Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Կոնվենցիայի 1997 թ. մարտի 28-ի արձանագրության, 1957 թ. դեկտեմբերի 13-ի Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի և Քրեական գործերով փոխօգնության մասին 1959 թ. ապրիլի 20-ի Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, ինչպես նաև քրեական դատավարության ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ այլ միջազգային պայմանագրերով,

կարևորելով հանցավորության, մասնավորապես, դրա անդրազգային ձևերի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդումը, օրինականության ապահովումը և միջազգային իրավունքի նորմերին և հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,

ելնելով Կողմերի փոխադարձ ձգտումից զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով փոխգործակցությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Ընդհանուր պարտավորություն

 

Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին, իրենց երկրների մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում իրականացնել համագործակցություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

Համագործակցության հիմնական ուղղությունները

 

Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով`

քրեական և այլ գործերով իրավական օգնության ու իրավական հարաբերությունների մասին, այդ թվում` հանձնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացման դեմ պայքարի հարցերով միջազգային պայմանագրերի կատարման կազմակերպում և ապահովում.

օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպում և հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն.

պատիժների և դատարանի կողմից նշանակվող հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն.

հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում.

ապօրինի դատապարտված և բռնադատված անձանց արդարացման հարցերի քննարկում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտաուսումնական գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

Համագործակցության ձևերը

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով Կողմերի համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ձևերով.

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` ճանաչողական այցերի, ստաժավորումների, խորհրդատվությունների և խորհրդաժողովների անցկացման միջոցով,

հանցավորության, այդ թվում` դրա կազմակերպված ձևերի, ահաբեկչության, կոռուպցիայի, զենքի, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, ապօրինի ներգաղթի և հասարակության համար մեծ վտանգավորություն ներկայացնող հանցատեսակների դեմ պայքարում փորձի փոխանակում,

Կողմերի գործունեության հարցերով, այդ թվում` հանցավորության զարգացման միտումների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում,

օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական ակտերի և մեթոդական նյութերի պարբերաբար փոխանակում,

համատեղ գիտական ուսումնասիրությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրապարակումների պատրաստում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` միջազգային կազմակերպությունների և ֆորումների քննարկմանը ներկայացվող (ՄԱԿ, ԱՊՀ, ԵԽ, ԵԱՀԿ և այլ) հարցերով խորհրդատվությունների անցկացում,

տեղեկատվական-իրավական ապահովման բնագավառում աջակցության ցուցաբերում, այդ թվում` իրավական կարգավորման միջազգային փորձի և միջազգային համագործակցության մասին նյութերի տրամադրում,

դատախազության մարմինների և հաստատությունների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, այդ թվում` դասախոսությունների և գիտաժողովների անցկացում, գիտական ձեռնարկների համատեղ պատրաստում,

փոխշահավետության հիմքով ուսումնական գրականության և գիտական հրապարակումների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Համագործակցության զարգացում

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին սահմանելու և զարգացնելու փոխադարձաբար ընդունելի այլ համագործակցության ուղղություններ և ձևեր, սույն Համաձայնագրի 1 հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներ

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմերի հարցումների հիման վրա կամ Կողմի նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը մյուս Կողմի համար նույնպես ներկայացնում է հետաքրքրություն:

2. Հարցումը (կամ նախաձեռնող առաջարկությունը) ուղարկվում է գրավոր ձևով, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր, երեք օրվա ընթացքում, դրանց հետագա պարտադիր գրավոր հաստատման պայմանով, այդ թվում` տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իրական լինելու վերաբերյալ կասկածների դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:

3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի.

- աջակցություն հայցող մարմնի և այն մարմնի անվանում, որից ակնկալվում է աջակցություն,

- գործի հանգամանքների շարադրանքը,

- հարցման նպատակի և հիմնավորման մասին նշում,

- հայցվող աջակցության բովանդակության նկարագրություն,

- ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման ապահովման համար:

4. Գրավոր փոխանցված կամ հաստատված աջակցություն ցույց տալու մասին հարցումը ստորագրվում է հարցում անող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 6

Աջակցություն ցուցաբերելու մերժումը

 

1. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը մերժվում է լրիվ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

2. Հարցվող Կողմը հնարավորության դեպքում, մինչև աջակցության ցուցաբերման մերժման մասին որոշման ընդունումը, խորհրդատվություն է անցկացնում հարցում անող Կողմի հետ այն հարցի քննարկման նպատակով, թե արդյո՞ք կարող է աջակցությունը ցուցաբերվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հարցվող Կողմը համարում է անհրաժեշտ: Առաջադրված պայմանների հետ համաձայնության դեպքում հարցումը անող Կողմը ապահովում է դրանց պահպանումը:

3. Հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին` մերժման պատճառների նշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

Հարցման կատարումը

 

1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լրիվ կատարումն ապահովելու նպատակով:

Հարցում անող Կողմը անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը էապես ձգձգող հանգամանքների մասին:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող Կողմի իրավասության մեջ, ապա վերջինս անհապաղ տեղեկացնում է այդ մասին հարցում անող Կողմին և նրա խնդրանքով փոխանցում է հարցումը իր պետության իրավասու մարմնին:

3. Հարցվող Կողմը իրավասու է հայցել լրացուցիչ տվյալներ, որոնք` ըստ իրեն, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:

4. Հարցման կատարման ընթացքում կիրառվում է հարցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հարցում անող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել վերջինիս օրենսդրությունը, եթե այն չի հակասում հարցվող Կողմի օրենսդրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:

5. Եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետությունում ընթացող վարույթին, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել այն պայմանների պահպանման հետ, որոնք սահմանվել են որպես անհրաժեշտ հարցում անող Կողմի հետ խորհրդատվության արդյունքում: Եթե հարցում անող Կողմը համաձայն է աջակցության ցուցաբերմանը առաջադրված պայմանների պահպանմամբ, ապա ապահովում է այդ պայմանների պահպանումը:

6. Հարցվող Կողմը հարցում անող Կողմի խնդրանքով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հարցման ստացման փաստի, այդ հարցման բովանդակության և ուղեկից փաստաթղթերի, ինչպես նաև` աջակցության ցուցաբերման փաստի գաղտնիության ապահովման ուղղությամբ:

Գաղտնիության պահպանմամբ հարցման կատարման անհնարինության դեպքում հարցվող Կողմը տեղեկացնում է դրա մասին հարցում անող Կողմին, որն էլ որոշում է նման պայմաններում հարցման կատարման անհրաժեշտության հարցը:

7. Հարցվող Կողմը հնարավոր սեղմ ժամկետներում տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք կրում են փակ բնույթ, և եթե փոխանցած Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը սահմանում է փոխանցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը, առանց դրանք տրամադրած Կողմի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն որոնց համար դրանք հարցվել կամ տրամադրվել են, եթե միայն դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի չեն:

3. Մի Կողմից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը որևէ երրորդ պետության տրամադրելու համար չի պահանջվում դրանք տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը, եթե դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի են և եթե տրամադրելիս նման պայման չի առաջադրվել:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկության կամ փաստաթղթերի օգտագործումը, եթե հարցում անող Կողմի օրենսդրությամբ պարտադիր է այդ ձևի պահպանումը: Հարցում անող Կողմը նախապես տեղեկացնում է հարցվող Կողմին նման տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման կամ հրապարակման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9

Ծախսերը

 

Կողմերն իրենք են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքով չի համաձայնեցվի այլ կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 10

Լեզուները

 

Սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցելիս Կողմերն հաղորդակցվում են ռուսերեն և հայերեն լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

Փոփոխություններ և լրացումներ

 

Կողմերի յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ ու փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 12

Համագործակցության համակարգումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությանն ուղղված միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հաղորդակցվել անմիջականորեն.

Ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչություն,

Հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժին:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են սահմանել նաև իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումներ կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություններ, որոնք կարող են սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով անմիջական շփումներ իրականացնել:

Նոր կառուցվածքային ստորաբաժանում կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություն սահմանելու կամ փոփոխելու դեպքում Կողմերը միմյանց գրավոր ծանուցում են այդ մասին` փոխանցելով նաև տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 13

Աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ

 

Կողմերի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի քննարկման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14

Տարաձայնությունների լուծումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված տարաձայնությունները լուծվում են Կողմերի խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

Այլ միջազգային պայմանագրերի հետ փոխհարաբերությունը

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցումը ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից վաթսուն օր անցնելուց հետո:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 1993 թ. հունվարի 15-ին Մոսկվայում կնքված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև Իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:

Կատարված է Երևան քաղաքում` 2006 թվականի սեպտեմբերի 22-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 2-ին:

 

 

pin
''
22.09.2006
Միջազգային պայմանագիր