Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

նշելով, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակությունը զգալի վնաս է հասցնում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին և Կողմերի պետություններին,

մտահոգություն հայտնելով, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակությունը ձեռք է բերել վերազգային բնույթ,

ընդունելով, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ արդյունավետ պայքար հնարավոր է միայն Կողմերի բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փոխգործակցության հիման վրա,

գիտակցելով ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումը կանխելու և դրանց վերադարձն ապահովելու համար համաձայնեցված միջոցներ իրականացնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

ավտոտրանսպորտային միջոց` մարդկանց, բեռների փոխադրման համար նախատեսված մեխանիկական սարք կամ դրա վրա տեղադրված սարքավորումներ և մեխանիզմներ, այդ թվում` կցասայլակներ, կիսակցասայլակներ և մոտոցիկլետներ,

ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն` Կողմերի ազգային օրենսդրության համաձայն` ավտոտրանսպորտային միջոցի ցանկացած անօրինական, քրեորեն պատժելի տիրում,

ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածություն` ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական պահպանվածությունը դրա հայտնաբերման, առգրավման կամ կալանք դնելու ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի զննության մասին կազմված արձանագրության մեջ նշված վիճակում` մինչև տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման մասին հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման ուժի մեջ մտնելու պահը,

գրանցման փաստաթուղթ` լիազորված մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման, այդ թվում` ժամանակավոր գրանցման մասին փաստաթուղթ,

ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր` ավտոտրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

Կողմի իրավասու մարմին` պետական իրավապահ մարմին, որը, սույն Համաձայնագրի համաձայն, լիազորված է հարցումներ ուղարկելու հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին և որոշումներ ընդունելու դրանք վերադարձնելու մասին և/կամ, համաձայն ազգային օրենսդրության, իրավախախտման դեպքում իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցի հետախուզում, առգրավում կամ կալանում,

հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելը` հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին և/կամ հարցնող Կողմի իրավասու մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը, պահպանելով միջազգային պարտավորությունները և ազգային օրենսդրությունները, սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցում են ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հետ կապված հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման, քննության, հետախուզման և դրանց վերադարձնելը ապահովելու գործում:

Կողմերը միջոցներ են ձեռնարկում իրենց պետությունների տարածքից հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների դուրս տանելը կանխելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասու մարմինների միջոցով:

2. Իրավասու մարմինների ցանկը փոխանցվում է մյուս Կողմին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմի կողմից կատարվելու մասին ծանուցման հետ միասին:

3. Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը գրավոր տեղեկացնում է մյուս Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակությունը կանխելու, դրանց հետախուզումը և վերադարձնելն ապահովելու նպատակով պետք է օգտագործվեն քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` ինտերպոլի միջոցները, այդ թվում` նաև գլխավոր քարտուղարության կենտրոնական բազան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերից մեկի տարածքում հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, առգրավման կամ կալանման դեպքում այդ Կողմի իրավասու մարմինը նման ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման կամ կալանման օրվանից քսան օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը:

2. Նման ավտոտրանսպորտային միջոցի մասին ծանուցումը պարունակում է, մասնավորապես, հետևյալ տվյալները, եթե դրանք հայտնի են.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տիպը,

բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, շասսիի և շարժիչի համարները,

գ) ավտոտրանսպորտային միջոցի ագրեգատների համարների կամ գույնի փոփոխության մասին տեղեկություն,

դ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա տալու վայրը և ամսաթիվը,

ե) ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու վայրի, դրա տեխնիկական վիճակի և կազմի մասին տեղեկություն,

զ) ավտոտրանսպորտային միջոցը առգրաված կամ հայտնաբերած մարմնի անվանումը,

է) ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովող մարմնի անվանումը, ինչպես նաև հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել` ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու հնարավորության մասին տեղեկություն ստանալու համար,

ը) տեղեկություն այն մասին, թե օգտագործվե՞լ է արդյոք ավտոտրանսպորտային միջոցը հանցագործություն կատարելու հետ կապված:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը առգրաված կամ հայտնաբերած Կողմի իրավասու մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չեն կարող օգտագործել կամ տնօրինել այն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինը կարող է հարցում ուղարկել հարցվող Կողմի իրավասու մարմնին` ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր և պարունակում է, մասնավորապես, հետևյալ տվյալները.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տիպը,

բ) ավտոտրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը, թափքի, շասսիի և շարժիչի համարները,

գ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա տալու վայրը և ամսաթիվը,

դ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցված սեփականատերը,

ե) քրեական գործի համարը, տվյալներ այն մարմնի մասին, որի վարույթում գտնվում է գործը:

3. Հարցմանը կցվում են, հարցնող Կողմի օրենսդրության համաձայն, ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` նշելով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում անունով դրանք ձևակերպված են:

4. Հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից գրավոր ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի դրա ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանով կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցումը քննում է հարցումը ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, կայացնում է համապատասխան որոշում և այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին:

2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն` լրացուցիչ ժամկետ սահմանելով այն տրամադրելու համար, սակայն ոչ ավելի, քան քսան օր` հարցումը ստանալու պահից:

3. Որպես հափշտակված հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի կապակցությամբ Կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր ծագելու դեպքում դրա օրինական տիրոջ մասին հարցը լուծվում է դատական մարմինների միջոցով` համաձայն այն Կողմի ազգային օրենսդրության, որի տարածքում ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերվել կամ առգրավվել է:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Առգրավված կամ հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցը փոխանցվում է հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից հարցնող Կողմի ներկայացուցչին տրված` նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

2. Չպահանջված հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը կարող է ի սեփականություն հանձնվել այն պետության, որի տարածքում այն գտնվում է` տվյալ պետության օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է մյուս Կողմից ստացված տվյալների գաղտնիությունը, եթե հարցնող Կողմը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը: Գաղտնիության աստիճանը որոշում է հարցնող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրող Կողմի գրավոր համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցման կատարումը կարող է մերժվել այն դեպքերում, եթե.

ա) հարցվող Կողմի դատարանի որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցը հանձնվում է վերադարձնելու մասին հարցման մեջ որպես տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր չնշված անձին կամ նրա ներկայացուցչին,

բ) լրացուցիչ տեղեկության մասին հարցման պատասխանը չի տրամադրվել սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում,

գ) վերադարձնելու մասին հարցումը ուղարկվել է հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցը առգրավելու կամ հայտնաբերելու մասին ծանուցում ստացվելուց երեսուն օր անց,

դ) առկա են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելուն խոչընդոտող այլ օրինական հիմքեր:

2. Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ գրավոր ծանուցվում է հարցման կատարումը մերժելու մասին` մերժման պատճառների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցման կատարումը կարող է հետաձգվել, եթե.

ա) ավտոտրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ստացվել է հարցում, վարչական վարույթի, քրեական կամ դատական քննության կապակցությամբ առգրավվում է,

բ) ավտոտրանսպորտային միջոցի, որի վերաբերյալ ստացվել է վերադարձնելու մասին հարցում, սեփականության իրավունքի, առգրավման կամ կալանք դնելու հարցը հանդիսանում է հարցնող Կողմում տրված դատական հայցի առարկա մինչև տվյալ գործով դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը,

գ) Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցի լուծումը հետաձգելու մասին` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցները Կողմերի սահմանները հատելիս ենթակա չեն մաքսային հարկման, հարկերի, ակցիզների, գանձումների և այլ վճարումների, եթե ներկայացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է սույն Համաձայնագրի շրջանակներում:

2. Ավտոտրանսպորտային միջոցը առգրավելու և մինչև սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին և/կամ հարցնող Կողմի իրավասու մարմնին հանձնելու պահը պահպանելու հետ կապված ծախսերը կրում է հարցվող Կողմը:

3. Հարցնող Կողմի տարածք ավտոտրանսպորտային միջոցի վերադարձնելու հետ կապված ծախսերը կրում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ հարցնող Կողմի իրավասու մարմինը` համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ:

4. Ավտոտրանսպորտային միջոցի վերադարձնելու հետ կապված ծախսերը ենթակա են հատուցման` համաձայն Կողմերի ազգային օրենսդրությունների:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը դադարեցնում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումը հետախուզման նախաձեռնող հանդիսացող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս և կիրառելիս ծագող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերի իրավասու մարմինները ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը, բացի սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածում նշվածներից: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարող է համաձայնեցվել այլ կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերը համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող նրանց իրավունքներն ու պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժան մաս հանդիսացող առանձին արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Կողմերից մեկը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը. Համաձայնագրի գործողությունը դադարում է դադարեցնելու մասին գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս անց:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում, 2006 թվականի հունիսի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007թ. հունիսի 2-ից:

 

 

pin
''
02.06.2006
Միջազգային պայմանագիր