարող մեխանիզմների հետ էլեկտրաշարժաբերների նորոգումն ու տեղակայումը պետք է կատարվի տեխնոլոգիական սարքավորումները նորոգող անձնակազմի կողմից, իսկ ընդունումը` կառավարման համակարգերն սպասարկող անձնակազմի կողմից:

461. Կառավարման համակարգերի տեխնիկական սպասարկումը, ընթացիկ և հիմնական նորոգումները պետք է կազմակերպվեն ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետների` կազմված շահագործման հրահանգների կամ տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետների ու կազմի վերաբերյալ նորմատիվների հիման վրա: Այն դեպքում, երբ նորոգումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, տեխնիկական միջոցները նորոգման հանձնելու և նորոգումից հետո ընդունելու պատասխանատվությունը պետք է կրի էներգաօբյեկտի ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի անձնակազմը:

462. Տեղակայումից կամ վերակառուցումից հետո տեխնոլոգիական պաշտպանության միջոցները շահագործման մեջ մտցնելը պետք է իրագործվի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

463. Սարքավորման վրա տեղադրված և մշտական շահագործման մեջ մտցված տեխնոլոգիական պաշտպանության միջոցները պետք է միացված լինեն այդ սարքավորման ամբողջ աշխատանքի ընթացքում: Սարքին վիճակում գտնվող տեխնոլոգիական պաշտպանության միջոցների աշխատանքից դուրսբերումն արգելվում է: Տեխնոլոգիական պաշտպանության միջոցները կարելի է դուրս բերել աշխատանքից հետևյալ դեպքերում`

1) երբ սարքավորումն աշխատում է անցումային ռեժիմներում և պաշտպանության միջոցի անջատման անհրաժեշտությունը որոշված է հիմնական սարքավորման շահագործման հրահանգով.

2) պաշտպանության միջոցի ակնհայտ անսարքության դեպքում: Անջատումը պետք է իրականացվի էլեկտրակայանի հերթափոխի պետի կարգադրությամբ, տեխնիկական ղեկավարին պարտադիր ծանուցմամբ և օպերատիվ փաստաթղթերում գրանցմամբ.

3) պարբերական ստուգումների համար` համաձայն կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի: Միացված պաշտպանության միջոցների շղթաներում նորոգման և կարգաբերման աշխատանքների կատարումն արգելվում է:

464. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցի և տեխնոլոգիական սարքավորման պահուստի ավտոմատ միացման սարքվածքների կատարողական գործողությունները պետք է ստուգվեն համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմի և այդ միջոցներն սպասարկող անձնակազմի կողմից, եթե սարքավորման պարապուրդը թողարկումից առաջ եղել է 3 օրից ավելի կամ, եթե կանգն եղել է 3 օրից պակաս, բայց այդ ընթացքում պաշտպանության շղթայում կատարվել են նորոգման աշխատանքներ: Կատարողական գործողությունների ստուգման անթույլատրելիության դեպքում` կախված ագրեգատի ջերմային վիճակից, տեխնոլոգիական պաշտպանության միջոցների ստուգումը պետք է իրականացվի առանց կատարողական օրգանների վրա ներգործելու: Տեխնոլոգիական պաշտպանության միջոցի փորձարկումը` սարքավորումների վրա ներգործությամբ կատարվում է պաշտպանության միջոցների աշխատանքներին մասնակցող սարքավորման վրա բոլոր աշխատանքները վերջացնելուց հետո:

465. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցները (առաջնային չափող կերպափոխիչներ, չափող սարքեր, սեղմակների հավաքվածք, բանալիներ և փոխարկիչներ, իմպուլսային գծերի փակող ամրաններ և այլն) պետք է ունենան արտաքին տարբերակիչ նշաններ (կարմիր գույն և այլն): Տեխնոլոգիական պաշտպանության միջոցների տեղակայման պանելների վրա երկու կողմերից և դրանց վրա տեղադրված սարքերի վրա պետք է լինեն այդ սարքերի նշանակությունները ցույց տվող մակագրություններ: Սարքերի ցուցանակների վրա պետք է լինեն տեխնոլոգիական պաշտպանության միջոցների գործարկման նախադրվածքների նշումներ:

466. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցների աշխատանքի ալգորիթմները` ներառյալ նախադրվածքի մեծությունները, գործարկման ժամանակի պահաժամը, պետք է որոշվեն սարքավորումն արտադրող կազմակերպության կողմից: Սարքավորման վերակառուցման կամ արտադրող կազմակերպության տվյալների բացակայության դեպքում նախադրվածքներն ու ժամանակի պահաժամերը պետք է որոշվեն փորձարկումների արդյունքների հիման վրա: Նախադրվածքները փոփոխելու սարքվածքը պետք է լինի կապարակնքված (բացի գրանցող սարքերից): Կապարակնիքը թույլատրվում է հանել միայն պաշտպանության միջոցներն սպասարկող աշխատողներին` այդ մասին օպերատիվ մատյանում գրանցում կատարելով: Կապարակնիքի հանումը թույլատրվում է միայն անջատված պաշտպանության միջոցների դեպքում:

467. Սարքավորումների անջատման վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է հագեցվեն միջոցներով, որոնք կարող են արձանագրել դրանց գործարկման սկզբնապատճառը: Տեխնոլոգիական պաշտպանության միջոցների գործարկման սկզբնապատճառը գրանցող միջոցները` ներառյալ դեպքերի արձանագրիչները, պետք է շահագործման մեջ լինեն պաշտպանվող սարքավորման ամբողջ աշխատանքի ընթացքում: Տեխնոլոգիական պաշտպանության միջոցների գործարկման բոլոր դեպքերը, ինչպես նաև դրանց խափանումները, պետք է հաշվի առնվեն, իսկ պատճառներն ու անսարքության տեսակները ենթարկվեն վերլուծման:

468. Շահագործման մեջ մտցված կարգավորիչները պետք է լինեն այնպիսի վիճակի, որ կարողանան պահպանել նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով կանոնակարգված տեխնոլոգիական հարաչափերը: Սարքին վիճակում գտնվող ավտոմատ կարգավորիչների անջատումը թույլատրվում է միայն այն դեպքերում, որոնք նշված են շահագործման հրահանգներում:

469. Տեխնոլոգիական սարքավորումները պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի պահանջներին և ավտոմատացված սարքավորումների շահագործման փաստաթղթերին:

470. Շահագործման մեջ մտցված յուրաքանչյուր կարգավորման հաղորդաշղթայի համար էլեկտրակայանում պետք է լինեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են դրա կարգավորումը վերականգնելու համար նորոգումից հետո կամ շարքից դուրս եկած սարքը փոխելու դեպքում:

471. Կառավարման տեխնոլոգիական ալգորիթմների ճշգրտումից կամ կարգաբերումից հետո ծրագրային տրամաբանական կառավարման միջոցները շահագործման մեջ մտցնելը պետք է կատարվի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

472. Շահագործման մեջ մտցված կառավարման տրամաբանական միջոցները պետք է ի վիճակի լինեն ապահովելու համապատասխան տեխնոլոգիական ծրագրերի (ալգորիթմների) կատարումը: Տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը կատարվում է արտաքին շղթաներում և պահարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո: Այն պետք է կատարվի տեխնոլոգիական արտադրամասի և կառավարման համակարգերն սպասարկող արտադրամասի անձնակազմերի կողմից կատարողական արմատուրների վրա ներգործելու միջոցով: Ստուգումն իրականացվում է աշխատանքը դադարեցրած սարքավորման կատարողական արմատուրների վրա ներազդելու միջոցով: Եթե, կախված սարքավորման ջերմային վիճակից, անթույլատրելի է կատարողական գործողությունների ստուգումը, ապա տրամաբանական կառավարման միջոցների ստուգումը պետք է իրականացվի առանց կատարողական արմատուրների վրա ներազդելու: Աշխատունակության որոշման համար կատարվող ստուգումների ծավալներն ու կարգը պետք է կանոնակարգված լինի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հրահանգով:

473. Աշխատող սարքավորումների վրա տրամաբանական կառավարման միջոցների կատարողական (արտաքին) շղթաների նորոգման և կարգաբերման աշխատանքներն արգելվում են: Տրամաբանական կառավարման միջոցների պահարաններում կարգաբերման աշխատանքներ կատարելը թույլատրվում է` պայմանով, եթե դրանցից անջատվեն կատարողական շղթաները: Կատարողական շղթաների միացումը տրամաբանական կառավարման միջոցներին թույլատրվում է միայն աշխատանքը դադարեցրած սարքավորումների վրա:

474. Շահագործման մեջ մտցված տրամաբանական կառավարման միջոցների տեխնոլոգիական ալգորիթմների բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

475. Այն դեպքում, երբ նախագծով նախատեսված կարգավորիչները, տրամաբանական կառավարման միջոցները, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված կառավարման համակարգերի գործառույթները չեն մտցվել շահագործման մեջ տեխնոլոգիական սարքավորումների յուրացման համար սահմանված ժամկետներում, պետք է ձևակերպվեն հիմնավորված տեխնիկական լուծումներ, ցույց տալով ներդրումից հրաժարվելու պատճառներն ու առաջադրանք տալ նախագծային կազմակերպությանը` նախագծի լրամշակման համար: Տեխնիկական լուծումները պետք է համաձայնեցվեն նախագծային կազմակերպության հետ և հաստատվեն էլեկտրակայանի ղեկավարության կողմից:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում