Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով Կողմերի միջև համագործակցության կարևորությունը,

հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների վրա,

Կողմերի պետությունների դատախազական մարմինների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով,

իրենց իրավասության շրջանակում հավասարության, պայմանագրային պարտավորությունների կատարման և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.

- մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

- ահաբեկչություն և ծայրահեղականություն,

- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,

- սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

- կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,

- անօրինական ներգաղթի կազմակերպում,

- մարդկանց առևտուր,

- տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում` հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում,

- սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,

- շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

- կոռուպցիոն բնույթի հանցագործություններ,

- այլ հանցագործություններ:

2. Կողմերը համագործակցությունն իրականացնում են` գործելով իրենց իրավասության շրջանակում, հետևյալ հարցերով.

- տնտեսական և արտաքին տնտեսական գործունեության ոլորտում իրավախախտումների վերաբերյալ,

- ստուգման ենթակա նյութերի փոխանցման,

- պետական գաղտնիք չհանդիսացող արխիվային նյութերի օգտագործման հնարավորության ընձեռում,

- քաղաքական հետապնդումներից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգնման,

- քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածության վերաբերյալ,

- այն հարցերով, որոնք ծագում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռների հիմնավորվածությունը պարզելու և դրանք Կողմերի պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ կիրառելու ընթացքում, որոնք պատիժ են կրում համապատասխան պետությունների քրեակատարողական հիմնարկներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի կիրառման նպատակով Կողմերը միմյանց ցուցաբերում են իրավական օգնություն.

- քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների կատարման մասին հանձնարարությունների (միջնորդությունների) կատարման միջոցով,

- քրեական հետապնդումից կամ պատիժ կրելուց խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը կազմակերպելու միջոցով,

- համարներ կամ այլ անհատականության հատկանիշներ ունեցող հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների և հրազենի, ինչպես նաև արժեթղթերի, անձը հաստատող փաստաթղթերի` սահմանված կարգով հետախուզման և վերադարձման միջոցով,

- անձանց և հանցավոր խմբերի (կազմակերպությունների) հանցավոր գործունեության կանխարգելման ուղղությամբ գործողությունների համաձայնեցման, ներառյալ նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունները, հատկապես թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության և մարդկանց առևտրի ոլորտը, ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակից լինելու մասին տեղեկատվության փոխանակման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցույց տալու մասին հարցումների հիման վրա:

Օգնության ցուցաբերումը կարող է լրիվ կամ մասնակիորեն մերժվել, եթե.

- այն հակասում է հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ այն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, որոնց մասնակից է հայցվող Կողմը,

- հարցման կատարումը կարող է վնաս հասցնել հայցվող Կողմի պետության ազգային շահերին,

- հարցումը վերաբերում է այնպիսի արարքի, որը հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում,

- օգնության մասին հարցումը ուղարկվել է այն հանցագործության վերաբերյալ, որով հարցվող Կողմի պետության տարածքում քննվում է կամ դատաքննության փուլում է գտնվում քրեական գործ, և հարցման կատարման հետաձգում հնարավոր չէ:

Հարցման կատարման մերժման մասին որոշում ընդունելու դեպքում հայցվող Կողմն անմիջապես գրավոր հայտնում է այդ մասին` նշելով մերժման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են անմիջականորեն, եթե այլ բան նախատեսված չէ այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերի պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Օգնություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է ձևակերպված լինի գրավոր, ստորագրվի և ամրագրվի հարցումը ուղարկած մարմնի զինանշանով կնիքով և պարունակի հետևյալ տվյալները.

- Կողմերի անվանումները,

- հարցման կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ,

- այն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, որոնց նկատմամբ անհրաժեշտություն է առաջացել կոնկրետ գործողություններ կատարել, նրանց բնակության վայրը, գտնվելու վայրը և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցման կատարման համար,

- անհրաժեշտության դեպքում` գաղտնիության աստիճանը, որը պահանջվում է պահպանել, և համապատասխան հիմնավորումները:

2. Հարցումը կատարվում է այն հայցվող Կողմի ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: Հարցումը ժամանակին կատարելու անհնարինության դեպքում հայցվող Կողմն անմիջապես գրավոր տեղեկացվում է այդ մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հարցումը կատարելիս հայցվող դատախազությունը ղեկավարվում է իր պետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Եթե անհրաժեշտ է կատարել այնպիսի գործողություններ, որոնք պահանջում են իրավասու դատախազների հատուկ որոշումներ (սանկցիաներ), ապա որոշումներն ընդունվում են հարցման նախաձեռնողի կողմից, բայց միայն նրա պետության քաղաքացիների նկատմամբ: Հայցվող Կողմը նշված որոշման հիմնավորվածությունը չի քննարկում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու Կողմերի պետությունների տարածքում կատարված հանցագործությունների քննության հարցը որոշվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Իրավական օգնության ցուցաբերման հարցերով փոխհարաբերություններում Կողմերն օգտագործում են իրենց պետական լեզուները` դրանց պարտադիր կցելով ռուսերենով թարգմանությունները:

Թարգմանությունը պարտադիր պետք է հաստատվի իրավասու անձի ստորագրությամբ և Կողմի կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերը Կողմերը հոգում են ինքնուրույն` Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսված միջոցների սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, միմյանց տրամադրում են տեղեկություններ համապատասխան Կողմի պետության քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերաբերյալ:

Կողմերը, միմյանց խնդրանքով, տրամադրում են անձանց դատվածության մասին տեղեկություններ, եթե նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել կամ ենթարկվում են իրենց պետությունների տարածքներում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը սեփական նախաձեռնությամբ փոխանակում են վիճակագրական տեղեկատվություն, մեթոդական մշակումներ, ազգային օրենսդրության և նախապատրաստվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկություններ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ, միմյանց աջակցություն են ցուցաբերում նյութատեխնիկական ապահովվածության հարցեր լուծելիս:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Յուրաքանչյուր Կողմի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են դրա անբաժանելի մասերը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին հայկական կողմի ծանուցումը կողմից ստացվելու օրվանից:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 1992թ. հոկտեմբերի 8-ի` Հայաստանի Հանրապետության դատախազության և Ղազախստանի Հանրապետության դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:

Կատարված է Աստանա քաղաքում, 2006թ. նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն լեզուներով. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը պետք է հիմնվեն ռուսերեն տեքստի վրա:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հունիսի 4-ից:

 

 

pin
''
06.11.2006
Միջազգային պայմանագիր