Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ` ԼՅՈՒՔՍԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԵՐԵ ...

 

 

020.0759.120908

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է Եվրոպական ներդրումային բանկի օգնությամբ հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը` վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով:

3. Համաձայնագրում ամրագրված են միջոցների փոխանցման կարգը, ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցույթների (տենդեր) կարգը, կողմերի արտոնությունները:

4. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Եվրոպական ներդրումային բանկին վերաբերող շահաբաժինները և բոլոր մնացած վճարումները, որոնք բխում են համաձայնագրից, ինչպես նաև նման գործողությունների հետ կապված բանկի ակտիվներն ու եկամուտներն ազատել հարկերից,

- երաշխավորել, որ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման համար կնքված պայմանագրերը հարկային, մաքսային և այլ հարցերի մասով օգտվեն ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան այն պայմաններն են, որոնք սահմանված են ցանկացած այլ միջազգային ֆինանսական կազմակերպության համար` ընտրելով դրանցից ամենաբարենպաստը,

- առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության չիրականացնել բռնագրավում, սեփականազրկում կամ ցանկացած այլ միջամտություն ծրագրի ակտիվների կամ եկամուտ ստեղծելու կարողության նկատմամբ, եթե դրանք անհրաժեշտ չեն ծրագրի առնչությամբ առաջացած պարտքի տոկոսները վճարելու համար,

- ապահովել, որպեսզի Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվի լիարժեք իրավունակությունից, ներառյալ, մասնավորապես, պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու, տնօրինելու և դատավարություններում որպես կողմ հանդես գալու իրավունքները,

- Բանկին ազատ մուտք տրամադրել ՀՀ ֆինանսական շուկա` համաձայն ՀՀ գործող օրենսդրության,

- երաշխավորել, որ Բանկի ակտիվները ենթակա չդառնան խուզարկության և սեփականազրկման բոլոր ձևերի կիրառման, տույժի գանձման և պարտքի դիմաց գույքի բռնագրավման ու ցանկացած նման միջոցի կիրառման` նախքան իրավասու դատարանի կողմից Բանկի դեմ վերջնական որոշում կայացնելը,

- ապահովել, որ Բանկի պաշտոնյաները և աշխատակիցները (բացառությամբ ՀՀ քաղաքացիների) օգտվեն անձեռնմխելիությունից` պաշտոնական դիրքում կատարած գործողությունների համար և տրամադրել դիվանագիտական արտոնություններ և միջոցներ` պաշտոնական հաղորդակցության, փաստաթղթերի փոխանցման և ճանապարհորդության համար,

- երաշխավորել, որ Հայաստանի դատարաններն իրավասու են ճանաչել համապատասխան ընդդատության դատարանի կամ տրիբունալի` պատշաճ դատական ընթացակարգով տրված վերջնական որոշումը, և ապահովել ցանկացած նման որոշման իրականացումը` ըստ գործող ազգային կանոնների և ընթացակարգերի,

- հրաժարվել անձեռնմխելիությունից և իրավասու դատարանի կամ տրիբունալի, այդ թվում` Եվրոպական համայնքների արդարադատության դատարանի ընդդատության վիճարկման իրավունքից,

- ժամանակին տեղեկացնել Բանկին իր կողմից ձեռնարկված ցանկացած միջոցառման, օրինակ` օրենսդրության փոփոխության մասին, որոնք կարող են նյութապես անդրադառնալ Բանկին վերապահված իրավունքների և շահերի վրա:

5. Համաձայնագիրը սահմանում է նաև այն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը, ժամկետները, ինչպես նաև համաձայնագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերի լուծման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 սեպտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-759

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.09.2008
N ՍԴՈ-759
Որոշում