Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ...

 

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ/ԿԱՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

(3-րդ մաս)

 

Հավելված 2

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն Հավելվածի նպատակը Կոնվենցիայի գործնական և արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն ու պայմանների ստեղծումն է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ասիական պետությունների համար` հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս, Կողմերը համապատասխան դեպքերում նկատի են առնում հետևյալ առանձնահատկությունները, որոնք տարբեր չափով բնորոշ են այդ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների համար.

ա/ անապատացման կամ երաշտի ենթարկված կամ վտանգի տակ գտնվող շրջանները կազմում են այդ պետությունների տարածքների զգալի մասը, ընդ որում այդ շրջանները չափազանց տարբերվում են միմյանցից կլիմայի, տեղագրական բնութագրերի, հողօգտագործման սխեմաների և սոցիալ-տնտեսական համակարգերի տեսանկյունից,

բ/ բնական պաշարների ինտենսիվ շահագործում ապրուստի միջոցներ ստանալու նպատակով,

գ/ արտադրության անկայուն համակարգերի առկայություն, որոնք անմիջականորեն կապված են համատարած աղքատության հետ, ինչը բերում է հողերի դեգրադացիայի և առանց այն էլ նվազ ջրային պաշարների շահագործման ուժեղացմանը,

դ/ այդ պետությունների զգալի կախվածությունը համաշխարհային տնտեսության պայմաններից և այնպիսի սոցիալական հիմնախնդիրների առկայությունն, ինչպիսիք են աղքատությունը, առողջապահության և սննդի անբավարար վիճակը, պարենային անվտանգության բացակայությունը, միգրացիան, տեղահանված անձինք և ժողովրդագրական աճը,

ե/ անապատացման և երաշտի հետ կապված ազգային հիմնախնդիրների լուծման ոլորտում այդ պետությունների արդեն ընդլայնվող, սակայն դեռ թույլ զարգացած ներուժը և ինստիտուցիոնալ մեխանիզմները,

զ/ այդ երկրների մոտ միջազգային համագործակցության կարիքը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման հետ կապված կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

1. Միջոցառումների ազգային ծրագրերը տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների կայուն զարգացման ավելի լայն ազգային քաղաքականության անբաժանելի մասն են հանդիսանում:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան դեպքերում մշակում են միջոցառումների ազգային ծրագրեր սույն Կոնվենցիայի 9-ից 11-րդ հոդվածներին համապատասխան` հատուկ ուշադրություն դարձնելով 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետին: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված համապատասխան պետության դիմումի համաձայն, այդ գործընթացում կարող են ընդգրկվել երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերով զբաղվող հաստատություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Միջոցառումների ազգային ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններն իրենց պայմաններին և քաղաքականությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում, կարող են, մասնավորապես.

ա/ նշանակել միջոցառումների իրենց ծրագրերի մշակման, համադրման և իրականացման համար պատասխանատու համապատասխան մարմիններ,

բ/ ծրագրի մշակման, համադրման և իրականացման գործընթացների մեջ ներգրավել ազդեցության ենթարկված շրջանների բնակչությունը, ներառյալ տեղական համայնքները` տեղերի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան ազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվող խորհրդակցությունների միջոցով,

գ/ ազդեցության ենթարկված շրջաններում անցկացնել շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծություն` անապատացման պատճառների և հետևանքների գնահատման և միջոցներ ձեռնարկելու համար առաջնահերթ ոլորտների որոշման նպատակով,

դ/ ազդեցության ենթարկված շրջանների բնակչության մասնակցությամբ կատարել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված նախկին և գործող ծրագրերի գնահատում` միջոցառումների իրենց ծրագրերի շրջանակներում ռազմավարության և միջոցառումների մշակման նպատակով,

ե/ սույն հոդվածի «ա»-ից «դ» ենթակետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության օգտագործման հիման վրա մշակել տեխնիկական և ֆինանսական ծրագրեր,

զ/ մշակել և կիրառել ընթացակարգեր և չափանիշներ միջոցառումների իրենց ծրագրերի իրականացման ընթացքի գնահատման համար,

է/ նպաստել ջրահավաք ավազանների համալիր օգտագործմանը, հողային պաշարների պահպանմանը և ջրային պաշարների զարգացմանն ու արդյունավետ շահագործմանը,

ը/ անապատացման և երաշտի ենթարկված շրջաններում տեղեկատվության հավաքման, գնահատման, դիտարկումների և վաղ ազդարարման գործող համակարգերի հզորացում և/կամ նոր համակարգերի ստեղծում` հաշվի առնելով կլիմայաբանական, օդերևութաբանական, ջրագիտական, կենսաբանական և այլ համապատասխան գործոնները,

թ/ միջազգային համագործակցության իրականացման ընթացքում` ներառյալ ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը, գործընկերության ոգուն համահունչ մշակել համապատասխան համաձայնագրեր, որոնք կօժանդակեն միջոցառումների իրենց ծրագրերի իրականացմանը:

2. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, միջոցառումների ազգային ծրագրերի ընդհանուր ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում ազդեցության ենթարկված շրջանների համար համալիր զարգացման տեղական ծրագրերի մշակմանը, որոնց հիմքում ընկած են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովող մեխանիզմներն ու աղքատության վերացման ռազմավարությունները: Հաշվի առնելով 2-րդ հոդվածի «ա» կետում նշված տարածաշրջանի տուժած շրջանների լայն բազմազանությունը, սեկտորային միջոցառումները խմբավորվում են միջոցառումների ազգային ծրագրերի առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ասիական պետությունները կարող են համատեղ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ Կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման և համագործակցության, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, միջոցառումների ազգային ծրագրերի լրացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մասին պայմանավորվածություններ: Երկու դեպքերում էլ համապատասխան Կողմերը կարող են համատեղ պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ ծրագրերի մշակման, համադրման և իրականացման հետ կապված պարտականությունները դրվեն ենթատարածաշրջանային, այդ թվում` երկկողմ կամ ազգային կազմակերպությունների կամ մասնագիտացված հաստատությունների վրա: Այդպիսի կազմակերպությունները կամ հաստատությունները կարող են նաև կատարել սույն Կոնվենցիայի 16-ից 18-րդ հոդվածներին համապատասխան իրականացվող տեխնիկական համագործակցության ընդլայնումն ապահովող և համադրման մարմինների և կենտրոնների գործառույթներ:

2. Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան դեպքերում ձեռնարկում են, մասնավորապես, հետևյալ միջոցները.

ա/ ազգային հաստատությունների հետ համատեղ հատկանշում են անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում առկա առաջնահերթ հիմնախնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել այդպիսի ծրագրերի միջոցով, ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով իրականացվել այդպիսի ծրագրերի շրջանակներում,

բ/ գնահատում են համապատասխան տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային հաստատությունների օպերատիվ կարողությունները և գործունեությունը,

գ/ վերլուծության են ենթարկում տարածաշրջանի կամ ենթատարածաշրջանի բոլոր կամ մի քանի պետությունների կողմից իրականացվող անապատացման և երաշտի դեմ պայքարին ուղղված ծրագրերը և դրանց փոխադարձ կապը ազգային ծրագրերի հետ, և

դ/ միջազգային համագործակցության իրականացման ընթացքում` ներառյալ ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը, գործընկերության ոգուն համահունչ մշակում են ծրագրերի իրականացմանն օժանդակող համապատասխան համաձայնագրեր:

3. Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը կարող են իրենց մեջ ներառել անապատացման և երաշտի դեմ պայքարի ենթատեքստում անդրսահմանային ջրային պաշարների ռացիոնալ շահագործման փոխհամաձայնեցված համատեղ ծրագրեր, համադրման առաջնահերթ խնդիրներ և այլ միջոցառումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ներուժի հզորացումը, գիտատեխնիկական համագործակցությունը` հատկապես վաղ ազդարարման համակարգերի համատեղ կիրառման և անապատացման մասին տեղեկատվության օգտագործման ոլորտներում, և համապատասխան ենթատարածաշրջանային և այլ կազմակերպությունների կամ հաստատությունների ներուժի հզորացմանն ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերին օժանդակող տարածաշրջանային միջոցառումները կարող են իրենց մեջ ներառել, մասնավորապես, ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա համադրող հաստատությունների ու համագործակցության մեխանիզմների հզորացմանն ուղղված միջոցներ և Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածների կատարմանն օժանդակող միջոցներ: Այդ միջոցառումները կարող են իրենց մեջ ներառել.

ա/ տեխնիկական համագործակցության համակարգերի հզորացում և օժանդակություն դրանց աշխատանքին,

բ/ տեխնոլոգիաների, «նոու-հաուի» և գործնական մեթոդների, ինչպես նաև ավանդական ու տեղական տեխնոլոգիաների և «նոու-հաուի» ցանկերի կազմում և դրանց տարածման ու կիրառման ընդլայնում,

գ/ տեխնոլոգիաների տրամադրման կարիքների գնահատում և օժանդակության ցուցաբերում այդ տեխնոլոգիաների հարմարեցման և կիրառման գործում,

դ/ օժանդակության ցուցաբերում հանրության իրազեկման և բոլոր մակարդակների վրա ներուժի հզորացման ծրագրերին, մասնագիտական պատրաստության կատարելագործում, հետազոտությունների և մշակումների զարգացում և մարդկային ռեսուրսների զարգացման համակարգերի ստեղծում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Կողմերը, հաշվի առնելով Ասիական տարածաշրջանում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման կարևորությունը, նպաստում են զգալի ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և ֆինանսական մեխանիզմների ձևավորմանը` Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան:

2. Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և 8-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի հիման վրա, ինչպես նաև ազգային զարգացման իրենց քաղաքականությանը համահունչ, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.

ա/ ձեռնարկում են պետական կամ մասնավոր ներդրումների միջոցով ֆինանսական մեխանիզմների ռացիոնալիզացման և հզորացմանն ուղղված միջոցներ` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում որոշակի արդյունքների հասնելու նպատակով,

բ/ հատկանշում են միջազգային համագործակցության կարիքները ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին օժանդակելու նպատակով, մասնավորապես` ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում,

գ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովելու նպատակով, խրախուսում են ֆինանսական համագործակցության երկկողմ և/կամ բազմակողմ հաստատությունների մասնակցությանը:

3. Կողմերը, որքան հնարավոր է, ապահովում են տվյալ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններին ֆինանսական միջոցներ ուղղելու ընթացակարգերի պարզեցումը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նշանակվող մարմինների միջոցով, և տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են համապատասխան կերպով ստեղծել մեխանիզմ, մասնավորապես հետևյալ գործառույթների կատարման համար.

ա/ տեղեկությունների, փորձի, գիտելիքների և «նոու-հաուի» փոխանակում,

բ/ համագործակցություն և գործողությունների համադրում` ներառյալ ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակներով կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը,

գ/ օժանդակություն գիտատեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությանը` 5-ից 7-րդ հոդվածներին համապատասխան,

դ/ արտաքին համագործակցության կարիքի հատկանշում, և

ե/ հետագա միջոցառումների իրականացում և ծրագրերի իրականացման ընթացքի գնահատում:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նշանակվող մարմինների միջոցով, և տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են նաև համապատասխան կերպով անցկացնել միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերին նվիրված խորհրդակցություններ և իրականացնել դրանց համադրումը: Համապատասխան դեպքերում նրանք կարող են այդ գործընթացի մեջ ներգրավել Կոնվենցիայի այլ Կողմերին և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններին: Այդպիսի համադրման նպատակը կայանում է, մասնավորապես, Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան իրականացվող միջազգային համագործակցության հնարավորությունների մասին համաձայնության ձեռքբերման, տեխնիկական համագործակցության և պաշարների արդյունավետ շահագործման նպատակով դրանց պատշաճ բաշխման ապահովման մեջ:

3. Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարբերաբար անցկացնում են համադրման ժողովներ, իսկ մշտական Քարտուղարությունը կարող է իրենց դիմումի համաձայն` Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան օժանդակել այդպիսի համադրման ժողովների անցկացմանը.

ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,

բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և

գ/ այլ տեղեկությունների տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:

 

Հավելված 3

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԻԲՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն Հավելվածի նպատակը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն է` հաշվի առնելով նշված տարածաշրջանի առանձնահատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԻԲՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերը, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, հաշվի են առնում տարածաշրջանի հետևյալ առանձնահատկությունները.

ա/ տարածաշրջանում կան անապատացման և/կամ երաշտի ենթարկված կամ այդ երևույթներից լրջորեն տուժող շրջաններ, որոնց բնորոշ են համապատասխան շրջանների առանձնահատկություններով պայմանավորված տարասեռ հատկություններ. ուժգնացող և իր ծավալներն ընդլայնող այդ գործընթացը բացասական ազդեցություն է գործում սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական ոլորտների վրա, ընդ որում այդ բացասական ազդեցությունը կրկնապատկվում է այն պատճառով, որ դիտարկվող տարածաշրջանը պատկանում է կենսաբանական բազմազանության համաշխարհային հիմնական աղբյուրների թվին,

բ/ այդ հիմնախնդրի ամենահիմնական պատճառը զարգացման անկայուն մոդելների հաճախակի կիրառումն է, որոնք ֆիզիկական, կենսաբանական, քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական գործոնների բարդ փոխազդեցության արդյունք են հանդիսանում, այդ թվում` այնպիսի արտաքին տնտեսական գործոնների, ինչպիսիք են արտաքին պարտքը, առևտրի պայմանների վատթարացումը և գյուղատնտեսական, ձկնային և անտառային արտադրանքի շուկաների իրավիճակի վրա բացասաբար ազդող առևտրային պրակտիկան, և

գ/ անապատացման և երաշտի ամենալուրջ հետևանքների թվին է դասվում էկոհամակարգերի արտադրողականության կտրում նվազեցումը, ինչն արտահայտվում է հողագործական, անասնապահական և անտառային տնտեսության գործունեության արդյունավետության անկմամբ, ինչպես նաև կենսաբանական բազմազանության կրճատմամբ. սոցիալական տեսանկյունից այդ երևույթի արդյունքներն են աղքատացման, միգրացիայի, ներքին տեղափոխման և բնակչության կենսամակարդակի անկման գործընթացները. այս կապակցությամբ տարածաշրջանում անապատացման և երաշտի հետ կապված հիմնախնդիրների լուծման համար հարկավոր է կիրառել համալիր մոտեցում` նպաստելով զարգացման կայուն մոդելների կիրառմանը, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր պետության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես, 9-ից 11-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով զարգացման ոլորտում իրենց ազգային քաղաքականության առանձնահատկությունները, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կայուն զարգացման ոլորտում իրենց քաղաքականության շրջանակներում համապատասխան կերպով մշակում և իրականացնում են միջոցառումների ազգային ծրագրեր, որոնք ուղղված են անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանը: Կախված տարածաշրջանի առանձնահատկություններից, կարող են մշակվել և իրականացվել ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրեր:

2. Միջոցառումների իրենց ազգային ծրագրերը մշակելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները առանձնակի ուշադրություն են հատկացնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաշվի առնելով իրենց համապատասխան առանձնահատկությունները, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան, անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման իրենց ռազմավարությունները մշակելիս կարող են, մասնավորապես, նկատի առնել հետևյալ թեմատիկ հարցերը.

ա/ ներուժի հզորացում, բնակչության ուսուցման և իրազեկման համակարգերի կատարելագործում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության զարգացում, ֆինանսական միջոցների հոսքի աճի ապահովում և ֆինանսավորման մեխանիզմների հզորացում,

բ/ աղքատության վերացում և կենսամակարդակի բարձրացում,

գ/ պարենային անվտանգության և հողագործության, անասնապահության, անտառային տնտեսության և բազմանպատակ նշանակության համակարգերի կայուն զարգացման ապահովում,

դ/ բնական պաշարների շահագործման կայուն մոդելի կիրառում և, մասնավորապես, ջրահավաք ավազանների ռացիոնալ շահագործում,

ե/ բնական պաշարների շահագործման կայուն մոդելի կիրառում լեռնային շրջաններում,

զ/ հողային պաշարների ռացիոնալ շահագործում և պահպանում, ջրային պաշարների զարգացում և արդյունավետ շահագործում,

է/ երաշտի հետևանքների նվազեցման նպատակով միջոցառումների արտակարգ պլանների մշակում և իրականացում,

ը/ անապատացման և երաշտի ենթարկված շրջաններում տվյալների հավաքման և գնահատման, ինչպես նաև մոնիտորինգի և վաղ ազդարարման գործող համակարգերի կատարելագործում և/կամ նոր համակարգերի ստեղծում` հաշվի առնելով կլիմայաբանական, օդերևութաբանական, կենսաբանական, հողագիտական, տնտեսական և սոցիալական ասպեկտները,

թ/ էներգիայի տարբեր աղբյուրների զարգացում, կառավարում և արդյունավետ օգտագործում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման խրախուսում,

ժ/ կենսաբանական բազմազանության պահպանում և կայուն շահագործում` սույն Կոնվենցիայի կենսաբանական բազմազանությանն առնչվող դրույթներին համապատասխան,

ժա/ անապատացման և երաշտի գործընթացների ժողովրդագրական ասպեկտների վերլուծություն,

ժբ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովող ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ստեղծում կամ կատարելագործում և, մասնավորապես, վարչական կառույցների ու անապատացման և երաշտի հիմնախնդիրների հետ կապված գործառույթների ապակենտրոնացում նախատեսող միջոցների ձեռնարկում` ազդեցության ենթարկված շրջանների համայնքների և հանրության մասնակցությամբ ընդհանրապես:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կոնվենցիայի դրույթների, մասնավորապես` 16-ից 18-րդ հոդվածների համաձայն և 7-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի օգնությամբ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.

ա/ նպաստում են տեխնիկական համագործակցության ցանցերի և ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային տեղեկատվական համակարգերի հզորացմանը և, համապատասխան դեպքերում, դրանց ինտեգրացմանը տեղեկատվության համաշխարհային ցանցերի մեջ,

բ/ կազմում են առկա տեխնոլոգիաների և «նոու-հաուի» ցանկեր և նպաստում դրանց տարածմանն ու կիրառմանը,

գ/ նպաստում են ավանդական տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և մեթոդների կիրառմանը` Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան,

դ/ հատկանշում են տեխնոլոգիաների տրամադրման կարիքները,

ե/ խրախուսում են էկոլոգիապես ընդունելի գործող և նոր համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը, հարմարեցմանը, ներդրմանն ու տրամադրմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Կոնվենցիայի դրույթների, մասնավորապես 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթների համաձայն և 7-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի հիման վրա, ինչպես նաև ազգային զարգացման իրենց քաղաքականությանը համահունչ, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.

ա/ ձեռնարկում են պետական կամ մասնավոր ներդրումների միջոցով ֆինանսական մեխանիզմների ռացիոնալիզացման և հզորացմանն ուղղված միջոցներ` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում որոշակի արդյունքների հասնելու նպատակով,

բ/ հատկանշում են միջազգային համագործակցության կարիքները ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին օժանդակելու նպատակով,

գ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովելու նպատակով, խրախուսում են ֆինանսական համագործակցության երկկողմ և/կամ բազմակողմ հաստատությունների մասնակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

 

1. Սույն Հավելվածի դրույթների կատարման նպատակով տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները.

ա/ ստեղծում և/կամ հզորացնում են անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման միջոցառումների համադրման ազգային կենտրոններ,

բ/ ստեղծում են ազգային կենտրոնների գործունեության համադրման մեխանիզմ.

i) տեղեկությունների և փորձի փոխանակման նպատակով,

ii) ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա իրականացվող միջոցառումների համադրման նպատակով,

iii) գիտատեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությանն օժանդակելու նպատակով,

iv) արտաքին համագործակցության կարիքի հատկանշման նպատակով,

v) հետագա միջոցառումների իրականացման և միջոցառումների ծրագրերի իրականացման գնահատման նպատակով:

2. Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարբերաբար անցկացնում են համադրման ժողովներ, իսկ մշտական Քարտուղարությունը կարող է իրենց դիմումի համաձայն` Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան օժանդակել այդպիսի համադրման ժողովների անցկացմանը.

ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,

բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և

գ/ այլ տեղեկատվության տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:

 

Հավելված 4

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն Հավելվածի նպատակը Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանում Կոնվենցիայի արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն է` հաշվի առնելով նշված տարածաշրջանի առանձնահատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանի 1-ին հոդվածում նշված առանձնահատկությունները հետևյալն են.

ա/ կիսաչոր կլիմայական պայմանների ազդեցության տակ գտնվող մեծ տարածքներ, սեզոնային երաշտներ, տեղումների քանակի բարձր փոփոխականություն և բարձր ինտենսիվությամբ անակնկալ տեղումներ,

բ/ աղքատ և զգալի չափերի հասնող էրոզիայի ենթարկված հողեր, որոնց մակերեսին հեշտությամբ մակերեսային կեղև է առաջանում,

գ/ անհարթ մակերևույթ զառիվեր լանջերով և լանդշաֆտների լայն բազմազանություն,

դ/ մեծ տարածքների վրա անտառային ծածկույթի ոչնչացում հաճախակի անտառային հրդեհների հետևանքով,

ե/ ավանդական գյուղատնտեսության ճգնաժամ, որի հետևանքով դադարեցվում է հողերի օգտագործումը և աստիճանաբար քայքայվում են հողապաշտպան և ջրապատման շինությունները,

զ/ ջրային պաշարների ոչ ռացիոնալ շահագործում, ինչը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին` ներառյալ ջրատար շերտերի սպառումը, քիմիական աղտոտումը և աղակալումը,

է/ քաղաքակենտրոնացման, արդյունաբերական գործունեության, զբոսաշրջության և ոռոգվող գյուղատնտեսության ծավալների ընդլայնման հետևանքով տնտեսական գործունեության կենտրոնացումն առափնյա շրջաններում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

1. Միջոցառումների ազգային ծրագրերը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների կայուն զարգացման ապահովմանն ուղղված ազգային քաղաքականության մշակման ավելի լայն գործընթացի կենտրոնական և անբաժանելի մասն են հանդիսանում:

2. Ճկուն պլանավորում նախատեսող ռազմավարության մշակման նպատակով, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի համաձայն թույլ կտա ապահովել տեղական բնակչության և համայնքների մասնակցության ամենաբարձր մակարդակը, իրականացվում է խորհրդակցությունների ակտիվ գործընթաց, համապատասխան կարգի պետական մարմինների, տեղական բնակչության, համայնքների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները մշակում են միջոցառումների ազգային և, համապատասխան դեպքերում, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրեր: Այդպիսի ծրագրերի մշակումն ավարտվում է հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթներին համապատասխան միջոցառումների ազգային ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր պետություն համապատասխան դեպքերում.

ա/ նշանակում է միջոցառումների իրենց ծրագրերի մշակման, համադրման և իրականացման համար պատասխանատու համապատասխան մարմիններ,

բ/ ծրագրի մշակման, համադրման և իրականացման գործընթացների մեջ ներգրավում է ազդեցության ենթարկված շրջանների բնակչությունը, ներառյալ տեղական համայնքները` տեղերի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվող խորհրդակցությունների միջոցով,

գ/ ազդեցության ենթարկված շրջաններում անցկացնում է շրջակա միջավայրի իրավիճակի ուսումնասիրություն` անապատացման պատճառների և հետևանքների գնահատման և միջոցներ ձեռնարկելու համար առաջնահերթ ոլորտների որոշման նպատակով,

դ/ ազդեցության ենթարկված շրջանների բնակչության մասնակցությամբ կատարում է նախկին և գործող ծրագրերի գնահատում` միջոցառումների ծրագրի շրջանակներում ռազմավարության և միջոցառումների մշակման նպատակով,

ե/ սույն հոդվածի «ա»-ից «դ» ենթակետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում ստացված տեղեկությունների օգտագործման հիման վրա մշակում է տեխնիկական և ֆինանսական ծրագրեր,

զ/ մշակում և կիրառում է ընթացակարգեր և չափանիշներ միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքի մոնիտորինգի և գնահատման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են միջոցառումների իրենց ազգային ծրագրերում ներառել հետևյալ միջոցները.

ա/ օրենսդրական, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ,

բ/ հողօգտագործման սխեմաներին, ջրային պաշարների ռացիոնալ շահագործմանը, հողերի էրոզիայի կանխմանն, անտառների վերականգնմանը, գյուղատնտեսական գործունեությանը և արոտավայրային տնտեսությանն առնչվող միջոցներ,

գ/ վայրի բնության և կենսաբանական բազմազանության այլ տարրերի ռացիոնալ շահագործում և պաշտպանություն,

դ/ պաշտպանություն անտառային հրդեհներից,

ե/ ապրուստի միջոցների ստացման այլընտրանքային աղբյուրների ստեղծման խրախուսում,

զ/ հետազոտություններ, կադրերի պատրաստում և հանրության իրազեկության ապահովում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են համատեղ մշակել և իրականացնել միջոցառումների ազգային ծրագրերի լրացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրեր: Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված մեկ կամ մի քանի պետություններ կարող են համանման սկզբունքով պայմանավորվածություն ձեռք բերել միջոցառումների համատեղ ծրագրի մշակման մասին:

2. Ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նկատմամբ համապատասխան կերպով կիրառվում են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները: Բացի այդ, այդպիսի ծրագրերը կարող են նախատեսել ազդեցության ենթարկված շրջաններում գոյություն ունեցող առանձին էկոհամակարգերին առնչվող հետազոտությունների և մշակումների իրականացում:

3. Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան կերպով.

ա/ ազգային հաստատությունների հետ համատեղ հատկանշում են անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում առկա առաջնահերթ հիմնախնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել այդպիսի ծրագրերի միջոցով, ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով իրականացվել այդպիսի ծրագրերի շրջանակներում,

բ/ գնահատում են համապատասխան տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային հաստատությունների օպերատիվ կարողությունները և գործունեությունը,

գ/ վերլուծության են ենթարկում տարածաշրջանի պետությունների կողմից համատեղ իրականացվող անապատացման և երաշտի դեմ պայքարին ուղղված ծրագրերը և դրանց փոխադարձ կապը ազգային ծրագրերի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ

 

Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրեր մշակող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են հիմնադրել ազդեցության ենթարկված համապատասխան Կողմերի ներկայացուցիչներից կազմված համադրող կոմիտե, որը պատասխանատու կլինի անապատացման դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացի վերլուծության, միջոցառումների ազգային ծրագրերի համաձայնեցման, միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման տարբեր փուլերում առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածներին համապատասխան` տեխնիկական համագործակցության խրախուսման և համադրման կենտրոնի գործառույթների կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում տվյալ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները սույն Կոնվենցիայով նախատեսված ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ

 

Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանում միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը կարող է համադրվել այլ ենթատարածաշրջանների և տարածաշրջանների հետ, հատկապես` Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող միջոցառումների ծրագրերի հետ:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:

 

 

pin
''
14.10.1994
Միջազգային պայմանագիր