Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 324-ՐԴ, 345...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 324-ՐԴ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 347-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական                       Քաղաքացիական գործ թիվ 3-617 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-995

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ա. Խառատյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              

2007 թվականի հունիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Պարգև Էլիզբարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի թիվ 06-995 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Պարգև Էլիզբարյանի հայցի ընդդեմ Սևակ Հովհաննիսյանի գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պատասխանող Ս. Հովհաննիսյանից բռնագանձել 45.000 ԱՄՆ դոլար` որպես ստանձնած պարտավորությունը չկատարելու հետևանքով առաջացած պարտքի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.06.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարգև Էլիզբարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես դատարանը հետազոտելով վիճելի պարտավորագիրը` հանգել է հետևության, որ այն չի կարող դիտվել որպես պարտավորություն, չի կարող դիտվել որպես երաշխավորություն, այն իր բովանդակությամբ և էությամբ ավելի նման է լիազորագրից հրաժարվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության, որը կատարելուց հրաժարվելու դեպքում նախատեսվել է լրացուցիչ 45.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պարտավորություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի հիմքը բողոք բերած անձ որևէ փաստարկով չի հիմնավորել:

2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 347-րդ հոդվածը, 348-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածը վերաբերում է լիազորագրի դադարելուն և պարտավորությունների կատարման ապահովման եղանակներին, որոնք ընդհանրապես չեն առնչվում վեճի առարկայի հետ և կիրառելի չեն սույն վեճի լուծման համար: Դատարանը պարտավոր էր գնահատել այն որպես գրավոր ձևը պահպանած պարզ պարտավորագիր և կիրառեր պարտավորություններին վերաբերող նորմերը:

Բողոք բերած անձն ի հիմնավորումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 347-րդ, 348-րդ հոդվածների կիրառման ենթակա լինելու վերաբերյալ հիմքի` որևէ փաստարկ չի ներկայացրել:

Վերոհիշյալ հիմքերով բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.12.2005 թվականի վճռին, կամ բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սևակ Հովհաննիսյանը, լինելով հայցվոր Պարգև Էլիզբարյանի ներկայացուցիչը, 25.05.2004 թվականին նրա անունից հայց է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի` 45000 ԱՄՆ դոլարի պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով: Սույն հայցը պատասխանողի` որպես տվյալ գործով հայցվորի ներկայացուցչի, կողմից դատարան չներկայանալու պատճառով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով թողնվել է առանց քննության:

2) Պատասխանող Ս. Հովհաննիսյանը պարտավորագիր է տվել հայցվորին այն մասին, որ մինչև 22.04.2005 թվականը նշված հայցով վճիռը չլինելու դեպքում պարտավորվում է վերադարձնել հայցվորին 45000 ԱՄՆ դոլար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

Վերաքննիչ դատարանը վիճելի պարտավորագիրը չդիտելով որպես պարտավորություն` այն իր բովանդակությամբ և էությամբ նմանեցրել է լիազորագրից հրաժարվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության, որը կատարելուց հրաժարվելու դեպքում նախատեսվել է 45000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պարտավորություն: Դատարանը կողմերի միջև կնքված գործարքին որոշակի իրավական գնահատական չի տվել, այլ գնահատել է այն վերացական բնորոշմամբ:

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև պարտավորագրին իրավական գնահատական տալը դատարանը պարտավոր էր հետազոտելով գործում առկա ապացույցները, պարզել կողմերի միջև առկա քաղաքացիաիրավական հարաբերությունների էությունը, նրանց միջև կնքված գործարքի առկայության կամ բացակայության փաստը և այդ ապացույցների բազմակողմանի հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատել վիճելի պարտավորագիրը` դրան տալով կոնկրետ իրավական գնահատական:

Վերը նշված պատճառաբանությամբ սույն վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում: Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի սխալ մեկնաբանման վերաբերյալ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձն այն հիմնավորող փաստարկներ չի ներկայացրել:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ և 368-րդ հոդվածները վերաբերում են լիազորագրի դադարելուն և պարտավորությունների կատարման ապահովման եղանակներին, իսկ նույն օրենսգրքի 345-րդ և 347-րդ, 348-րդ հոդվածները` պարտավորություններին:

Այն պայմաններում, երբ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման պատճառով կողմերի միջև առկա իրավահարաբերությունների իրավական բնորոշումը չի տվել, Վճռաբեկ դատարանը լիազորագրին կամ պարտավորություններին վերաբերող նորմերի կիրառելիության հարցին անդրադառնալն անհնար է համարում:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և այն դիտում է որպես ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի ուժով բեկանելու բավարար հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Պարգև Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2007
N 3-617 (ՎԴ)
Որոշում