Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏ ...

 

 

040.0872.140808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2008 թվականի N 872-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանի գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանի կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների հաստիքացուցակները, օտարերկրացու ձերբակալման մասին արձանագրության ձևը, ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանի, ձերբակալվածների առաջարկությունների, դիմումների և բողոքների գրանցամատյանի, ձերբակալված օտարերկրացիներին տեսակցող անձանց գրանցամատյանի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 872-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում արտաքսման նպատակով ձերբակալված օտարերկրացիներին (այսուհետ` ձերբակալվածներ) հատուկ կացարան (այսուհետ` կացարան) ընդունելու և կացարանում պահելու հետ կապված հարաբերությունները:

2. Կացարանը կազմավորվում և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կառուցվածքում: Կացարանի աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա` կացարանին պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապատասխան:

 

II. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵԼԸ

 

3. Ձերբակալվածներին կացարան ընդունելու հիմքը ձերբակալման մասին արձանագրությունն է: Արձանագրության մեջ նշվում են ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ձերբակալման հիմքերը, դրա կազմման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգի խախտումներով կազմված արձանագրությունը հիմք է ձերբակալվածին կացարան չընդունելու համար:

5. Ձերբակալվածները կացարան ընդունվում են շուրջօրյա:

6. Կացարանի հերթապահն ստուգում է ձերբակալվածներին ընդունելու և կացարանում պահելու հիմքերը, ձերբակալվածի տվյալները գրանցում կացարանում պահվող ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանում:

7. Կացարանում կազմվում է ձերբակալվածի անձնական գործ: Անձնական գործում նշվում են ձերբակալվածի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ձերբակալման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, ձերբակալման հիմքը: Անձնական գործին կցվում են ձերբակալվածի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումների, ձերբակալվածի առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների պատճենները, կացարանից ձերբակալվածի ազատման վերաբերյալ կացարանի պետի որոշումը:

8. Ձերբակալվածի` հետախուզման մեջ լինելու փաստի հայտնաբերման դեպքում դրա մասին հայտնում են հետախուզում հայտարարած մարմնին:

9. Ոստիկանությունը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է ձերբակալվածի ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և (կամ) ձերբակալվածի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:

10. Ձերբակալվածին կացարանում տեղավորելուց հետո 48 ժամվա ընթացքում ոստիկանությունը դիմում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ձերբակալվածին կացարանում մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:

11. Ձերբակալվածներին պահելու համար կացարանում ստեղծվում են`

1) տղամարդկանց, կանանց և անչափահասներին իրարից առանձին պահելու սենյակներ.

2) ընտանիքների համար նախատեսված սենյակներ.

3) հիվանդների և հաշմանդամների համար սենյակներ.

4) ալկոհոլից, թմրանյութերից և այլ հոգեներգործող նյութերից կախման մեջ գտնվող անձանց պահելու համար սենյակներ.

12. Սենյակները պետք է ունենան մեկ անձի համար նախատեսված նվազագույնը 4 քառ. մետր բնակելի մակերես:

13. Սենյակները ապահովվում են սեղանով, աթոռներով, մահճակալով, կենցաղային իրերի կողապահարանով, զգեստապահարանով, հեռուստացույցով, սանհանգույցով, ցնցուղով, անկողնային պարագաներով, սրբիչով, սենյակը մաքրելու պիտույքներով, կենցաղում օգտագործվող այլ առարկաներով (օճառ, հիգիենիկ թուղթ, ավել, գոգաթիակ): Ձերբակալվածներն անձնական հիգիենայի համար ապահովվում են նաև տաք ջրով, սենյակում ցնցուղի բացակայության դեպքում` լողարանում լողանալու հնարավորությամբ` ըստ սահմանված ժամանակացույցի: Սենյակներում օդի նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի +18 oC: Կացարանում պետք է լինեն լվացքատուն և ձերբակալվածների փափուկ գույքի (վերմակ, ներքնակ, բարձ), վերնահագուստների, իրերի ախտահանման խցիկ:

14. Հղի և հաշմանդամ ձերբակալվածների համար ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ, հատկացվում են լրացուցիչ անվճար սնունդ և առաջին անհրաժեշտության այլ կենցաղային պարագաներ:

15. Ձերբակալվածների համար կացարանում ապահովվում է ութժամյա անընդմեջ քուն ու առողջության և ուժերի պահպանման համար բավարար` օրական 3-անգամյա տաք, անվճար սնունդ: Ձերբակալվածն իր միջոցներով կացարանի տարածքում գործող առևտրի կրպակից կարող է ձեռք բերել սնունդ:

16. Ձերբակալվածները սնունդ ընդունում են կացարանի ճաշարանում:

17. Ձերբակալվածներն ունեն հատուկ պահպանվող տարածքում ազատ տեղաշարժի իրավունք` ըստ կացարանի պետի կողմից սահմանված օրվա կարգացուցակի:

18. Զբոսանքն իրականացվում է կացարանի պետի կողմից սահմանված կարգով:

19. Կացարանի զբոսաբակերը պետք է ապահովված լինեն մարմնամարզությամբ զբաղվելու համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով:

20. Կացարանում պահվող ձերբակալվածներին առաջին բժշկական օգնություն ցույց է տրվում կացարանի բուժաշխատողների կամ շտապ բժշկական օգնության մասնագիտացված ծառայության կողմից: Սանիտարահակահամաճարակային հսկողությունը կացարանում պայմանագրային հիմունքներով իրականացվում է ոստիկանության բժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

21. Ստացիոնար և մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող ձերբակալվածները, այդ թվում` հոգեկան, տարափոխիկ հիվանդություններով տառապող ձերբակալվածները, կացարանի բուժաշխատողի կամ շտապ բժշկական օգնության բժշկի գրավոր եզրակացությամբ և դրա հիման վրա կացարանի պետի կայացրած որոշմամբ, փոխադրվում են մասնագիտացված բժշկական հաստատություններ, որտեղ նրանց նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է հսկողություն:

22. Ալկոհոլից, թմրանյութերից և այլ հոգեներգործող նյութերից կախման մեջ գտնվող անձինք պահվում են բժշկական հսկողության ներքո:

23. Ձերբակալվածներն իրենց գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները հանձնում են կացարանի ծառայողներին: Կացարանի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են կացարանում պահվող ձերբակալվածների առաջարկների, դիմումների և բողոքների գրանցամատյանում և զեկուցվում կացարանի պետին: Կացարանի պետը միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:

24. Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակական կազմակերպություններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը:

25. Կացարանի վարչակազմի որոշումների ու գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը:

26. Առաջարկությունները, դիմումները և բողոքները հասցեատերերին ուղարկվում են անվճար:

27. Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխաններն ստորագրությամբ հանձնվում են ձերբակալվածներին, իսկ դրանց պատճենները կցվում են նրանց անձնական գործերին:

 

III. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Ձերբակալվածին կացարանում թույլատրվում են տեսակցություններ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման: Տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կացարանի ծառայողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն:

29. Տեսակցող անձը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տեսակցող անձանց վերաբերյալ վարվում է հաշվառման մատյան:

30. Բացի տեսակցություններից` կացարանի պետի սահմանած ժամանակացույցի հիման վրա ձերբակալվածներն օգտվում են հեռախոսազրույցներ ունենալու իրենց իրավունքից` ներառյալ միջքաղաքային զանգերը: Հեռախոսային խոսակցության դիմաց վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են ձերբակալվածի հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2008
N 872-Ն
Որոշում