Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 227-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով              Քաղաքացիական գործ թիվ 3-966 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                     2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1079

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ Տ. Սահակյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              

2007 թվականի հունիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճռի դեմ` ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Թաղապետարանը պահանջել է 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքները:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 25-ի վճռով հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բեկանվել է Երևանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 25-ի վճիռը և գործն ուղարկվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2007 թվականի մարտի 20-ի վճռով հայցը` Լիանա Կազկոյի, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների մասով մերժվել է, իսկ Ալվինա Կազկոյի մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Սարիբեկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի` դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործի քննությանը չի ներգրավել Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի սեփականատեր Գայանե Սարիբեկյանին և վճիռ է կայացրել նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Թաղապետարանի 2006 թվականի օգոստոսի 23-ի աճուրդում բողոք բերած անձը գնել է նշված բնակարանը: Այդ բնակարանի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է, սակայն Վերաքննիչ դատարանը նշված բնակարանի նկատմամբ պատասխանողների բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ վճիռ է կայացրել առանց բնակարանի սեփականատիրոջը գործին մասնակից դարձնելու: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

2) Բողոքի մյուս հիմքերը չեն վկայակոչվում, քանի որ Վճռաբեկ դատարանը դրանց սույն որոշմամբ չի անդրադառնում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանում հաշվառված են Ալվինա Կազկոն` 1982 թվականից, Լիանա Կազկոն` 1991 թվականից, Արամ Մարկոսյանը` 1996 թվականից:

2) Պատասխանողներ Ֆրունզ Մարկոսյանը` ծնված 27.01.1993 թվականին, և Նարեկ Մարկոսյանը` ծնված 15.04.1996 թվականին Լիանա Կազկոյի և Արամ Մարկոսյանի երեխաներն են:

3) 2005 թվականի մայիսի 16-ի վճարման անդորրագրի համաձայն` «Արայ» համատիրությունը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի հասցեով ավտոտնակի վարձի պարտքից 20 000 ՀՀ դրամ գանձել է Կազկոյից:

4) 28.08.2006 թվականին Ալվինա Կազկոն մահացել է:

5) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 2006 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 41/3-Կ-13 գրության համաձայն` Լ. Կազկոյի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լ. Կազկոյի և Թաղապետարանի միջև առկա է բնակարանային վեճ: Միաժամանակ Լ. Կազկոյին տեղեկացվել է, որ Գայանե Սարիբեկյանը պարտավորվել է չօտարել և չօգտագործել Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանում առկա նրանց պատկանող գույքը:

6) Վերաքննիչ դատարանին հասցեագրված 2007 թվականի մարտի 15-ի դիմումով Թաղապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանն արդեն Գայանե Սարիբեկյանի սեփականությունն է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի հիման վրա հայցից հրաժարվելու հնարավորություն չունենալու պատճառով պահանջը չի պնդում և խնդրել է հայցը թողնել առանց քննության:

7) 2007 թվականի մարտի 20-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վերաքննիչ դատարանի կողմից Գայանե Սարիբեկյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ և նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացրել:

8) Շենգավիթի համայնքի ավագանու «Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանն աճուրդով վաճառելու թույլտվություն տալու մասին» 2006 թվականի հուլիսի 07-ի թիվ 77 որոշմամբ թույլատրվել է համայնքի ղեկավարին դասական աճուրդի եղանակով օտարելու նշված բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3 075 000 (երեք միլիոն յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (որոշումը ներկայացվել է բողոքին կից):

9) Նոտարական կարգով վավերացված 2006 թվականի սեպտեմբերի 5-ի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Թաղապետարանը 3 351 750 (երեք միլիոն երեք հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամով Գայանե Սարիբեկյանին է վաճառել Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանը (պայմանագիրը ներկայացվել է բողոքին կից):

10) 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գայանե Սարիբեկյանի և Հովիկ Ալեքսանյանի սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման թիվ 2177043 վկայականի լուսապատճենը ներկայացվել է բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սեփականության իրավունքի գրանցման թիվ 2177043 վկայականի լուսապատճենի համաձայն` 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գայանե Սարիբեկյանի և Հովիկ Ալեքսանյանի սեփականության իրավունքը:

Փաստորեն, վերը նշված բնակարանի համասեփականատեր է նաև Գայանե Սարիբեկյանը, որը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, և սույն գործով կայացված վճիռը` հայցը մերժելու մասով, ազդում է նրա իրավունքների ծավալի վրա:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Գայանե Սարիբեկյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով` քաղաքացիական գործի վարույթն Ալվինա Կազկոյի մասով կարճելը չի ազդում բողոք բերած անձի իրավունքների ծավալի վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 20-ի վճիռը` հայցը մերժելու մասով և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2007
N 3-966 (ՎԴ)
Որոշում