Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՆԵՐՔԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 39

 

32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` միջազգային տարբեր հանդիպումների և բանակցությունների ընթացքում քննարկել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների միջոցների ներգրավման հնարավորությունների հարցը` ծրագրի իրականացման համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 25-ի

նիստի N 39 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերից ներքին

տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման

 

ք. Երևան - 2008 թ.

 

Ներածություն

 

1. 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 500 հազար անձանց կենսաապահովման հիմնախնդիրների առկայության պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդուներ և օթևանով ապահովվեր 1988-1992 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանից բռնի տեղահանված կես միլիոնից ավելի հայերի, որոնցից Հայաստանում հանգրվանեցին շուրջ 360 հազարը: Այդ հիմնախնդիրների բարդությունը երկրորդ պլան մղեց Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերից պատերազմական գործողությունների պատճառով ներքին տեղահանված անձանց (այսուհետ` ՆՏԱ) հիմնախնդիրները: Այդ հիմնախնդիրների առանձին ուսումնասիրություններ արվել են, սակայն ամբողջական համալիր ծրագիր չի մշակվել: Հետևաբար հիմնախնդիրների լուծմանն ուղղված համապետական ծրագիրն այսօր առավել քան անհրաժեշտ է:

2. ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 14-ի N 56 արձանագրային որոշմամբ նախատեսվում էին ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանին սահմանակից Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում (132 բնակավայր), որոնք միասին զբաղեցնում են 16.962 ք. կմ տարածք (ՀՀ տարածքի 57%-ը) և որտեղ բնակվում է 976 հազար մարդ (ՀՀ բնակչության 25,7%-ը): Վերաբնակեցման բաղադրիչով նախատեսվում էր իրականացնել բնակավայրերը լքած 39.000 անձանց (շուրջ 9300 ընտանիքի) իրենց բնակավայրեր վերադարձը, այդ նպատակով կատարել տարածքների ականազերծում և բնապահպանական խնդիրների լուծում, գյուղատնտեսության և ոռոգման վերականգնում, եկամտաբեր գործունեություն (գյուղատնտեսությունից դուրս) իրականացնելու հնարավորության ստեղծում, էլեկտրամատակարարման, կրթության, առողջապահության, ջրամատակարարման, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտների վերականգնում և զարգացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 80,935 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացմանը անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ցույց տալու նպատակով այն ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ՆՏԱ-ների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆ. Դենգին, այնուհետև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին, որն էլ իր հնարավոր աջակցությունն ապահովելու համար տվեց մի շարք երաշխավորություններ, որոնք հիմնականում իրականացվեցին պետական կառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների համագործակցությամբ: Մասնավորապես`

1) 2002 թվականի մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որտեղ արտացոլվել են սահմանամերձ տարածաշրջանների հիմնախնդիրները, առանձնացվել են «մարտական գործողությունների հետևանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքները (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր և կոյուղագծեր), ինչպես նաև ականապատված և կյանքի անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով սահմանամերձ տարածքների օգտագործվող հողատեսքերի կրճատումը»:

2) ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալությունը փախստականների հարցերով նորվեգական խորհրդի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանին սահմանակից հինգ մարզերում` Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, 2002-2004 թվականներին անցկացրեց ՆՏԱ-ների հաշվառում, ՀՀ տարածքում նրանց տեղաբաշխման քարտեզագրում և նրանց իրենց բնակավայրեր վերադարձի ցանկության ուսումնասիրում:

3. Ծրագիրը կազմելիս օգտագործվել են փախստականների նորվեգական խորհրդի հետ անցկացված քարտեզագրման ուսումնասիրությունների տվյալները: Ծրագիրը համապատասխանում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի Տնտեսական և սոցիալական խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 6-ի 57-րդ նիստի «Տեղահանման կարգավիճակի նկարագրում. Հայաստան» 2000/53 որոշման լրացման մեջ տրված երաշխավորություններին:

4. Սույն ծրագրում տեղ չեն գտել նախորդ ծրագրի վերականգնման բաղադրիչով նախատեսված աշխատանքները, քանի որ դրանք սահմանվել են ՀՀ Ազգային ժողովի 2002 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ուստի այս ծրագրով միայն ՆՏԱ-ների վերադարձի կազմակերպման խնդիր է դրվում:

5. Ադրբեջանին սահմանակից 186 բնակավայրերում ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության և Փախստականների նորվեգական խորհրդի կողմից կատարված քարտեզագրման ուսումնասիրությունն ընդգրկել է նշված բնակավայրերում բնակվող բոլոր 65647 ընտանիքները (237730 մարդու): ՈՒսումնասիրությունը ցույց տվեց, որ սահմանամերձ բնակավայրերից հակամարտության սկզբից այլ երկրներ են տեղափոխվել 26044 մարդ, իսկ 21270-ը տեղափոխվել են ՀՀ այլ բնակավայրեր: Վերջիններից 461-ը ուսումնասիրման ժամանակահատվածում նույնպես տեղափոխվել են ՀՀ-ից դուրս, 113-ը մահացել են, իսկ ՀՀ տարածքում հնարավոր եղավ հաշվառել 18091-ին, որոնցից 2615-ը արծվաշենցիներ են: Մնացածների շրջանում անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ նրանցից 9692 վերջին երեք տարիներին վերադարձել են իրենց բնակավայրերը, իսկ մնացած 5784-ից համապատասխան պայմանների առկայության դեպքում վերադարձի պատրաստակամություն են հայտնել 1259-ը (626 ընտանիքների չափահաս անդամների թիվը), իսկ 740-ը (379 ընտանիքների չափահաս անդամների թիվը)` դեռևս չեն կողմնորոշվել:

6. ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հրետակոծությունների հետևանքով վնասվել են 16433 տներ, ամբողջովին ավերվել են` 1694-ը:

7. Առանձին դիտարկման խնդիր է մնում սահմանամերձ բնակավայրերից արտասահմանյան երկրներ տեղափոխված 26044 անձանց վերադարձի կազմակերպումը: Այդ անձինք ֆորմալ առումով ՆՏԱ չեն հաշվվում, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ նրանք հակամարտության պատճառով սահմանամերձ գոտուց դուրս գալով որոշակի ժամանակ բնակվել են ՀՀ ոչ սահմանամերձ բնակավայրերում և իրենց խնդիրների լուծումը չգտնելով ստիպված են եղել լքել ՀՀ տարածքը: Նրանց վերադարձի կազմակերպումը և բնակեցումը իրենց մշտական բնակության վայրերում նույնպես մնում է որպես գերակա խնդիր:

 

Ծրագրի մշակման հիմքերը

 

8. Սույն ծրագիրը ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 14-ի «ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման ծրագրի մասին» N 56 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման» ծրագրի լրամշակված տարբերակն է:

9. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև

1) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի Տնտեսական և սոցիալական խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 6-ի 57-րդ նիստի «Տեղահանման կարգավիճակի նկարագրում. Հայաստան» 2000/53 որոշման լրացումը,

2) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

3) «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՕ-356-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը,

4) «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 100-Ն որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» 2004 թվականի հունիսի 25-ի N 25 արձանագրային որոշումը:

 

Ծրագրի նպատակները և ակնկալվող արդյունքները

 

10. Ծրագրի նպատակներն ԵՆ`

1) աջակցել իրենց հիմնական բնակության վայր վերադառնալու ցանկություն հայտնած ՆՏԱ-ների 626 ընտանիքներին իրենց հիմնական բնակության վայրեր վերադառնալու հարցում,

2) իրենց հիմնական բնակության վայր վերադառնալու հարցում չկողմնորոշված ՆՏԱ-ների 379 ընտանիքներին օգնել կողմնորոշվելու հարցում և վերադարձի որոշում կայացրածներին աջակցել այն իրականացնելու համար,

3) օժանդակել սահմանամերձ բնակավայրերում բնակչության ամրագրմանը:

 

11. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) տեղահանված 626 ընտանիքների վերաբնակեցումը իրենց մշտական բնակության վայրերում,

2) սահմանամերձ բնակավայրերում 626 տնտեսությունների վերականգնումն ու նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

12. Ներկայացվող ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները կարելի է պայմանականորեն բաժանել վերաբնակեցման և վերականգնման ուղղությունների: Ծրագրի վերաբնակեցման հատվածը իր մեջ ներառում է սահմանամերձ բնակավայրերի վերադարձի ցանկություն հայտնած ՆՏԱ-ների 626 ընտանիքների, ինչպես նաև վերադարձի հարցում դեռևս չկողմնորոշված ՆՏԱ-ների 379 ընտանիքների իրենց բնակավայրեր վերադարձի կազմակերպման հետ առնչվող հարցերը` նրանց համար ապահովելով կենսագործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

13. Ծրագրի վերականգնման մասը շոշափում է ինչպես նշված, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ արդեն իսկ վերադարձած 37454 ինչպես նաև բնակավայրերը չլքած մնացած բոլոր անձանց շահերը, և նպատակ է հետապնդում ավերված և վնասված սոցիալ-տնտեսական նշանակության օբյեկտների վերականգնման ու ինքնուրույն եկամուտներ ստանալու հնարավորություններ ստեղծելու ճանապարհով սահմանամերձ տարածքների բնակչությանը ամրապնդել իրենց բնակավայրերում: Հարկ է նշել, որ հրադադարի հաստատումից ի վեր հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է հանդիսացել ավերված բնակավայրերի վերականգնումը, և այդ նպատակով էլ մշակվել է «Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ խնդիրների հայեցողակարգային ծրագիր»:

14. Սակայն նշված, ինչպես նաև նախկինում մշակված նմանատիպ այլ ծրագրերը հնարավոր չի եղել ամբողջությամբ իրականացնել, քանի որ հանրապետությունը ստիպված էր լուծումներ փնտրել անկախությունից հետո իրեն բաժին հասած մյուս հիմնախնդիրների առնչությամբ /երկրաշարժ, փախստականներ/:

 

Ծրագրի հիմնական սկզբունքները

 

15. Տեղահանվածների վերադարձը կիրականացվի կամավորության սկզբունքով, նրանց համար ապահովելով անձի անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ:

16. Վերադարձածների համար կենսապահովության նվազագույն պայմանների ստեղծում` կացարանների ապահովում, որոշակի ժամանակաշրջանի համար սննդի օժանդակության տրամադրում:

17. Վերաբնակեցման գործընթացի համատեղում տուժած տարածքների սոցիալական նշանակության ենթակառույցների վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ:

18. Ծրագիրը կիրականացվի լայն հրապարակայնության պայմաններում` ներգրավելով ոչ կառավարական կազմակերպություններին, ընտանիքներին, տեղական ինքնակառավարման, տարածքային և հանրապետական կառավարման մարմիններին:

19. Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրվի ինչպես ներքին տեղահանվածներին, այնպես էլ նրանց, ովքեր արդեն վերադարձել են, և նրանց, ովքեր չեն լքել բնակավայրերը, սակայն տուժել են հակամարտությունից:

20. Ծրագիրը նախատեսում է կազմակերպել տեղահանված շուրջ 1005 ընտանիքների կամավոր, երաշխավորված վերադարձը և նրանց ու պատերազմական գործողությունների հետևանքով տուժած մնացած ընտանիքներին ապահովել իրենց բնակավայրերում ապրելու նվազագույն պայմաններ:

21. Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 38,52 մլն ԱՄՆ դոլար, իրականացվելու է 2008-2010 թվականներին, միջազգային դոնոր կազմակերպությունների և այլ ոչ պետական կազմակերպությունների միջոցով` մարզային և համայնքային մակարդակներում` կիրառելով իրականացման տարբեր մոտեցումներ:

 

Վերաբնակեցում

 

22. Վերաբնակեցման ծրագրին ուղղված է գրեթե 2608 անձանց (շուրջ 1005 ընտանիքի) իրենց բնակավայրերը վերադարձնելուն և նրանց պատկանող վերականգնված կամ վերանորոգված բնակարաններում բնակեցնելուն, որի իրականացմանը ըստ ցանկության կարող են ընդգրկվել նաև իրենք: Ծրագրի այս մասով նախատեսվում է, շահագրգիռ կազմակերպությունների հետ բնակավայրերի առաջնահերթությունը ճշտելով, եռամյա ժամկետում ստեղծել պայմաններ տարեկան ավելի քան 330 ընտանիքի վերադարձ իրենց ծագման բնակավայրեր ապահովելու համար: Վերաբնակեցումը կազմակերպելիս յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 600 ԱՄՆ դոլար` տնտեսություն հիմնելու նպատակով (անասուններ, սերմացու, գործիքներ ձեռք բերելու համար), 105 ԱՄՆ դոլարի սահմաններում միանվագ նպաստ և գույքի, ընտանիքի անդամների փոխադրման տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մինչև 45 ԱՄՆ դոլար:

23. Հիմնովին ավերված 1694 բնակարանների, տների համար նախատեսվում է 7700 ԱՄՆ դոլարի սահմաններում ստեղծել նվազագույն կենցաղային պայմաններ` 32 մ2 մակերեսով մեկ սենյակի կառուցում, իսկ 16433 ընտանիքների համար, մինչև 1500 ԱՄՆ դոլարի սահմաններում, բնակարանների մասնակի նորոգում:

 

Ծրագրի իրականացումը

 

24. Ծրագրի իրականացումը պայմանավորված է նրա բաղադրիչների իրականացումով, որոնց փաստական ֆինանսավորման հաջորդականությունը որոշում է ՀՀ կառավարությունը` նվիրատու կազմակերպությունների հետ համատեղ: Ժամանակավոր կացարաններում և բարեկամների տանը բնակվող, այլ երկրներում գտնվող տեղահանվածների հիմնախնդիրներով զբաղվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, որը համակարգում է և նպաստում այս ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը, ստեղծելով հավասար պայմաններ իրենց ժամանակավոր բնակավայրերը թողնելու պատրաստակամություն հայտնած անձանց այս ծրագրում ընդգրկելու համար: Նախատեսվում է այս աշխատանքներն իրականացնել տեղական և հանրապետական իշխանության մարմինների լայն ընդգրկմամբ` մասնակից դարձնելով միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպություններին: Միջոցների հայթայթման ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի ծրագրի կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհուրդը, ելնելով առկա ֆինանսական միջոցներից, կորոշի ծրագրի իրականացման առաջնահերթություններն ըստ բնակավայրերի և շահառուների:

 

Ծրագրի արժեքը և ֆինանսավորումը

 

25. Ծրագրի արժեքը հաշվարկվում է`

1) Բնակարանաշինություն

ա. Ավերված բնակարանների կառուցում

1694 (բնակարան) X 7700 $ = 13043800 $

բ. Բնակարանների վերանորոգում

16433 (բնակարան) X 1500 $ = 24649500 $

 

Ընդամենը` 37693300 $

 

2) Վերաբնակեցում

ա. Աջակցություն տնտեսության վերականգնման համար

1005 (ընտանիք) X 600 $ = 603000 $

բ. Միանվանգ նպաստ

1005 (ընտանիք) X 105 $ = 105525 $

գ. Գույքի և ընտանիքի անդամների փոխադրման տրանսպորտային ծախսեր

2608 X 45 $ = 117360 $

 

Ընդամենը` 825885 $

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38519185 $:

 

26. Ծրագիրը հիմնականում նախատեսվում է իրականացնել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 39
Արձանագրային որոշում