Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

5 օգոստոսի 2008 թվականի N 6

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում...,

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե .... օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին»:

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` «ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով օրենքներով սահմանված նորմերը` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցում է համարվում բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցումը, որով լրիվ կամ մասնակիորեն մարվում է մատակարարի հանդեպ պարտավորությունը:

2. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանքը ձեռք բերողի կամ անմիջականորեն ծառայությունը ստացողի (այսուհետ` գնորդ) կողմից բանկային փոխանցմամբ վճարելու պայման ուղղակիորեն սահմանված չէ` ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների մասով ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են հաշվանցման, եթե ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց անմիջականորեն գնորդի կամ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում: Ընդ որում` այլ անձի կողմից վճարումների դեպքում ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության մասով հաշվանցում կարող է կատարվել, եթե բանկային փոխանցմամբ վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ այլ անձի կողմից վճարումը կատարվել է գնորդի անունից և գնորդի ձեռք բերված ապրանքի կամ ստացած ծառայության դիմաց:

3. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանք մատակարարողին կամ ծառայություն մատուցողին (այսուհետ` մատակարար) վճարում կատարելու պայման օրենքով ուղղակիորեն սահմանված չէ` մատակարարի հանձնարարությամբ գնորդի կողմից այլ (երրորդ) անձանց բանկային փոխանցում կատարելու դեպքերում, ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

4. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն գնորդի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու և անմիջականորեն մատակարարին վճարելու պայմաններ օրենքով սահմանված չեն` մատակարարի նշած անձին գնորդի հանձնարարությամբ մեկ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու դեպքերում մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է տվյալ գնորդի անունից, տվյալ մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

5. Ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բանկային փոխանցմամբ մասնակի վճարման գումարին: Բանկային փոխանցմամբ մասնակի վճարմանը համապատասխանող ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված կարգով հաշվանցվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է բանկային փոխանցմամբ մասնակի վճարումը: Մինչև սույն պարզաբանման հրապարակումը ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքերում` բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների մասով հաշվանցումները կարող են կատարվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում ձեռքբերման դիմաց մատակարարին բանկային փոխանցմամբ վճարումներն ամբողջությամբ կատարվել են կամ մատակարարի նկատմամբ պարտավորությունները ամբողջությամբ մարվել են:

Ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկային փոխանցմամբ, իսկ մյուս մասը կանխիկ վճարումով կամ այլ կերպ հատուցելու (օրինակ` ապրանքափոխանակությամբ, փոխադարձ պարտավորությունների մարման) դեպքերում ոչ բանկային փոխանցմամբ հատուցում կատարելու հանգամանքը հիմք չէ բանկային փոխանցումով մասնակի վճարմանը վերաբերվող ԱԱՀ-ի գումարները չհաշվանցելու կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վերաձևակերպելու համար:

6. Բանկային փոխանցմամբ վճարում կատարվելու դեպքում ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի մոտ հաշվանցման իրավունքը ծագում է փաստացի վճարման պահին, եթե մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը չհաշվանցելու նորմ օրենքով սահմանված չէ:

7. Քանի որ օրենքով հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների հաշվանցման ժամանակաշրջան ուղղակիորեն չի սահմանված և ապրանքների ՀՀ տարածք ներսբերման պահին դրանք օրենքի համաձայն համարվում են ներմուծված` ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում առանձնացված և ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարները օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են հաշվանցվել (անկախ մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները տվյալ պահին վճարված լինելու փաստից) ապրանքների ներմուծման, դրանց հայտարարագրման կամ հետագա հաշվետու ժամանակաշրջաններից մեկում:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
05.08.2008
N 6
Պաշտոնական պարզաբանում