Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 38

 

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 18-ի

նիստի N 38 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ

 

Սույն հայեցակարգը մշակված է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական պահանջ դարձած օրենսդրական փոփոխությունների հրամայականով և ուղղված է տեղական հարկերի ինստիտուտի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև դրանցից բխող համայնքային նոր լիազորությունների ու գործառույթների սահմանմանը:

 

I. Տեղական հարկերի իրավական (սահմանադրական) հիմքերը

 

2005 թ. նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների արդյունքում տեղական ինքնակառավարման համակարգում սահմանադրորեն ամրագրվեցին որոշակի փոփոխություններ, որոնց թվում կարևորագույն տեղ ունի «տեղական հարկեր» նոր հասկացությունը:

 

.___________________________________________________________________.

|               Հայաստանի Հանրապետության սահմանադրություն           |

|                                                                   |

|Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում  են ինքնուրույն:   |

|                                                                   |

|Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:         |

|                                                                   |

|Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ,|

|որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:           |

|                                                                   |

|Համայնքները սահմանում են տեղական հարկեր և  տուրքեր` օրենքով        |

|նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող        |

|ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ:                  |

.___________________________________________________________________.

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է «հարկ» հասկացությունը, սակայն տեղական հարկերի վերաբերյալ բնութագրիչներ չի պարունակում:

 

.____________________________________________________________________.

|                 Հայաստանի Հանրապետության օրենք                     |

|                          Հարկեր մասին                              |

|                                                                    |

|Հոդված 3. Հարկը պետական և  հասարակական կարիքների բավարարման նպատակով|

|համապարտադիր և  անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և        |

|իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից,   |

|օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական|

|անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից,     |

|տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ        |

|նախատեսված կարգով, չափերով և  սահմանված ժամկետներում:               |

|                                                                    |

|Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի     |

|Հանրապետության պետական և  (կամ) համայնքների բյուջեներ:              |

.____________________________________________________________________.

 

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան նույնպես ունի որոշակի պահանջներ` կապված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ֆինանսական միջոցների հետ, որոնք վերաբերում են տեղական հարկերին և տուրքերին:

 

.___________________________________________________________________.

|           Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա                |

|                                                                   |

|Հոդված 9.3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների|

|առնվազն մի մասը պետք է ստացվի տեղական տուրքերի և  հարկերի հաշվին,  |

|որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են |

|սահմանել օրենքով նախատեսված շրջանակներում:                         |

.___________________________________________________________________.

 

II. Տեղական հարկերի առաջարկվող համակարգը

 

1. Տեղական հարկերի սահմանման, հաշվարկման, վճարման և դրանց նկատմամբ

հսկողության սկզբունքները

 

Հաշվի առնելով տեղական հարկերին վերաբերող սահմանադրական պահանջները, Հայաստանի յուրահատկությունները և այդ ուղղությամբ եղած միջազգային փորձը` տեղական հարկերի համակարգը կառուցվելու է հետևյալ մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա`

ա. տեղական հարկերն ամբողջությամբ ամրագրվում են համայնքների բյուջեներին` որպես եկամուտ,

բ. տեղական հարկը մուտքագրվում է այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում այն ձևավորվում է,

գ. տեղական հարկերի դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին, օրենքով նախատեսված դրույքաչափերի միջակայքում.

օրենքով սահմանվում են դրույքաչափերի ներքին սահմանները և հավելման առավելագույն սահմանները, որոնց միջակայքում յուրաքանչյուր համայնք ինքնուրույն, օրենքով սահմանված կարգով, հաստատում է կոնկրետ դրույքաչափ իր համայնքի համար (նվազագույն դրույքաչափերը, ներկայումս համայնքների բյուջեներին ամրագրված գույքային հարկերի համար սահմանվում են գործող դրույքաչափերին հավասար),

դ. տեղական հարկերի նկատմամբ հարկային վարչարարությունը ամբողջությամբ իրականացնում են ՏԻՄ-երը.

- հարկային վարչարարությունը ներառում է` հարկային բազաների վարումը (հաշվառում, փոփոխություններ և այլն), հարկերի գումարների հաշվարկումը, գանձումը, գրանցումը, և վերահսկումը,

- համայնքներն անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում տեղական հարկերի գծով վարչարարական լիազորությունների որոշ գործառույթներ պայմանագրային հիմունքներով կարող են փոխանցել իրենց կողմից այդ նպատակով ստեղծված մասնագիտական կառույցների,

ե. ՏԻՄ-երն իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն իրականացնել հարկման օբյեկտի հարկման ենթակա բազայի գնահատման և վերագնահատման աշխատանքները, անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում և վերագնահատում իրականացնող լիազոր մարմին, կամ անհամապատասխանությունը վիճարկել դատական կարգով:

զ. տեղական հարկեր վճարողների կազմը, ինչպես նաև` հարկման օբյեկտի հարկման ենթակա բազայի հաշվարկման, գնահատման և վերագնահատման կարգը սահմանվում է յուրաքանչյուր կոնկրետ տեղական հարկի մասին օրենքով, իսկ դրանց իրականացման ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:

է. տեղական հարկերի նկատմամբ կառավարությունը և ՏԻՄ-երը հարկային արտոնություններ չեն կարող սահմանել, բացառությամբ օրենքով սահմանված, սոցիալական ուղղվածություն ունեցող, համապետական ծրագրերում նախատեսված դեպքերի:

 

2. Տեղական հարկեր վճարողների իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Հարկ վճարողի իրավունքներն են`

- ինքնուրույն հաշվարկել իր կողմից վճարվող տեղական հարկի չափը և ստուգել դրա համապատասխանությունը հարկ հաշվարկող մարմնի կողմից կատարված հաշվարկների հետ,

- ծանոթանալ իր կողմից վճարվող տեղական հարկի չափի և հաշվարկների հետ, ինչպես նաև տեղեկություններ ստանալ իր կողմից կատարված վճարումների մասին,

- օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկ գանձող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները:

 

2.1. Հարկ վճարողի պարտավորություններն են`

- վճարել օրենքով սահմանված տեղական հարկերը` ըստ տվյալ տեղական հարկի համար նախատեսված ժամկետների և չափաբաժնի,

- վճարել տեղական հարկերի գծով օրենսդրության խախտման հետևանքով առաջացած տույժերն ու տուգանքները,

- աջակցել տեղական հարկով հարկվող օբյեկտի հարկման բազայի հաշվարկման, գնահատման և վերագնահատման աշխատանքներին,

- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն համապատասխան մարմիններին տեղական հարկի չափի և հարկման բազայի վերաբերյալ,

- տեղական հարկի գծով հարկ վճարող դառնալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում այդ մասին տեղեկացնել համապատասխան ՏԻՄ-ին:

- սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել տեղական հարկի մասին հաշվետվություն:

 

3. Տեղական հարկերի գծով հարկային օրենսդրության խախտումները

 

Տեղական հարկերի վճարումը 1 տարուց ավելի ուշացնելու դեպքում համայնքի ղեկավարը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, կարող է դիմել դատարան` տեղական հարկի գումարը և վճարման ուշացումից բխող տույժերի ու տուգանքների գումարները գանձելու հայցով:

Տեղական հարկի գծով հարկ վճարողի կողմից հարկային պարտականությունները չկատարելու կամ թերակատարելու հետևանքով, համայնքի բյուջեի նկատմամբ գոյացած 500 հազ. դրամ և ավելի պարտքի առկայությունը համայնքի ղեկավարի կողմից դատական հայց ներկայացնելու պարտադիր պայման է:

Հայցատուն իր կողմից ներկայացրած հայցից չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

Տեղական հարկերի գծով հարկային օրենսդրության խախտումների հնարավոր դեպքերը, և դրանցից բխող պարտավորությունները սահմանվում են յուրաքանչյուր տեղական հարկի մասին օրենքով:

Տեղական հարկերի գծով հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:

 

4. Տեղական հարկերի գծով ՏԻՄ-երի լիազորությունները և հսկողությունը

տեղական հարկերի մասով

 

4.1. Տեղական հարկերի գծով ՏԻՄ-երի լիազորությունները

Տեղական հարկերին վերաբերող համայնքի ղեկավարի լիազորությունները դասվում են համայնքի ղեկավարին օրենքով ամրագրված պարտադիր լիազորությունների շարքին:

Տեղական հարկերի դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` օրենքով սահմանված դրույքաչափերի միջակայքում:

Հայաստանում միջհամայնքային միավորումների ձևավորումից հետո տեղական հարկերի հետ կապված համայնքային լիազորությունները և գործառույթներն ամբողջությամբ փոխանցվում են տվյալ համայնքը ներառող միջհամայնքային միավորմանը:

 

4.2. Հսկողությունը տեղական հարկերի մասով

Տեղական հարկերի մասով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հսկողությունը կանոնակարգվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան (Գլուխ 7.1 (Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման լիազորությունների նկատմամբ):

Տեղական հարկերի հաշվարկման համար չեն կարող օգտագործվել անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվություն, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որին տեղական հարկ վճարողը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու:

Յուրաքանչյուր տեղական հարկի գծով կարող են սահմանվել վերահսկողության լրացուցիչ գործառույթներ, որոնք ամրագրվում են տվյալ տեղական հարկի մասին օրենքով:

 

III. Տեղական հարկերի տեսակները

 

Հաշվի առնելով սահմանադրության պահանջը` տեղական ինքնակառավարման համակարգում ձևավորված ավանդույթները և ՏԻՄ-երի առկա հնարավորությունները և ունակությունները` Հայաստանում կարելի է սահմանել տեղական հարկերի 2 տեսակ:

1. Տեղական հարկեր, որոնք ՏԻՄ-երի համար, օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում, ենթակա են պարտադիր կիրառման:

- հողի հարկը, 1)

- գույքահարկը, 2)

2. Տեղական հարկեր, որոնց կիրառումը համայնքների կողմից պարտադիր չէ, սակայն ՏԻՄ-երը, օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում, կարող են դրանք կիրառել, համայնքային հանրաքվե անցկացնելուց հետո և համայնքի ավագանու անդամների 2/3-ի կողմ ձայներով ընդունված դրական որոշման արդյունքում: Այդպիսի տեղական հարկեր են 3)`

- անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,

- գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,

- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,

- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,

- հյուրանոցային հարկ,

- վաճառքի հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,

- հանրային տարածքների զբաղեցման հարկ,

- տեղական տուրքերի որոշ տեսակներ կարող են սահմանվել որպես տեղական հարկ:

___________________________________

1) Հողի հարկի և գույքահարկի փոխարեն կարող է լինել միացյալ մեկ գույքային հարկ: 2) Տես «2»: 3) Ցանկը ենթակա է լրացման և քննարկման:

 

Առաջին երեք հարկատեսակները կարող են ընդգրկվել հողի հարկը և գույքահարկը կարգավորող օրենքների մեջ, դրանով իսկ, որպես մեխանիզմ դառնալով պարտադիր համայնքների կողմից կիրառվելու տեսանկյունից:

Պարտադիր կիրառվող հարկատեսակ կարող է համարվել նաև համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկը:

 

IV. Գործող օրենսդրության անհրաժեշտ փոփոխությունները և նոր օրենքների

մշակումը

 

Տեղական հարկերի մասին օրենսդրության ձևավորումից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվելու հետևյալ օրենքներում.

1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք. (փոփոխություն)

- համայնքի ղեկավարին օրենքով պատվիրակված լիազորությունների մասով,

- համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների մասով,

- համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների մասով,

 

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենք. (փոփոխություն)

- օրենքում ավելացնել տեղական հարկերի մասին գլուխ,

 

3. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. (փոփոխություն)

- համայնքների բյուջեներին ամրագրված եկամուտների ցանկում հողի հարկի և գույքահարկի փոխարեն մտցնել տեղական հարկեր արտահայտությունը,

 

4. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 4), (փոփոխություն)

- օրենքում ամրագրել գույքահարկի դրույքաչափերի այն միջակայքն ու գործակիցները, որոնց շրջանակներում ՏԻՄ-երը սահմանում են գույքահարկի դրույքաչափ,

- օրենքով ձևակերպել ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակները գույքահարկի դրույքաչափի սահմանման վերաբերյալ,

- գույքահարկի գծով հարկային վարչարարությունն ամբողջովին ամրագրել համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների շարքին,

_______________________________________________________________

4) Հողի հարկի և գույքահարկի փոխարեն կարող է լինել միացյալ մեկ գույքային հարկ

 

- օրենքում ամրագրել ՏԻՄ-երի լիազորությունները հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման և վերագնահատման ուղղությամբ,

- օրենքում սահմանել գույքահարկերի գծով հարկային օրենսդրության խախտումների հնարավոր դեպքերը և դրանցից բխող պարտավորությունները:

 

5. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք 5), (փոփոխություն)

____________________________________________

5) Տես «4»:

 

- օրենքում ամրագրել հողի հարկի դրույքաչափերի այն միջակայքն ու գործակիցները, որոնց շրջանակներում ՏԻՄ-երը սահմանում են հողի հարկի դրույքաչափ,

- օրենքով ձևակերպել ՏԻՄ-ի լիազորությունների շրջանակները հողի հարկի դրույքաչափի սահմանման վերաբերյալ,

- հողի հարկի գծով հարկային վարչարարությունը ամբողջովին ամրագրել համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների շարքին,

- օրենքում ամրագրել ՏԻՄ-երի լիազորությունները` հարկման օբյեկտ հանդիսացող հողերի գնահատման և վերագնահատման ուղղությամբ,

- օրենքում սահմանել հողի հարկերի գծով հարկային օրենսդրության խախտումների հնարավոր դեպքերը և դրանցից բխող պարտավորությունները:

 

6. «Հյուրանոցային հարկի մասին» ՀՀ օրենք, (օրենքի մշակում)

 

7. Համայնքների համար ոչ պարտադիր կիրառման տեղական հարկերի մասին օրենք կամ օրենքներ,

 

8. Կառավարության որոշումներ տեղական հարկերի գործառույթների հետ կապված ընթացակարգերի մասին:

 

Հավելված

 

Տեղական հարկերը և միջազգային փորձը

 

Տեղական հարկեր սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել որոշ յուրահատկություններ, որոնք կարևոր ազդեցություն կարող են ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության վրա:

 

Տեղական հարկերը պետք է լինեն`

1. Արդյունավետ.

- ապահովում են կայուն և պարբերաբար կրկնվող մուտքեր,

- ապահովում են բավարար եկամուտներ համայնքի ծախսային կարիքների զգալի մասը հոգալու համար,

2. Չեզոք.

- հնարավորինս կախված չեն մասնավոր տնտեսական որոշումներից,

- երկրի տնտեսության փոփոխությունները անմիջապես չեն ազդում հարկերից ստացվող մուտքերի վրա,

3. Հասարակ.

- հարկային վարչարարության տեսանկյունից համայնքների համար հասկանալի և հասարակ են,

- ստացվող եկամուտները հաշվարկելի են և կանխատեսելի,

4. Արդարացի.

- հարկային բեռը հավասարապես բաշխվում է բոլոր համայնքների վրա,

- հարկային բեռը հավասարապես բաշխվում է համայնքի ներսում բոլոր հարկատուների վրա:

 

Համայնքի բյուջեի եկամուտներ հանդիսացող հարկերը Հայաստանում

 

Վերը նշված հատկանիշներին և պահանջներին ամբողջությամբ բավարարող հարկատեսակներ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն, սակայն ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը իրենց բնույթով բավականին մոտ են տեղական հարկեր հասկացությանը և ներկայումս`

1) հողի հարկը և գույքահարկը ամբողջությամբ որպես եկամուտ ամրագրված են ՏԻՄ-ի բյուջեներին.

2) գույքահարկի նկատմամբ հարկային վարչարարությունը ֆիզիկական անձանց գծով իրականացնում են ՏԻՄ-երը կամ նրանց կողմից ստեղծված կառույցները, ավարտին է մոտենում իրավաբանական անձանց գծով այդ լիազորությունների փոխանցման աշխատանքները.

3) ներկայումս ընթացքի մեջ է հողի հարկի վարչարարությունը համայնքներին փոխանցելու գործընթացը,

4) գույքահարկի նկատմամբ համայնքները ունեն որոշակի (պլանային ցուցանիշի 10 %-ի սահմաններում) հարկային արտոնություններ տրամադրելու իրավունք:

Այս գործառույթները ՏԻՄ-երն իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: Գործառույթները վերջին տարիներին և ներկայումս շարունակվող հարկային վարչարարության ապակենտրոնացման արդյունքում զգալիորեն ընդլայնվել են և զարգացման միտում ունեն:

ՏԻՄ-երին ամրագրված հարկային եկամուտների (հողի հարկ և գույքահարկ) գծով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով համայնքի ղեկավարին ներկայումս վերապահված են հետևյալ պատվիրակված լիազորությունները`

համայնքի ղեկավարը...

- Օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը,

- Հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ:

 

Պարտադիր լիազորություններ այս հարկատեսակների գծով համայնքի ղեկավարը առկա օրենսդրության պայմաններում ընդհանրապես չունի:

 

Տեղական հարկերը այլ երկրներում

 

Տեղական հարկերը արտասահմանյան երկրներում խիստ տարբեր են: Բացի տարբերություններից, հաճախ նույն բանը մի երկրում կոչվում է տեղական հարկ, մյուսում տեղական տուրք, մեկ այլում` տեղական վճար: Այս պատճառով ստորև բերվում են արտերկրների փորձի ուսումնասիրությունը ինչպես տեղական հարկերի, այնպես էլ տուրքերի և վճարների մասով:

Հարկ է նշել, որ ստորև բերված ուսումնասիրության մեջ չի բացառվում իրականությունից որոշ շեղումների առկայություն, ինչն արդյունք է օգտագործված տեղեկատվության աղբյուրներում տեղական հարկեր (local taxes), տուրքեր (duties, charges) և վճարներ (fees) տերմինների ոչ հետևողական օգտագործման:

 

Հունգարիա

 

Հունգարիայում տեղական հարկերի ցանկն ու առավելագույն դրույքաչափերը սահմանվում են պետության կողմից: Ստորև ներկայացված է այդ ցանկը.

1. Տեղական բիզնեսի հարկ - Տեղական բիզնեսի հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում ապրանքների և ծառայությունների վաճառքի զուտ արժեքը առանց ԱԱՀ-ի` հանած վճարված սպառողական հարկը: Օրենքով սահմանվել է առավելագույն դրույքաչափը` հարկման օբյեկտի 1.4 %-ն է:

2. Ֆիզիկական անձանցից գանձվող կոմունալ հարկ - Պետության կողմից սահմանված առավելագույն դրույքաչափն` տարեկան 12000 HUF է յուրաքանչյուր բնակարանի համար:

3. Կազմակերպություններից գանձվող կոմունալ հարկ - Հարկ վճարող են հանդիսանում համայնքի տարածքում գտնվող կազմակերպությունները կամ համայնքի տարածքից դուրս գտնվող կազմակերպությունների գրասենյակները, որոնք գտնվում են համայնքի տարածքում: Հարկը հաշվարկվում է` հիմք ընդունելով կազմակերպությունների կամ գրասենյակների աշխատողների միջին ցուցակային թիվը: Պետության կողմից սահմանված առավելագույն դրույքաչափն է` տարեկան 2000 HUF յուրաքանչյուր աշխատողի համար:

4. Չկառուցապատված հողակտորների հարկ - Հարկման օբյեկտ են հանդիսանում համայնքի կենտրոնում գտնվող չկառուցապատված հողակտորները: Հարկի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում հողակտորի փաստացի տարածքը (մ 2) կամ շուկայական արժեքը: Պետության կողմից սահմանված առավելագույն դրույքաչափն է տարեկան 200 HUF հողակտորի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կամ հողակտորի շուկայական արժեքի 3 %-ը:

5. Շինությունների հարկ - Հարկման օբյեկտ են հանդիսանում բոլոր տեսակի շինությունները: Հարկի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում շինության օգտագործելի տարածքը (մ2) կամ շուկայական արժեքը: Պետության կողմից սահմանված առավելագույն դրույքաչափն է տարեկան 900 HUF շինության օգտագործելի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կամ շինության շուկայական արժեքի 3 %-ը:

6. Զբոսաշրջության հարկ - Հարկ վճարող են հանդիսանում համայնքի համար ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք: Պետության կողմից սահմանված առավելագույն դրույքաչափն է 300 HUF 48 ժամից ավելի համայնքի տարածքում գտնվող յուրաքանչյուր ոչ ռեզիդենտի համար կամ նրանց կողմից վարձած բնակարանների վարձի 4 %-ը: Բացի այդ, զբոսաշրջության հարկով հարվում են նաև ամառանոցները: Պետությունը սահմանել է առավելագույն դրույքաչափ` տարեկան 900 HUF ամառանոցի հատակի զուտ մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:

 

Մակեդոնիա

 

Մակեդոնիայում սահմանված են տեղական հարկերի, վճարների և տուրքերի հետևյալ տեսակները:

Տեղական հարկեր`

1. Գույքահարկ - Հարկի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը: Գույքահարկի դրույքաչափը սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում:

2. Ժառանգության և նվիրատվության հարկ:

3. Անշարժ գույքի գործարքներից հարկ:

Տեղական վճարներ`

1. Կոմունալ վճար:

2. Վարչական վճար:

Տեղական տուրքեր`

1. Հողի կառուցապատման թույլտվության տուրք:

2. Քաղաքաշինական նախագծեր տրամադրելու դիմաց գանձվող տուրք:

3. Կոմունալ ծառայություններից օգտվելու տուրք:

 

Ալբանիա

 

Տեղական հարկերի մասին օրենքով սահմանված են տեղական հարկեր, որոնց դրույքաչափերը, հավաքագրման և վարչարարության կարգը սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ հարկատեսակներն են`

1. Հյուրանոցային հարկ - Պետության կողմից սահմանված նվազագույն դրույքաչափն է հյուրանոցի սենյակի արժեքի 5 %-ը:

2. Անշարժ գույքի հարկ, որը ներառում է շինությունների և գյուղատնտեսական նշանակության հողերի հարկերը - Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են հարկի դրույքաչափը, պետության կողմից սահմանված դրույքաչափի +/- 30 %-ի սահմաններում: Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են նաև այս հարկատեսակի հավաքագրման կարգն ու վարչարարությունը:

3. Նոր շինարարության` ենթակառուցվածքների վրա թողած ազդեցության հարկ - Պետությունը սահմանել է այս հարկատեսակի առավելագույն և նվազագույն դրույքաչափեր, այն է` շինարարության վրա կատարված ներդրումների արժեքի 1-3 %-ը, իսկ Տիրանայում` 2-4 %-ը:

4. Հանրային տարածքների զբաղեցման հարկ - Տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն են սահմանում այս հարկատեսակների դրույքաչափերը:

5. Փոքր բիզնեսի հարկ - Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են հարկի դրույքաչափը պետության կողմից սահմանված դրույքաչափի +/- 30 %-ի սահմաններում:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն են սահմանում տեղական վճարների դրույքաչափերը, դրանց հավաքագրման կարգն ու վարչարարությունը: Տեղական վճարների տեսակներն են`

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցված հանրային ծառայությունների վճարներ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփականության օգտագործման վճար:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիցենզիաների, թույլտվությունների, լիազորությունների և այլ փաստաթղթերի տրամադրման դիմաց գանձվող վճարներ:

 

Լեհաստան

 

Լեհաստանում գոյություն ունեն տեղական հարկերի մի շարք տեսակներ, որոնցից հիմնականներն են`

1. Գույքահարկ (ունեցվածքի հարկ):

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի հարկ:

3. Տրանսպորտային միջոցների հարկ:

Տեղական հարկերի առավելագույն դրույքաչափերը սահմանում է պետությունը: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են սահմանել ցանկացած դրույքաչափ, որը չի կարող գերազանցել սահմանված առավելագույնը: Նրանք իրավունք ունեն նաև իրենց որոշմամբ ազատել տեղական հարկերի վճարումից:

 

Ադրբեջան

 

Տեղական հարկերն են`

1. Ֆիզիկական անձանցից գանձվող հողի հարկ:

2. Ֆիզիկական անձանցից գանձվող գույքահարկ:

3. Տեղական նշանակության շինանյութերի արդյունահանման հարկ:

4. Համայնքի տարածքում գտնվող իրավաբանական անձանցից գանձվող շահութահարկ:

Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են տեղական տուրքերի և վճարների հետևյալ տեսակները`

1. Համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդի տեղադրման վճար:

2. Մուտքեր համայնքի սեփականության օտարումից, վարձակալության տրամադրումից և համայնքային սեփականության օպերատիվ կառավարումից:

3. Փողոցային առևտրից, հասարակական սննդի օբյեկտներից:

4. Համայնքի տարածքում գտնվող հյուրանոցների, սանիտարավերականգնողական հիմնարկների, տուրիստական սպասարկման օբյեկտների սեփականատերերից ստացվող միջոցներ:

5. Համայնքի տարածքում գտնվող ավտոկանգառների զբաղեցրած հողերի դիմաց գանձվող միջոցներ (գանձվում են ավտոկանգառների սեփականատեր հանդիսացող թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձանցից), ինչպես նաև ժամանակավոր և հիմնական ավտոկանգառների համար գանձվող տուրքեր:

 

Խորվաթիա

 

Համայնքների բյուջեներին ամրագրված են 6 հարկատեսակներ`

1. Հանգստյան տների հարկ:

2. Անմշակ գյուղատնտեսական հողերի հարկ:

3. Բիզնեսի սեփականության չօգտագործվող մասից գանձվող հարկ:

4. Կիսակառույց շենքերի տարածքի հարկ:

5. Կազմակերպության և անվան հարկ: - Այս հարկը որոշակի հաստատուն գումար է, որը վճարում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն առևտրային անուն: Այդ գումարը սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները, և այն չի կարող գերազանցել 2000 HRK-ն: Այն կազմակերպությունները, որոնք գործունեություն չեն ծավալում, ազատվում են այս հարկատեսակից:

6. Հանրային տարածքների օգտագործման հարկ:

Առաջին 4 հարկատեսակների համար պետությունը սահմանում է դրույքաչափերի սանդղակ: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավազոր են այդ շրջանակներում ինքնուրույն սահմանել դրույքաչափերը: Օրենքով սահմանվում են յուրաքանչյուր հարկերից ազատման դեպքերը: Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց որոշմամբ կարող են սահմանել նոր արտոնություններ:

Տեղական մակարդակում սահմանվում են նաև կոմունալ վճարներ և կոմունալ տուրքեր: Կոմունալ վճարները գանձվում են բնակելի և բիզնեսի տարածքների, ավտոտնակների և անավարտ շինության տակ գտնվող հողերի սեփականատերերից: Բացի այդ, գանձվում են նաև կոմունալ տուրքեր այն հողերի սեփականատերերից, որոնց վրա կառուցվում են շենքեր և շինություններ:

 

Բելառուս

 

Տեղական հարկ է համարվում վաճառքի հարկը, որի մեջ ներառվում են գարեջրի, սպիրտային խմիչքների, ծխախոտի վաճառքից հարկերը:

Տեղական վճարները դասակարգվում են հետևյալ 5 խմբերի մեջ`

1. Օգտագործողի վճարներ - Օգտագործողի վճարների օրինակներ են կայանատեղերի օգտագործման, առևտրի թույլտվության, տեղական սիմվոլների օգտագործման թույլտվության, աճուրդներին մասնակցելու թույլտվության վճարներ և այլն:

2. Կառուցապատման ու տարածքային զարգացմանն առնչվող վճարներ:

3. Ծառայությունների վճարներ - Օրինակ` հյուրանոցային, ռեստորանների վճարներ և այլն:

4. Գովազդների տեղադրման, մեքենաների և այլ տրանսպորտային միջոցների գովազդի վճարներ:

5. Նպատակային վճարներ - Այս վճարները հավաքագրվում են համայնքային ոստիկանության, հանրային տրանսպորտի և նման այլ ծառայությունների պահպանման նպատակով:

Կառուցապատման ու տարածքային զարգացմանն առնչվող վճարներից, ինչպես նաև նպատակային վճարներից գոյացած միջոցները պետք է ծախսվեն միայն սահմանված նպատակների համար:

 

Չեխիա

 

Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը օրենքով սահմանված ցանկի և դրույքաչափերի շրջանակներում: Բոլոր տեղական վճարների սահմանումը պարտադիր չէ: Տեղական վճարներն են`

1. Շուն պահելու վճար - Առավելագույն սահմանն է 1000 CZK` յուրաքանչյուր շան համար: Կարող են կիրառվել զեղչեր:

2. Այցելուներից գանձվող հանգստի վճար - Առավելագույն սահմանը օրական 15 CZK է` մեկ հոգու համար:

3. Հանրային տարածքների օգտագործման վճար - Մեկ քառակուսի մետրի համար կարող է սահմանվել օրական առավելագույնը 10 CZK:

4. Մուտքի տոմսերի վճար - մուտքի համար մուծվող բոլոր վճարների ընդհանուր գումար 20 %-ը:

5. Հանգստյան տներից օգտվելու վճար - Մեկ մահճակալի համար կարող է սահմանվել օրական առավելագույնը 2 CZK:

6. Շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների մուտքի վճար - Օրական կարող է սահմանվել առավելագույնը 20 CZK:

7. Խաղասարքերի վճար - Կարող է սահմանվել 1000-5000 CZK` 3 ամսվա համար:

 

Էստոնիա

 

Տեղական հարկերն են`

1. Ֆիզիկական անձանցից հավաքագրվող հարկ - հաշվարկվում է 18-65 տարեկան բնակչության անձնական եկամուտների նկատմամբ: Հարկի դրույքաչափը սահմանում է խորհուրդը:

2. Տեղական եկամտահարկ - Վճարում են այն կազմակերպությունները, որոնք գրանցված են համայնքի տարածքում և որոնց եկամուտը ենթակա է հարկման: Հարկման օբյեկտ է հանդիսանում ֆիզիկական անձանց հարկման ենթակա եկամուտը, որի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվել է պետական եկամտահարկը: Խորհուրդը սահմանում է հարկի դրույքաչափը, որը չի կարող լինել ավելին, քան հարկման ենթակա եկամտի 2 %-ը:

3. Վաճառքի հարկ - Հարկի դրույքաչափը, որը չի կարող գերազանցել ապրանքների և ծառայությունների վաճառքի արժեքի 1 %-ը, սահմանում է խորհուրդը:

4. Նավերի հարկ - Հարկման օբյեկտ են հանդիսանում 12 մետրից ավելի երկարությամբ տեխնիկական զննություն անցնող զբոսանավերն ու նավերը:

5. Շարժիչով աշխատող փոխադրամիջոցների հարկ:

6. Առևտրային և գովազդի հարկ:

7. Ճանապարհները և փողոցները ժամանակավոր փակելու հարկ:

8. Կենդանիներ պահելու հարկ:

9. Ժամանցի հարկ - Վճարում են վճարովի ժամանցային գործունեությամբ զբաղվողները: Հարկը հաշվարկվում է` հիմք ընդունելով վաճառված տոմսերը:

 

ՈՒկրաինա

 

ՈՒկրաինայում տեղական հարկեր են հանդիսանում հետևյալ երկու հարկատեսակները`

1. Գովազդի հարկ:

2. Համայնքային հարկ:

Տեղական վճարներն են`

1. Հյուրանոցային վճար:

2. Տրանսպորտի կայանման վճար:

3. Շուկայի տեղերի համար գանձվող վճար:

4. Մասնավոր բնակարանները վարձակալության տալու թույլտվության վճար:

5. Գեղատեսիլ վայրեր այցելելու վճար:

6. Տեղական նշանների օգտագործման վճար /դրոշակներ և այլն/:

7. Աճուրդի, վիճակախաղերի, մաքսազերծման վճարներ:

8. Այլ շրջանների մեքենաները տվյալ համայնքի տարածքում վարելու վճար:

9. Առևտրի և ծառայությունների մատուցման կետեր բացելու թույլտվության վճար:

10. Արտադրական և ոչ արտադրական հիմնարկների ստեղծման թույլտվության, ինչպես նաև խիտ բնակեցված վայրերում մասնավոր տներ և ավտոտնակներ ունենալու վճարներ:

11. Իրավաբանական անձանց գրասենյակները բնակեցված տարածքների կենտրոնական մասերում և պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ներսում տեղաբաշխելու թույլտվության վճար:

12. Շուն պահելու վճար:

13. Կանխիկ արժույթ ձեռք բերելու վճար:

 

Ղազախստան

 

Տեղական հարկերն են`

1. Հողի հարկ:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկ:

3. Տրանսպորտային միջոցների հարկ:

Տեղական վճարներն են`

1. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց գրանցման վճար:

2. Բիզնեսի որոշ տեսակներով զբաղվելու վճար:

3. Աճուրդով իրականացված վաճառքից վճար:

 

Լիտվա

 

Լիտվայում տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել միայն`

1. Հասարակական վայրերի պեղումների և ցանկապատման, ինչպես նաև տրանսպորտի երթևեկության ժամանակավոր սահմանափակման հարկեր:

2. Հասարակական վայրերում առևտրի և ծառայությունների մատուցման հարկ:

3. Համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների վրա ներսից և դրսից առևտրային հայտարարություններ փակցնելու հարկ:

4. Ավտոկանգառներից և հսկողության ներքո գտնվող գոտիներից օգտվելու հարկ:

 

Ռումինիա

 

Ռումինիայում տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք չունեն սահմանել տեղական հարկերի նոր տեսակներ: Նրանք կարող են իրենց որոշմամբ ազատել տեղական հարկեր վճարելուց, ինչպես նաև թույլատրել հարկի վճարման հետաձգումը կամ մասամբ վճարումը: Տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են տեղական ֆիսկալ քաղաքականությունը` միայն ավելացնելով կամ պակասեցնելով տեղական հարկերի սահմանված դրույքաչափերը մինչև 50 %-ի չափով:

Ռումինիայում սահմանվում են տեղական հակերի հետևյալ տեսակները`

1. Անշարժ գույքի հարկ:

2. Հողի հարկ:

3. Փոխադրամիջոցների հարկ:

4. Շինարարության թույլտվության հարկ:

5. Գովազդի հարկ:

6. Տուրիստներից գանձվող հարկ:

7. Այլ հարկեր - Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել այլ հարկեր այն պայմանով, որ հարկային եկամուտները պետք է առնվազն ծածկեն այդ մուտքերն ապահովելու նպատակով կատարվող ծախսերը: Այլ հարկերի օրինակ է Բուխարեստում սահմանված առողջապահական հարկը:

Բուխարեստի յուրաքանչյուր բնակիչ ամսական վճարում է 0.23 եվրո` որպես առողջապահական հարկ:

 

Լատվիա

 

Տեղական վճարներն են`

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու վճար:

2. Հանրային տարածքներում ժամանցի վճար:

3. Տուրիզմի վճար:

4. Հանրային տարածքներում առևտրի վճար:

5. Որոշ կենդանիներ պահելու վճար:

6. Հատուկ տարածքներում երթևեկելու վճար:

7. Հանրային տարածքներում գովազդներ տեղադրելու վճար:

8. Նավերի, մոտորանավերի և զբոսանավերի սեփականության վճար:

9. Տեղական սիմվոլների օգտագործման վճար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2008
N 38
Արձանագրային որոշում