Սեղմել Esc փակելու համար:
«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱ ...

 

 

040.1083.021008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1083-Ն

 

«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթների պահանջի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով շոգեկաթսաների, ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Շոգու` մինչև 0,07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1083-Ն որոշման

 

ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները տարածվում են որպես վառելիք բնական գազ կամ թեթև հեղուկ վառելիք օգտագործող շոգու` մինչև 0.07 ՄՊա ավելցուկային ճնշմամբ շոգեկաթսաների (այսուհետ` կաթսաներ) և 100 կՎտ և ավելի ջերմային հզորությամբ, ջրի տաքացման` մինչև 388 Կ (115 oC) ջերմաստիճանով ջրատաքացուցիչ կաթսաների (այսուհետ` կաթսաներ) վրա:

2. Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ արտադրատեսակների վրա`

1) շարժական (փոխադրովի) լրակազմ կաթսաներ, որոնք նախատեսված են ժամանակավոր օբյեկտների ջերմամատակարարման համար.

2) ռազմական բնագավառում կիրառվող կաթսաներ, որոնք արտադրվում և շահագործվում են հատուկ տեխնիկական պահանջներով.

3) շարժական փոխադրամիջոցների վրա տեղակայվող կաթսաներ:

3. Տեխնիկական կանոնակարգը սահմանում է 1-ին կետում թվարկված կաթսաների նկատմամբ այն պահանջները, որոնց կատարմամբ ապահովվում է կաթսաների անվտանգ շահագործումը`

1) կաթսաների կառուցվածքին առաջադրվող անվտանգության հիմնական պահանջները.

2) կաթսաների տեղակայման պայմանները սենքերում, որոնց կատարմամբ ապահովվում է աշխատատեղի անվտանգությունը շահագործման ժամանակ.

3) կաթսաների աշխատանքային հարաչափերի վերահսկման և անվտանգության ապահովման համակարգերին առաջադրվող պահանջները.

4) կաթսաների աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղացման համակարգերին առաջադրվող անվտանգության պահանջները.

5) կաթսաների շահագործման ժամանակ անվտանգության պահանջները,

6) կաթսայական տեղակայանքների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման մեխանիզմները:

4. Կաթսայական տեղակայանքների սենքերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» հրամանի համաձայն ՀՀ-ում գործող ՍՆԻՊ II-35-76 «Կաթսայական կայանք» շինարարական նորմերի, ՄՍՊ 4.02-103-99 «Ջերմամատակարարման ինքնավար աղբյուրների նախագծում» նախագծման և շինարարության միջպետական կանոնների հավաքածուի և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

5. Կաթսայական տեղակայանքները պետք է նախագծվեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Նախագծերը պետք է ենթարկվեն փորձաքննության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կաթսաների անվտանգ շահագործմանն ուղղված հուսալիության ցուցանիշները պետք է լինեն`

1) հրաժարման միջին աշխատատևությունը` ոչ պակաս 3000 ժամ.

2) մինչև ներքին աղտոտումներից առաջին մաքրման աշխատատևողությունը` ոչ պակաս 3000 ժամ.

3) հիմնանորոգումների միջև ծառայության ժամկետը` 3 տարի.

4) ծառայության լրիվ ժամկետները կախված ջերմային հզորությունից, տարվա ընթացքում կաթսայի մինչև 3000 ժամ աշխատելու դեպքում պետք է լինեն` մինչև 5 ՄՎտ` 10 տարի, 5-ից մինչև 35 ՄՎտ` 15 տարի, 35 ՄՎտ-ից բարձր` 20 տարի:

7. Կաթսայական տեղակայանքների գազամատակարարման և գազասպառման համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, իսկ այդ համակարգի շահագործումը պետք է կատարվի ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջների կատարմամբ:

8. Կաթսաների` որպես բարձր ճնշման տակ գտնվող անոթների պարբերական փորձարկումները պետք է կատարվեն սույն կանոնակարգով և արտադրող կազմակերպության համապատասխան հրահանգներով սահմանված կարգով ու պարբերականությամբ:

9. Եթե կաթսաների կամ կաթսայական տեղակայանքի այլ հանգույցներն արտադրող կազմակերպության փաստաթղթերով սահմանված են անվտանգության ապահովման սույն կանոնակարգի պահանջներից լրացուցիչ կամ տարբերվող այլ պահանջներ, ապա պետք է կատարվեն այն պահանջները, որոնք ապահովում են անվտանգության ավելի բարձր մակարդակ:

10. Կաթսայական տեղակայանքների հավաքակցման կամ նորոգման ժամանակ արգելվում է նախագծով նախատեսված անվտանգության վրա ազդող տարրերի փոխարինումը այլ տարրերով` առանց նախագծողի կամ այն արտադրող կազմակերպության` նրա ներկայացուցչի հետ համաձայնեցման:

11. Արտադրող կազմակերպության հրահանգով նախատեսված դեպքերում կաթսայական տեղակայանքները պետք է տեղակայվեն, փորձարկվեն և թողարկվեն արտադրող կազմակերպության կողմից լիազորված կազմակերպության կողմից, որը պարտավոր է երաշխավորել տեղակայանքների անվտանգությունը և հուսալի աշխատանքը` երաշխիքային ժամկետում:

12. Կաթսայական տեղակայանքի կաթսաների և այլ հանգույցները պետք է ընտրվեն և նախագծվեն` հաշվի առնելով տեղակայանքի շահագործման և սպասարկման պայմանները, կաթսայի ռեժիմների հսկման ու կառավարման կենտրոնացված կարգավարական կետի առկայությունը, մշտական օպերատիվ անձնակազմ պահելու տնտեսական հիմնավորումները: Առանձին բնակելի շենքերի ջերմամատակարարման համար նախագծվող կաթսայական տեղակայանքները պետք է ունենան ռեժիմների կառավարման ավտոմատ համակարգեր` հեռակառավարման և հեռահսկման սարքերի կիրառման հնարավորությամբ:

13. Առանց սպասարկման կամ սահմանափակ սպասարկումով ավտոմատացված կաթսաների կիրառումը սպասարկման նշված եղանակով թույլատրվում է միայն այն տիպի կաթսաների համար, որոնց կիրառման վերաբերյալ պետական իրավասու մարմինը տվել է գործարկման թույլատվություն` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

14. Կաթսաների սեյսմակայունությունը պետք է համապատասխանի դրանց տեղակայման վայրի սեյսմիկ նորմերին: Շենքերի վրա տեղակայվող կաթսայական տեղակայանքները չպետք է նվազեցնեն շենքերի սեյսմակայունության աստիճանը:

15. Մինչև սույն կանոնակարգի ընդունման պահը շահագործման հանձնված և շահագործվող կաթսայական տեղակայանքները, որոնց անվտանգության մակարդակը չի համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված անվտանգության էական պահանջներին, ենթակա են վերակառուցման` իրավասու պետական մարմնի կողմից սահմանված և սեփականատիրոջ հետ համաձայնեցված խելամիտ ժամկետներում: Պետական մարմինը վերակառուցման ժամկետներ սահմանելիս հաշվի է առնում վտանգի աստիճանը և դրա հետևանքների ծանրությունը հանրության համար:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

16. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) Շոգեկաթսա` սարքվածք, որն ունի այրվող օրգանական վառելիքի արգասիքներով տաքացվող մակերևույթներ, և որը նախատեսված է սարքվածքից դուրս օգտագործվող, մթնոլորտայինից բարձր ճնշման շոգի ստանալու համար.

2) Ջրատաքացուցիչ կաթսա` սարքվածք, որն ունի դրանում այրվող օրգանական վառելիքի արգասիքներով տաքացվող մակերևույթներ, որը նախատեսված է սարքվածքից դուրս որպես ջերմատար օգտագործվող, մթնոլորտայինից բարձր ճնշման տաք ջրի ստացման համար.

3) Էկոնոմայզեր` ջերմափոխանակման սարքվածք, որը տաքանում է վառելիքի այրման արգասիքներով և նախատեսված է շոգեկաթսա մատակարարվող ջրի տաքացման կամ տաքացման և մասնակի գոլորշացման համար.

4) Կաթսայի վկայագրում` կաթսայի տեխնիկական զննումը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն փորձագիտական եզրակացության տրամադրումը և գրանցումը ռեեստրում, որն իրականացվում է պարբերաբար` կաթսայի ծառայության հաշվարկային ժամկետի ընթացքում (անվտանգ աշխատանքի հաշվարկային ռեսուրսի վերջանալուց անկախ), ինչպես նաև կաթսայի վթարից և դրա ճնշման տակ աշխատող տարրերի հայտնաբերված վնասվածքներից, որպեսզի որոշվեն հետագա շահագործման թույլատրելիությունը, հարաչափերը և պայմանները.

5) Կաթսայական տեղակայանք` էներգատեղակայանք, որն իր մեջ ներառում է բուն կաթսան և նրա հուսալի ու անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ օժանդակ սարքվածքներ, որոնք միմյանց հետ կապված են տեխնոլոգիական կապերով.

6) Հաշվարկային ճնշում` առավելագույն ավելցուկային ճնշումը կաթսայում (տարրում), որի հիման վրա հիմնական չափսերի ընտրության ժամանակ իրականացվում է ամրության հաշվարկ, որն ապահովում է հուսալի աշխատանքը հաշվարկային ռեսուրսի ընթացքում.

7) Թույլատրելի ճնշում` կաթսայի (տարրի) առավելագույն թույլատրելի ավելցուկային ճնշումը, որը սահմանված է տեխնիկական վկայագրման արդյունքների կամ ամրության ստուգողական հաշվարկների հիման վրա.

8) Աշխատանքային ճնշում` շահագործման բնականոն պայմաններում առավելագույն ճնշումը.

9) Փորձարկման ճնշում` ճնշում, որով պետք է իրականացվի կաթսայի և դրա տարրերի հիդրավլիկական փորձարկումը ամրության և կիպության առումով.

10) Կաթսայի տարր` կաթսայի հավաքովի միավոր, որը նախատեսված է կաթսայի հիմնական գործառույթներից մեկի կատարման համար (օրինակ` կոլեկտոր, թմբուկ, շոգետաքացուցիչ, տաքացման մակերևույթ և այլն).

11) Սպասարկվող կաթսա` կաթսա, որը որակավորված օպերատորի ուղղակի հսկողության տակ է այն բոլոր դեպքերում, երբ կաթսայում շոգի (տաք ջուր) է առաջանում կամ էլ դրանից շոգի (տաք ջուր) է վերցվում.

12) Կաթսայի կառավարման համակարգ` համակարգ, որը կառավարում Է ամբողջ կաթսայի գործունեությունը` ներառյալ էներգիայի մուտքի կառավարման համակարգ, ջրի մակարդակի կառավարման համակարգը, տագնապի ազդանշանի համակարգը, ճնշման կառավարման տարրերը, պաշտպանական սարքերը, բոլոր գործիքները և շղթաները.

13) Կաթսայի անվտանգության կառավարման տարրեր` միջոցներ, որոնցից կախված է կաթսայի անվտանգությունը, և որոնց հրաժարումը չպետք է բերի վտանգավոր հետևանքների: Դրանք ընդգրկում են բլոկավորումները, բոցի հսկման սարքերը, գերճնշման կամ թերճնշման անջատիչները և այլն.

14) Կաթսային անվտանգության կառավարման համակարգ` կաթսայի կամ նրա առանձին տարրերի աշխատանքային հարաչափերը անվտանգության կառավարման տարրերի միջոցով հսկող և հարաչափերի վտանգավոր մեծությունների դեպքում որոշակի հաջորդականությամբ կաթսայի աշխատանքը լրիվ դադարեցնող համակարգ.

15) Լրիվ դադարեցում` գործողություն, որի դեպքում կաթսան անմիջապես և արդյունավետ կերպով մեկուսացված է վառելիքի և հոսանքի բոլոր աղբյուրներից, և կառավարման տարրերը կարող են վերագործարկվել միայն ձեռքով.

16) Սահմանափակ սպասարկվող կաթսա` կաթսա, որը ստուգվում է կանոնավոր կերպով ժամանակի նշանակված միջակայքերում և կարող է ցանկացած պահի գտնվել որակավորված օպերատորի` ուղղակի ձեռքով կառավարման տակ, երբ սպասարկվող կաթսային վերաբերող բոլոր պահանջները կատարված են.

17) Մասնագիտացված սպասարկող կազմակերպություն` իրավաբանական անձ, որն ունի համապատասխան որակավորում և որը պայմանագրի հիման վրա կատարում է այլ անձի պատկանող կաթսայի (կաթսայական տեղակայանքի) մասնակի կամ ամբողջական սպասարկում.

18) Ճնշմամբ փորձարկում` հիդրավլիկական կամ պնևմատիկ փորձարկում, որն իրականացվել է անվտանգ աշխատանքային ճնշումից` սահմանված չափի ճնշում գործադրելով ճնշումային սարքավորման ճնշումը պահպանող մասերի կամ բաժանմունքների վրա, որպեսզի փորձարկի կառույցի ճնշման ամբողջականությունը (աշխատունակությունը) կամ դրա վրա կատարված փոփոխությունների կամ նորոգումների համարժեքությունը.

19) Չսպասարկվող կաթսա` կաթսա, որը կարող է գործարկվել, շահագործվել և անջատվել միայն կաթսայի կառավարման համակարգի հսկողության և անվտանգության համակարգի առկայությամբ: Եթե կառավարման համակարգերի խափանման պայման է առաջ գալիս, կաթսան ավտոմատ անջատվում է մինչև խափանումը վերացվի սպասարկող կամ պատասխանատու անձի կողմից, իսկ ամբողջ համակարգը փորձարկվի և պատասխանատու անձի կողմից ստուգվի դրա բավարար լինելը.

20) Կարգավարական կետ` կաթսայական տեղակայանքի չափիչ և հսկիչ սարքերի և անվտանգության ու կառավարման համակարգերի աշխատանքի վերաբերյալ անընդհատ օպերատիվ տեղեկատվության ընդունման տեղ, որտեղ կազմակերպված է օպերատորի մշտական հերթապահություն` մեկ կամ ավելի կաթսայական տեղակայանքի աշխատանքային ռեժիմների հսկելու և (կամ) կառավարելու համար.

21) Անվտանգության էական պահանջներ` կաթսաների կամ կաթսայական տեղակայանքների կառուցվածքի, փորձարկումների, շահագործման վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեխնիկական և կազմակերպչական նորմեր, որոնց կատարման դեպքում կաթսաների կամ կաթսայական տեղակայանքների վտանգավոր ու վնասակար գործոնների ազդեցության ռիսկերը գնահատվում են որպես թույլատրելի մակարդակի ռիսկեր:

 

II. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

3. ԿԱԹՍԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ

 

17. Կաթսաների և դրանց հիմնական մասերի կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջը նրանց հուսալի և անվտանգ շահագործման ապահովումն է` հաշվարկային հարաչափերով տեխնիկական պայմաններում ընդունված անվտանգ աշխատանքի հաշվարկային ռեսուրսի ընթացքում, ինչպես նաև տեխնիկական զննման, մաքրման, լվացման և նորոգման հնարավորությունը:

18. Կաթսայի կառուցվածքի և նրա նախագծի բոլոր փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը առաջացել է նորոգման կամ կարգաբերման ընթացքում, պետք է համաձայնեցվեն նախագծային կամ արտադրող կազմակերպության հետ:

19. Կաթսայի կառուցվածքը պետք է ապահովի դրա տարրերի հավասարաչափ տաքացումը թողարկման և բնականոն աշխատանքային ռեժիմում աշխատելու ընթացքում, ինչպես նաև առանձին մասերի ջերմային ընդարձակման հնարավորությունը:

20. ՈՒղղաձիգ գլանաձև կաթսաների համար ստորին թույլատրելի մակարդակի դիրքը որոշվում է նախագծող կազմակերպության կողմից` կաթսայի տարրերի պատերի գերտաքացում թույլ չտալու պայմանով: Սնող ջրի ներանցման սարքվածքի և վերաշրջանառության խողովակների միացումը, ինչպես նաև սնող ջրի բաշխումը կաթսայի մեջ չպետք է առաջացնեն կաթսայի տարրերի տեղային հովացում:

21. Կաթսաների տաքացվող տարրերը, որոնք չունեն բավարար սառեցում ջերմատարի միջոցով, պետք է ծածկված լինեն ջերմամեկուսացումով, որը կկանխի թույլատրելի ջերմաստիճանից ավելի բարձր դրանց տաքացումը: Կաթսաների տարրերը, որոնք չեն հանդիսանում տաքացման մակերևույթներ, և որոնց վրա հնարավոր է թույլատրելի ջերմաստիճանից ավելի բարձր տաքացում, պետք է հուսալիորեն ջերմամեկուսացված լինեն:

22. Կաթսաների և խողովակաշարերի տարրերի բարձր ջերմաստիճան ունեցող մակերեսների մասերը, որոնք մատչելի են սպասարկող անձնակազմի համար, պետք է լինեն ջերմամեկուսացված, որն ապահովի արտաքին մակերեսի ջերմաստիճանի բարձրացումը ոչ ավելի, քան 318 Կ (45 oC), երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի է, քան 298 Կ (45 oC):

23. Կաթսայի այլ մակերևույթների, կառավարման սարքերի և օժանդակ այլ սարքերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի`

1) բռնակներ, կոթեր, այլ հարմարանքներ, որոնց գործածության ընթացքում աշխատողները շփվում են միայն կարճ ժամանակ.

    ա. մետաղից`                              35 oC,

բ. հախճապակուց կամ ապակու հանքանյութից`  45 oC,

    գ. պլաստիկից, ռետինից կամ փայտից`        60 oC.

2) մասեր, որոնց բնականոն աշխատանքի ընթացքում հնարավոր է պատահական հպում.

    ա. մետաղից`                                          60 oC,

բ. էմալապատված պողպատե կամ համանման մակերևույթներ`  95 oC,

    գ. պլաստիկից, ռետինից կամ փայտից`                    100 oC.

3) շարժիչների մասերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի արտադրող կազմակերպության սահմանածը:

24. Կաթսաների թմբուկներում մտոցները պետք է լինեն կլոր, էլիպսաձև կամ ձվաձև, դրանց տրամագիծը պետք է լինի 400 մմ-ից ոչ պակաս, իսկ էլիպսաձև և ձվաձև մտոցների չափերը` ոչ պակաս, քան 300 x 400 մմ:

25. Կաթսաների հնոցների և գազանցքերի որմնապատվածքում պետք է լինեն մտոցներ` ուղղանկյունաձև, 400 x 450 մմ-ից ոչ պակաս կամ կլոր 450 մմ-ից ոչ պակաս տրամագծով: Թուջե կաթսաների հնոցների և բաժինների արտաքին մակերևույթների զննման և մաքրման համար գազանցքերում պետք է նախատեսվեն դռնակներով փակվող փոքրիկ անցքեր, որոնց բացվածքի ամենափոքր չափը 80 մմ-ից ոչ պակաս է: Փոքրիկ անցքերի թիվը և դիրքը կաթսայի տարրերի վրա սահմանվում է սարքվածքը մշակողի (նախագծողի) կողմից:

26. Մտոցների դռները պետք է ունենան ամուր փակեր, որոնք բացառեն ինքնաբերաբար բացման հնարավորությունը և ապահովեն բավարար կիպություն:

27. Գազային, հեղուկ վառելիքի կամ խցային այրման հնոց ունեցող յուրաքանչյուր կաթսա պետք է ունենա պայթուցիկ ապահովիչ փական: Պայթուցիկ ապահովիչ փականները պետք է տեղադրվեն այնպիսի տեղերում, որը բացառի սպասարկող անձնակազմի մարմնական վնասվածք ստանալը: Սպասարկող անձնակազմի համար անվտանգ տեղերում տեղակայման անհնարինության դեպքում պայթուցիկ փականներն ապահովվում են արտուղման տուփախողովակներ կամ մարդկանց գտնվելու կողմում պատում են անդրադարձնող վահաններով: Պայթուցիկ ապահովիչ կափույրների թիվը, դրանց տեղադրումը և կտրվածքի չափերը որոշում է նախագծող կազմակերպությունը` կախված կաթսաների կառուցվածքից, ընդ որում մեկ պայթուցիկ փականի մակերեսը պետք է լինի 0.05 մ2-ուց ոչ պակաս: Վառելքի խցային այրմամբ կաթսաների համար մեկ պայթուցիկ կափույրի մակերեսը պետք է լինի 0.1 մ-ից ոչ պակաս:

28. Կաթսայի կառուցվածքը պետք է ապահովի ջրի և նստվածքների լրիվ դատարկումը, ինչպես նաև օդի և այլ գազերի հեռացումը բոլոր տարրերի ներսից:

29. Հեղուկ վառելիքի այրման դեպքում այրիչների փողրակների տակ պետք է տեղադրվեն ավազով տակդիրներ, որպեսզի կանխեն վառելիքի թափվելը կաթսայատան հատակին:

30. Կաթսաների պատրաստման համար կիրառվող նյութերը և արտադրատեսակները պետք է ունեն համապատասխան աշխատանքային ռեսուրս` տեխնիկական պայմաններով նախատեսված` կաթսայի ծառայության ամբողջ ժամկետում անխափան աշխատանքի համար: Կաթսաների հանգույցների, մանրակների եռակցման տեխնոլոգիական պահանջները սահմանվում են կաթսայի պատրաստման տեխնոլոգիական փաստաթղթերով: Կաթսայի վրա կամ նրա ջերմային ազդեցության գոտում գտնվող պլաստիկ նյութերից մանրակները պետք է կայուն լինեն ջերմային ազդեցության նկատմամբ և չենթարկվեն ձևափոխումների` կաթսայի ծառայության ամբողջ ընթացքում:

31. Աշխատող միջավայրի ճնշման տակ գտնվող պողպատյա հավաքվածք միավորները պետք է դիմակայեն ստատիկ ամրության հիդրավլիկ փորձարկմանը ոչ պակաս կրկնակի, իսկ թուջե սեկցիաների դեպքում` ոչ պակաս քառապատիկ աշխատանքային ճնշման մեծությանը:

32. Կաթսայի կառուցվածքը պետք է հնարավորություն տա հարմար ձևով կարգավորման սարքերի կարգաբերման և հսկիչ-չափիչ սարքերի, այրիչի տեսողական հսկման համար, իսկ հեղուկ վառելիքով կաթսաների համար պետք է ապահովվի նաև հնոցի սպասարկման հարմարությունը: Եթե կաթսայի մաքրման և սպասարկման համար անհրաժեշտ են հատուկ հարմարանքներ ու գործիքներ, ապա դրանք պետք է ներառված լինեն կաթսայի արտադրող կազմակերպության լրակազմի մեջ:

33. Կաթսան պետք է ունենա արտափչման խողովակներ` փակման արմատուրներով, որոնցով ապահովվում է նստվածքների ու ջրի հեռացումը կաթսայի ներքին մասերի տարրերից, և օդի և այլ գազերի հեռացումը` վերին մասերի տարրերից:

34. Արգելվում է պարուրակային միացման կիրառումը կաթսայական տեղակայանքի 80 մմ տրամագիծը գերազանցող մայրուղային խողովակների դեպքում:

35. Ջրատաքացուցիչ կաթսան պետք է լինի գազակիպ: Կաթսաները, որոնց հնոցները նախատեսված են ճնշման ներմղմամբ աշխատանքի համար, պետք է ապահովեն հեռացող ծխագազերի ծավալի ոչ ավելի 2 % հոսակորուստ` անվանական ջերմարտադրության, հնոցում 120 % անվանական աերոդինամիկական դիմադրության դեպքում: Գազային կամ հեղուկ վառելիքով աշխատող օդի փչմամբ այրիչներով կաթսաներում, որոնց հնոցը նախատեսված է նոսրացման տակ աշխատանքի համար, հնոցում 5 Պա ճնշման (նոսրացման) դեպքում պետք է ապահովեն, որ օդի ներծծումը չգերազանցի այրման արգասիքների ծավալի 1%-ը` անվանական ջերմարտադրության դեպքում:

36. Կաթսայի ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման համար կիրառվող նյութերը պետք է լինեն ջերմակայուն և ջրակայուն, պաշտպանված լինեն շահագործման ժամանակ առաջացող մեխանիկական վնասվածքներից և հնարավոր վնասակար նյութերից: Մեկուսիչ նյութերի հետ շփվող գազատար մասերը պետք է կայուն լինեն մեկուսիչ նյութի ազդեցության նկատմամբ կամ լինեն պաշտպանված այդ ազդեցությունից: Մեկուսիչ նյութերի` համապատասխան ստանդարտով սահմանված հատկանիշները պետք է պահպանվեն կաթսայի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում:

37. Կաթսայի լրակազմի մեջ մտնող սարքերը (պոմպեր, այրիչներ և այլն) պետք է տեղակայված լինեն այնպես, որ հնարավորին չափ հեշտ լինի դրանց սպասարկումը կամ փոխարինումը: Սարքերի արտադրող կազմակերպության պիտակները պետք է տեսանելի լինեն առանց դրանց ապատեղակայման: Պոմպերի կցաշուրթերը պետք է լինեն պոմպի երկու կողմերում, որպեսզի հեշտ լինի դրա փոխարինումը: Պոմպի երկու կողմերում պետք է տեղադրվի փակման փականներ:

38. Կաթսաները, որոնք արտադրող կազմակերպության կողմից նախատեսված են կոնդենսացիոն ռեժիմում աշխատելու համար, պետք է ունենան կոնդենսատի հավաքման և հեռացման միջոցներ, որը պետք է ունենա քիմիական մշակման հնարավորություն: Կոնդենսատը մինչև մաքրելը պետք է շփվի միայն այն մակերեսների հետ, որոնք պաշտպանված են կոռոզիայից:

39. Արտադրողի կողմից ոչ կոնդենսացիոն ռեժիմում աշխատելու համար նախատեսված կաթսաներում, որոնք ունակ են հետադարձ ջրի մինչև 50 oC դեպքում աշխատելու համար, կոնդենսացիա չպետք է առաջանա հնոցում կամ ծխագազերի հեռացման ուղիներում, երբ աշխատում են ջերմային հավասարակշռված ռեժիմներում` արտադրող կազմակերպության հրահանգներում նշած հետադարձ ջրի նվազագույն ջերմաստիճանում:

40. Կաթսայական տեղակայանքներում օգտագործվող ճկուն խողովակները պետք է ունենան մետաղե պատյան և պտուտակված ընդլայնված միացումներ: Դրանք պետք է դիմանան աշխատանքային ճնշման եռապատիկին, բայց ոչ պակաս 3 բար նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների դեպքերում: Պետք է էլեկտրական շղթայի անընդհատություն ապահովվի խողովակների ամբողջ երկարության համար:

 

4. ԾԽԱՏԱՐ ԵՎ ՕԴԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

41. Կաթսան պետք է նախագծված լինի այնպես, որ այրման արգասիքները բոլոր ռեժիմներում հեռանան միայն ծխատարով: Ծխատարի կտրվածքը, բարձրությունը, սահափականների կիրառման անհրաժեշտությունը և տեղակայման հեռավորությունը շինություններից, շենքերից և դրանց հրդեհավտանգ կամ պայթունավտանգ մասերից պետք է համապատասխանեն ՍՆԻՊ II-35-76 շինարարական նորմերին, ինչպես նաև արտադրող կազմակերպության հրահանգներին:

42. Կաթսայի չկարգավորվող սահափականը պետք է ունենա ուղեկապման հարմարանք, որը ապահովում է կաթսայի բոցավառման սկսվելը միայն սահափականի լրիվ բաց դիրքում:

43. Ծխատարի սահափակումը կարող է լինել ավտոմատ և ունենա ուղեկապման հարմարանք, որը բացառում է հնոցում այրման ռեժիմի խախտումը, թերայրումը կամ կաթսայի գործարկումը սահափականի փակ դիրքում: Բացի այդ, կաթսան պետք է սարքավորված լինի նաև անվտանգ գործարկումը ստուգող սարքով, որը կանխում է սահափականի բացումը, եթե ուղեկապման սարքերը սխալ դիրքում են:

44. Այրման համար անհրաժեշտ օդի սահափականները պետք է լինեն ավտոմատ կառավարվող:

45. Կաթսաների ծխնելույզների տեղակայման պայմանները սահմանվում են համապատասխան շինարարական նորմերով: Բոլոր տեսակի ծխատարները պարտադիր պետք է ունենան 2.5 աստիճանից ոչ պակաս թեքություն դեպի վեր` ծխագազերի հոսքի ուղղությամբ:

46. Կաթսաների ծխնելույզները պետք է նախագծվեն այնպես, որ աշխատեն «չոր» ռեժիմում (առանց ծխագազերում գոլորշու կոնդենսացման): Դրա անհնարինության դեպքում պետք է նախատեսվի կոնդենսատի հավաքման և հեռացման մշտական գործող համակարգ:

 

5. ԳԱԶԻ ԱՅՐԻՉՆԵՐ

 

47. Գազի այրիչների համակարգը, որն իր մեջ ներառում է գազի ներհոսքի տեղից մինչև ներարկիչը, կհամարվի անվտանգ, եթե ստուգվի արտադրող կազմակերպության կողմից տրված գազի առավելագույն ճնշումից 1.5 անգամ մեծ ճնշմամբ: Համակարգը համարվում է բավարարող անվտանգության պահանջին, եթե հոսակորուստը փոքր է 85 սմ3-ից 1 ժամում:

48. Սահմանափակ սպասարկումով կամ չսպասարկվող կաթսաների համար առավելապես պետք է օգտագործվեն ավտոմատ այրիչների համակարգեր, որոնք ապահովում են անջատված վիճակից կաթսաների ավտոմատ գործարկումը, հզորության հավաքումը` մինչև տրված մեծությունը և ավտոմատ կարգավորումը: Ոչ ավտոմատ այրիչներ կարող են օգտագործվել տեղական մշտական հերթապահությամբ կաթսայական տեղակայանքներում, տնտեսական հիմնավորման դեպքերում:

49. Ձեռքով կառավարվող գազի փականները պետք է լինեն 90 աստիճան պտտվող տեսակի: Փականների «բաց» և «փակ» դիրքերը պետք է նշանակված լինեն և հեշտ տարբերվեն: Միայն «բաց» և «փակ» դիրքերով աշխատեցվող փականները պետք է ֆիքսվեն այդ դիրքերում:

 

6. ԿԱԹՍԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

50. Կաթսաների և դրանց տարրերի պատրաստումը, հավաքակցումը, նորոգումը պետք է իրականացնեն ՀՀ օրենսդրության համաձայն լիցենզավորված կազմակերպությունները:

51. Կաթսաների եռակցման միացումների որակի հսկողությունը պետք է իրականացնել հետևյալ մեթոդներով`

1) բոլոր եռակցված միացումների արտաքին զննում և չափում.

2) մեխանիկական փորձարկումներ.

3) ուլտրաձայնային կամ ռադիոգրաֆիական մեթոդներով հսկում.

4) հիդրավլիկ փորձարկումներ:

52. Եռակցվող միացման որակի գնահատման նորմերն ըստ արտաքին զննման և չափումների արդյունքների պետք է նշվեն արտադրանքի պատրաստման տեխնիկական պայմաններում և այլ նորմատիվ փաստաթղթերում: Եռակցման միացումների մեխանիկական փորձարկումներն իրականացվում են ԳՕՍՏ 6996 և ԳՕՍՏ 9454-ի պահանջների համաձայն: Մեխանիկական փորձարկումների պարտադիր տեսակներն են ձգման, խզման կամ էլ սեղմման փորձարկումները:

53. ՈՒլտրաձայնային կամ ռադիոգրաֆիական մեթոդներով եռակցման միացումների հսկման ծավալը որոշվում է պատրաստման տեխնիկական պայմաններով: Հիդրավլիկական փորձարկումների դեպքում կիրառվող փորձարկման ճնշումը պետք է կազմի բանվորական ճնշման 1.5-պատիկը, բայց ոչ պակաս 0.2 ՄՊա:

54. Հիդրավլիկական փորձարկումները պետք է կատարել 278 Կ-ից (5 oC) ոչ պակաս ջերմաստիճանով և ոչ ավելի, քան 313 Կ (40 oC) ջրով: Կաթսայի փորձնական ճնշման տակ պահպանման ժամանակը չպետք է լինի պակաս 10 րոպեից: Ճնշման անկում փորձարկման ժամանակ չի թույլատրվում:

55. Կաթսայի թմբուկի կամ յուրաքանչյուր կաթսայի ճակատային մասի հատակին պետք է փակցվի մետաղական ցուցատախտակ` դրա վրա հետևյալ տվյալների գրանցումով`

1) պատրաստող արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքանշանը.

բ. կաթսայի անվանումը կամ պայմանական նշանակումը,

գ. արտադրող կազմակերպության կողմից տրվող համարը,

դ. արտադրության տարին,

ե. աշխատանքային ճնշումը,

զ. ջրի (ջրատաքացուցիչ կաթսայի համար) ջերմաստիճանը:

56. Յուրաքանչյուր կաթսա պետք է պատվիրատուին մատակարարվի անձնագրով: Կաթսայի տեխնիկական անձնագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) կաթսայի և նրա առանձին հանգույցների հարաչափերի արժեքները.

2) կաթսայի հիմնական և օժանդակ էներգիայի պարամետրերը` դրանց արժեքները` թույլատրելի շեղումներով.

3) տեղակայման պայմանները.

4) շահագործման, սպասարկման և նորոգման պարբերականությունն ու անվանացանկը.

5) հիմնական և օժանդակ հանգույցների ծառայության ժամկետները:

 

7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 

57. Մնայուն տեղակայվող կաթսաները պետք է տեղակայվեն շենքերում և սենքերում, որոնք համապատասխանում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» հրամանի համաձայն ՀՀ-ում գործող ՍՆԻՊ II-35-76 «Կաթսայական կայանք» շինարարական նորմերի, ՄՍՊ 4.02-103-99 «Ջերմամատակարարման ինքնավար աղբյուրների նախագծում» նախագծման և շինարարության միջպետական կանոնների հավաքածուի, և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Կաթսաների տեղակայումը սենքերից դուրս թույլ է տրվում միայն այն դեպքում, երբ կաթսան նախագծված է տվյալ վայրի կլիմայական պայմաններում աշխատելու համար:

58. Կաթսաների վրա սենքերի և ձեղնահարկերի ծածկերի կառուցում չի թույլատրվում: Տվյալ պահանջը չի տարածվում այն կաթսաների վրա, որոնք սույն ՏԿ-ի 59-րդ կետին համապատասխան տեղակայված են արտադրական սենքերում:

59. Արտադրական սենքերի ներսում թույլատրվում է հետևյալի տեղակայումը`

1) շոգեկաթսաներ, որոնք բավարարում են (t 100) V < = 100 (յուրաքանչյուր կաթսայի համար), որտեղ t-ն հագեցած շոգու ջերմաստիճանն է` աշխատանքային ճնշման դեպքում, oC, V-Ն` կաթսայի ջրի ծավալը, մ3.

2) 2,5 ՄՎտ-ից (2,15 Գկալ/ժ) ոչ ավելի ջերմարտադրողականությամբ, թմբուկ չունեցող ջրատաքացուցիչ կաթսաներ:

60. Շահագործվող բազմաբնակարան շենքերին կից կամ դրանց տանիքի վրա ինքնավար կաթսայատուն կարող է տեղակայվել շենքի շինությունների սեփականատերերի կողմից «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնության հիման վրա` ապահովելով շինարարական, հրդեհային անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պարտադիր պահանջների կատարումը:

61. Արտադրական սենքերի մեջ կաթսաների տեղակայման տեղը պետք է անջատված լինի սենքի մնացած մասից չհրկիզվող միջնորմերով կաթսայի ամբողջ բարձրությամբ, բայց 2 մ-ից ոչ պակաս, դռների տեղակայումով: Ելքերի տեղադրման տեղերը և դռների բացման ուղղությունները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` ելնելով տեղական պայմաններից:

62. Կաթսայական տեղակայանքը կարող է նախագծվել ինչպես տեղում մշտական սպասարկող անձնակազմով և շուրջօրյա հերթապահությամբ, այնպես էլ` կարգավարական կետից աշխատանքի վերահսկմամբ` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների կատարմամբ: Եթե կաթսայական տեղակայանքը նախագծի համաձայն պետք է շահագործվի տեղում սպասարկող անձնակազմի մշտական հերթապահությամբ, ապա այդ անձնակազմի համար պետք է նախատեսվի սանիտարական նորմերին համապատասխանող կենցաղային և ծառայողական սենքեր:

63. Կաթսայական տեղակայանքի շենքի յուրաքանչյուր հարկում պետք է լինի երկուսից ոչ պակաս ելք` տեղակայված սենքեր հակադիր ծայրերում: Թույլ է տրվում մեկ ելք, եթե հարկի մակերեսը 200 քառ. մ-ից պակաս է և կա երկրորդ էվակուացիոն ելք դեպի անշարժ արտաքին աստիճանները, իսկ մեկ հարկանի կաթսայական տեղակայանքներում` սենքի երկայնքով կաթսայի ճակատով ոչ ավելի, քան 12 մ: Կաթսայական տեղակայանքի սենքից ելք համարվում է ինչպես անմիջականորեն ելքը դեպի դուրս, այնպես էլ ելք դեպի աստիճանավանդակ կամ նախամուտք:

64. Կաթսայական տեղակայանքի սենքից դեպի շրջակա միջավայր դռները պետք է բացվեն դեպի դուրս` ձեռքի սեղմումից, չպետք է ունենան փական և կաթսաների աշխատանքի ժամանակ չպետք է կողպվեն: Ելքի դռները կաթսայական տեղակայանքից դեպի ծառայողական, կենցաղային, ինչպես նաև օժանդակ արտադրական սենքեր պետք է ունենան զսպանականեր և բացվեն դեպի կաթսայի կողմը: Կաթսայական տեղակայանքի սենքի մուտքի դռներից յուրաքանչյուրի վրա պետք է գրություն լինի, որն արգելի կողմնակի մարդկանց մուտքը կաթսայական տեղակայանք:

65. Կաթսայական տեղակայանքի սենքերը պետք է ապահովված լինեն բավարար բնական լույսով, իսկ գիշերները` էլեկտրական լուսավորությամբ: Այն տեղերը, որտեղ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել բնական լուսավորություն, պետք է ունենան էլեկտրական լուսավորություն: Լուսավորվածությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ-ում գործող «ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին: Կաթսայական տեղակայանքներում, բացի բանվորական լուսավորությունից, պետք է նախատեսել նաև վթարային լուսավորություն:

Վթարային լուսավորություն պարտադիր պետք է ունենան հետևյալ տեղամասերը`

1) կաթսաների ճակատը, ինչպես նաև կաթսաների միջև, դրանց հետևում և վերևում անցուղիները.

2) կառավարման վահանները.

3) ջրացույց և չափիչ սարքերը.

4) օդափոխողների հարթակները.

5) բաքերի և գազազրկիչների սենքերը.

6) ջրամշակման սարքավորումները.

7) կաթսաների հարթակները և աստիճանները.

8) պոմպերի սենքերը:

2.0 ՄՎտ-ից պակաս ամբողջությամբ ավտոմատացված կաթսայատներում մնայուն վթարային լուսավորությունը կարելի է փոխարինել մշտապես աշխատունակ վիճակում պահվող տանովի էլեկտրական մարտկոցային լուսատուներով:

66. Լուսավորման էլեկտրասնուցումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 9-րդ գլխի պահանջներին:

67. Կաթսայական տեղակայանքի սենքերում ընդհանուր լուսավորության ջահերի` հատակից կամ հարթակներից 2,5 մ-ից փոքր բարձրության վրա տեղակայման դեպքում պետք է տեղադրվեն ջահեր, որոնց կառուցվածքը բացառում է հասանելիությունը լամպերին առանց գործիքների կիրառման (պտուտակահան, տափաշուրթեր կամ հատուկ դարձակ և այլն): Ջահի սնման էլեկտրական հաղորդալարերը պետք է լինեն մետաղական խողովակների, մետաղական ճկափողերի մեջ կամ ունենան պաշտպանական թաղանթներ: Առանց դրանց թույլատրվում է ջահերի սնուցման համար օգտագործել 42 Վ-ից ոչ բարձր լարումով շիկացման լամպերով ջահեր: Տեղային ստացիոնար լուսավորության շիկացման լամպերով ջահերի սնման համար պետք է կիրառվի 42 Վ-ը չգերազանցող լարում: Կաթսաներում և գազանցքերում աշխատանքի ժամանակ պետք է օգտագործվեն 12 Վ-ից ոչ բարձր լարումով ձեռքի ջահեր:

68. Շենքերի մեջ ներկառուցված գազային վառելիքով աշխատող կաթսայական տեղակայանքներում բացի հիմնական էլեկտրասնուցումից բնականոն կատարումով, պետք է լինի պայթյունաանվտանգ իրականացումով, առանձին էլեկտրալարերով, անջատիչը և ապահովիչը կաթսայի սենքից դուրս տեղադրումով` էլեկտրալուսավորություն: Այս լուսավորությունը կիրառվում է գազաֆիկացված կաթսայական տեղակայանքների թողարկման աշխատանքների դեպքում: Եթե կաթսայական տեղակայանքում տեղակայված է մեթանի խտության վերահսկման համակարգ, որը գործում է գազի մուտքի դադարեցման վրա, ապա նշված լուսավորությունը պարտադիր չէ:

69. Կաթսայի որմնապատվածքի հարթակներից կամ վերին մասերից հեռավորությունը, որոնցից հաճախակի սպասարկվում են արմատուրները, լրակազմերը, հսկիչ և չափիչ գործիքները, մինչև կաթսայական տեղակայանքի սենքի ելուստային կառույցների ծածկերի (պատվածքի) ներքևի մասը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մ: Սպասարկման հարթակների և հաղորդակցուղիների` դրանց տակով անցուղիների հեռավորությունը հատակի մինչև հարթակների ներքևի մասը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս:

70. Եթե կաթսան չի սպասարկվում որմնապատվածքի վերին մասից, և չկա կաթսայի վերևի մասով անցման անհրաժեշտություն, ապա հեռավորությունը որմնապատվածքի վերևի մասից մինչև վրածածկի (ծածկի) ելուստային կառուցվածքների ներքևի մասը պետք է լինի 0.7 մ-ից ոչ պակաս: Կաթսայի ճակատի կամ հնոցի ելուստային մասի հեռավորությունը կաթսայի հանդիպակաց պատից պետք է կազմի 3 մ-ից ոչ պակաս: Հեղուկ և գազային վառելիքով աշխատող կաթսաների համար այդ հեռավորությունը կարող է փոքրացվել մինչև 2 մ: Ընդ որում գազային այրիչներով և հեղուկ վառելանյութի այրիչներով կաթսաների համար այրիչների ելուստային մասերի հեռավորությունը դիմացի պատերից պետք է լինի 1 մ ոչ պակաս, եթե կաթսայի տեղակայման հրահանգով ավելի մեծ հեռավորություն չի սահմանված: Հեղուկ կամ գազային վառելիքով աշխատող կաթսաների համար կաթսայի ճակատների միջև հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս, իսկ այրիչների միջև հեռավորությունը` 2 մ-ից ոչ պակաս:

71. Կաթսաների ճակատի առաջ թույլատրվում է տեղադրել պոմպեր, օդամուղներ: Ընդ որում ճակատի երկայնքով ազատ անցուղիների լայնությունը պետք է լինի 1.5 մ-ից ոչ պակաս, իսկ տեղակայված սարքավորումները չպետք է խանգարեն հնոցների և կաթսաների սպասարկմանը:

72. Կաթսաների միջև, կաթսաների և սենքի պատերի միջև անցուղիների լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, կաթսաների առանձին ելուստային մասերի միջև լայնությունը, ինչպես նաև այդ մասերի և շենքի ելուստային մասերի, աստիճանների, աշխատանքային հարթակների և կառույցների այլ ելուստային մասերի միջև պետք է լինի 0.7 մ-ից ոչ պակաս, եթե կաթսայի տեղակայման հրահանգով ավելի մեծ հեռավորություն չի սահմանված: Կողային սպասարկում պահանջող կաթսաների տեղակայման ժամանակ կաթսաների միջև կամ կաթսայի և սենքի պատերի միջև անցուղիների լայնությունը պետք է լինեն 1.5 մ-ից ոչ պակաս:

73. Կաթսաների կողային սպասարկման անհրաժեշտության բացակայության դեպքում կաթսաների միջև կամ կողային կաթսայի և սենքի պատի միջև գոնե մեկ անցուղու ստեղծումը պարտադիր է: Այդ անցուղիների լայնությունը, ինչպես նաև կաթսայի և սենքի հետևի պատի միջև լայնությունը, պետք է կազմեն 1 մ-ից ոչ պակաս: Պատերի կամ սյուների մոտակայքում տեղակայման դեպքում կաթսայի որմնապատվածքը չպետք է հպվի անմիջականորեն սենքի պատին, այլ պետք է հեռու լինի 70 մմ-ով:

74. Արգելվում է կաթսայի սպասարկման և նորոգման հետ առնչություն չունեցող մեքենաները և սարքերը պահել դրանց հետ մեկ սենքում:

75. Կաթսայի, դրա արմատուրի և լրակազմի հարմար և անվտանգ սպասարկման համար պետք է տեղադրվեն հրակայուն նյութերից, մետաղական ճաղերով մշտական աստիճաններ և հարթակներ:

76. Մետաղական հարթակները և սանդուղքների աստիճանները`

1) կարող են պատրաստված լինել.

ա. ակոսավոր թերթավոր պողպատից կամ ոչ հարթ մակերեսով թիթեղներից, որոնք ստացվել են ձուլակցմամբ կամ այլ ձևով,

բ. բջջային կամ շերտավոր պողպատից (կողի վրա), որոնց բջիջների չափը չի գերազանցում 12 սմ2,

գ. ճեղքավոր-ձգումնային թիթեղներից.

2) արգելվում է կիրառել հարթ հարթակներ և աստիճաններ, ինչպես նաև պատրաստել դրանք ձողաձև կլոր պողպատից.

3) 1.5 մ և ավելի բարձրությամբ աստիճանները, որոնք նախատեսված են սարքավորման կանոնավոր սպասարկման համար, պետք է ունենան հորիզոնի նկատմամբ 50 աստիճանը չգերազանցող թեքություն.

4) աստիճանների չափերը պետք է լինեն` ըստ լայնության 600 մմ-ից ոչ պակաս, ըստ աստիճանների բարձրության` ոչ ավել քան 200 մմ, և ըստ աստիճանների լայնության` ոչ պակաս, քան 80 մմ: Աստիճանները պետք է ունենա հարթակները ըստ բարձրության` յուրաքանչյուր 3-4 մ-ի վրա.

5) արմատուրը, չափիչ-հսկիչ և կարգավորող սարքերը սպասարկելու համար նախատեսված հարթակների լայնությունը պետք է լինեն 800 մմ-ից ոչ պակաս, իսկ մնացած հարթակներինը` 600 մմ-ից ոչ պակաս.

6) ջրի մակարդակը ցույց տվող սարքերի սպասարկման հարթակների ուղղաձիգ ուղղությամբ հեռավորությունը մինչև ջրի մակարդակը ցույց տվող վահանակի մեջտեղը պետք է լինի 1 մմ-ից ոչ պակաս և 1.5 մ-ից ոչ ավելի.

7) կաթսաների հարթակները և որմնապատվածքի վերևի մասը, որոնցից կատարվում է սպասարկումը, պետք է ունենան 0.9 մ-ից ոչ պակաս բարձրությամբ մետաղական ճաղեր, ներքևից 100 մմ ոչ պակաս բարձրությամբ երեսպատումով:

77. Կաթսայական տեղակայանքի սենքի հատակը անհրաժեշտ է իրականացնել չհրկիզվող նյութերից անհարթ և ոչ սայթաքուն մակերեսով, դրանք պետք է լինեն հարթ և ունենան ջրի` դեպի կոյուղի հեռացման սարքվածքներ:

78. Կաթսայական տեղակայանքի սենքի անցուղիները պետք է փակվեն մաքուր հատակի մակարդակ ունեցող հանովի սալիկներով: Անցուղիների մետաղական ծածկերը պետք է պատրաստված լինեն ակոսավոր պողպատից:

79. Գետնախորշերը և խորացումները, որոնք չեն փակվում, պետք է ցանկապատվեն 0.9 մ ոչ պակաս բարձրությամբ ճաղերով:

80. Հեղուկ վառելիքի ծախսի բաքերը պետք է տեղադրվեն կաթսայական տեղակայանքի սենքից դուրս: Առանձին սենքերում (սակայն ոչ կաթսաների կամ էլ էկոնոմայզերների վերևում) թույլատրվում է դնել հեղուկ վառելիքի ծախսի փակ բաքեր, որոնց տարողունակությունն է ոչ ավելի 1 խոր. մ` թեթև հեղուկ վառելիքի համար:

i

81. Կաթսայական տեղակայանքի սենքը պետք է կահավորված լինի հրդեհամարման միջոցներով` հակահրդեհային սարքավորման և գույքի նորմերին համապատասխան, համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների:

(81-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

82. Կաթսաների տեղակայման սենքերը, ինչպես նաև բոլոր օժանդակ և կենցաղային սենքերը կահավորվում են բնական և արհեստական օդափոխությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` ջեռուցմամբ: Մշտական սպասարկումով կաթսայական տեղակայանքներում հերթապահ անձնակազմի համար նախատեսված սենքում օդի ջերմաստիճանը և մաքրությունը, թրթռումների և աղմուկի մակարդակը պետք է համապատասխանեն սանիտարահիգիենիկ նորմերին: Կաթսայական տեղակայանքի սենքի օդափոխությունը պետք է ապահովի վնասակար գազերի, փոշու հեռացումը, ներանցման օդի մատուցումը և հետևյալ ջերմաստիճանային պայմանների պահպանումը. 12 oC աստիճանից ոչ ցածր ձմռանը` սպասարկող անձնակազմի մշտական մնալու գոտում, 18 oC` վահանների տեղակայման գոտում, 15 oC` պոմպակայաններում, 5 oC` առանց մշտական սպասարկման սենքերում:

83. Կաթսայատան ներսում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համակարգերը պետք է ապահովեն սույն ՏԿ-ի 106-րդ կետում բերված ջերմային ռեժիմը:

 

8. ԿԱԹՍԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

84. Կաթսայի կառավարման համակարգը պետք է կազմավորված լինի այնպես, որ. կառավարման կոճակների սխալ կամ ոչ ճիշտ հաջորդականությամբ գործադրումը անբարենպաստ չազդի համակարգի անվտանգության վրա, ոչ մի առանձին մասի հրաժարում չպետք է բերի գազի անվտանգության պաշտպանական համակարգի գործմանը կամ հանգեցնի վտանգավոր իրավիճակի:

85. Հիմնական այրիչի և բռնկման այրիչի գազի ճնշումը պետք է լինի հաստատուն, կարգավորվի կարգավորիչ սարքի միջոցով, և պետք է լինի առնվազն մեկ անվտանգ անջատման փական` հոսքի ուղղությանը հակառակ դիրքում:

86. Անվտանգ անջատման փականները և նրանց բանեցնող պնևմատիկ կամ հիդրավլիկ սարքերի էլեկտրական հաղորդակները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական պայմաններին. հուսալի գործեն գազի աշխատանքային ճնշումների ամբողջ միջակայքում, շրջակա միջավայրի 0 oC-ից մինչև 60 oC ջերմաստիճանների դեպքում, էլեկտրական լարման անվանական մեծության 85 %-ից մինչև 110 %-ի դեպքերում, փականները և դրանց հիդրավլիկ կամ պնևմատիկ բանեցնող մեխանիզմները պետք է ավտոմատ փակվեն, երբ լարումը կամ հոսանքը նվազում է մինչև դրանց նվազագույն անվանական արժեքի 15 %-ի չափով: Անվտանգ անջատման փականները պետք է տեղակայվեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված դիրքով:

87. Կաթսայի կառավարման համակարգը պետք է ապահովի`

1) սպառման համակարգ մատուցվող ջրի կամ շոգու ջերմաստիճանի կառավարում` սահմանված (կարգավորող) տիրույթում.

2) գերտաքացման կառավարման սարք, որը գործում է ջերմակրի գերտաքացման դեպքում` կապված ջրի (շոգու) շրջանառության դադարեցման կմ ջերմաստիճանի կառավարման սարքերի հրաժարման դեպքերում.

3) կաթսա մտնող հետադարձ ջրի ջերմաստիճանի կարգավորում, եթե դա նախատեսված է արտադրող կազմակերպության հրահանգով:

88. Կաթսայական տեղակայանքի համար պետք է նախատեսել գազի ճնշման կարգավորիչ, իսկ հեղուկ վառելիքի դեպքում` դրա ճնշման և ջերմաստիճանի կարգավորիչ: Հեռակառավարում ունեցող ավտոմատացված կաթսաների կրկնակի թողարկումը պաշտպանության սարքերից անջատվելուց հետո պետք է նախատեսվի միայն ձեռքով` անջատման պատճառի հայտնաբերումից և վերացումից հետո:

89. Կաթսայի աշխատանքային հարաչափերի գործիքային հսկման (գրանցման) համակարգը պետք է ապահովի կաթսայի աշխատանքը բնորոշող հարաչափերի գրանցումը շահագործող կազմակերպության կողմից վարվող շահագործման մատյանում, որոնց արժեքների անթույլատրելի շեղումները կարող են բերել կաթսայի սարքավորումների վթարային վիճակի: Լրիվ ավտոմատացված կաթսայի անվտանգ աշխատանքը բնորոշող սարքերի տվյալները հեռահաղորդման համակարգով պետք է հաղորդվեն ընդունման կետ: Գործիքային հսկման (գրանցման) համակարգով հսկվող մեծությունների անվանացանկը սահմանվում է ՄՍՊ 4.02-103-99 «Ջերմամատակարարման ավտոնոմ աղբյուրների նախագծում» շինարարական նորմերի համաձայն:

90. Կաթսայի անվտանգության ապահովման համակարգը պետք է ապահովի հետևյալ հարաչափերի հսկումը և դրանց վտանգավոր արժեքների դեպքում կաթսայի աշխատանքի դադարեցումը` վառելիքի մատակարարման ընդհատմամբ`

1) գազային կամ հեղուկ վառելիքով աշխատող շոգու կաթսաների համար.

ա. այրիչներից առաջ գազի ճնշման անթույլատրելի մեծացումը կամ նվազումը,

բ. հեղուկ վառելիքի ճնշման նվազումը այրիչներից առաջ, բացի ռոտացիոն այրիչներով կաթսաներից,

գ. հնոցում նոսրացման նվազումը` հավասարակշռված քարշով հնոցի դեպքում,

դ. օդի ճնշման նվազումը այրիչներից առաջ այն կաթսաների համար, որոնք սարքավորված են օդի ստիպողական մատակարարմամբ այրիչներով,

ե. այրիչների ջահի մարումը, որոնց անջատումը կաթսայի աշխատանքի դեպքում չի թույլատրվում,

զ. շոգու ճնշման բարձրացումը,

է. պաշտպանության շղթաների անսարքություններ, այդ թվում` լարման բացակայությունը.

2) գազային կամ հեղուկ վառելիքով աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների համար.

ա. այրիչներից առաջ գազի ճնշման մեծացումը կամ նվազումը,

բ. հեղուկ վառելիքի ճնշման նվազումը այրիչներից առաջ, բացի ռոտացիոն այրիչներով կաթսաներից,

գ. օդի ճնշման նվազումը այրիչներից առաջ այն կաթսաների համար, որոնք սարքավորված են օդի ստիպողական մատակարարմամբ այրիչներով,

դ. հնոցում նոսրացման նվազումը,

ե. այրիչների ջահի մարումը, որոնց անջատումը կաթսայի աշխատանքի դեպքում չի թույլատրվում,

զ. կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի բարձրացումը,

է. կաթսայի ելքում ճնշման բարձրացումը,

թ. պաշտպանության շղթաների անսարքություններ, այդ թվում` լարման անջատվելը:

Կաթսաների աշխատանքային հարաչափերի վտանգավոր արժեքները սահմանվում են կաթսան արտադրող կազմակերպության կողմից:

91. Կաթսայական տեղակայանքը, որի կաթսան (կաթսաները) աշխատում է (են) գազով, պետք է ունենա կաթսայատան սենքի միջավայրում գազի խտության վերահսկման համակարգ, որը պետք է դադարեցնի գազի մուտքը կաթսայական տեղակայանք` ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման պահանջներին համապատասխան: Գազի մուտքային ավտոմատ ընդհանուր փականը, որի փակմամբ դադարեցվում է գազի մուտքը սենք, պետք է տեղակայվի կաթսայական տեղակայանքի սենքից դուրս: Գազի մուտքային գծի վրա` սենքից դուրս, պետք է տեղակայված լինի ձեռքով կառավարվող գազի վթարային փական:

 

9. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԷԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

92. Կաթսայական տեղակայանքները, ըստ էլեկտրամատակարարման հուսալիության, հանդիսանում են II կարգի սպառիչներ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

93. Գազային վառելիքով աշխատող կաթսայատան արտածման օդամուղների էլեկտրաշարժիչները պետք է լինեն պայթյունաանվտանգ, իսկ դրանց գործարկման սարքերը պետք է կամ լինեն նույն դասի, կամ տեղակայվեն կաթսայատան սենքից դուրս:

94. Կաթսաների և կաթսայական տեղակայանքների էլեկտրական սարքերը և սարքվածքները պետք է համապատասխանեն էլեկտրաանվտանգության ԳՕՍՏ 27570.0.0. և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջներին: Կաթսայական տեղակայանքի բարձր ջերմաստիճանային միջավայրում գտնվող էլեկտրական սարքերը և գծերը պետք է կայուն լինեն այդ միջավայրում:

95. Կաթսայական տեղակայանքների էլեկտրակայանքները ցածր լարումով պետք է իրականացվի ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատողակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ սահմանված ՏՆՑ-Ս (TNC-S) համակարգով, մուտքային վահանակի հողանցումով:

96. Կաթսայական տեղակայանքների բոլոր մետաղական մասերը պետք է ունենան հուսալի հողակցում աշխատանքային և նորոգման ռեժիմների ժամանակ:

 

III. ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

97. Կաթսաների աշխատանքի կառավարման և անվտանգ շահագործման ռեժիմների ապահովման համար դրանք պետք է հագեցված լինեն`

1) ճնշման բարձրացումից ապահովող սարքերով.

2) ջրի մակարդակը ցույց տվող սարքերով.

3) մանոմետրերով.

4) միջավայրի ջերմաստիճանը չափող սարքերով.

5) փակման և կարգավորող արմատուրով.

6) անվտանգության սարքերով:

 

11. ԱՊԱՀՈՎԻՉ ՍԱՐՔԵՐ

 

98. Կաթսայի յուրաքանչյուր տարր, որի ներքին ծավալը սահմանափակվում է փակման սարքերով, պետք է պաշտպանված լինի ապահովիչ սարքվածքներով, որոնք ավտոմատ կերպով կանխում են ճնշման բարձրացումը թույլատրելիից ավելի բարձր` դեպի մթնոլորտ աշխատանքային միջավայրի բաց թողնման միջոցով:

99. Որպես ապահովիչ սարքվածք` թույլատրվում է կիրառել`

1) ուղղակի ազդեցության լծակաբեռնային ապահովիչ սարքվածքներ.

2) ուղղակի ազդեցության զսպանակավոր ապահովիչ սարքվածքներ:

100. Ապահովիչ փականները տեղակայվում են խողովակաոստերի վրա, որոնք անմիջականորեն միացած են կաթսային կամ խողովակաշարին` առանց միջանկյալ փականային մարմինների: Մեկ խողովակաոստի վրա մի քանի ապահովիչ փականներ դրվելու դեպքում խողովակաոստի ընդլայնական կտրվածքի մակերեսը պետք է գերազանցի այդ խողովակաոստի վրա տեղադրված փականների կտրվածքի գումարային մակերեսը 1,25 անգամից ոչ պակաս: Արգելվում է խողովակաոստի միջով աշխատող մարմնի առումը, որի վրա տեղադրված են ապահովիչ փականներ:

101. Ապահովիչ փականների կառուցվածքը պետք է նախատեսի աշխատանքային վիճակում դրանց գործողության հնարավորությունը` փականների հարկադրական բացվելու միջոցով: Լծակավոր ապահովիչ փականների բեռները պետք է լծակի վրա ամրացվեն այնպես, որ բացառվի դրանց կամայական տեղաշարժը: Փականի կարգաբերումից հետո նոր բեռներ կախելն արգելվում է: Եթե կաթսայի վրա տեղադրված է երկու ապահովիչ փական, ապա դրանցից մեկը պետք է լինի հսկիչ: Հսկիչ փականն ապահովում են սարքվածքով (օրինակ` կողպեքով փակվող պատյանով), որը թույլ չի տալիս սպասարկող անձնակազմին վերակարգաբերել փականը, սակայն չի խանգարում դրա վիճակի ստուգմանը:

102. Ապահովիչ փականները պետք ունենան սարքվածքներ (հեռացման խողովակներ) փականների աշխատելու դեպքում սպասարկող անձնակազմին այրվածքներից պաշտպանելու համար: Ապահովիչ փականներից դուրս եկող արգասիքները հեռացվում են սենքի սահմաններից դուրս: Արտահանման խողովակագծերը պետք է պաշտպանված լինեն սառչելուց և հագեցած լինեն կոնդենսատի դատարկման սարքվածքներով, ընդ որում` ինչպես հեռացման խողովակաշարերի վրա, այնպես էլ դատարկման սարքվածքների վրա չպետք է լինեն փակման սարքեր:

103. Թմբուկավոր ջրատաքացուցիչ կաթսաները, ինչպես նաև 0.4 ՄՎտ (0.35 Գկալ/ժ) արտադրողականությամբ առանց թմբուկի կաթսաները սարքավորվում են առնվազն երկու ապահովիչ փականով` յուրաքանչյուրը առնվազն 40 մմ նվազագույն տրամագծով: Բոլոր տեղակայվող փականների տրամագծերը պետք է միատեսակ լինեն: Առանց թմբուկների 0.4 ՄՎտ (0.35 Գկալ/ժ) և ավելի փոքր արտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները կարող են կահավորված լինել միայն մեկ ապահովիչ փականով: Փականների թիվը և տրամագիծը որոշվում է հաշվարկով:

104. Ցանկացած կաթսաների վրա (այդ թվում` մեկ ապահովիչ փական ունեցող) մեկ ապահովիչ փականի փոխարեն թույլ է տրվում տեղադրել հետադարձ փականով շրջանցում, որը բաց է թողնում ջուրը կաթսայից` շրջանցելով փականային սարքվածքը տաք ջրի ելքի մոտ: Այդ դեպքում կաթսայի և ընդարձակիչ անոթի միջև չպետք է լինի այլ փականային արմատուր, բացի նշված հետադարձ փականից:

105. Ընդարձակման անոթը միացնող կամ մթնոլորտային խողովակաշարի տրամագիծը պետք է լինի 50 մմ ոչ պակաս: Ջրի սառչելը կանխելու համար անոթը և խողովակաշարը պետք է ջերմամեկուսացնել, ընդարձակման անոթը պետք է ամուր փակել կափարիչով:

106. Կաթսաների, ջեռուցման համակարգը առանց ընդարձակման անոթի միացման դեպքում, վրայի ապահովիչ փականները փոխարինել արտուղումներով չի թույլատրվում:

107. Ջրատաքացուցիչ կաթսաների մոտ, որոնք աշխատում են տաք ջրամատակարարման համակարգում, ապահովիչ փականների փոխարեն թույլ է տրվում առանձին հիդրավլիկական ապահովիչ փականի տեղակայում, որը կմիացնի կաթսաների վերին մասը` ջրի բաքի վերին մասի հետ: Այդ արտահեղ խողովակի վրա չպետք է լինեն փականային տեղակայանքներ, իսկ բաքը պետք է միացնել մթնոլորտի հետ: Արտահեղ խողովակի տրամագիծը պետք է լինի 50 մմ ոչ պակաս:

108. Կաթսայական տեղակայանքում մի քանի սեկցիոն կամ էլ խողովակավոր ջրատաքացուցիչ առանց թմբուկի կաթսաների առկայության դեպքում, որոնք աշխատում են տաք ջրի ընդհանուր խողովակաշարի վրա (եթե բացի կաթսաների վրա փականային սարքվածքներից նման սարքվածքներ կան նաև ընդհանուր խողովակաշարի վրա), թույլատրվում է յուրաքանչյուր կաթսայի վրա ապահովիչ փականների փոխարեն տեղադրել հետադարձ փականով կաթսաների փականային սարքվածքներ, իսկ տաք ջրի ընդհանուր խողովակաշարի վրա (կաթսայական տեղակայանքի սահմաններում) երկու ապահովիչ փական` կաթսաների փականային սարքվածքների և ընդհանուր խողովակաշարի փականային սարքվածքների միջև: Յուրաքանչյուր ապահովիչ փականի տրամագիծը պետք է ընդունել մեկ ամենամեծ ջերմարտադրողականությամբ կաթսայի հաշվարկի հիման վրա, սակայն 50 մմ-ից ոչ պակաս:

109. Արտուղիների և հետադարձ փականների տրամագծերը պետք է ընդունել ըստ հաշվարկի, սակայն ոչ պակաս, քան`

1) 40 մմ` մինչև 0.28 ՄՎտ (0,24 Գկալ/ժ) ջերմարտադրողականությամբ կաթսաների համար.

2) 50 մմ` 0.28 ՄՎտ (0,24 Գկալ/ժ) ջերմարտադրողականությունից ավելի բարձր ջերմարտադրողականությամբ կաթսաների համար:

110. Շոգեկաթսայի վրա տեղադրվող ապահովիչ սարքվածքների գումարային թողարկային ունակությունը պետք է լինի կաթսայի անվանական ժամային ջերմարտադրողականությունից ոչ պակաս:

111. Ապահովիչ փականների թիվը և չափերը հաշվարկվում են կաթսա արտադրող կազմակերպության հրահանգով` ելնելով ջերմակրի շրջանառության ձևից (բնական, արհեստական) և արտադրողականությունից:

112. Ապահովիչ փականները պետք է պաշտպանեն կաթսաները` դրանցում հաշվարկային (թույլատրված) ճնշումից 10 %-ից ավելի բարձրանալու դեպքում:

113. Ապահովիչ փականները պետք է տեղադրվեն`

1) բնական շրջանառությամբ առանց շոգեգերտաքացուցիչների շոգեկաթսաների վրա` վերին թմբուկի կամ չորաշոգիանոցի վրա.

2) ջրատաքացուցիչ կաթսաներում` ելքի կոլեկտորներում կամ թմբուկում.

3) անջատվող էկոնոմայզերներում` ոչ պակաս, քան մեկ ապահովիչ սարքվածք ջրի ելքի և մուտքի վրա:

114. Ապահովիչ փականների գործելու սարքինության ստուգումը պետք է իրականացվի արտադրող կազմակերպության կողմից սահմանած կարգով և պարբերականությամբ:

115. 100 կգ/ժ-ից պակաս արտադրողականությամբ շոգու կաթսաների վրա ապահովիչ փականների փոխարեն թույլատրվում է տեղադրել արտածման ապահովիչ սարքվածք (հիդրոփակաղակ): Արտածման ապահովիչ սարքվածքը հաշվարկվում է այնպես, որ կաթսայում ճնշումը չգերազանցի ավելցուկային աշխատանքային ճնշումն ավելի քան 10 %: Կաթսայի և արտածման ապահովիչ սարքվածքի միջև և հենց իր սարքվածքի վրա փականային սարքերի տեղակայում չի թույլատրվում:

 

12. ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

 

116. Ջրատաքացուցիչ կաթսան պետք է ապահովված լինի ջրաստուգիչ ծորակով, որը տեղադրված պետք է լինի կաթսայի թմբուկի վերևի մասում, իսկ դրա բացակայության դեպքում` կաթսայից ջրի` դեպի գլխավոր խողովակաշար (մինչև փականային սարքվածք) ելքի վրա:

117. Շոգեկաթսայում ջրի մակարդակի դիրքը մշտապես դիտելու համար դրա թմբուկների վրա դրվում է ոչ պակաս, քան երկու ուղղակի գործողության ջրացույց սարք:

118. 25 մ2 պակաս տաքացման մակերևույթի մակերեսով թուջե և պողպատյա խողովակավոր կաթսաների համար թույլատրվում է մեկ ջրացույց սարքի տեղակայում: Թմբուկով (շոգեհավաքիչ) թուջե կաթսաների վրա տեղադրվում են շրջանառու խողովակներ, որոնք միացնում են թմբուկի ներքևի մասը կաթսայի սեկցիաների հետ:

119. ՈՒղղակի գործողության ջրացույց սարքերը հավաքակցվում են ուղղաձիգ կամ 30 աստիճանից ոչ ավելի թեքությամբ դեպի առաջ: Դրանք պետք է այնպես տեղադրված և լուսավորված լինեն, որ ջրի մակարդակը լավ երևա մեքենավարի (հնոցապանի), օպերատորի աշխատանքի տեղից:

120. Ջրացույց սարքերի վրա կաթսայում ջրի թույլատրելի ներքին սահմանային մակարդակի վրա դրվում է անշարժ մետաղական ցուցանակ` «Ստորին մակարդակ» մակագրությամբ: Այդ մակարդակը պետք է 25 մմ-ից ոչ պակաս բարձր լինի ջրացույց սարքի թափանցիկ թիթեղից (ապակուց): Համանման ձևով տեղադրում են նաև կաթսայում ջրի թույլատրելի վերին մակարդակի ցուցանակ, որը պետք է գտնվի ոչ պակաս, քան 25 մմ ավելի ցածր թափանցիկ թիթեղի (ապակու) վերին տեսանելի եզրից:

121. Ջրացույց սարքերը կամ փորձարկման ծորակները տեղադրվում են կաթսայի թմբուկի վրա` մեկը մյուսից առանձին: Թույլատրվում է երկու ջրացույց սարքերի համատեղ տեղադրում 70 մմ-ից ոչ պակաս տրամագծով միացնող խողովակի (սյունակի) վրա: Եթե ջրացույց սարքերը միացնում են կաթսային մինչև 500 մմ երկարությամբ խողովակներով, ապա այդ խողովակների ներքին տրամագիծը պետք է լինի 25 մմ-ից ոչ պակաս, իսկ 500 մմ-ից ավելի երկարության դեպքում` 50 մմ-ից ոչ պակաս:

Ջրացույց սարքերով կաթսաները միացնող խողովակները պետք է հասանելի լինեն ներքին մաքրման համար: Դրանց վրա կցաշուրթերի և փականային մարմինների տեղակայում չի թույլատրվում: Կաթսայի թմբուկից ջրացույց սարքերը միացնող խողովակների ուրվագիծը (կոնֆիգուրացիան) պետք է բացառի դրա վրա օդային և ջրային պարկերի ստեղծման հնարավորությունը:

122. Կաթսայի թմբուկի (իրանի) հետ ջրացույց սարքերը միացնող խողովակները պետք է պաշտպանված լինեն սառչելուց:

123. Շոգեկաթսաների ուղղակի գործողության մակարդակների ցուցանակներում կիրառում են հարթ թափանցիկ ապակիներ: Գլանաձև ապակիներով ջրացույց սարքերը կարող են օգտագործվել 0.5 տ/ժ-ից ոչ բարձր արտադրողականությամբ շոգեկաթսաների վրա:

124. Ջրացույց սարքերը պետք է ունենա արտաքին պաշտպանական սարքվածքներ, որոնք ապահովում են սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապակու խզման դեպքում: Պաշտպանական սարքվածքները չպետք է դժվարացնեն ջրի մակարդակին հետևելը:

125. Ջրացույց սարքերը պետք է ապահովված լինեն արտափչման արմատուրով, ինչպես նաև փակման արտամուղով` շոգու և ջրի տարածքը անջատելու համար, որոնք ապահովում են ապակիների և կորպուսի փոխարինումը` կաթսայի աշխատանքի ընթացքում: Թույլատրվում է այդ նպատակով օգտագործել խցանային ծորակներ: Ջրացույց սարքերի արտափչման ժամանակ ջրի բացթողնման նպատակով օգտվում են ազատ դատարկման համար արտուղու խողովակից և պաշտպանիչ հարմարանքով ձագարներից:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 1083-Ն
Որոշում