Սեղմել Esc փակելու համար:
1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՐԱՆԱԴԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌ ...

 

 

020.0762.120908

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գ. Գյուրջյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված` Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը ՍԴ` մուտքագրված 2008 թվականի հուլիսի 1-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան ստորագրվել է 1985 թվականի հոկտեմբերի 3-ին` Գրանադա քաղաքում (Իսպանիա), ուժի մեջ է մտել 1987 թվականի դեկտեմբերի 1-ին: Այն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2006 թվականի մայիսի 17-ին:

2. Կոնվենցիայի նպատակն է ամրապնդել և խրախուսել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ընդհանուր ճարտարապետական ժառանգություն հանդիսացող հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի պահպանությանն ու դրա արժեվորմանն ուղղված քաղաքականությունը, նպաստել պետությունների և տարածաշրջանի միջև այդ ժառանգության պահպանության շուրջ համագործակցությանը:

Կոնվենցիան հղում է կատարել`

ա) 1954թ. դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված` Եվրոպական մշակութային կոնվենցիային, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1997թ. փետրվարի 18-ին,

բ) 1972թ. նոյեմբերի 16-ին ստորագրված` Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է ՀՀ Գերագույն խորհրդի 1993թ. հունիսի 22-ի որոշմամբ,

գ) 1969թ. մայիսի 6-ին ստորագրված` Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992թ. հունվարի 16-ին:

3. Կոնվենցիայի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- պահպանության ենթակա հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի ճշգրիտ նույնացման նպատակով կատարել գույքագրում, և այդ արժեքներին սպառնացող վտանգի դեպքում, առաջին իսկ հնարավորության պարագայում պատրաստել համապատասխան փաստաթղթեր,

- օրենսդրական քայլեր ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանության ուղղությամբ,

- իրականացնել վերահսկողություն և թույլտվության տրամադրմանն ուղղված պատշաճ ընթացակարգեր,

- կանխել պահպանվող արժեքների աղավաղումը, խարխլումը և ոչնչացումը և այդ նպատակով օրենսդրության մեջ սահմանել նորմեր, որոնց համաձայն կնախատեսվի իրավասու մարմնին ներկայացնել արդեն պահպանվող կամ պահպանության ենթակա հուշարձանների քանդմանը կամ ձևափոխմանն առնչվող ցանկացած նախագիծ, որը վնաս կհասցնի դրանց շրջակայքին,

- արգելել պահպանվող հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը,

- հանրային իշխանությունների կողմից ազգային, տարածաշրջանային և տեղական իրավասությունների և առկա բյուջետային միջոցների սահմաններում տրամադրել ֆինանսական աջակցություն` իր տարածքում գտնվող ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով,

- միջոցներ ձեռնարկել հուշարձանների շրջակայքում, համալիրների ներսում և տեսարժան վայրերում շրջակա միջավայրի ընդհանուր բարեկարգման ուղղությամբ,

- նվազագույնի հասցնել ճարտարապետական ժառանգության ֆիզիկական ոչնչացման վտանգները,

- ճարտարապետական ժառանգության պահպանության մասին օրենսդրության խախտման դեպքում իրավասու մարմինների կողմից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

- հարգելով ժառանգության ճարտարապետական և պատմական բնույթը` նպաստել պահպանվող արժեքների օգտագործմանը և անհրաժեշտության դեպքում հին շենքերի վերաշահագործմանը,

- բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ճարտարապետական ժառանգության պահպանության կարևորության վերաբերյալ,

- փոխանակել պահպանության քաղաքականության վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերում է պահպանության քաղաքականության իրականացման միջոցներին, մեթոդներին և եղանակներին,

- նպաստել ճարտարապետական ժառանգության պահպանության հետ առնչություն ունեցող տարբեր մասնագիտությունների և արհեստների ուսուցման ծրագրերին,

- անհրաժեշտության դեպքում կատարել ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում փորձի և փորձագետների փոխանակում:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված` Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 սեպտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-762

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.09.2008
N ՍԴՈ-762
Որոշում