Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարությունը,

ցանկանալով կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Ընդգրկված անձինք

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Ընդգրկված հարկեր

 

1. Սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտների և գույքի նկատմամբ կիրառվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը` ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտների, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճին վերաբերող հարկերը:

3. Համաձայնագիրը կկիրառվի գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ, և

iii) գույքահարկ,

(այսուհետ` հայկական հարկ),

բ) Ֆինլանդիայում`

i) պետական եկամտային հարկեր,

ii) իրավաբանական անձանցից եկամտահարկ,

iii) տեղական հարկ,

iv) եկեղեցական հարկ,

v) տոկոսներից աղբյուրի մոտ պահվող հարկ, և

vi) ոչ ռեզիդենտների եկամտից աղբյուրի մոտ պահվող հարկ,

(այսուհետ` ֆիննական հարկ):

4. Համաձայնագիրը կկիրառվի նաև ցանկացած նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

Ընդհանուր սահմանումներ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը միջազգային իրավունքին և ներպետական օրենսդրությանը համապատասխան,

բ) «Ֆինլանդիա» տերմինը նշանակում է Ֆինլանդիայի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Ֆինլանդիայի Հանրապետության տարածք և Ֆինլանդիայի Հանրապետության տարածքային ջրերին հարակից ցանկացած տարածք, որի նկատմամբ, համաձայն Ֆինլանդիայի օրենսդրության և միջազգային իրավունքին համապատասխան, կարող են իրականացվել Ֆինլանդիայի իրավունքները ծովի հատակի, ընդերքի և ստորին շերտի բնական պաշարների հետախուզման և շահագործման նկատմամբ,

գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Ֆինլանդիա,

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,

զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «ազգային անձ» տերմինը, կապված Պայմանավորվող պետության հետ, նշանակում է,

i) այդ Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որը իր կարգավիճակը որպես այդպիսին ստացել է այդ Պայմանավորվող պետությունում գործող օրենսդրության հիման վրա,

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազոր ներկայացուցիչներ,

ii) Ֆինլանդիայում` ֆինանսների նախարարություն, նրա լիազոր ներկայացուցիչ կամ մարմին, որը ֆինանսների նախարարության կողմից նշանակված է որպես իրավասու մարմին:

2. Պայմանավորվող պետության կողմից Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառվելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը: Այդ Պետության գործող` համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

Ռեզիդենտություն

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, ղեկավարման վայրի, հիմնադրման (գրանցման) վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա որևէ վարչատարածքային միավորը, պետական մարմինը կամ իշխանության տեղական մարմինը: Այդ տերմինը, այնուամենայնիվ, չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը: Եթե նա ունի իր մշտական կացարանը երկու Պետություններում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների ազգային անձ կամ նրանցից և ոչ մեկի ազգային անձ չի հանդիսանում, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան անձը (ոչ ֆիզիկական անձը) հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա կհամարվի միայն այն պետության ռեզիդենտը, որի օրենքներով ստեղծվել է, քանի դեռ երկու Պայմանավորվող պետությունները, իրենց ներքին օրենսդրության համաձայն, կկիրառեն ստեղծման չափանիշը որպես գերակայող անձի (ոչ ֆիզիկական անձի) հարկային պարտավորությունները որոշելու նպատակով: Այլապես Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ և կորոշեն Համաձայնագրի կիրառման եղանակը այդպիսի անձի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

Մշտական հաստատություն

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ շինարարությունը, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կազմում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե դրանց տևողությունը գերազանցում է ինը ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի` բացառապես գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար` բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես «ա», «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի համընդհանուր գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, երբ անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ (որին վերաբերում է 6-րդ կետը), գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է այդ պետությունում մշտական հաստատություն ունեցող` ցանկացած գործունեության նկատմամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այդ պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի վերածում մյուսի մշտական հաստատության:

 

ՀՈԴՎԱԾ 6

Եկամուտ անշարժ գույքից

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. ա) «Անշարժ գույք» տերմինը, հաշվի առնելով «բ» և «գ» ենթակետերի դրույթները, ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է խնդրո առարկա գույքը:

բ) Ամեն դեպքում «անշարժ գույք» տերմինը ներառում է շենքեր, անշարժ գույքին օժանդակ գույք, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասուն և սարքավորումներ, իրավունքներ, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունք (ուզուֆրուկտ) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքներ:

գ) Նավերը և օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. Այն դեպքում, երբ ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների տիրապետումը իրավունք է տալիս այդպիսի բաժնետոմսերի կամ բաժնետիրական իրավունքների սեփականատիրոջը օգտվելու ընկերության կողմից տնօրինվող անշարժ գույքից, ապա այդպիսի օգտվելու իրավունքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի տարածքում գտնվում է այդ անշարժ գույքը:

5. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ` նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն` լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստացի ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում: Սակայն ոչ մի այդպիսի նվազեցում չի թույլատրվի մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա որևէ այլ գրասենյակին վճարված գումարների նկատմամբ (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով), եթե այդպիսիք կան, արտոնագրերի կամ այլ իրավունքների օգտագործման համար` ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:

4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև բաշխելու հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ չի խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը հարկման ենթակա շահույթը հաշվառել ընդունված բաշխման եղանակի հիման վրա: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնելու պատճառով:

6. Նախորդ կետերի կիրառման դեպքում մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի կորոշվի միևնույն եղանակով, եթե հակառակն անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:

7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ծովային և օդային փոխադրումներ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև միավորումում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

Ասոցացված ձեռնարկություններ

 

1. Երբ`

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծված կամ սահմանված են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կստեղծվեին երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կհաշվեգրվեր նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

2. Երբ Պայմանավորվող պետությունը այդ պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և, համապատասխանաբար, հարկում այն շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս պետությունում ենթարկվել է հարկման, և այդ ձևով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջինը հիշատակված պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկություններին բնորոշ փոխհարաբերություններ, ապա այդ մյուս պետությունը կկատարի այդ շահույթի առնչությամբ այնտեղ գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ մյուս պետությունը ճշգրտումը համարի արդարացի: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի այլ դրույթները, իսկ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

Շահաբաժիններ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքների համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր է հանդիսանում այն ընկերությունը, որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Սույն կետի դրույթները չեն ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից ստացված եկամուտը` համաձայն այն պետության օրենսդրության, որի ռեզիդենտ է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս պետությունը չի կարող գանձել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

6. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից բաժնետոմսերի կամ այլ իրավունքների (որոնց կապակցությամբ վճարվել են շահաբաժինները) ստեղծման կամ փոխանցման հիմնական նպատակը կամ նպատակներից մեկը եղել է այդպիսի ստեղծման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը:

 

ՀՈԴՎԱԾ 11

Տոկոսներ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ պետության օրենքների համաձայն. սակայն եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից`

ա) Հայաստանում առաջացող տոկոսները ենթակա են հարկման միայն Ֆինլանդիայում, եթե այդ տոկոսները վճարվում են.

i) Ֆինլանդիայի պետությանը կամ իշխանության տեղական մարմնին կամ պետական մարմնին,

ii) Ֆինլանդիայի բանկին,

iii) արդյունաբերական համագործակցության ֆիննական հիմնադրամին (FINNFUND), ֆիննական արտահանման վարկավորմանը կամ «FINNVERA»-ին, որոնք ամբողջությամբ կամ մեծ մասամբ պատկանում են Ֆինլանդիայի պետությանը, կամ ցանկացած այլ հաստատության, որի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ,

բ) Ֆինլանդիայում առաջացող տոկոսները ենթակա են հարկման միայն Հայաստանում, եթե այդ տոկոսները վճարվում են.

i) Հայաստանի պետությանը կամ իշխանության տեղական մարմնին կամ պետական մարմնին,

ii) Հայաստանի կենտրոնական բանկին,

iii) Հայաստանի պետությունում հիմնադրված ցանկացած կազմակերպության, որը նույն բնույթի է, ինչ որ «ա» ենթակետի iii կետում նշվածները, կամ ցանկացած այլ հաստատության, որի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ,

գ) «ա» ենթակետում և «բ» ենթակետում նշված կամ հիշատակված որևէ մարմնի կողմից երաշխավորված վարկերից Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները ենթակա են հարկման միայն այդ մյուս պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից` անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ըստ սույն հոդվածի` ժամկետանց վճարման պատճառով կիրառվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտն է: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող` վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

8. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից պարտապահանջի (որի կապակցությամբ վճարվել են տոկոսները) առաջացման կամ փոխանցման հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է այդպիսի առաջացման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը:

 

ՀՈԴՎԱԾ 12

Ռոյալթի

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է` այդ պետության օրենքների համաձայն. սակայն եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը` 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վճարումների դեպքում,

բ) ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը` 3-րդ կետի «գ» ենթակետում նշված վճարումների դեպքում:

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացված ցանկացած տեսակի վճարում`

ա) ցանկացած համակարգչային ծրագրի, պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար,

բ) ցանկացած գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ օգտագործման իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին (նոուհաու) վերաբերող տեղեկության համար,

գ) գրական, արվեստի կամ գիտական աշխատանքների (ներառյալ կինոնկարների և հեռուստահեռարձակման կամ ռադիոհեռարձակման համար օգտագործվող ֆիլմերը կամ ձայներիզները) ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքերում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտն է: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա, յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից օգտագործման, իրավունքների առաջացման կամ տեղեկատվության (որոնց կապակցությամբ վճարվել է ռոյալթին) փոխանցման հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է այդպիսի առաջացման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը:

 

ՀՈԴՎԱԾ 13

Գույքի արժեքի հավելաճ

 

1. 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացվող արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս պետությունում, եթե այդպիսի ընկերության ակտիվների ավելի քան 50 տոկոսը կազմված է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային պատկանող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

4. Արժեքի հավելաճը, որը ստացվել է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից, ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

5. Սույն հոդվածի նախորդ կետերում չնշված որևէ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարողը:

 

ՀՈԴՎԱԾ 14

Անկախ անհատական ծառայություններ

 

1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար իր տրամադրության տակ չունի մշտապես օգտագործվող հաստատուն բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա, ապա այդ եկամուտը կարող է հարկվել մյուս պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

Կախյալ անհատական ծառայություններ

 

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված պետությունում, եթե`

ա) ստացողը գտնվում է մյուս պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում` համապատասխան օրացուցային տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում, և

բ) վարձատրությունը կատարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության ծախսերը չի կրում մյուս պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի կամ օդանավի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

Տնօրենների հոնորարներ

 

Որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի կամ ընկերության այլ համանման մարմնի անդամ` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացված տնօրենների հոնորարները և այլ համանման վճարումները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17

Արտիստներ և մարզիկներ

 

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի գործիչ` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անհատական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի այն եկամտի նկատմամբ, որը արվեստի գործիչը կամ մարզիկը ստացել է Պայմանավորվող պետությունում իրականացրած գործունեությունից, եթե այդ պետություն այցելությունը ամբողջովին կան մասամբ ֆինանսավորվել է մյուս Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ իշխանության տեղական մարմնի պետական միջոցներից: Այդ դեպքում այդ եկամուտը ենթակա է հարկման 7-րդ հոդվածին, 14-րդ հոդվածին կամ 15-րդ հոդվածին համապատասխան` ելնելով հանգամանքներից:

 

ՀՈԴՎԱԾ 18

Կենսաթոշակներ, անուիտետներ և համանման վճարներ

 

1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարած աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները կամ ցանկացած անուիտետը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին և հաշվի առնելով 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` վճարված կենսաթոշակները և Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության օրենսդրությամբ կամ սոցիալական ապահովագրության նպատակներով Պայմանավորվող պետության կողմից կազմակերպված ցանկացած պետական ծրագրով շնորհված պարբերական կամ միանվագ նպաստները կամ Պայմանավորվող պետությունում առաջացած ցանկացած անուիտետը կարող են հարկվել այդ պետությունում և այդ պետության օրենքների համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի վճարման համախառն գումարի 25 տոկոսը:

3. «Անուիտետ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` սահմանված գումար, որը պարբերաբար ենթակա է վճարման կյանքի ընթացքում` սահմանված ժամկետներում կամ որոշված կամ սահմանված ժամանակահատվածում` համաձայն համարժեք և լիակատար վճարմանը փոխարինող դրամական կամ արժեքային արտահայտությամբ (ոչ ծառայություններ մատուցելը) վճարումներ կատարելու պարտավորության:

 

ՀՈԴՎԱԾ 19

Պետական ծառայություն

 

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ պետությանը կամ մարմնին կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված` կենսաթոշակից տարբերվող ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

բ) Սակայն այդպիսի ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է ֆիզիկական անձը, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և ֆիզիկական անձը.

i) հանդիսանում է այդ պետության ազգային անձը, կամ

ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող պետության կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից կամ դրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ պետությանը կամ մարմնին կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ պետությունում և այդ պետության օրենսդրության համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի վճարումների համախառն գումարի 25 տոկոսը:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է ֆիզիկական անձը, եթե նա այդ պետության ազգային անձն է:

3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց ստացած աշխատավարձի, ռոճիկի և այլ համանման վարձատրությունների ու կենսաթոշակների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20

ՈՒսանողներ և պրակտիկանտներ

 

ՈՒսանողը կամ սկսնակը կամ պրակտիկանտը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված պետությունում բացառապես ուսման կամ վերապատրաստվելու նպատակով, այդ պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ վերապատրաստվելու համար ստացած վճարումներից, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

 

ՀՈԴՎԱԾ 21

Այլ եկամուտ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 22

Գույք

 

1. 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն ընկերությունում բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների տեսքով ներկայացված գույքը, որի ակտիվների կեսից ավելին բաղկացած է Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ պետությունում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային պատկանող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

4. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավերի ու օդանավերի և այդպիսի նավերի ու օդանավերի շահագործմանը վերաբերող` շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23

Կրկնակի հարման բացառումը

 

1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Ֆինլանդիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս`

i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Ֆինլանդիայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,

ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Ֆինլանդիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Ֆինլանդիայում:

2. Հաշվի առնելով միջազգային կրկնակի հարկման բացառմանը վերաբերող ֆիննական օրենքի դրույթները (որոնք չեն ազդում սույն փաստաթղթի հիմնական սկզբունքների վրա)` Ֆինլանդիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) երբ Ֆինլանդիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Հայաստանում, ապա Ֆինլանդիան, հետևելով «բ» ենթակետի դրույթներին, թույլ է տալիս այդ անձի ֆիննական եկամտի հարկի նվազեցում այն գումարի չափով, որը հավասար է Հայաստանում վճարված եկամտահարկին, համաձայն հայաստանյան օրենքներին և Համաձայնագրին, որը հաշվարկվում է նույն եկամտի նկատմամբ, որի նկատմամբ հաշվարկվել է ֆիննական հարկը,

բ) Ֆինլանդիայի ռեզիդենտ հանդիսացող և շահաբաժիններ վճարող ընկերությունում քվեարկության մասնակցելու իրավունքի ուղղակի առնվազն 10 տոկոսը վերահսկող ընկերությանը Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից վճարված շահաբաժինները ազատվում են ֆիննական հարկից:

3. Երբ, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատվում է հարկից, այդ պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 24

Անխտրականություն

 

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես` ռեզիդենտության նկատմամբ: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի դրույթներին, կկիրառվի նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անձնական զեղչեր, ազատումներ և նվազեցումներ տրամադրել, որոնք Պայմանավորվող պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով ենթակա կլինի նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին պարտք լինելիս:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված պետության այլ համանման ձեռնարկությունները:

5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կկիրառվեն բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25

Փոխհամաձայնեցման ընթացակարգ

 

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի, և եթե իրավասու մարմինը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա կձգտի գործը վճռել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն իրականացվում է` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած տարաձայնություն կամ կասկած կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով, այդ թվում` իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 26

Տեղեկատվության փոխանակում

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման կամ Պայմանավորվող պետությունների կողմից սահմանված` ցանկացած տեսակի և բնույթի հարկի վերաբերյալ ներքին օրենսդրության կատարման կամ կիրառման համար` այնքանով, որքանով դրանով սահմանված հարկումը չի հակասում Համաձայնագրին: Ֆինլանդիայի դեպքում այդպիսի տեղեկությունների փոխանակումը ներառում է նաև իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված հարկերը: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության ստացած` 1-ին կետում նշված ցանկացած տեղեկություն պետք է գաղտնի պահվի այնպես, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և կարող է հաղորդվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են 1-ին կետում նշված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննությամբ կամ վերոհիշյալ գործողությունների վերահսկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը:

4. Եթե տեղեկությունները պահանջվում են Պայմանավորվող պետության կողմից` սույն հոդվածին համապատասխան, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկատվության հավաքման իր միջոցները պահանջվող տեղեկությունները ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս պետությանը այդպիսի տեղեկությունները անհրաժեշտ չեն իր հարկման նպատակների համար: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթակա է 3-րդ կետի սահմանափակումներին, բայց ոչ մի դեպքում այդպիսի սահմանափակումները չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը հնարավորություն տվող` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ նա չունի ներքին հետաքրքրություն այդպիսի տեղեկության մեջ:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը հնարավորություն տվող` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, հավատարմագրված անձի կամ գործակալությունում աշխատող կամ վստահված անձի կողմից կամ վերաբերում է անձի սեփականության շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 27

Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների

անդամներ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 28

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Պայմանավորվող պետությունների կառավարությունները դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանադրական պահանջների կատարման մասին:

2. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 1-ին կետում նշված ծանուցումներից վերջինի ստացման օրվանից երեսուն օր հետո, և դրա դրույթները երկու Պայմանավորվող պետություններում կգործեն`

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,

բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ` ծանուցման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 29

Գործողության դադարեցումը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը երկու Պայմանավորվող պետություններում.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,

բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

 

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն, ֆիններեն և անգլերեն, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կնքելիս ներքոստորագրյալները համաձայնեցին Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հետևյալ դրույթների վերաբերյալ.

1. Համաձայնագրի առնչությամբ.

Համաձայնագրի նպատակներով համաձայնեցված է, որ սույն Համաձայնագրում օգտագործված «պետական մարմին» տերմինը նշանակում է` Պայմանավորվող պետության օրենսդրությամբ ստեղծված` պետական բնույթի ցանկացած իրավաբանական անձ, որում պետությունից կամ նրա իշխանության տեղական մարմնից բացի որևէ այլ անձ չի կարող ունենալ որևէ շահ:

2. 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի «բ» ենթակետի առնչությամբ.

Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի «բ» ենթակետի նպատակներով առաքումը ընդգրկում է միայն այն դեպքերը, երբ այն հիմնված է այդ առաքմանը նախորդող պայմանագրի վրա:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն, ֆիններեն և անգլերեն, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրը և արձանագրությունը ուժի մեջ են մտել 2007թ. դեկտեմբերի 30-ից:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - անգլերն տեքստը տես հաջորդ մասում

 

 

pin
''
16.10.2006
Միջազգային պայմանագիր