Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 հունիսի 2008 թվականի N 23

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 12-ի

նիստի N 23 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԵՐԵՎԱՆ 2008

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

ՏԵՍԼԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (SWOT անալիզ)

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ՌԻՍԿԵՐ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն հայեցակարգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների և բնակչության եկամուտների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումն և ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրամատակարարում) գնահատումը, դրանց կարգաբերումը ու զարգացումը: Մարզային քաղաքների զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն կրճատել տվյալ քաղաքի և Երևանի միջև անհամամասնությունը, այլ նաև կբարձրանա մարզային քաղաքների դերը, որպես տարածաշրջանի տնտեսական կենտրոն, լուրջ հնարավորություններ կստեղծի հանրապետության իրական ուրբանիզացման մակարդակի բարձրացման համար` ապահովելով տարածքային անհամաչափությունների համահարթեցումը և երկրի կայուն տնտեսական աճը` օրինակ ծառայելով գործարար միջավայրի բարելավման համար:

 

2. ՏԵՍԼԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

Գյումրի քաղաքը իր ավանդական մշակութային նկարագիրը պահպանած և «Գերազանցության կենտրոն» գործարար միջավայրի համբավ ունեցող Տեխնոքաղաք է` խոշոր կրթօջախներով, գիտահետազոտական կենտրոններով ու նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների նախագծերի մշակման, փորձարկման, կյանքի կոչելու և լայնածավալ արտադրություններ հիմնելու մեծ հնարավորություններով, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաներ կիրառող փոքր և միջին ձեռնարկություններով:

 

3. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (SWOT անալիզ)

 

Գյումրի քաղաքը բնակչության թվաքանակով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը Երևանից հետո: Քաղաքը յուրահատուկ արժեք է ներկայացնում իր պատմամշակութային ժառանգությամբ:

Քաղաքը ունի մշակութային, կրթական և արդյունաբերական հարուստ ավանդույթներ: Քաղաքում առկա են 5 պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր և 3 բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Գյումրիում ավանդաբար զարգացած է թեթև արդյունաբերության, ոսկեգործության, սարքաշինության, մեքենաշինության, հաստոցաշինության ոլորտները, ինչպես նաև հայտնի է իր ազգային ավանդական արհեստների առկայությամբ:

Ստորև բերված են Գյումրի քաղաքի հիմնական առավելությունները և վտանգները, որոնք կարող են հիմք կամ խոչընդոտ հանդիսանալ զարգացած տնտեսության կայացման և կայուն աշխատատեղերի ստեղծման համար:

 

1. ՈՒժեղ Կողմերը

 

1) Պատմական քաղաքի հարուստ պատմություն

2) Կայացած Համայնք և Գործուն Սփյուռք

3) Պատմա-Ճարտարապետական և քաղաքաշինական միջավայր

ա. Կումայրի Ճարտարապետական հուշարձան

բ. Եկեղեցիներ

4) Գիտակրթական հաստատություններ

ա. Պետական Ճարտարագիտական Համալսարանի մասնաճյուղ

բ. Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղ

գ. Երևանի Պետական Կոնսերվատորիայի մասնաճյուղ

դ. Երևանի Պետական Կոնսերվատորիայի Համալսարանի մասնաճյուղ

ե. Գյումրիի «Անանիա Շիրակացու» անվ. Համալսարան

զ. Գյումրիի «Պրոգրես» Համալսարան

է. Գյումրիի «Շիրակ» Համալսարան

5) Արդյունաբերական և առևտրային ազատ տարածքների առկայություն

6) Գործող օդանավակայան

7) Միջհանրապետական ճանապարհային հանգույց

8) Ռուսական բանակային հենակետ

9) Տարածաշրջանային առևտրային հանգույց

 

2. Թույլ կողմերը

 

1) Պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ցածր մակարդակ,

2) Բյուրոկրատիա,

3) Տեղական փոքր և թերզարգացած շուկա,

4) Աղքատություն և ցածր եկամուտներ,

5) Փոքր և միջին ձեռնարկությունների ցածր կշիռ,

6) Վարկավորման փոքր հնարավորություններ և բանկային ռիսկեր,

7) Քաղաքի վերականգնման խնդիրներ, տնակներում բնակվող բնակչության առկայություն,

8) Թերզարգացած ենթակառուցվածքներ,

9) Քաղաքի զարգացման տեսլականի բացակայություն:

 

3. Հնարավորություններ

 

1) Միջազգային օդանավակայանի ստեղծում,

2) Հին քաղաքի վերածնունդ,

3) Տնտեսության գիտատար ճյուղերի զարգացում,

4) Մշակութային զբոսաշրջություն,

5) Նոր արդյունաբերական հատվածների ստեղծում և առկա ներուժի արդյունավետության բարձրացում,

6) Առևտրային գոտու ստեղծում քաղաքի և օդանավակայանի միջև ընկած հատվածում,

7) Քաղաքում կանաչ գոտիների ստեղծում,

8) Միջազգային առևտրի խթանում,

9) Սփյուռքի ներուժ:

 

4. Վտանգներ

 

1) Մակրոտնտեսական իրավիճակի փոփոխություն,

2) Տարածաշրջանային անվտանգություն, փակ սահմաններ,

3) Չարձագանքող դոնոր կազմակերպություններ,

4) Մասնավոր հատվածի ակտիվացման ձախողում,

5) Մարդկային, արտադրական և ֆինանսական ներուժի անկայունություն,

6) Արտագաղթի ուժեղացում,

7) Չձևավորված ներքին քաղաքական կառուցվածք,

 

4. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կարևորելով Գյումրի քաղաքի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել մարզային տնտեսական զարգացման նպատակային ծրագրերի իրականացումը սկսել Գյումրիից, պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող կենտրոնի, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները:

Համադրելով իրականացված ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծության արդյունքները սույն հայեցակարգով նախատեսվում է Գյումրի քաղաքում տեխնոպարկի ստեղծում, որը պետք է իրականացվի հետևյալ 2 ուղղություններով`

ա. Գիտակրթական և ինովացիոն կենտրոնի ստեղծում, որը կլինի Գյումրիում առկա գիտական և համալսարանական հաստատությունների հենքի վրա:

բ. Բիզնես կենտրոնի ստեղծում, որը կլինի Գյումրի քաղաքի Կումայրի պատմամշակութային արգելոցի տարածքում և այն հնարավորություն կստեղծի արգելոցի քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման համար:

Տեխնոքաղաքի ստեղծմանը նպատակադրված այս երկու ուղղությունների իրականացումը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել Գյումրի քաղաքի, այլ նաև նրա ագլոմերացիայում գտնվող բնակավայրերի զարգացմանը` Գյումրին դարձնելով որպես տարածաշրջանային զարգացման կենտրոն և որպես արդյունք մեղմացնելով տարածաշրջանի զարգացման անհամամասնությունը Երևանի նկատմամբ, կստեղծվի նախադրյալներ Հայաստանի տնտեսությունը գիտելիքահենք տնտեսության վերափոխելու համար:

Տեխնոպարկի ստեղծումը կապահովի նաև տարածաշրջանի տնտեսության մյուս հատվածների զարգացումը, բարձրացնելով գործարար ակտիվությունը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Բանակցելով Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կառավարչի հետ կստեղծվի ազատ տնտեսական գոտի օդանավակայանի տարածքում` Տեխնոպարկի գործունեության ուղղություններով: ԱՏԳ-ն կլինի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար և կազմակերպմանն ու այնտեղ գործունեություն ծավալելու պայմանները կընձեռի տարածաշրջանային շուկաներ դուրս գալու շահավետ հնարավորություններ` բացառելով տրամադրվող արտոնությունների չարաշահման հնարավորությունները և ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքները:

ԱՏԳ-ի, Տեխնոպարկի և Կումայրի արգելոցի բիզնես կենտրոնի ստեղծման աշխատանքները կիրականացվեն իրար համահունչ և կկազմեն մեկ արժեքային շղթա:

 

1. Տեխնոպարկի ստեղծման նպատակները

 

1) Գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում,

2) Գիտական մշակումների առևտրականացում

3) Արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ինտեգրում և ակտիվացում` մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացում,

4) Մարզում փոքր ու միջին կազմակերպությունների, հատկապես ինովացիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող, ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում,

5) Շուկայական տնտեսության այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք կխթանեն մրցունակ ապրանքների արտադրությանը,

6) Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերման աջակցման նպատակով ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա),

7) Գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին` հասցեական աջակցության տրամադրում,

8) Գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում,

9) Օրինակելի նախատիպի հանդիսացում հանրապետության այլ տարածքներում և մարզերում տեխնոլոգիական ուղղվածության տեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման համար:

 

2. Գյումրու տեխնոպարկի նկարագիրը

 

Տեխնոպարկի հիմնման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որում կներգրավվեն մասնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ կհրավիրվեն միջազգային փորձագետներ, որոնք ունեն մեծ փորձ նմանատիպ նախագծերի իրականացման գործում` անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Կմշակվի բիզնես պլան, որը կներառի տեխնոպարկի վերաբերյալ գործառնական և ֆինանսական բոլոր մանրամասները: Բիզնես պլանի մշակման համար պատասխանատու թիմը կանցկացնի հնարավոր միջազգային գործընկերների, տեղական ձեռնարկությունների, բուհերի, ուսանողների, կապի ենթակառուցվածքի և այլ ոլորտների հետազոտություն, որը կօգնի ձևավորել տեխնոպարկի կողմից մատուցվելիք նպատակային ծառայությունների և արտադրանքի ցանկը:

Ծրագիրը կառավարող թիմը կգտնի վստահելի գործընկերներ, որոնք պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում կցուցաբերեն զգալի աջակցություն` ոչ միայն ֆինանսական առումով, այլև խորհրդատվության, կապերի հաստատման, մասնագիտական օգնության տեսանկյունից:

Կիրականացվի Տեխնոպարկի արդյունավետ գործունեության համար տարածքների և ներգրավված կառույցների (կրթական և այլ) ընտրություն, ինչպես նաև Տեխնոպարկի կազմում ընդգրկված կառույցների միջև անհրաժեշտ հեռահաղորդակցության ցանցի և Տեխնոպարկի վեբ կայքի նախագծում:

Տեխնոպարկում ընդգրկվելու և համատեղ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաների ստեղծման նախնական պայմանավորվածություն կա մի շարք միջազգային ընկերությունների (Մայքրոսոֆթ, Նեյշնլ Ինսթրումենթս, Սան Մայքրոսիսթեմս, Սինոփսիս և այլն) հետ:

Հաշվի առնելով իրականացված գույքագրման արդյունքները և աշխատանքային խմբերի կողմից ներկայացված առաջարկությունները կառավարման խորհուրդը որոշում կկայացնի Գյումրու տեխնոպարկի ստեղծման և զարգացման բիզնես մոդելի ընտրության վերաբերյալ:

1) Գյումրի տեխնոպարկում կներառվեն և կզարգանան հետևյալ ոլորտները.

ա. զբոսաշրջություն,

բ. տեղեկատվական տեխնոլոգիաներ,

գ. ճարտարագիտություն (կառուցապատման և շինարարական ժամանակակից տեխնոլոգիաներ),

դ. նորաձևություն և տեքստիլ արդյունաբերություն,

ե. արվեստ,

զ. ոսկեգործություն,

է. արհեստագործություն:

2) Գիտակրթական և ինովացիոն կենտրոնում կներառվեն գիտական, կրթական հաստատություններ, լաբորատորիաներ և ինովացիոն այլ ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն`

ա. Բիզնես ինկուբացիայի ապահովում,

բ. մասնագիտական լրացուցիչ կրթության տրամադրում,

գ. նախագծերի ցուցահանդեսների և կոնֆերանսներին մասնակցության ապահովում, դրանց ներկայացում պոտենցիալ ներդնողներին,

դ. սարքերի և գիտատեխնոլոգիական սարքավորումների տրամադրում,

ե. ճարտարագիտական կենտրոն (engineering centre),

զ. նախագծերի տեխնիկական և գործարար փորձաքննության անցկացում,

է. փորձարարական կենտրոն,

ը. տեխնոպարկում ընդգրկված ընկերությունների զարգացմանն աջակցում,

թ. տեխնոպարկի մասնակիցների արտաքին տնտեսական գործունեության զարգացման աջակցում,

ժ. Գիտատեխնիկական տեղեկատվության տրամադրում,

3) Բիզնես կենտրոնում կներառվեն արտադրության, նորաձևության, ոսկեգործության, արվեստի, արհեստագործության, զբոսաշրջության, սպասարկումների, ֆինանսական և այլ ծառայություններ ոլորտների ձեռնարկությունները, ինչպես նաև գործարարությանն աջակցող կառույցները, որոնք էլ տեխնոպարկի բոլոր մասնակիցների համար կապահովեն հետևյալ ծառայությունների իրականացումը`

ա. Արտադրանքի առաջմղում դեպի շուկա,

բ. ֆինանսաիրավական խորհրդատվություն,

գ. արտոնագրման ծառայություն,

դ. շուկայավարման հետազոտությունների իրականացում,

ե. բիզնես-պլանների կազմում և ֆինանսավորում,

զ. սերտիֆիկացման և լիցենզավորման կենտրոն,

է. Իրավաբանական խորհրդատվություն,

ը. Բանկային ծառայություններ,

բ. Հաշվապահական հաշվառման ծառայություններ:

4) Տեխնոպարկի մասնակիցների գործունեության արդյունավետ իրականացման նպատակով կապահովվեն նաև հետևյալ ենթակառուցվածքները`

ա. Արտադրական և գրասենյակային տարածքների տրամադրում,

բ. Կոնֆերենս դահլիճի և բանակցությունների սրահի տրամադրում,

գ. Գրասենյակային կազմտեխնիկայի և կահույքի տրամադրում,

դ. Նախագծակոնստրուկտորային արհեստանոցների ծառայությունների տրամադրում,

9) Հայեցակարգի արդյունավետ իրականացման և ներդրումների ներգրավման նպատակով Գյումրի քաղաքը գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից կդարձվի «Գործարար գերազանցության կենտրոն» մասնավորապես կներդրվի.

ա. ձեռնարկությունների գրանցման պարզեցված` մեկ պատուհանի սկզբունքով (այդ թվում` նորագույն` on-line ռեժիմով) ընթացակարգ,

բ. ապրանքների, ծառայությունների ներմուծման և արտահանման պարզեցված և արագացված ընթացակարգ,

գ. սերտիֆիկացման և արտոնագրման մասնաճյուղ, հագեցված այն համապատասխան տեխնիկայով, որը թույլ կտա արագացված ռեժիմով կատարել համապատասխան աշխատանքներ,

դ. Պետական կառավարման մարմինների կողմից մատուցված այլ ծառայությունների պարզեցված ընթացակարգերի ներդնում,

ե. ՓՄՁ սուբյեկտներին ուղղված բարձրորակ բանկային ծառայություններ, բիզնեսի վարկավորման պարզեցված մեխանիզմներ,

զ. հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացում,

է. թափանցիկ հարկային ստուգումների ընթացակարգ:

Որպեսզի այս տարածքում բիզնես միջավայրն իրեն կարողանա լիարժեք դրսևորել, այս տարածքում անհրաժեշտ է ենթակառուցվածքային բարեփոխումներ: Առաջին հերթին կարևորվում է ճանապարհաշինությունը: «Շիրակ» օդանավակայանի միջազգային չվերթների ուղղությունների ավելացում` բեռնափոխադրումներն ապահովելու նպատակով: Մատչելի պետք է լինեն կապը (ինտերնետ, հեռախոս, ֆաքս), բեռնափոխադրումները, էներգակիրները (էլեկտրաէներգիա, բենզին, գազ), չվերթների տոմսերի արժեքը: Անհրաժեշտ է նաև իրականացնել մեծածավալ կանաչապատման և անտառապատման աշխատանքներ, որը հնարավորություն կտա բարձրացնել Գյումրի և նրա շրջակա տարածքների գրավչությունը:

 

5. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Գյումրու տնտեսական զարգացման նպատակով իրականացվող Գյումրի քաղաքում տեխնոպարկի ստեղծման, Գյումրի քաղաքի Կումայրի արգելոցի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու պահպանման ստեղծման աշխատանքները կիրականացվեն ըստ փուլերի:

 

1. I փուլ

 

Կստեղծվի ծրագրի աշխատանքները համակարգող կառավարման խորհուրդ և իրականացումն ապահովող աշխատանքային խումբ, որոնցում կներգրավվեն ներկայացուցիչներ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, գիտակրթական, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զուգահեռաբար, գիտահետազոտական աշխատանքների և սկսնակ ընկերությունների զարգացումը խթանելու նպատակով, կտրամադրի նաև հատուկ գիտահետազոտական դրամաշնորհներ, որոնք մրցութային կարգով կհատկացվեն Գյումրիում գործող գիտահետազոտական լաբորատորիաներին և սկսնակ ձեռնարկություններին:

 

2. II փուլ

 

Կիրականացվի նախատեսված տարածքների, նրանցում առկա կազմակերպությունների գույքագրում, որի նպատակն է ի մի բերելով առկա արտադրական, գիտական, պատմամշակութային և ենթակառուցվածքային պոտենցիալը, նրանց սեփականության իրավունքների պատկանելիությունը և նրանց վերոհիշյալ ծրագրերում ներառելու հնարավորությունները:

 

3. III փուլ

 

Հաշվի առնելով իրականացված գույքագրման արդյունքները և աշխատանքային խմբերի կողմից ներկայացված առաջարկությունները կառավարման խորհուրդը որոշում կկայացնի Գյումրու տեխնոպարկի և Կումայրի արգելոցի զարգացման բիզնես մոդելի ընտրության վերաբերյալ: Տեխնոպարկի բիզնես մոդելի ձևակերպման նպատակով համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ կհրավիրվեն Ֆինլանդիայից:

Նորաձևության, ոսկեգործության, արվեստի, արհեստագործության, զբոսաշրջության և սպասարկումների ոլորտները կընդգրկվեն Կումայրի արգելոցի տարածքում:

 

4. IV փուլ

 

Ընտրված մոդելին և գույքագրման արդյունքներին համապատասխան կիրականացվի Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի նախագծում և մակետի պատրաստում: Մակետը կներառի ինչպես ներկայումս գոյություն ունեցող շենք-շինությունները, ենթակառույցները, այնպես էլ համաձայն Տեխնոպարկի մոդելի կնախանշի ըստ նշանակության կառուցապատման ենթակա շենք-շինությունները և ենթակառուցվածքները: Կառուցապատումը կապված բիզնես մոդելի ընտրությունից կարող է իրականացվել մեկ ներդնողի կամ Տեխնոպարկում ընդգրկվելու ցանկություն հայտնած առանձին սուբյեկտների կողմից:

 

5. V փուլ

 

Այս փուլում կկատարվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ներգրավման աշխատանքներ: Գույքագրման, գրավոր հատակագծի և մակետի պատրաստման աշխատանքները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության տարեկան ծրագրի և Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման և զարգացման (Կումայրի) մշակվելիք ծրագրի շրջանակներում: Ծրագրի մյուս բաղադրիչների իրականացման նպատակով կներգրավվեն մասնավոր հատվածի, սփյուռքի, դոնոր կազմակերպությունների միջոցները, իսկ այն միջոցառումները, որոնցում մասնավոր հատվածը հետաքրքրություն չի ցուցաբերի, նույնպես կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` բյուջետային գործընթացների շրջանակներում իրավական համապատասխան ակտերի և պետական կառավարման գլխադասային լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացվող հայտերի հիման վրա: Ծրագրերը հիմնականում կֆինանսավորվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքներով:

2008 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացվի`

1) ծրագրի կառավարման թիմում ներգրավվող խորհրդատուների վարձակալության համաֆինանսավորում,

2) մի շարք գործընկերների հետ, օրինակ` Մայքրոսոֆթ, Նեյշնլ Ինսթրումենթս, Սան Մայքրո-սիսթեմս, Սինոփսիս և այլն, համատեղ լաբորատորիաների հիմնման համաֆինանսավորում,

3) գիտահետազոտական աշխատանքների և սնանկ ընկերությունների զարգացումը խթանելու նպատակով տրամադրվող հատուկ գիտահետազոտական դրամաշնորհների համաֆինանսավորում:

 

6. ՌԻՍԿԵՐ

 

Տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմման քաղաքականության իրականացման ընթացքում կարող են առաջանալ հետևյալ վտանգները`

ա. ֆինանսական միջոցների պակաս,

բ. Նախաձեռնությունների և բիզնես լիդերների պակաս,

գ. հարկային տարբերակված մոտեցման հետևանքով, երևան քաղաքի և այլ մարզերի գործարար ակտիվության նվազում,

դ. միջազգային չափանիշներին համապատասխան կառավարիչների և որակյալ մասնագետների պակաս,

ե. տեղական իշխանությունների համագործակցության պատրաստակամություն:

 

7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

 

Հայեցակարգի իրականացման արդյունքում նախատեսվում է`

ա. մարզի տնտեսության առաջանցիկ տեմպերով աճ,

բ. Գյումրիի համար ավանդական հանդիսացող տեքստիլ արդյունաբերության, ոսկեգործության և արհեստագործության ոլորտների վերականգնում և զարգացում,

գ. Արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ինտեգրացում և ակտիվացում` մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացման համար,

դ. Մարզում փոքր ու միջին կազմակերպությունների ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում,

ե. նոր և որակյալ աշխատատեղերի ստեղծում,

զ. բնակչության արտահոսքի կրճատում ու ներհոսքի խթանում, ինչպես երկրից դուրս, այնպես էլ մարզերից մայրաքաղաք,

է. առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերման աջակցման նպատակով ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա),

ը. Գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին` հասցեական աջակցության տրամադրում,

թ. Գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում,

ժ. Փորձի կիրարկում հանրապետության այլ քաղաքների վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2008
N 23
Արձանագրային որոշում