Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347-ՐԴ, 877-ՐԴ, 878-ՐԴ ԵՎ 880-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների  Քաղաքացիական գործ թիվ 3-130 (Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                    2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-3193

Նախագահող դատավոր` Ս. ՈՒզունյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Միխայիլ Լատիշևիչի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի դեմ` ըստ հայցի Միխայիլ Լատիշևիչի ընդդեմ Օնիկ Հունանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Միխայիլ Լատիշևիչը պահանջել է Օնիկ Հունանյանից բռնագանձել 700 գերմանական մարկին և 24.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.01.206 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխայիլ Լատիշևիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

i

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով: Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները, որի արդյունքում, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քաղաքացիական գործում առկա Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչին 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու պարտավորագրերը և հաստատել է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքը:

Մինչդեռ, դատավճռով հաստատված գումարը վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխայիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը, քանի որ քրեական գործը քննվել և դատավճիռ է կայացվել Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչից խաբեությամբ միայն 8.000 ԱՄՆ դոլար հափշտակելու կապակցությամբ, իսկ Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչից վերցված և ստացականներով երաշխավորված 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումարների մասով որևէ հարց չի քննարկվել:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը Դատարանի կողմից չէր կարող և չպետք է հիմք ընդունվեր 16500 և 5000 ԱՄՆ դոլար գումարների չափով պարտավորության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:

Դատարանը հաստատված չի համարել կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորության առկայությունը, ինչի արդյունքում տվյալ իրավահարաբերության նկատմամբ չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պարտավորական իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր` 345-րդ, 347-րդ հոդվածները և փոխառության պայմանագրի բխող իրավահարաբերությունները կարգավորող 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բացի այդ, Դատարանի վճռում նշված չէ իրավական այն նորմը, որի համաձայն պարտավորության առկայությունը կարելի է հաստատել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.01.2006 թվականի վճիռը, և այն փոփոխել` Միխայիլ Լատիշևիչի հայցը մասնակի` 21.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի չափով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 25.09.1998 թվականի ստացականի համաձայն` Օնիկ Հունանյանի պարտքը Միխայիլ Լատիշևիչին կազմել է 16.500 ԱՄՆ դոլար:

2) 06.02.1999 թվականի պարտավորագրով Օնիկ Հունանյանը պարտավորվել է Միխայիլ Լատիշևիչին վերադարձնել 5.000 ԱՄՆ դոլար:

3) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.06.2005 թվականի դատավճռով հաստատվել է, որ Օնիկ Հունանյանը Միխայիլ Լատիշևիչից խաբեությամբ հափշտակել է 8.000 ԱՄՆ դոլար, և որոշվել է Օնիկ Հունանյանից հօգուտ Միխայիլ Լատիշևիչի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, Դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է միայն խաբեության եղանակով 8000 ԱՄՆ դոլար տիրանալու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Դատարանը ըստ էության կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով գնահատման առարկա չեն դարձվել սույն հայցապահանջի հիմքում դրված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը: Բացի այդ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավճռով հաստատված գումարը Օնիկ Հունանյանի կողմից վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխայիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը:

Հետևաբար, սույն քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը պետք է որոշեր հայցապահանջի հիմնավորվածության հարցը գնահատման առարկա դարձնելով ներկայացված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության հայցապահանջի հիմնավորվածությունը և պարտավորության իրական չափը պարզելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-130 (Ա)
Որոշում