Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ...

 

 

i

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ/ԿԱՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

(1-ին մաս)

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը,

հաստատելով, որ ազդեցության ենթարկված կամ վտանգված տարածքներում բնակվող մարդիկ առավելագույն ուշադրության են արժանանում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործունեության շրջանակներում,

արտացոլելով միջազգային հանրության, այդ թվում պետությունների և միջազգային կազմակերպությունների անհանգստությունը անապատացման և երաշտի բացասական հետևանքների կապակցությամբ,

գիտակցելով, որ չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների ամբողջությունը զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի զգալի մասը և դրա բնակչության լայն զանգվածի համար բնակության միջավայր և գոյության միջոցների աղբյուր է հանդիսանում,

ընդունելով, որ անապատացումն ու երաշտը հանդիսանում են գլոբալ նշանակության հիմնախնդիրներ, քանի որ դրանց ազդեցությունը տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններով մեկ, և որ անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ են միջազգային հանրության համատեղ ջանքերը,

նշելով, որ զարգացող երկրների, հատկապես նվազագույն չափով զարգացած երկրների թվում մեծ է ծանր երաշտի և/կամ անապատացման ենթարկվող երկրների բաժնեմասը, և որ նշված երևույթների ողբերգական հետևանքները հատկապես ակներև են Աֆրիկայում,

նշելով նաև, որ անապատացումն առաջանում է ֆիզիկական, կենսաբանական, քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական գործոնների բարդ փոխգործակցության արդյունքում,

նկատի առնելով առևտրի և միջազգային տնտեսական հարաբերությունների այլ ասպեկտների ներգործությունը ազդեցության ենթարկված երկրների անապատացման դեմ պայքարելու կարողությունների վրա,

գիտակցելով, որ կայուն տնտեսական աճը, սոցիալական ոլորտի զարգացումը և աղքատության վերացումն առաջնակարգ խնդիրներ են և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում ազդեցության ենթարկված երկրների համար, հատկապես` Աֆրիկայում,

նկատի առնելով, որ անապատացումը և երաշտը անբարենպաստ ազդեցություն են գործում կայուն զարգացման վրա` առաջիններիս այնպիսի կարևոր գործոնների հետ փոխկապակցվածության պատճառով, ինչպիսիք են աղքատությունը,

բարձր գնահատելով պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում անցյալում գործադրված ջանքերն ու փորձը, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության երաշտի դեմ պայքարի միջոցառումների պլանի իրագործումը, որն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության անապատացման դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովի կողմից 1977 թվականին,

գիտակցելով, որ, չնայած անցյալում գործադրված ջանքերին, առաջընթացն անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում չարդարացրեց սպասումները և որ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար նոր և ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջվում բոլոր մակարդակների վրա,

ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովի կողմից ընդունված որոշումների գործունեությունն ու այժմեականությունը, մասնավորապես` 21-րդ օրակարգի և դրա 12-րդ գլխի, որոնցով և նախատեսվում են անապատացման դեմ պայքարի հիմքերը,

վերահաստատելով այդ կապակցությամբ 21-րդ օրակարգի 33-րդ գլխի 13-րդ կետով նախատեսված զարգացած պետությունների պարտավորությունները,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 47/188 որոշումը, մասնավորապես` այն նշանակությունը, որը դրանում տրվում է Աֆրիկային, անապատացման և երաշտի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության այլ որոշումներն ու ծրագրերը, ինչպես նաև աֆրիկյան պետությունների և այլ տարածաշրջանների համապատասխան հայտարարությունները,

վերահաստատելով շրջակա միջավայրի և զարգացման Ռիո դե Ժանեյրոյի հռչակագիրը, որի 2-րդ սկզբունքով նախատեսվում է, որ պետությունները` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինքնիշխան իրավունք ունեն շահագործելու սեփական ռեսուրսները շրջակա միջավայրի և զարգացման ոլորտում իրենց քաղաքականությանը համապատասխան և պարտավորվում են ապահովել, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո` իրենց ազգային իրավազորությունից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործունեություն վնաս չպատճառի այլ պետությունների շրջակա միջավայրին,

գիտակցելով, որ ազգային կառավարությունները վճռական դեր են կատարում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում, և որ առաջընթացն այդ ոլորտում կախված է ազդեցության ենթարկված շրջաններում համապատասխան միջոցառումների ծրագրերի իրագործումից,

գիտակցելով նաև անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության և ընկերակցության նշանակությունն ու անհրաժեշտությունը,

գիտակցելով նաև ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին արդյունավետ միջոցների, մասնավորապես` էական ֆինանսական միջոցների տրամադրման նշանակությունը` ներառյալ ֆինանսավորման նոր և լրացուցիչ աղբյուրների հայթայթման նշանակությունը, և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության կարևորությունը, առանց ինչի այդ պետությունները կդժվարանան լիարժեքորեն կատարել սույն Կոնվենցիային համապատասխան իրենց կողմից ստանձնած պարտավորությունները,

անհանգստություն արտահայտելով Կենտրոնական Ասիայի և անդրկովկասյան երկրների վրա անապատացման և երաշտի ազդեցության կապակցությամբ,

շեշտելով այն կարևոր դերը, որը կատարում են կանայք անապատացման և/կամ երաշտից տուժած տարածաշրջաններում, հատկապես` զարգացող երկրների գյուղական շրջաններում, և անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերում բոլոր մակարդակների վրա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը,

շեշտելով հասարակական կազմակերպությունների և այլ խոշոր խմբերի հատուկ դերը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերում,

նկատի առնելով փոխկապակցվածությունը անապատացման և այլ էկոլոգիական հիմնախնդիրների միջև, որոնց դեմ են առնում միջազգային և ազգային համայնքները,

նկատի առնելով նաև այն ներդրումը, որն անապատացման դեմ պայքարը կարող է կատարել Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի և շրջակա միջավայրի պահպանության մասին այլ կոնվենցիաների իրագործման մեջ,

համարելով, որ անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ռազմավարությունները ավելի արդյունավետ կլինեն, եթե հիմնված լինեն պատշաճ համակարգված դիտարկումների և ճշգրիտ գիտական գիտելիքների վրա և պարբերաբար վերագնահատվեն,

գիտակցելով ազգային նախագծերի և առաջնայնությունների իրագործմանը նպաստելու նպատակով միջազգային համագործակցության և ընկերակցության արդյունավետության բարձրացման և համադրման բարելավման հրատապ կարիք,

վճռական լինելով համապատասխան միջոցներ ձեռնարկել անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ուղղությամբ` ի շահ ներկա և ապագա սերունդների,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՄԱՍ 1

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիայի իմաստով.

ա/ «անապատացում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում մի շարք գործոնների ազդեցության, այդ թվում` կլիմային փոփոխության և մարդու գործունեության արդյունքում տեղի ունեցող հողերի քայքայումն է,

բ/ «անապատացման դեմ պայքար»-ն իր մեջ ներառում է միջոցառումներ, որոնք կայուն զարգացման ապահովման նպատակով իրականացվող` չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների հողային պաշարների համալիր զարգացման ծրագրի մասն են հանդիսանում և ուղղված են.

i) հողերի քայքայման կանխմանը և/կամ ծավալների սահմանափակմանը,

ii) մասնակիորեն քայքայված հողերի վերականգնմանը, և

iii) անապատացումից տուժած հողերի վերականգնմանը,

գ/ «երաշտ»-ը բնական երևույթ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն ցածր է նորմալ ֆիքսված մակարդակներից, ինչը հարուցում է ջրաբանական հավասարակշռության լուրջ խախտումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն են գործում հողային ռեսուրսների արգասավորության վրա,

դ/ «երաշտի հետևանքների նվազեցում»-ն այն միջոցառումների համալիրն է, որը կապված է երաշտի կանխատեսման հետ և ուղղված է երաշտի նկատմամբ հանրության և շրջակա միջավայրի խոցելիության նվազեցմանը, քանի որ դա մտնում է անապատացման հետ պայքարի շրջանակների մեջ,

ե/ «հող»-ը երկրային կենսաարտադրական համակարգ է, որն իր մեջ է ներառում բնահողը, ջուրը, բուսականությունը, այլ բիոզանգվածը, ինչպես նաև այդ համակարգի ներսում տեղի ունեցող էկոլոգիական և ջրաբանական գործընթացները,

զ/ «հողերի քայքայում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անջրդի վարելահողերի, ոռոգվող վարելահողերի, արոտների, անտառների և անտառուտների կենսաբանական և տնտեսական արգասավորության նվազեցումն է կամ կորուստը, որն առաջանում է հողօգտագործման կամ մեկ կամ մի շարք գործընթացների, այդ թվում` մարդու գործունեության և տարաբնակեցման մոդելների հետ կապված այնպիսի գործընթացների ազդեցության արդյունքում, ինչպիսիք են.

i) բնահողերի հողմային և/կամ ջրային էրոզիա,

ii) բնահողերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կամ տնտեսական հատկությունների վատթարացում,

iii) բնական բուսական ծածկույթի երկարաժամկետ անհայտացում,

է/ «չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններ»-ը այն շրջաններն են` բացառությամբ բևեռային և բևեռաշրջանամերձ շրջանների, որտեղ տեղումների միջին տարեկան մակարդակի և ընդհանուր պոտենցիալ գոլորշիացման հարաբերակցությունը տատանվում է 0,05-ից մինչև 0,65,

ը/ «ազդեցության ենթարկված շրջաններ»-ը չորային, կիսաչորային և/կամ չոր ենթախոնավ շրջաններն են, որոնք ենթարկվել են անապատացման կամ որոնց սպառնում է անապատացման վտանգ,

թ/ «ազդեցության ենթարկված երկրներ»-ը այն երկրներն են, որոնց ցամաքային մակերեսն ընդգրկում է ամբողջությամբ կամ մասնակիորեն ազդեցության ենթարկված շրջաններ,

ժ/ «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն»-ը տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություն է, որի իրավազորություններն ընդգրկում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերը, և որը պատշաճ կերպով լիազորված է իր ներքին ընթացակարգերին համապատասխան ստորագրել, վավերացնել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան,

ժա/ «Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններ»-ը սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն են և դրանց կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն են:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակը անապատացման դեմ պայքարն է ու երաշտի հետևանքների նվազեցումն այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես` Աֆրիկայում` բոլոր մակարդակների վրա արդյունավետ քայլեր ձեռնարկելու միջոցով և 21-րդ օրակարգին համապատասխանող և ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման ապահովմանն ուղղված համալիր մոտեցման շրջանակներում ծավալվող միջազգային համագործակցության և ընկերակցության մասին համաձայնագրերի միջոցով:

2. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ռազմավարություն մշակել ազդեցության ենթարկված շրջանների համար, որն ուղղված կլինի հողերի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանմանը, կայուն և ռացիոնալ շահագործմանը` ընդհանուր կենսամակարդակի բարձրացման նպատակով, հատկապես` համայնքների մակարդակի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու և Կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար Կողմերը ղեկավարվում են, մասնավորապես, հետևյալ սկզբունքներով.

ա/ Կողմերն ապահովում են, որ անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված որոշումներն ընդունվեն բնակչության և տեղական համայնքների մասնակցությամբ, և որ ավելի բարձր մակարդակների վրա բարենպաստ պայմաններ ստեղծվեն ազգային և տեղական մակարդակի վրա միջոցառումներ իրականացնելու համար,

բ/ Կողմերը, միջազգային համերաշխության և ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում և ընդլայնում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա ծավալվող համագործակցությունն ու համադրումը և ավելի արդյունավետ են կենտրոնացնում ֆինանսական, մարդկային, կազմակերպական և տեխնիկական ռեսուրսներն այնտեղ, որտեղ առկա է դրանց անհրաժեշտությունը,

գ/ Կողմերն, ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում են կառավարման բոլոր օղակների, միմյանց համայնքների, հասարակական կազմակերպությունների և հողատերերի միջև համագործակցությունը, որպեսզի ձեռք բերեն ազդեցության ենթարկված շրջանների հողերի ու փոքրաքանակ ջրային ռեսուրսների բնույթի և նշանակության ավելի խորը իմացություն և ապահովեն դրանց կայուն շահագործումը, և

դ/ Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` առավել վատ զարգացած պետությունների հատուկ կարիքներն ու պայմանները:

 

ՄԱՍ 2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները` անհատականորեն կամ համատեղ, գործող կամ ապագա երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների կամ դրանց համակցությունների շրջանակներում` կախված հանգամանքներից և հատուկ ուշադրություն դարձնելով բոլոր մակարդակների վրա երկարաժամկետ համաձայնեցված ռազմավարության մշակման համար ջանքերի համադրման անհրաժեշտության վրա:

2. Ձգտելով սույն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը, Կողմերը.

ա/ համալիր մոտեցում են ընդունում անապատացման և երաշտի ֆիզիկական, կենսաբանական և սոցիալ-տնտեսական ասպեկտների նկատմամբ,

բ/ համապատասխան միջազգային և տարածաշրջանային մարմինների շրջանակներում պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների դրությանն այն ամենում, ինչ վերաբերվում է միջազգային առևտրին, մարկետինգի և պարտքերի մասին համաձայնագրերին` կայուն զարգացման նպատակների իրագործմանը նպաստող բարենպաստ միջազգային տնտեսական մթնոլորտի ձևավորման նպատակով,

գ/ աղքատության արմատապես վերացմանն ուղղված ռազմավարություններն ինտեգրացվում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ջանքերի մեջ,

դ/ նպաստում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների միջև համագործակցությանը շրջակա միջավայրի պաշտպանության և հողային ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում, քանի որ այդ համագործակցությունը նպաստում է անապատացման և երաշտի դեմ պայքարին,

ե/ ամրապնդում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը,

զ/ համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ,

է/ պատշաճ կերպով սահմանում են կազմակերպական մեխանիզմները` հաշվի առնելով կրկնօրինակություններից խուսափելու անհրաժեշտությունը,

ը/ նպաստում են գործող երկկողմ և բազմակողմ ֆինանսական մեխանիզմների ու պայմանավորվածությունների կիրառմանը, որոնք մոբիլիզացնում են խոշոր ֆինանսական միջոցներ և դրանք ուղղում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման միջոցառումների իրականացման համար:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները իրավունք ունեն աջակցություն ստանալ Կոնվենցիայի իրագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարտավորվում են.

ա/ առաջնահերթ ուշադրություն դարձնել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը և անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել` սեփական պայմաններին և հնարավորություններին համապատասխան,

բ/ ռազմավարական պլանների և կայուն զարգացման ռազմավարությունների շրջանակներում մշակել ռազմավարություններ և սահմանել առաջնայնություններ, ուղղված անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը,

գ/ ուսումնասիրել անապատացման հիմքում ընկած պատճառների վերացման խնդիրները և հատուկ ուշադրություն հատկացնել անապատացման գործընթացների զարգացմանը նպաստող սոցիալ-տնտեսական գործոններին,

դ/ նպաստել տեղական բնակչության տեղեկացվածության ապահովմանը և, հասարակական կազմակերպությունների աջակցությամբ` այդ բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցությանը անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին,

ե/ բարենպաստ մթնոլորտ ստեղծել համապատասխան գործող օրենսդրության պատշաճ հզորացման միջոցով, իսկ այդպիսի օրենսդրության բացակայության դեպքում` նոր օրենքների ընդունման, երկարաժամկետ քաղաքականության և միջոցառումների ծրագրերի մշակման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԱՐԳԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված իրենց ընդհանուր պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները պարտավորվում են.

ա/ անհատականորեն կամ համատեղ, ըստ պայմանավորվածության, ակտիվ օժանդակություն ցուցաբերել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների և առավել թույլ զարգացած պետությունների անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերին,

բ/ ապահովել էական ֆինանսական միջոցների և աջակցության այլ միջոցների հատկացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով, արդյունավետ կերպով մշակել և իրագործել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված սեփական երկարաժամկետ ծրագրերն ու ռազմավարությունները,

գ/ 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, նպաստել ֆինանսավորման նոր և լրացուցիչ աղբյուրների մոբիլիզացմանը,

դ/ խրախուսել ֆինանսական միջոցների մոբիլիզացումը մասնավոր հատվածից և այլ ոչ պետական աղբյուրներից, և

ե/ օժանդակել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների, հատկապես` Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների համապատասխան տեխնոլոգիաներից, գիտելիքներից և «նոու-հաուից» օգտվելու հնարավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՖՐԻԿԱՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

 

Սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքում Կողմերն առաջնահերթ ուշադրություն են նվիրում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին` այդ տարածաշրջանում ծագած ցանկացած իրավիճակի լույսի տակ, միաժամանակ չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված այլ զարգացող պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ

 

1. Կողմերը խրախուսում են սույն Կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործունեությունը, եթե դրանք այդ կոնվենցիաների կողմեր են հանդիսանում` յուրաքանչյուր նշված համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեությունից առավելագույն օգուտներ քաղելու նպատակով` միաժամանակ խուսափելով ջանքերի կրկնօրինակումներից: Կողմերը խրախուսում են համատեղ ծրագրերի իրականացմանը, հատկապես` գիտական հետազոտությունների, կադրերի պատրաստման, համակարգված դիտարկումների և տեղեկատվության փոխանակման ոլորտներում` այնքանով, որքանով այդպիսի գործունեությունը կարող է նպաստել համապատասխան համաձայնագրերի նպատակների իրականացմանը:

2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում ցանկացած Կողմի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են որևէ երկկողմ, տարածաշրջանային կամ գլոբալ համաձայնագրով, որը տվյալ Կողմը կնքել է մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

 

ՄԱՍ 3

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

 

ԲԱԺԻՆ 1
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 9. ԲԱԶԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման ընթացքում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները կամ ազդեցության ենթարկված ցանկացած այլ պետություն, որը, տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին իր հավելվածի շրջանակներում կամ որևէ այլ եղանակով, մշտական Քարտուղարությանը գրավոր կերպով ծանուցել է միջոցառումների ազգային ծրագիր պատրաստելու իր մտադրության մասին, պատշաճ կերպով մշակում, հրապարակում և իրագործում են միջոցառումների ազգային ծրագրեր, հիմնվելով, որքանով դա հնարավոր է, համապատասխան գործող և հաջողությամբ իրագործվող պլանների, ծրագրերի և ենթատարածաշրջանային ու տարածաշրջանային ծրագրերի վրա, որոնք անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ռազմավարության կենտրոնական տարրն են հանդիսանում: Այդ ծրագրերը թարմացվում են բնակչության մասնակցության շարունակական գործընթացի շրջանակներում` տեղերում իրագործման ժամանակ կուտակված փորձի և գիտական հետազոտությունների արդյունքների հիմքի վրա: Միջոցառումների ազգային ծրագրերի մշակման գործընթացը սերտորեն կապված է կայուն զարգացման ապահովման նպատակով ազգային քաղաքականության ձևակերպմանն ուղղված այլ ջանքերի հետ:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից 6-րդ հոդվածին համապատասխան տարբեր տեսակի աջակցության ցուցաբերման դեպքում առաջնակարգ է համարվում, ինչպես դա համաձայնեցվել է, աջակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերին, որը ցուցաբերվում է ուղղակիորեն, համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով կամ էլ այդ երկու ուղիներով միասին:

3. Կողմերը նպաստում են, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինները, հիմնադրամները և ծրագրերը, ինչպես նաև համագործակցելու կարողություններ ունեցող այլ միջազգային կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, գիտական շրջանակները և հասարակական կազմակերպություններն իրենց իրավասությունների և կարողությունների շրջանակներում օժանդակություն ցուցաբերեն միջոցառումների ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև դրանց հետ կապված հետագա միջոցառումների իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Միջոցառումների ազգային ծրագրերի նպատակը անապատացմանը նպաստող գործոնների և անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ գործնական միջոցների սահմանումն է:

2. Միջոցառումների ազգային ծրագրերին համապատասխան որոշվում են կառավարության, տեղական համայնքների և հողատերերի համապատասխան դերերը և սահմանվում են առկա և պահանջվող ռեսուրսները: Դրանք, մասնավորապես.

ա/ իրենց մեջ են ներառում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման երկարաժամկետ ռազմավարությունները, շեշտադրում են գործնական միջոցառումների կարևորությունը և կապակցվում են կայուն զարգացման ոլորտում ազգային քաղաքականության հետ,

բ/ թույլ են տալիս կատարել փոփոխություններ` ըստ փոփոխված հանգամանքների և պետք է բավականաչափ ճկուն լինեն տեղական մակարդակի վրա` սոցիալ-տնտեսական, կենսաբանական և երկրաֆիզիկական տարբեր պայմաններում որոշումներ ընդունելու համար,

գ/ հատուկ ուշադրություն են դարձնում դեգրադացիայի չենթարկված կամ միայն մասնակիորեն ենթարկված հողերի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը,

դ/ նախատեսում են կլիմայական, օդերևութաբանական և ջրաբանական հետազոտությունների ազգային բազայի ամրապնդումը և երաշտի մասին վաղ ազդարարման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կարողությունների ընդլայնումը,

ե/ նպաստում են ընկերակցության ոգուն համապատասխան համագործակցության և համադրման զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը և կազմակերպական մեխանիզմների ամրապնդմանը դոնորների, կառավարական մարմինների, տեղական բնակչության և համայնքների միջև և միջոցներ են ձեռնարկում տեղական բնակչության տեղեկացվածության և համապատասխան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունների ապահովման ուղղությամբ,

զ/ նախատեսում են տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակների վրա հասարակական կազմակերպությունների և տեղական բնակչության` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, հատկապես` ռեսուրսներն օգտագործողների, այդ թվում` հողագործների և անասնապահների և դրանց ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ մասնակցությունը քաղաքականության մշակմանը, որոշումների կայացմանը, միջոցառումների ազգային ծրագրերի իրականացմանն ու հետագա վերլուծությանը, և

դ/ պահանջում են անցկացնել այդ աշխատանքների պարբերական դիտարկումներ և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել այդ աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ:

3. Միջոցառումների ազգային ծրագրերը կարող են, մասնավորապես, ներառել երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված հետևյալ միջոցները կամ դրանցից մի քանիսը.

ա/ վաղ ազդարարման համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ տեղական և ազգային միջոցներն, ինչպես նաև ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա գործող համատեղ համակարգերը, էկոլոգիական նկատառումներով տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման մեխանիզմները,

բ/ երաշտին պատրաստվածության և երաշտի հետևանքների վերացման ներուժի հզորացում, ներառյալ տեղական, ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա երաշտի դեմ պայքարի արտակարգ ծրագրերը, որոնցում հաշվի են առնված ինչպես սեզոնային, այնպես էլ միջին տարեկան կլիմայական կանխատեսումները,

գ/ պարենային անվտանգության համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ պահպանման և իրացման միջոցները, հատկապես` գյուղական շրջաններում,

դ/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն առնչվող ծրագրերի մշակում, որոնք կարող են ապահովել եկամուտների ստացում երաշտից տուժած շրջաններում,

ե/ ոռոգման կայուն ծրագրերի մշակում ինչպես հողագործության, այնպես էլ անասնապահության կարիքների համար:

4. Հաշվի առնելով Կոնվենցիայի անդամ հանդիսացող յուրաքանչյուր տուժած պետության կոնկրետ պայմաններն ու կարիքները, միջոցառումների ազգային ծրագրերը պատշաճ կերպով ընդգրկում են, մասնավորապես, միջոցառումների իրականացում ստորև թվարկված որոշակի կամ բոլոր ոլորտներում, որքանով այդ միջոցառումներն առնչվում են անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն այդ երևույթներից տուժած շրջաններում և համապատասխանում են այդ շրջանների բնակչության շահերին. ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների հայթայթում և ազգային տնտեսական իրավիճակի բարելավում` աղքատության արմատապես վերացմանն ու պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի ամրապնդման նպատակով, ժողովրդագրական զարգացման դինամիկան, բնական պաշարների կայուն կառավարում, գյուղատնտեսության վարման կայուն մեթոդներ, էներգիայի տարբեր աղբյուրների զարգացում և արդյունավետ օգտագործում, ինստիտուցիոնալ և իրավական շրջանակներ, գնահատման և մոնիտորինգի կարողությունների հզորացում` ներառյալ ջրաբանական և օդերևութաբանական ծառայությունները, ներուժի հզորացում, հանրության կրթություն և տեղեկացում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցում և համագործակցում են միմյանց միջև տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին համապատասխան հավելվածների դրույթների համաձայն միջոցառումների ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային ծրագրերի մշակման նպատակով, որոնք ուղղված են ազգային ծրագրերի համադրմանը, լրացմանը և արդյունավետության բարձրացմանը: 10-րդ հոդվածի հավելվածները, ներառելով անհրաժեշտ փոփոխությունները, կիրառվում են նաև ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի նկատմամբ: Համագործակցությունը կարող է ներառել անդրսահմանային բնական պաշարների կայուն կառավարման համատեղ համաձայնեցված ծրագրեր, գիտական և տեխնիկական համագործակցություն և համապատասխան հաստատությունների հզորացում:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններն` այլ պետությունների և միջազգային հանրության հետ համատեղ, համագործակցում են սույն Կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների իրագործման համար բարենպաստ միջազգային իրավիճակի ձևավորումն ապահովելու նպատակով: Այդ համագործակցությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների փոխանակումը, գիտական հետազոտությունները և մշակումները, տեղեկատվության հավաքումն ու տարածումը և ֆինանսական ռեսուրսները:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. 9-րդ հոդվածին համապատասխան ցուցաբերվող աջակցությունն իր մեջ ներառում է մասնավորապես.

ա/ անհրաժեշտ երկարաժամկետ պլանավորում նախատեսող ֆինանսական համագործակցությունը` միջոցառումների ծրագրերի իրականացման գործընթացի կանխատեսելիության ապահովման նպատակով,

բ/ համագործակցության այնպիսի մեխանիզմների մշակում և կիրառում, որոնք թույլ են տալիս տեղական մակարդակի վրա աջակցությունը ավելի արդյունավետ ցուցաբերել, այդ թվում` հասարակական կազմակերպությունների միջոցով` համապատասխան դեպքերում ծրագրերով նախատեսված հաջող փորձարարական միջոցառումների տարածմանն օժանդակելու նպատակով,

գ/ ծրագրերի մշակման, ֆինանսավորման և իրականացման ճկունության ապահովում փորձնական տիպային մոտեցմանը համապատասխան, որը նախատեսված է տեղական համայնքների մակարդակի վրա բնակչության ընդգրկմամբ իրականացվող միջոցառումների համար,

դ/ վարչարարական և բյուջետային անհրաժեշտ ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս բարձրացնել համագործակցության և աջակցության ծրագրերի արդյունավետությունը:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին այդպիսի աջակցություն ցուցաբերելիս առաջնահերթությունը տրվում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող առավել թույլ զարգացած պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերը` ուղղակիորեն կամ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների միջոցով, սերտորեն համագործակցում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում:

2. Կողմերը ստեղծում են գործուն մեխանիզմներ, մասնավորապես` ազգային մակարդակի վրա և տեղերում, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների միջև համադրման ապահովման համար` կրկնօրինակումից խուսափելու, գործողությունների և մոտեցումների համաձայնեցվածությունն ապահովելու և տրամադրվող աջակցությունից առավելագույն հնարավոր օգուտներ քաղելու նպատակով: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում առաջնահերթ ուշադրության է արժանանալու միջազգային համագործակցության համադրմանը` պաշարների առավել արդյունավետ օգտագործման, արդյունավետ աջակցության ապահովման և սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների ազգային ծրագրերի և առաջնայնությունների իրականացմանը նպաստելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Միջոցառումների ծրագրերի բաղադրիչներն ընտրվում և հարմարեցվում են ըստ սոցիալ-տնտեսական, աշխարհագրական և կլիմայական գործոնների, որոնք կիրառվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում կամ տարածաշրջաններում` հաշվի առնելով նաև վերջիններիս զարգացման մակարդակը: Միջոցառումների ծրագրերի մշակման ղեկավար սկզբունքները և առանձին ենթատարածաշրջանների ու տարածաշրջանների համար ծրագրերի որոշակի ուղղվածությունն ու բովանդակությունը սահմանվում են տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներում:

 

ԲԱԺԻՆ 2
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը համաձայնում են համալիր կերպով իրականացնել և համադրել համապատասխան կարճաժամկետ կամ երկարաժամկետ տվյալների և տեղեկությունների հավաքումն ու վերլուծությունը, ինչպես նաև դրանց փոխանակումը` տուժած շրջաններում հողերի դեգրադացիայի համակարգված դիտարկումների անցկացման և երաշտի ու անապատացման գործընթացների և դրանց հետևանքների ավելի խորը ըմբռնման և վերլուծության նպատակով: Դրա շնորհիվ, մասնավորապես, կապահովվի անբարենպաստ կլիմայական փոփոխությունների ժամանակահատվածների մասին վաղ ազդարարումը և այդ ժամանակահատվածների համար միջոցառումների նախապես պլանավորումը, որը կիրականացվի այնպես, ինչպես առավել հարմար կլինի օգտագործողների, մասնավորապես` տեղական բնակչության կողմից բոլոր մակարդակների վրա կիրառելու համար: Դրա համար Կողմերը պատշաճ ձևով.

ա/ օժանդակում և ամրապնդում են տեղեկությունների հավաքմամբ, փոխանակմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև բոլոր մակարդակների վրա համակարգված դիտարկումներով զբաղվող այն հաստատությունների և ծառայությունների համաշխարհային ցանցի աշխատանքը, որոնք, մասնավորապես.

i) ձգտում են կիրառել համատեղելի չափանիշներ և համակարգեր,

ii) ընդգրկում են համապատասխան տվյալներ և կայաններ, այդ թվում` հեռավոր շրջաններում,

iii) օգտագործում և տարածում են հողերի դեգրադացիայի մասին տվյալների հավաքման, հաղորդման և գնահատման ժամանակակից տեխնոլոգիաներ,

iv) ավելի սերտ հարաբերություններ են հաստատում տվյալների և տեղեկությունների մշակման ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային կենտրոնների և տեղեկությունների համաշխարհային աղբյուրների միջև,

բ/ ապահովում են, որ տեղեկությունների հավաքումը, վերլուծությունը և փոխանակումը համապատասխանեն տեղական համայնքների և ղեկավար մարմինների կարիքներին կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, և որ տեղական համայնքները մասնակցեն այդ գործունեությանը,

գ/ օժանդակում են երկկողմ և բազմակողմ այն ծրագրերի և նախագծերի մշակմանը և հետագա զարգացմանը, որոնք ուղղված են տվյալների և տեղեկությունների հավաքման ու վերլուծության անհրաժեշտության որոշմանը, անցկացմանը, գնահատմանը և ֆինանսավորմանը և այդ տեղեկությունների փոխանակմանը` ներառյալ, այդ թվում, ֆիզիկական, կենսաբանական, սոցիալական և տնտեսական ցուցանիշների խմբերը,

դ/ լիարժեքորեն օգտագործում են միջկառավարական և հասարակական իրավասու կազմակերպությունների հատուկ գիտելիքները և փորձը` հատկապես` տարբեր շրջաններում օգտագործողների խմբերի միջև համապատասխան տեղեկությունների և փորձի տարածման նպատակով,

ե/ պատշաճ ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական տվյալների հավաքմանն ու վերլուծությանը, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությանը ֆիզիկական և կենսաբանական տվյալների հետ,

զ/ կատարում են տեղեկությունների փոխանակում և ապահովում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների բաց և օպերատիվ ստացումը բոլոր հանրամատչելի աղբյուրներից, և

է/ հաշվի առնելով համապատասխան ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, կատարում են տեղեկությունների փոխանակում տեղական բնակչության գիտելիքների մասին, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ` ապահովելով այդ գիտելիքների պատշաճ պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկելով, որպեսզի տեղական բնակչությունը կարողանա արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմաններով քաղել այդ գիտելիքների շնորհիվ ստացվող օգուտները:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ

 

1. Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը պարտավորվում են օժանդակել գիտատեխնիկական համագործակցությանը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մարմինների միջոցով: Դրա համար Կողմերն օժանդակում են հետազոտական գործունեությանը, որը.

ա/ նպաստում է անապատացման և երաշտի առաջացմանը տանող գործընթացների, ինչպես նաև բնական ու մարդկային պատճառական գործոնների դերի մասին գիտելիքների ընդլայնմանը` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման, ինչպես նաև պաշարների ռացիոնալ օգտագործման և կառավարման նպատակով,

բ/ ունի հստակ սահմանված նպատակներ, համապատասխանում է տեղական բնակչության կոնկրետ կարիքներին և տանում է դեպի այնպիսի որոշումների մշակումն ու կատարումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել տուժած շրջանների կենսամակարդակը,

գ/ պաշտպանում, ընդհանրացնում, խորացնում և հաստատում է ավանդական և տեղական գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան` ապահովելով, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, որ այդ գիտելիքները կրողները արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմանների համաձայն քաղեն այդ գիտելիքների ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից կամ իրենց շնորհիվ հնարավոր դարձած տեխնիկական ձեռքբերումներից առաջացած օգուտները,

դ/ զարգացնում և ամրապնդում է ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային հետազոտական բազան Կոնվենցիայի Կողմն հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում, հատկապես` Աֆրիկայում, ներառյալ հմտությունների կատարելագործումը տեղերում և համապատասխան հնարավորությունների ընդլայնումը հատկապես այն երկրներում, որտեղ հետազոտական բազան շատ թույլ է զարգացած, միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության մասնակցությամբ իրականացվող բազմադիսցիպլինար և սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող հետազոտությունների վրա,

ե/ հաշվի է առնում, որտեղ անհրաժեշտ է, աղքատության, էկոլոգիական գործոնների ազդեցության արդյունքում առաջացած միգրացիայի և անապատացման միջև փոխկապակցվածությունը,

զ/ խրախուսում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային հետազոտական կազմակերպությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում` ավելի կատարելագործված, տնտեսապես արդարացված և մատչելի տեխնոլոգիաների զարգացման նպատակով, ինչն ուղղված է տեղական բնակչության և համայնքների ակտիվ մասնակցության վրա հիմնված կայուն առաջընթացի ապահովմանը,

է/ նպաստում է ազդեցության ենթարկված շրջաններում ջրային պաշարների ծավալի մեծացմանն, այդ թվում` ամպերի վրա քիմիական ներգործության մեթոդների կիրառման միջոցով:

2. Կոնկրետ տարածաշրջանների և ենթատարածաշրջանների համար մշակված հետազոտությունների ծրագրերի առաջնահերթ ուղղությունները, որոնք հաշվի են առնում տեղական պայմանների առանձնահատկությունները, պետք է ներառվեն միջոցառումների ծրագրերի մեջ: Կողմերի Խորհրդաժողովը Գիտության և տեխնիկայի կոմիտեի առաջարկությամբ պարբերաբար անց է կացնում հետազոտությունների առաջնահերթ ուղղությունների ուսումնասիրում և վերանայում:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

1. Փոխադարձ համաձայնեցված պայմաններով և իրենց ազգային օրենսդրությանը և/կամ քաղաքականությանը համապատասխան, Կողմերը պարտավորվում են խրախուսել, ֆինանսավորել և/կամ հեշտացնել էկոլոգիապես մաքուր, տնտեսապես ապահով և սոցիալապես ընդունելի տեխնոլոգիաների փոխանցման, ձեռքբերման, հարմարեցման և զարգացման ֆինանսավորումը, որոնք կարող են կիրառվել անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման համար ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին նպաստելու նպատակով: Այդպիսի համագործակցությունն իրականացվում է երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով` կախված հանգամանքներից` միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հատուկ գիտելիքների լիարժեք կիրառմամբ: Կողմերը մասնավորապես.

ա/ լիովին չափով օգտագործում են համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային գործող տեղեկատվական համակարգերը և համադրող տեղեկատվական մեխանիզմները առկա տեխնոլոգիաների և աղբյուրների, դրանց շահագործման հետ կապված շրջակա միջավայրին սպառնացող վտանգների և դրանց ձեռքբերման հիմնական պայմանների մասին տեղեկության տարածման նպատակներով,

բ/ հեշտացնում են, հատկապես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների համար և նպաստավոր, այդ թվում` արտոնյալ պայմաններով, փոխադարձ համաձայնությամբ և հաշվի առնելով մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այն տեխնոլոգիաների մատչելիությունը, որոնք առավել հարմար են գործնական կիրառման համար տեղական բնակչության հատուկ կարիքների բավարարման նպատակով` առաջնահերթ ուշադրություն դարձնելով այդ տեխնոլոգիաների սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական ներգործության առանձնահատկություններին,

գ/ նպաստում են տուժած Կողմերի միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը ֆինանսական և այլ տեսակի աջակցության ցուցաբերման միջոցով,

դ/ ընդլայնում են տեխնիկական համագործակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող տուժած զարգացող պետությունների հետ` նպատակահարմարության դեպքում ստեղծելով համատեղ ձեռնարկություններ հատկապես այն բնագավառներում, որոնց զարգացումը կարող է նպաստել ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ձևավորմանը, և

ե/ պատշաճ միջոցներ են ձեռնարկում ֆինանսական և այլ բնույթի ներքին շուկայական պայմանների և խթանների ստեղծման համար, որոնք նպաստում են համապատասխան տեխնոլոգիաների և գիտելիքների զարգացմանը, փոխանցմանը, ձեռքբերմանն ու տեղայնացմանը` ներառյալ մտավոր սեփականության իրավունքների պատշաճ և արդյունավետ պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցները:

2. Կողմերը, հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորություններն ու ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, պաշտպանում, խրախուսում և օգտագործում են, մասնավորապես, համապատասխան ավանդական և տեղական տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան և այդ նպատակով պարտավորվում են.

ա/ կազմել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև տեղական բնակչության մասնակցությամբ դրանց կիրառման հնարավորությունների ցանկեր և այդ ցանկերում ներառված տեղեկատվությունը տարածել համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ,

բ/ ապահովել, որ այդպիսի տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան պատշաճ կերպով պաշտպանված լինեն և որ տեղական բնակչությունը արդարացի և փոխհամաձայնեցված պայմաններով ուղղակի օգուտներ քաղի դրանց ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից և դրանց հիման վրա ստեղծված ցանկացած տեխնիկական մշակումներից,

գ/ խրախուսել և ակտիվորեն օժանդակել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև դրանց հիման վրա մշակված նոր տեխնոլոգիաների կատարելագործմանն ու տարածմանը,

դ/ պատշաճ կերպով նպաստել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի հարմարեցմանը բազմակողմանի օգտագործման համար և համապատասխան կերպով ապահովել դրանց ինտեգրացումը ժամանակակից տեխնոլոգիաներին:

 

ԲԱԺԻՆ 3
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 19. ՆԵՐՈՒԺԻ ՍՏԵՂԾՈՒՄ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

1. Կողմերն ընդունում են համապատասխան ներուժի, այսինքն` հաստատությունների ստեղծման, կադրերի պատրաստման և տեղերում համապատասխան հնարավորությունների զարգացման կարևորությունը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի շրջանակներում: Կողմերը պատշաճ կերպով նպաստում են ներուժի ստեղծմանը.

ա/ հասարակական և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությանը բոլոր մակարդակների վրա, մասնավորապես` տեղական մակարդակի վրա տեղական բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցության ապահովման միջոցով,

բ/ անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում ազգային գիտատեխնիկական ներուժի հզորացման միջոցով,

գ/ համապատասխան տեխնոլոգիական մեթոդների և միջոցների ավելի արդյունավետ տարածումն ապահովելու նպատակով օժանդակ ծառայությունների և գիտելիքների ու փորձի տարածման ծառայությունների ստեղծման և/կամ դրանց կարողությունների հզորացման միջոցով, ինչպես նաև տեղերում բնակչության մասնակցությամբ բնական պաշարների պաշտպանության և ռացիոնալ շահագործման մոտեցումներն առնչվող հարցերով աշխատակիցների և գյուղական կազմակերպությունների անդամների ուսուցման միջոցով,

դ/ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում տեղական բնակչության գիտելիքների, «նոու-հաուի», փորձի և պրակտիկայի կիրառմանն ու տարածմանը նպաստելու միջոցով,

ե/ անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսության և անասնապահության վարման էկոլոգիապես ընդունելի համապատասխան տեխնոլոգիաները և ավանդական մեթոդները առկա սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարեցնելու միջոցով,

զ/ փայտի, որպես վառելիք, օգտագործումից կախվածությունը նվազեցնելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների, հատկապես` վերականգնվող աղբյուրների օգտագործման հետ կապված` համապատասխան կադրերի ուսուցման և համապատասխան տեխնոլոգիաների տրամադրման միջոցով,

է/ 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տեղեկատվության հավաքման, վերլուծության և փոխանակման ծրագրեր մշակելու և իրագործելու Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների կարողությունները հզորացնելու նպատակով փոխադարձ համաձայնության հիմունքներով իրականացվող համագործակցության միջոցով,

ը/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների նորարար զարգացման միջոցով` ներառյալ ուսուցումը նոր հմտությունների ձեռքբերման ոլորտում,

թ/ անհրաժեշտ ղեկավար անձնակազմի և կառավարիչների, ինչպես նաև տվյալների հավաքման և վերլուծության, երաշտի պայմանների մասին վաղ ազդարարմանն առնչվող տեղեկատվության տարածման և օգտագործման և պարենի արտադրության համար պատասխանատու անձնակազմի ուսուցման միջոցով,

ժ/ գործող ազգային հաստատությունների և իրավական դաշտի ավելի արդյունավետ օգտագործման և, անհրաժեշտության դեպքում, նոր հաստատությունների և իրավական դաշտի ստեղծման միջոցով` ռազմավարական պլանավորման և կառավարման մեխանիզմների հզորացման հետ միասին,

ժա/ ուսուցման և ուսումնասիրության երկարաժամկետ ու ինտերակտիվ գործընթացի օգնությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների ներուժի ամրապնդման նպատակով ծանոթացնող բնույթի փոխադարձ այցերի միջոցով:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները, այլ Կողմերի և իրավասու միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, պատշաճ կերպով ազգային և տեղական մակարդակների վրա անց են կացնում առկա ներուժի և միջոցների, ինչպես նաև դրանց ամրապնդման և հզորացման հնարավորությունների միջդիսցիպլինար ուսումնասիրություն:

3. Կողմերը միմյանց միջև համագործակցում են ուղղակիորեն կամ իրավասու միջկառավարական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, ազդեցության չենթարկված պետություններում բնակչության տեղեկացման և գիտելիքների տարածման ծրագրերի իրականացման և դրանց օժանդակելու գործում` անապատացման և երաշտի պատճառների և հետևանքների ավելի խոր իմացությունն ապահովելու և սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևորությունն ավելի լավ գիտակցելու նպատակով: Այդ նպատակով Կողմերը.

ա/ կազմակերպում են հանրության լայն զանգվածներին ուղղված տեղեկատվական արշավներ,

բ/ մշտական հիմունքներով նպաստում են հանրության համար համապատասխան տեղեկատվության մատչելիության ապահովմանն, ինչպես նաև հանրության ակտիվ մասնակցությանը ուսուցման և գիտելիքների տարածման գործունեության մեջ,

գ/ խրախուսում են հանրության տեղեկացվածության ապահովմամբ զբաղվող ընկերակցությունների ստեղծումը,

դ/ մշակում են կրթական և տեղեկատվական նյութեր, հնարավորության դեպքում` տեղական լեզուներով և կատարում են այդ նյութերի փոխանակում, կատարում են փորձագետների փոխանակում և փորձագետներ են գործուղում Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններ` համապատասխան կրթական և գիտությունների տարածման ծրագրերի իրականացման գծով կադրերի վերապատրաստման նպատակով և լիարժեք կերպով օգտվում են իրավասու միջազգային մարմինների մոտ առկա համապատասխան կրթական նյութերից,

ե/ կատարում են ազդեցության ենթարկված շրջաններում կրթական կարիքների գնահատում, մշակում են համապատասխան դպրոցական ուսումնական պլաններ և, անհրաժեշտության սահմաններում, ընդլայնում են մեծահասակների համար կրթական ծրագրերը և, մասնավորապես, աղջիկների և կանանց հնարավորությունները բնական պաշարների բնորոշման, պահպանման, կայուն շահագործման, ինչպես նաև ազդեցության ենթարկված շրջաններում դրանց կառավարման գծով, և

զ/ մշակում է միջդիսցիպլինար ծրագրեր, որոնք նախատեսում են բնակչության մասնակցություն և որտեղ անապատացման և երաշտի հետ կապված հիմնախնդիրների հետ ծանոթացման հարցերը ներառված են կրթական համակարգերի մեջ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, կրթական ծրագրեր մեծահասակների համար և հեռակա ու գործնական ուսուցման ծրագրեր:

4. Կողմերի խորհրդաժողովը հիմնադրում և/կամ հզորացնում է անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար ուսուցման և կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կենտրոնների ցանցեր: Այդ ցանցերի գործունեությունը համադրվում է հատուկ դրա համար ստեղծված և համապատասխան լիազորություններով օժտված հաստատության կողմից` համապատասխան գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և, եթե անհրաժեշտ է, Կոնվենցիայի կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում կադրերի ուսուցման և վերապատրաստման համար պատասխանատու հաստատությունների հզորացման համար` դրանց միջև ծրագրերի համաձայնեցման և փորձի փոխանակման կազմակերպման նպատակով: Այդ ցանցերը սերտորեն համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ` ջանքերի հնարավոր կրկնօրինակումը բացառելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Նկատի առնելով ֆինանսավորման առաջնահերթ կարևորությունը սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար, Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, իրենց հնարավորությունների սահմաններում, ապահովելու համար, որպեսզի անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար հատկացվեն բավական չափով ֆինանսական միջոցներ:

2. Այս կապակցությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները, առաջնահերթ համարելով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին, սակայն չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններին, 7-րդ հոդվածին համապատասխան պարտավորվում են.

ա/ մոբիլիզացնել առկա ֆինանսական միջոցները` ներառյալ դրամաշնորհներն ու արտոնյալ փոխառությունները, անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,

բ/ օժանդակել բավականաչափ, ժամանակին և կանխատեսելի ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը` ներառելով Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցները` անապատացման և, Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի հիմնադրման մասին փաստաթղթի համապատասխան դրույթների համաձայն` Հիմնադրամի գործունեության չորս հիմնական ոլորտների հետ կապված միջոցառումների լրացուցիչ ծախսերը հատուցելու համար,

գ/ միջազգային համագործակցության միջոցով նպաստել տեխնոլոգիաների, գիտելիքների և «նոու-հաուի» փոխանակմանը,

դ/ Կոնվենցիայի Կողմն հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների հետ համատեղ ուսումնասիրել ֆինանսական միջոցների մոբիլիզացման և բաշխման նոր մեթոդները և խթանները, ներառյալ նրանք, որոնք հատկացվում են հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների կողմից, մասնավորապես` պարտքերի փոխադարձ մարման համակարգեր և այլ միջոցներ, որոնք մեծացնում են ֆինանսավորման ծավալները Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արտաքին պարտքերի բեռը թեթևացնելու միջոցով:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պարտավորվում են մոբիլիզացնել բավականաչափ ֆինանսական միջոցներ` միջոցառումների սեփական ծրագրերի իրականացման նպատակով:

4. Ֆինանսական միջոցների մոբիլիզացման ժամանակ, Կողմերը ձգտում են լիարժեք կերպով օգտագործել ֆինանսավորման բոլոր ազգային, երկկողմ և միջազգային մեխանիզմները և մշտապես ձգտել դրանց որակական կատարելագործմանը կոնսորցիումների ստեղծման, համատեղ ծրագրերի իրականացման և զուգահեռ ֆինանսավորման միջոցով, ինչպես նաև ձգտում են ներգրավել մասնավոր հատվածի ֆինանսավորման աղբյուրներ և մեխանիզմներ: Այս նպատակով Կողմերը լիարժեք կերպով օգտագործում են 14-րդ հոդվածին համապատասխան ստեղծվող օպերատիվ մեխանիզմները:

5. Անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով Կողմերը.

ա/ բավարարում և հզորացնում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար արդեն հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը դրանց ավելի արդյունավետ և տեղին օգտագործման, հաջողությունների և թերությունների գնահատման, դրանց արդյունավետ օգտագործմանը խանգարող խոչընդոտների վերացման և, անհրաժեշտության դեպքում, սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված համալիր երկարաժամկետ մոտեցման լույսի տակ ծրագրերի վերակողմնորոշման միջոցով,

բ/ բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մարմինների և հիմնադրամների ղեկավար մարմինների շրջանակներում` ներառյալ տարածաշրջանային զարգացման բանկերն ու հիմնադրամները, առաջնահերթ ուշադրություն են վերագրում և պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններին, մասնավորապես` աֆրիկյան պետություններին սույն Կոնվենցիայի իրագործմանն օժանդակող գործունեության, հատկապես` տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների շրջանակներում միջոցառումների ծրագրերի իրականացման գործում աջակցության ցուցաբերմանը, և

գ/ ուսումնասիրում են այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ամրապնդել տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունն` ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին աջակցելու նպատակով:

6. Կոնվենցիայի այլ Կողմերը խրախուսվում են կամավոր հիմունքներով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացմանն առնչվող գիտելիքներ, «նոու-հաու» տեխնոլոգիաներ և/կամ ֆինանսական միջոցների տրամադրումը:

7. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների լիարժեք կերպով կատարմանը մեծապես կնպաստի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարումը` ներառյալ այն պարտավորությունների, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների և տեխնոլոգիաների տրամադրմանը: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն իրենց պարտավորությունները կատարելիս պետք է լիարժեք կերպով հաշվի առնեն, որ տնտեսական ու սոցիալական զարգացումը և աղքատության վերացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Կողմերի խորհրդաժողովն օժանդակում է ֆինանսական մեխանիզմների առկայության ապահովմանը և նպաստում է, որ այդ մեխանիզմները առավելագույն չափով ապահովեն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների մոտ Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը: Այդ նպատակով Կողմերի խորհրդաժողովը քննարկում է, մասնավորապես, այնպիսի մոտեցումների և քաղաքականության ընդունումը, որոնք.

ա/ նպաստում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության ապահովմանն ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակների վրա,

բ/ խրախուսում է այն մոտեցումները, մեխանիզմներն ու պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են ֆինանսավորման բազմակի աղբյուրների օգտագործում, ինչպես նաև դրանց գնահատում, 20-րդ հոդվածին համապատասխան,

գ/ շահագրգիռ կողմերին և համապատասխան միջկառավարական ու հասարակական կազմակերպություններին պարբերաբար ներկայացնում են տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և դրանց համադրման ֆինանսավորման պայմանների վերաբերյալ,

դ/ համապատասխան կերպով նպաստում են այնպիսի մեխանիզմների ստեղծմանն, ինչպիսիք են անապատացման դեմ պայքարի ազգային հիմնադրամներ` ներառյալ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ գործող մեխանիզմները` ազդեցության ենթարկված զարգացած պետություններին ֆինանսական միջոցների արագ և արդյունավետ տրամադրման նպատակով,

ե/ հզորացնում են գործող հիմնադրամները և ֆինանսավորման մեխանիզմներն ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա, հատկապես` Աֆրիկայում` Կոնվենցիայի իրագործմանն ավելի արդյունավետ կերպով օժանդակելու նպատակով:

2. Կողմերի խորհրդաժողովը նաև, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի տարբեր մեխանիզմների և բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների միջոցով խրախուսում է օժանդակության ցուցաբերումն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա այն գործունեությանը, որը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին հնարավորություն է տալիս կատարել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստեղծում կամ հզորացնում են համադրման ազգային մեխանիզմներ, որոնք ներառված են զարգացման ազգային ծրագրերում, ինչը կապահովի առկա բոլոր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը: Նրանք նաև օգտագործում են հասարակական կազմակերպությունների, տեղական խմբակցությունների և մասնավոր հատվածի մասնակցությունը ծրագրերի մշակման, ինչպես նաև իրականացման և տեղական մակարդակի վրա խմբակցությունների համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման գործընթացներին: Նման միջոցառումների իրականացմանը կարող է նպաստել աջակցություն ցուցաբերողների կողմից ավելի արդյունավետ համադրումը և խելացի պլանավորումը:

4. Գործող ֆինանսական մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով, սույնով ստեղծվում է Գլոբալ մեխանիզմ, որի նպատակն է օժանդակել առկա ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և բաշխմանն ուղղված միջոցներին` ներառյալ տեխնոլոգիաների անհատույց և/կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին: Այդ Գլոբալ մեխանիզմը գործում է Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ և հաշվետու է նրա առջև:

5. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին սահմանում է այն կազմակերպությունը, որի ենթակայությանն է հանձնվում Գլոբալ մեխանիզմը: Կողմերի խորհրդաժողովը և իր կողմից սահմանված կազմակերպությունը միմյանց միջև համաձայնեցնում են Գլոբալ մեխանիզմի գործելու պայմանները, որպեսզի այն, մասնավորապես.

ա/ հատկանշի և հաշվառման ենթարկի Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ առկա համապատասխան երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրերը,

բ/ համապատասխան դիմումի առկայության դեպքում, խորհրդատվություն տրամադրի Կողմերին ֆինանսավորման նոր մեթոդների և ֆինանսական աջակցության նոր աղբյուրների, ինչպես նաև ազգային մակարդակի վրա համագործակցության համադրման կատարելագործման ուղիների վերաբերյալ,

գ/ շահագրգիռ Կողմերին և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններին տրամադրի տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և ֆինանսավորման մեթոդների մասին` դրանց միջև համադրմանը նպաստելու նպատակով,

դ/ հաշվետվություններ ներկայացնի Կողմերի խորհրդաժողովին իր գործունեության վերաբերյալ` սկսած խորհրդաժողովի երկրորդ հերթական նիստից:

6. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին համապատասխան միջոցառումներ է անցկացնում Գլոբալ մեխանիզմի տնօրինման համար իր կողմից սահմանված կազմակերպության հետ` ուղղված այդ մեխանիզմի վարչարարական գործունակության ապահովմանը, ելնելով առկա հնարավորություններից, բյուջետային միջոցներից և մարդկային ռեսուրսներից:

7. Կողմերի խորհրդաժողովն իր երրորդ հերթական նիստին, 4-րդ կետի և 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ուսումնասիրում է իրեն հաշվետու Գլոբալ մեխանիզմի քաղաքականությունը, օպերատիվ պայմանները և գործունեությունը: Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա խորհրդաժողովն անցկացնում է քննարկումներ և ձեռնարկում համապատասխան միջոցներ:

 

---------------------------------------

շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
14.10.1994
Միջազգային պայմանագիր